RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 2733, Տպվել է` 300, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ ՔԱՂԱՔԻ ՀԱՄԱՐ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, Պրոֆեսոր

Ներկա լարված իրավիճակում, երբ երկրիս հասարակությունը բաժանված է տարբեր գույների, երբ հատկապես վիրտուալ դաշտում անզիջում պայքար է ու հալածանք միմյանց նկատմամբ, երբ իսկապես լուրջ մարտահրավերների առջեւ ենք կանգնած, խոսել շների հետ կապված հիմնախնդրի մասին, մի տեսակ ժամանակավրեպ է թվում: Սակայն այնուամենայնիվ որոշեցի գրել այդ մասին:

Հայտնի ճշմարտություն է, որ սովորաբար բոլոր այն երկրներում ու քաղաքներում, որտեղ շատ աղավնիներ կան, այդ տեղերում մարդիկ աղավնիների նման ավելի բարի են, հանդուրժող ու խաղաղ: Առիթ եմ ունեցել տեսնելու, թե Փարիզի Էյֆելյան աշտարակին հարող տարածքում որքան շատ աղավնիներ կան եւ թե որքան են նրանք վստահում մարդկանց: Բավական է ձեռքիդ հացի կտոր երեւա եւ վայրկյաններ անց դու կվերածվես աղավնապատ մարդու: Գրեթե նույնատեսակ պատկերների եմ ականատես եղել եվրոպական շատ ուրիշ քաղաքներում ու բնակավայրերում: Հեռու չգնանք, իմ սերնդակիցները լավ են հիշում, թե խորհրդային Երեւանի Լենինի անվան հրապարակում որքան շատ աղավնիներ կային եւ որքան շատ էին նրանք վստահում մարդկանց: Զարմանալի ոչինչ չկա. մարդիկ այն ժամանակ գրեթե հավասար էին, կուշտ, չմրսած, համեմատաբար ուրախ եւ, որ ամենակարեւորն էր, վստահություն կար վաղվա օրվա նկատմամբ:

Չէ, կարոտախտ չի սա, ոչ էլ անցյալին վերադառնալու ձգտում: Պարզապես շների մասին գրվելիք նյութս ցանկանում եմ ավելի համոզիչ ներկայացնել: Խնդիրն այն է, որ մերօրյա Երեւանը վերածվել է շնաքաղաքի: Դրանք ամենուր են, շատ-շատ են, տարբեր ցեղատեսակների, մարմնաչափերի, խմբերով, մենակ, կերած-խմած ու քաղցած, հիվանդ ու առողջ: Բայց եթե նկատել եք, դրանց բոլորի աչքերում խեղճություն կա շատ, դրանք հալածված են կարծես: Դրանց աչքերում կուշտ օրերի եւ լավ վերաբերմունքի անափ կարոտ կա: Դրանք նեղացած են մի տեսակ ու այնքան էլ չեն վստահում մարդկանց:

Բայց դրանք կան, նրանք ամենուր են` փողոցներում, բակերում, այգիներում: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջին շրջանում դրանց մեծ մասի ականջներին դեղին գույնի պիտակ է կպցրած: Ասել է թե դրանք զրկված են սերունդ տալու հնարավորությունից: Բայց արի ու տես, որ դրանք շատ են եւ օր-օրի ավելանում են ու ավելանում: Իսկ քաղաքի համապատասխան կառույցներն ի՞նչ են մտածում, պարզ չի:

Արդեն մի քանի անգամ ականատես եմ եղել, թե ինչպես քաղաքի կենտրոնական փողոցներին հարող մի քանի բակերում, որտեղ հաճախ եմ լինում, մանկահասակ երեխաներն ինչպես են լեղաճաք բղավոցներով տուն փախել, երբ տեսել են տասից ավելի անդամ ունեցող շնախմբերի: Ակամա մտածել եմ, որ այդ երեխաների հետ ինչ շեղումներ ու առողջական խնդիրներ կարող են առաջանալ եւ այդ մտքից ուղղակի սարսափել եմ:

Չէ, շնատյաց չեմ, բայց այս վիճակն հանդուրժելն այլեւս հնարավոր չէ: Արդեն քանի անգամ գիշերը չեմ կարողացել քնել, քանի որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում ողջ գիշեր շնամիտինգ է եղել: Նրանց լեզուն չգիտեմ, չեմ հասկանում ինչ են նրանք ուզում, բայց որ ողջ գիշեր հավաքվում են ու ոռնահաչոցներով են լուսացնում, արդեն շատ անգամներ կրկնվող իրողություն է: Ցավոք, ես բնագավառի մասնագետ չեմ եւ չգիտեմ, թե ինչ ու ինչպես են անում զարգացած երկրներում, բայց որտեղ որ բախտ է վիճակվել լինելու, ոչ մի տեղ նման իրավիճակի ականատես չեմ եղել:

Վստահ եմ, Աստծո ստեղծած յուրաքանչյուր արարած ապրելու իրավունք ունի: Աղավնիների ու նրանց բարության մասին ասելով սակայն երբեք չեմ մտածում, որ շները պակաս բարի են ու մարդասեր: Բայց կարծում եմ նույնքան բարի են նաեւ փղերը, ընձուղտներն ու ձիերը: Էլ չեմ խոսում ավանակների մասին: Ուրեմն ի՞նչ, նրանցով լցնե՞նք քաղաքը: Իհարկե ոչ, եւ միանգամայն նորմալ է, որ նրանք բոլորն ապրում են որոշակի վայրերում եւ չեն թափառում քաղաքի փողոցներում, վախ ու սարսափի չեն մատնում հատկապես երեխաներին: Ավելին, հազար ու մի հիվանդությունների պոտենցիալ տարածողներ չեն հանդիսանում:

Ո՞րն է ելքը, ինքս չգիտեմ: Գուցե բոլոր թափառողներին հավաքեն ու պահեն հատուկ դրա համար նախատեսված վայրերում: Որքան գիտեմ այդպիսիք կան ու մարդիկ են վճարվում այդ աշխատանքները կատարելու համար: Դա թող որոշեն բնագավառի մասնագետները: Բայց որ այս վիճակն անհապաղ լուծում է պահանջում, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ակնկալում ենք համապատասխան կառույցների, շնասերների, շարքային քաղաքացիների եւ ընդհանրապես հիմնախնդրով հետաքրքրված շահագրգիռ բոլոր անձանց արձագանքը, լսել հարցի լուծման ուղիների մասին նրանց բոլորի մոտեցումները եւ միասնական համաձայնությամբ լուծել հիմնախնդիրը:

08.02.2020

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ