RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#005, 2020-02-07 > #006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020



ՄՈՍԿՎԱ-ԱՆԿԱՐԱ

Տեղադրվել է` 2020-02-20 22:53:50 (GMT +04:00)


Ընթերցված է` 1901, Տպվել է` 299, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԸ ՋԱՆՈՒՄ Է ՉԿՈՐՑՆԵԼ ՊՈՒՏԻՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Օրակարգում են Սիրիան եւ Լիբիան

Եթե շախմատում քայլեր կատարում է խաղացողը, ապա քաղաքականության մեջ վտանգն այն է, որ խաղացողը ինքը կարող է դառնալ խաղաքար: Փորձագետներն ակամա նման համեմատություն են անում, երբ խոսում են Լիբիայի եւ Սիրիայի ուղղությամբ Անկարայի վերջին գործողությունների մասին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբ քաղաքի շրջանում սկսել է տարուբերվել Մոսկվայի ու Վաշինգտոնի միջեւ: Պուտինի հետ հեռախոսային բանակցություններից հետո Էրդողանը հեռախոսով կապվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը ավելի վաղ հավանություն չէր տվել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելու Անկարայի մտադրությանը: Այս անգամ Թրամփը աջակցություն է հայտնել Էրդողանին, բայց արտահայտել է եւս մեկ «փաթեթային» դիրքորոշում, նշելով, որ Լիբիայի գործերին Անկարայի միջամտությունը չի լուծի այդ երկրի խնդիրը, այլ միայն կվատթարացնի իրավիճակը:

Ի դեպ, «փաթեթային» տարբերակ օգտագործում է նաեւ Սիրիայում փոխգործողության գծով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին : Նրա հայտարարության համաձայն, Վաշինգտոնն Անկարայի հետ համամիտ է Իդլիբի իրավիճակի հարցումՙ դրանից արտածելով Սիրիայում իրականացվելիք ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակները, թեեւ սիրիական այդ շրջանում Թուրքիայի ներկայությունն օրինականացված է Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ սկսված Աստանայի գործընթացով: ԱՄՆ-ը դրա հետ որեւէ կապ չունի: Եթե այդ ձեւաչափով ձեռք բերված համաձայնությունները ձախողվեն, ապա Սիրիայում Թուրքիայի գործողությունները կգնահատվեն որպես նախահարձակ քայլ: Ճիշտ նույն ձեւով կարելի է նախահարձակ գործողություն համարել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Սիրիայում: Այդ պատճառով ամերիկացիները ձգտում են բանը չհանգեցնել Աստանայի գործընթացի փլուզմանը, այլ քողարկվել Անկարայի օգնությամբ, որպեսզի, ինչպես ասում է Ջեֆրին, փոխհամաձայնեցվեն գործողությունները եւ տեղեկությունների փոխանակումը:

Ըստ որում ԱՄՆ-ը, որը չի հրաժարվում Սիրիացի քրդերին ցուցաբերվող աջակցությունից, նրանց անվանելով կարեւոր դաշնակիցներ «Իսլամական պետության» դեմ մղվող պայքարում, սկսել է Թուրքիային համոզել, թե ինքը կորցնում է վերահսկողությունը սիրիացի քրդերի նկատմամբ, եւ թե Ժողովրդական պաշտպանության ջոկատները հեռացել են «Խաղաղության ակունք» գործողության իրականացման շրջանից, եւ դա կարող է համապատասխանել Ռուսաստանի շահերին: Վերջապես, թերեւս ամենակարեւորը. ԱՄՆ-ը Թուրքիային իբրեւ գլխավոր թշնամի ներկայացնում է ոչ թե Սիրիան, այլ «Իսլամական պետությունը»ՙ մատնանշելով Անկարայում, ինչպես նաեւ սահմանամերձ քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչությունները:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար Քենեթ Մաքքենզին բացեիբաց նշել է Թուրքիայի ապակայունացնող դերը Լիբիայում, քանի որ ՄԱԿ-ի բանաձեւերը խախտելովՙ այնտեղ է ուղարկում ոչ միայն զենք ու զինամթերք, այլեւ արմատական խմբավորումների գրոհայիններ սիրիական Իդլիբից: Տվյալ փաստն արձանագրում է նաեւ պաշտոնական Փարիզը:

Էրդողանը պատասխանել էՙ նշելով, որ Ռուսաստանը ամենաբարձր մակարդակով ղեկավարում է Լիբիայի պատերազմըՙ մատնանշելով այն լուսանկարը, որտեղ, նրա խոսքերով, պատկերված են Լիբիայի ազգային բանակի հրամանատար ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարը, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը, ինչպես նաեւ Արտակարգ ռազմական կոմիտեի տնօրենը: Այս կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հաֆթարը ոչ թե անջատականության խորհրդանիշն է, այլ հակամարտության կողմ, որը ճանաչել են միջազգային ընկերակցությունը, այդ թվում Բեռլինի կոնֆերանսը եւ Անվտանգության խորհուրդը: Ինքըՙ Հաֆթարը , ինչպես որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը , Թուրքիայի գործողությունները համարում է արտաքին ագրեսիայի քայլեր:

Անկարային չի հաջողվում Լիբիայում օգտվել այն տրամաբանությունից, որը Մոսկվան օգտագործում է Սիրիայում, երբ իշխանության օրինական կառույցներին սկզբում օգնում են քաղաքականապես, իսկ հետո պաշտոնական խնդրանքի համաձայն տեղի է ունենում զորաբաժնի գործուղում: Ներկայումս ինչպես Սիրիայում, այնպես էլ Լիբիայում, Թուրքիայի գրեթե ամեն մի քայլ հակամարտության ներուժ է ստեղծում առավել անհավանական հետեւանքներով: Սիրիայում նա կարող է բախվել Ռուսաստան-Իրան կոալիցիային, Արեւելյան Միջերկրածովքումՙ Հունաստան-Կիպրոս-Իսրայել եռանկյունուն: Լիարժեք աջակցություն չկա նաեւ արաբական երկրների կողմից, ինչը սահմանափակում է Թուրքիայի մանեւրունակությունը տարածաշրջանային քաղաքականության կառուցման գործում: Հեռակա պատերազմ է մղվում Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ նրա ընդդիմադիր Եգիպտոսի նախագահ Աս-Սիսիի միջեւ: Գումարվում են գրեթե չորս միլիոն սիրիացի գաղթականները, իսկ նրանց նոր ներհոսը Թուրքիայի համար դառնում է քաղաքկան մղձավանջ:

Մյունխենի անվտանգության կոնֆերանսում օրերս դռնփակ հանդիպում են ունեցել Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները: Լավրովը հայտարարել է, որ երկու երկնրներն ունեն շատ լավ փոխհարաբերություններ, բայց նույնիսկ այդ գործոնը չի նշանակում, թե կողմերը պարտավոր են ամեն ինչում համամիտ լինել: Այս կապակցությամբ ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը հարց է տալիս, թե Ռուսաստանին եւ Թուրքիային կհաջողվի՞ արդյոք հաղթահարել քաղաքական ճգնաժամը, վերականգնել քաղաքական վստահությունը եւ ապագայում հասնել ինչ-ինչ համաձայնությունների:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 21-02-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ