RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2429, Տպվել է` 176, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԱԾ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ճիշտ այն օրը, երբ Երեւանում ջուխտ նախագահների ջուխտակ դատավարությունն էր ընթանում, Բաքվում Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների մամլո ասուլիսն էր տեղի ունենում: Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիեւը խոսում էին քիչ առաջ իրենց միջեւ ստորագրված 14 պայմանագրերի, էներգակիրների մատակարարման նոր ծավալների, 2023-ին երկկողմանի առեւտուրը այժմյան 2 մլրդ դոլարից 15 մլրդ-ի հասցնելու, թուրքական երկաթուղին Նախիջեւանով մեկ երկարելու, Բաքու-Թբիլիսի-Կարս 826 կիլոմետրանոց երկաթուղին զարգացնելու եւ օգտագործումը ազատականացնելու մասին: Մինչդեռ իրականության զգացողությունը վաղուց կորցրած մեր երկրում, պետական կառույցներ ու մամուլ, շարունակում էին զբաղվել անվերջանալի դատավարություններով, ապրիլի 5-ի հանրաքվեի համար դրամահավաք կազմակերպելով, պարգեւավճարների ծավալների վրա զարմանալով, մեղադրանքներով ու փոխադարձ մեղադրանքներով: Միայն մեկ ակնթարթ հասարակության ուշադրությանը ներկայացվեց Էրդողանի ուշագրավ հայտարարությունը Արցախի մասին, այն էլՙ աղճատ թարգմանությամբ: Մերոնք այն թարգմանեցինՙ «Ղարաբաղի հարցը նաեւ Թուրքիայի հարցն է», մինչդեռ Թուրքիայի նախագահն իրականում ասել էրՙ «Ղարաբաղը որքան մերՙ նույնքան էլ Ադրբեջանի խնդիրն է» («Karabakh as much our issue as Azerbaijan՛s»):

Մի քանի ամիս առաջ, երբ հեռուստատեսությամբ հայտարարում էի, թե Արցախը Թուրքիայի համար ավելի կարեւոր հարց է, քան Ադրբեջանի, գործընկերներիցս ոմանք տարակուսանք հայտնեցին: Մինչդեռ այդ միտքը իմը չէր, այլ վաղուց էր, տարբեր ձեւակերպումներով, արտահայտվել թուրքերի կողմից: Դեռեւս 90-ականներին նախագահ Օզալն էր Հայաստանի հարավային հատվածը «անիծյալ սեպ» որակելՙ ի մտի ունենալով Զանգեզուր-Արցախ ամրափակ մեր պատվարը ընդդեմ Նախիջեւանով Թուրքիա-Ադրբեջան գրկախառնման: Դա այն օրերին էր, երբ հայր Ալիեւը կոչ էր անում Անկարային իր «հոգատարության» տակ վերցնել Նախիջեւանը եւ ապա ձեւակերպում էր իր հայտնիՙ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձեւը:

Հատկանշական է, որ Բաքվի հանդիպումը հաջորդում էր Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմագիտական համագործակցության խորհրդի 8-րդ ժողովին, որը նախագահում էր Իլհամ Ալիեւը: Համատեղ ասուլիսում գրեթե չխոսվեց թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին: Թերեւս կարիք էլ չկար: 1991 թ.ից ի վեր, երբ Ադրբեջանը անկախացավ եւ Սառը պատերազմի օրերին համաշխարհային հակամարտ երկու խմբավորումների միջեւ «տամպոն գոտի» համարվող Թուրքիան սկսեց տարածաշրջանում ներկայանալ իբրեւ «մոդելային երկիր», թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սկսվեց եւ շուտով թափ առավ այնպիսի ինտենսիվությամբ, որ Թուրքիան համարվեց, իրավամբ, ադրբեջանական զինված ուժերի հիմնադիրը, ապա զարգացնողը, սպառազինությունների մատակարարը, ռազմարվեստի ուսուցիչը, ՆԱՏՕ-ի կազմում ադրբեջանական ուժերին Աֆղանստանում եւ Կոսովոյում ներգրավողը, համատեղ բազմաթիվ զորավարժությունների կազմակերպիչը: Ըստ էության, ադրբեջանական բանակը մաս է կազմում թուրքական ՆԱՏՕ-ական բանակին. եւ այսօր կարելի է Ալիեւյան վերոհիշյալ բանաձեւը ամբողջացնել. «Մեկ ազգ, մեկ բանակ, մեկ տնտեսություն, երկու պետություն» : Հետեւաբար, պետք է համաձայնվել մեր վերլուծաբաններից Հակոբ Բադալյանի հետ, որ օրերս գրում էր, թե «ռեգիոնալ մակարդակում Հայաստանն Արցախի հարցում գործ ունի Թուրքիայի հետ», միայն մեկ ճշգրտումովՙ ոչ միայն Արցախի հարցում: Հայաստանը գործ ունի իրեն 28 տարուց ի վեր խեղդամահ անել փորձող, Ցեղասպանությունը շարունակել ցանկացող Թուրքիայի հետ, որի անիծյալ կոկորդին խրված կարծր սեպ է Արցախը, ինչի մասին ներկա համարում իրավամբ գրել է մեր վերլուծաբան Արմեն Մանվելյանը :

Իսկ հիմաՙ գլխավոր հարցը. ինչի՞ համար էր Էրդողանը գնացել Բաքու:

Պայմանագրերն ու հուշագրերը թողնենք մի կողմ: Նա գնացել էր, առաջին հերթին, Ռուսաստանի հետ Սիրիայում իր երկրի հարաբերությունների փչացման դեպքում թուրքական գազամուղները բացառապես ադրբեջանական գազով լցնելու գործով: Ի սկզբանե գրեթե ձախողության դատապարտված մի առաքելություն, քանզի ազերիները այդքան գազ չունեն:

Երկրորդՙ ՆԱՏՕ-ի կազմում իր երկրի կորցրած վարկը Կովկասում իր ազդեցության ոլորտի մեծացմամբ վերականգնելու նպատակով, մանավանդ որ մեր թեթեւսոլիկ հարեւան Վրաստանն օրերս առաջարկել էր Անկարային Ինջիրլիքի ՆԱՏՕ-ի ռազմախարիսխը փոխադրել Սեւ ծովի վրացական ափեր, առաջարկՙ որը ժամանակին հայր Ալիեւի անվտանգության գծով խորհրդական Վաֆա Գուլիզադեն էր շարունակ կրկնումՙ մատնացույց անելով Աբշերոնյան թերակղզին:

Երրորդՙ դրդել Բաքվին ռազմական լայնածավալ գործողությունների ընդդեմ Արցախի, իսկ Նախիջեւանովՙ ընդդեմ Մայր Հայաստանի, հույս ունենալով, ի վերջո, ռուսների հետ հավասարը հավասարի նստել սակարկության սեղանինՙ նաեւ այս տարածաշրջանում:

Ու քանի որ բոլոր ճգնաժամային պահերին հայերս սովորություն ունենք աչքներս հառել դեպի Ռուսաստան, ես էլ շրջվեմ դեպի Մոսկվա եւ հարց տամՙ այդ ինչո՞վ էին մտածում ռուսները, երբ S-400 էին վաճառում թուրքերին. ընդդեմ Հայաստանում իրենց ռազմախարիսխների՞: Կամՙ այդ ինչպիսի՞ դաշնակից է Ռուսաստանը, որ գերարդիական զենքերով զինում է մերՙ իր դաշնակցի թշնամիներին: Ո՞վ չգիտի, որ թուրք-ազերիները նույն կամ նմանատիպ զենքի համար 3-5 անգամ ավել պետք է վճարեին Արեւմուտքին:

Իսկ հարցերի հարցըՙ ինչո՞վ է մտածում մեր քաղաքական ու զինվորական այսպես կոչված էլիտան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ