RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2831, Տպվել է` 177, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ «ՊԱՏԻՎԸ» ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՁԵԶ, ՊԱՐՈՆԱ՛ՅՔ...

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Փետրվարի 21-ինՙ մայրենի լեզվի միջազգային օրը, ԵՊՀ Գիտխորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում էր «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, մասնավորապեսՙ հայագիտական առարկաների պարտադիր լինել չլինելը: Մայր բուհը պետք է պաշտոնական տեսակետ հայտներ դրա վերաբերյալ: Կգտնվե՞ր ավելի հարմար ու խորհրդանշական օրՙ հարգանքի տուրք մատուցելու մայրենի լեզվին ու պատմությանը, թերեւս, ոչ:

Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն առաջարկեց գերակայություն տալ հայագիտական առարկաներին ու հետազոտություններինՙ ամրակայելով դրանք որպես մեր ինքնությունն արծարծող եւ ամրապնդող գործոններ: Այդ տեսակետը առաջ մղեցին եւ պաշտպանեցին Արծրուն Ավագյանը , Էդիկ Մինասյանը , Յուրի Ավետիսյանը , Արմեն Ավետիսյանը , Գուրգեն Մելիքյանը եւ այլք: Բայց, որքան էլ զարմանլի էր, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանը , իր աուլի անդամների հետ սկսեց «չհասկանալ» գերակայություն բառի իմաստն ու բարբառել, թե բառը չի համապատասխանում ակադեմիական մոտեցումներին, ուստիՙ առաջարկին հավանություն տալ չեն կարող: Այդպիսովՙ առաջարկը չընդունվեց: Դրան կողմ քվեարկել էին միայն երկու տասնյակի հասնող նվիրյալներՙ Արծրուն Ավագյան, Յուրի Ավետիսյան, Գուրգեն Մելիքյան, Արմեն Ավետիսյան, Էդիկ Մինասյան եւ այլք: Իսկ մնացածը...: Մնացածն այդպես էլ չկարողացան «ընկալել գերակայություն» բառի իմաստն ու լուռ նստեցին: Գուցե կոպիտ հնչի, բայց, եթե գիտխորհրդի նիստերի դահլիճում մարդ է նստնում եւ հայտարարում, որ ինքը չի հասկանում գերակայություն բառի իմաստը, ուրեմն պետք է մտածել, որ կա՛մ այդ մարդը տգետ է, կա՛մ այն պաշտոնյաները, որոնց ինքը գերակայություն է տալիս, արգելել են նրան հասկանալ այդ բառի իմաստը, երրորդ տարբերակ լինել չի կարող. բացառվում է:

Չգիտեմ ինչու, բայց համոզված եմ, որ ժամանակավոր ռեկտորի ու իր ճամբարի ժամանակավոր անդամները միանգամից կսկսեն հասկանալ գերակայություն բառի իմաստը, եթե ստանան ԿԳՄՍ նախարարի թույլտվությունը ու գեթ մեկ ժպիտը, ժպիտ, որն այնքան կենսական անհրաժեշտություն ունի նման մարդկանց համար:

Եւ այսպես. Մայրենի լեզվի միջազգային օրը, երբ ամբողջ աշխարհում ազգերը նշում էին իրենց մայրենի լեզվի տոնը, Հայաստանի մայր բուհի ղեկավարության ճնշող մեծամասնությունը որոշեց, որ լեզուն գրականությունն ու պատմությունը չեն կարող պարտադիր լինել թե՚ ԵՊՀ-ում, թե՚ ՀՀ մյուս բուհերում:

Սա արդեն խայտառակություն է, որ հավերժ մնալու է համալսարանի պատմության մեջ: Պետք է բոլորս ամաչենք, որ մեր կենտրոնական կրթօջախում նման արատավոր բարքեր են տիրում: Պետք է տխրենք, որ այդ կարեւոր կառույցը ղեկավարում են մարդիկ, որոնք հեռուն տեսնել չեն կարողանում: Որովհետեւ, եթե ո՚չ այսօր, ապա վաղը, վստահաբա՚ր, հայագիտական առարկաները կրկին գրավելու են իրենց դիրքերը ՙ ավելի լավ պայմաններում, բայց, այնուամենայիվ, ԵՊՀ-ն նույնպես կլինի այն բուհերից մեկը, որը պատմության որեւէ շրջափուլում երկրորդական է համարել հայագիտությունը:

Այնուամենայիվ, ուրախալի ու հուսադրող է, որ կան եզակի համալսարանականներ, որոնք կտրականապես դեմ են տեղի ունեցողին: Ես նույնպես, որպես կրտսեր համալսարանական դեմ եմ, եւ չեմ «ստորագրում» այդ ապազգային մատնագրի տակ. ստորագրության «պատիվը» թողնում եմ ձեզ, պարոնայք...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ