RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2649, Տպվել է` 303, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵԱՏՄ-ՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐՈՒՄ (2019Թ.)

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Եվրասիական փորձագիտական ակումբը արդեն հինգերորդ անգամ ամփոփել է Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները: Ճանաչված տնտեսագետներ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը եւ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Թեւիկյանը վերլուծել են տնտեսական իրողությունները, աճի միտումները, նաեւ վեր են հանել այն հիմնախնդիրները, որոնք խանգարում են զարգացման ավելի բարձր ցուցանիշների հասնելուն: Այս վերլուծականում նպատակ ունենք ընթերցողների ուշադրությունը հրավիրել վերոհիշյալ ընթացիկ տնտեսագիտական հետազոտությունների հիմնական դրույթներին:

Տնտեսական աճի միտումներ, որոնք կարող են տանել դեպի կայուն զարգացում

Պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը կարծում է, որ 2019թ. տնտեսության վիճակը գնահատելիս չի կարելի վերացարկվել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական ամենաբազմազան գործոններից: Ազդեցիկ ներքին գործոնների թվում հարկ է ներառել «Թավշյա հեղափոխության» նվաճումներն ու բացթողումները, իսկ արտաքինՙ ոչ միայն անդամակցությունը ԵԱՏՄ-ին, այլեւ նախագահությունը տարածաշրջանային այս մեգակառույցում:

Նվաճումների մասին խոսելիս հարկ է նշել, որ 1,5 տարում Հայաստանում ստեղծվեց կամ «ստվերից» հանվեց 81534 աշխատատեղ: Ուսուցիչների եւ զինվորականների աշխատավարձը ավելացան 10%-ով: 24 մլն. դրամ շրջանառությունը չգերազանցող փոքր ձեռնարկություններն ազատվեցին եկամտահարկից եւ շրջանառության հարկից: Հարկից ազատվեցին տաքսիների վարորդները: 2020թ. հունվարից երկրում նվազագույն աշխատավարձը 55000 դրամից դարձավ 68000 դրամ: Հայաստանի տնտեսական ակտիվության աճը համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո հասավ ռեկորդային 7,8% մակարդակի: Տրանսպորտի ոլորտում բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճեց 27%-ով: Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը կրկնապատկվեցին, կազմելով 9% (մասնավորապես, Թեղուտի հանքավայրում լեռնահանքային աշխատանքների վերսկսման հաշվին): Մշակվող արդյունաբերության աճը կազմեց 10%: Շինարարության աճը հասավ 4,5%, ինչը արտացոլում է տնտեսության աշխուժացման միտումը: Գյուղատնտեսության անկումը շարունակվում է արդեն 3-րդ տարին, 2019թ. արձանագրելով 4% անկում:

«Թավշյա հեղափոխությունից» առաջ եւ հետո Հայաստանի տնտեսության կարեւոր ցուցիչներից է ազգային տարադրամի կայունությունը եւ դրա հետ կապված վստահությունը երկրի բանկային եւ ընդհանրապես ֆինանսական համակարգի հանդեպ: Վարկերն աճել են 17%-ով, իսկ դեպոզիտները 21%-ով: Նվազել է վարկերի դոլարիզացիան, 2019թ. վերջին կազմելով 51% (2018թ.-ի 56% փոխարեն): Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանի Կենտրոնական բանկը ոչ թե վաճառում, այլ գնում է օտար տարադրամը բաց շուկաներից: 2018թ. ապրիլ - 2020թ. հունվար ընթացքում գնված պահուստը գերազանցել է 500 մլն. ԱՄՆ դոլարը: Հայկական դրամը նախանձելիորեն կայուն է ոչ միայն հարեւան, այլեւ հետխորհրդային երկրների մեծամասնության համեմատ: Պրոֆ. Թ.Մանասերյանը կարծում է, որ չնայած Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության հետ կապված գնաճի ակնկալիքին (2019թ. ավարտվեցին երրորդ երկրներից ապրանքների ներմուծման արտոնյալ տարիֆային անցումների պայմանները), 2020թ. հունվարին գործնականում գները չփոխվեցին, իսկ արժեզրկումը կազմել է ընդամենը 0,2%: 2019թ. դեկտեմբերի դրությամբ ներմուծումն աճել է 52% եւ արտահանումը 13%: Ներմուծման նման սրընթաց աճը պայմանավորված է նախորդ տարվա հետ համեմատած ավտոմեքենաների ներմուծման մեծացմամբ երեք անգամ (2018թ.ՙ 64 հազար, իսկ 2019թ.ՙ 189 հազար): Արտահանման համեմատ ներմուծման առաջանցիկ աճի (10,8%) արդյունքում բացասական սալդոն ավելացել է 300 մլն. դոլարով: Արտահանման կառուցվածքը դեռեւս քիչ դիվերսիֆիկացված է: Դրա մեջ հանքանյութի բաժինը կազմում է 28%, քարերի եւ մետաղների բաժինը 26% եւ սննդամթերքինը 24%: Եվ վերջումՙ ավանդները հայկական բանկերում աճել են 22,4%: Սա պերճախոս ապացույցն է բանկային համակարգի նկատմամբ ավանդատուների վստահության աճի, բայց միաժամանակ խոսում է այն մասին, որ պետությանն ու մասնավոր սեկտորին դեռ չի հաջողվել գտնել այնպիսի գրավիչ ձեւեր, որոնք կարող էին վերոհիշյալ գումարները վերածել ներքին ներդրումների:

ԵԱՏՄ տեղը մեր տնտեսության մեջ

Հայաստանի համար առանցքաին շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը: Ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ էապես մեծացնում է երկրի անվտանգությունը (մասնավորախեսՙ տնտեսական), նպաստում է ՀՆԱ-ի աճին, բարելավում է նրա կառուցվածքը, ապահովում է արտահանման աճը, օգնում է լուծել առեւտրական բալանսի դեֆիցիտի հիմնախնդիրները եւ, իհարկե, նպաստում բնակչության զբաղվածության հիմնախնդրի լուծմանը: Այսպես է կարծում պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, որն իր հետազոտության մեջ պնդում է, որ մասնակցությունը այս կամ այն միությանը պետք է նպաստի արտահանման հնարավորությունների մեծացմանը եւ առեւտրական հաշվեկշռի վիճակին: Հայաստանին անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ շուկայի հնարավորությունները, անընդհատ մտածել ռուսաստանյան շուկայում ներկայությունը մեծացնելու հնարավորությունների մասին: Առանց Ռուսաստանի շուկայի Հայաստանին շատ ու շատ դժվար կլինի նշանակալից չափերով մեծացնել պատրաստի արտադրանքի արտահանումը: 2019թ. դեպի Ռուսաստան մեր արտահանումը մեծացել է առաջանցիկ տեմպերով, կազմելով 718 մլն. դոլար եւ աճելով 10,2%: Ռուսաստանը մեր արտահանման գլխավոր երկիրն է: Նրան հաջորդում են Եվրոպական Միության երկրները, Իրանը եւ Միջին Արեւելքի երկրները, Չինաստանը, եւ այլ երկրներ: Ռուսաստանից ներկրումն աճել է 16,9% եւ կազմել է 1,631 մլրդ. դոլար: Ռուսաստանից հետո հաջորդ տեղերը զբաղեցնում են Եվրոպական Միությունը, Իրանը եւ Միջին Արեւելքի երկրները, այնուհետեւ Չինաստանը, հետո նաեւ այլ երկրներ:

Ընդհանուր առմամբ Հայաստանի արտահանումը 2019թ. ավելացել է 9,3%-ով, իսկ ներկրումըՙ 10,9%: Դրամի կայունության պայմաններում այս ազդեցիկ ցուցանիշները ձեռք են բերվել հիմնականում դեպի Ռուսաստան, մասնավորապես նաեւ դեպի Չինաստան արտահանման ծավալների աճի շնորհիվ:

Էապես աճել է զբոսաշրջիկների թիվը: Մենք երրորդ տարին է քայլ առ քայլ մոտենում ենք 2 մլն. զբոսաշրջիկ խորհրդանշական սահմանին եւ 2019թ. ընդունել ենք 1894377 զբոսաշրջիկ, ինչը նախորդ տարվա հետ համեմատած ավելի է 14,7%-ով: Ռուսաստանցի զբոսաշրջիկները կազմում են արտասահմանյան զբոսաշրջիկների ամենամեծ խումբը: Չենք կարող չնկատել, որ զբոսաշրջության աշխարհագրության եւ ֆինանսական կողմի վիճակագրական տվյալները շարունակում են մնալ անհասանելի կամ շատ ուշացած, ինչը խնդիր է ստեղծում ոլորտի թափանցիկությունը գնահատելու համար:

Ռուսաստանը շարունակում է մնալ հայկական պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան: Բոլոր տրանսֆերտների 63-65% Հայաստան է մտնում Ռուսաստանից: Էներգոռեսուրսների ճնշող մեծամասնությունը ստացվում է Ռուսաստանից (գազՙ 90%, միջուկային վառելիքՙ 100%): Ռուսական ընկերություններին է բաժին ընկնում մեր տնտեսության մեջ ուղիղ ներդրումների 51%: Շատ կարեւոր է իմանալ, որ ռուսական վարկերը նպատակային են եւ ծառայում են տնտեսության զարգացմանը:

2019թ. հոկտեմբերի 1-ին Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստում վարչապես Ն.Փաշինյանը ընդգծել է. «Մենք տրամադրված ենք առավելագույնս արդյունավետ դարձնել Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ում եւ գործադրելու ենք բոլոր ջանքերը համագործակցության մեխանիզմների կատարելագործման եւ չորս ազատությունների գործնականում հասանելիության համար»:

Հայաստանի գրավչության մեծացմանը չեն կարող չնպաստել կոռուպցիայի մակարդակի էական նվազեցման հրապարակված ցուցանիշները: Թրանսփերենսի ինթերնեշնըլը վկայում է, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում կազմել է 42, եւ մենք նախկինում 105-րդ տեղից բարձրացել ենք 77 տեղը, ինչն ունի առանցքային նշանակություն ներդրումային միջավայրի բարելավման համար: Եվրասիական փորձագիտական ակումբի հեղինակավոր տնտեսագետները համոզված են, որ միանգամայն իրատեսական է խնդիր դնելը մտնելու կոռուպցիայից «մաքուր» 50 երկրների ցանկի մեջ: Սրա համար անհրաժեշտ է պետության եւ վերնախավի քաղաքական կամքը:

Շատ կարեւոր է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը ԵԱՏՄ շրջանակներում միասին աշխատեն որոշակի սահմանափակումները լիակատար կերպով վերացնելու համար: Հայաստանի կողմից առեւտրական այդ սահմանափակումների թիվը կազմում է 47, Ռուսաստանի կողմիցՙ 55: Սրա համար հարկավոր է նախ եւ առաջ համաձայնեցված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության իրականացում:

Տնտեսական զարգացման ցուցիչներ հանդիսացող այս բոլոր թվերի եւ ցուցանիշների ներքո առաջանում է բնական հարց. որտե՞ղ է թաքնված տնտեսական զարգացման համար դեռեւս չօգտագործված ներուժը եւ ի՞նչ գործիքակազմով է հարկավոր ճանապարհ բացել կայուն եւ նշանակալից տնտեսական առաջընթացի համար:

ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական առաջընթացի ներուժի բացահայտումը

Եվրասիական փորձագիտական ակումբը խնդրել էր տնտեսագետ Աշոտ Թեւիկյանին մի վերլուծական պատրաստել «Հայաստանի նոր ինդուստրիալիզացիա. իրողություններ, խնդիրներ, հեռանկարներ» թեմայով: Այս հետազոտությունը շուտով հասանելի կդարձնենք լրագրողների եւ հասարակության համար: Իսկ մինչ այդ նշենք, որ Հայաստանի տնտեսության էական զարգացման վրա կարող է ազդել միայն այն երեք ոլորտներում շոշափելի աճը, որոնք Հայաստանի վարչապետը հռչակել է մեր տնտեսության զարգացման հենասյուներՙ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, արդյունաբերություն եւ զբոսաշրջություն: Արդյունաբեության աճի հեռանկարների մասին խոսելիս մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ոլորտը կարող է էապես զարգանալ միայն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացի խորացման շնորհիվ: Աշոտ Թեւիկյանը համոզված է, որ ամենաբարեկեցիկ երկրները տարբերվում են ոչ բարեկեցիկ երկրներից զուտ տնտեսության կառավարման արդյունավետությամբ: Մեր արդյունաբերական պոտենցիալի զարգացման հնարավորությունները լիարժեքորեն կարող են դրսեւորվել միայն պետական ռազմավարական կառավարման համակարգի գործարկման դեպքում: Մասնավորապես կպահանջվի մասնավոր-պետական գործընկերության վրա հենված ռազմավարական պլանավորման արդյունավետ եւ գործուն համակարգի կազմավորում: Սա Հայաստանի զարգացման այլ կոնցեպտ է: Մեր գործողությունները արդյունաբերական ոլորտի առաջանցիկ զարգացման համար պլանավորելիս, առաջին հերթին պետք է հաշվի առնել, որ Հայաստանի տնտեսությունը միահյուսված է ԵԱՏՄ այլ անդամներիՙ նախ եւ առաջ Ռուսաստանի տնտեսության հետ: Արդյունավետ ինստիտուցիոնալ ձեւերով պայմանավորված, ԵԱՏՄ երկրների գիտատեխնոլոգիական կոոպերացիայի շնորհիվ այդ գործողությունները կապահովեն բոլոր ոլորտների անընդհատ կատարելագործումը եւ կդառնան Հայաստանի բարեհաջող եւ նկատելի տնտեսական զարգացման առանցքային տարրը: Ռուսաստանի հետ տեխնոլոգիական եւ գիտահետազոտական շղթայի մեջ մտնելը եւ այդ համագործակցության պայմաններում պետություն-մասնավոր գործընկերության ստեղծումը կնպաստի տեխնոլոգիական կոոպերացիայի հաստատմանը արտադրության, կիրառական գիտության, ինժեներային մշակումների, սպառազինությունների ոլորտներում: Անհրաժեշտ է վերականգնել գիտահեն արդյունաբերության մշակման եւ արտադրության երկար տեխնոլոգիական շղթաները: Հայաստանի նոր ինդուստրիալիզացիայի իրականություն դառնալուն կարող են նպաստել ներկայումս մշակվող այսպես կոչված եվրասիական ընկերությունների ձեւավորման այն մոտեցումները, որոնք քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ԵՏՀ Արդյունաբերական դեպարտամենտի նախագծավերլուծական նստաշրջանի ընթացքում: Արդեն իսկ ուշագրավ է, որ ԵՏՀ-ն աշխատում է եվրասիական ընկերությունների ստեղծման համադրույթի վրա: Օրերս Ռուսաստանի Դաշնության նոր վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնեց, որ Ռուսաստանը եւ ԵԱՏՄ երկրները ամենշաբաթյա ձեւաչափով կաշխատեն Միության հնգամյա զարգացման ռազմավարության վրա: Այն գլխավոր փաստաթուղթը կդառնա եվրասիական տարածքում նոր սերնդի արդյունաբերական հեղափոխության հետագա ծավալման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ