RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2451, Տպվել է` 174, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԻՑ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Անկախություն ձեռք բերելուց ի վեր Հայաստանը ձգտում է ժամանակակից ժողովրդավարական հասարակություն ձեւավորել, միաժամանակ բարելավելով իր քաղաքացիների տնտեսական խնդիրները: Ներքին խնդիրների վրա կենտրոնանալը ստիպել էր Հայաստանին վարել երկչափ արտաքին քաղաքականությունՙ հիմնականում թշնամական հարեւան Ադրբեջանի հետ գործառույթներում: Հայաստանի արտաքին քաղաքականության դրական հատկանիշերից մեկը Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններն էին, որոնք Երեւանին ինքնաբավության առաջնորդեցին: Դրությունը ձեռնտու էր Ադրբեջանին, որն իր ավագ եղբորՙ Թուրքիայի հետ ձեռնամուխ եղավ Հայաստանին մեկուսացնելու տարածաշրջանում, ընդգրկելով այդ գործընթացում նաեւ Վրաստանին:

Վրաստանի նախկին առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի վարչակազմը ամենաբարձր աստիճանի ադրբեջանամետ եւ թուրքամետ քաղաքականությունն էր վարում: Դրանով է՛լ ավելի էր սրվում Հայաստանին պարտադրված թուրք-ազերիական շրջափակումը, որը շարունակվում է մինչեւ օրս:

Հայաստանն ընդամենը երկու սահմաններ ունի արտաքին աշխարհի հետ շփվելու համար: Դրանք Վրաստանն են եւ Իրանը: Հակառակ բարեկամական հռետորաբանության, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ տնտեսական համագործակցությունը չի հասել ցանկալի արդյունքների:

Դրանից էլ օգտվելով Թուրքիան եւ Ադրբեջանը սեղմել են Հայաստանին մեկուսացնելու օղակը:

«Թավշյա հեղափոխությունից» հետո, Հայաստանը վճռական քայլեր է ձեռնարկել դուրս գալու համար քաղաքական մեկուսացումից: Սկզբնական շրջանում հեղափոխությունը սարսափեցրեց Մոսկվային, ենթադրել տալով, որ Երեւանն իր վերահսկողության գոտուց դուրս է գալիս. բայց աստիճանաբար խնդիրները հարթվեցին:

Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները հետզհետե առավել ողջունելի են դառնում նաեւ եվրոպական մայրաքաղաքներում: Դրանից լավագույնս օգտվում է Հայաստանը, որ Եվրոպայի հետ հարաբերությունները զարգացնելու ակտիվ գործունեություն է ծավալելՙ սկսելով Ֆրանսիայից եւ Գերմանիայից, իսկ հեռանկարում ունենալով նաեւ Եվրոխորհուրդը:

Ներկայիս, նոր վարչակազմի կարեւորագույն խնդիրն է ձերբազատվել նախկին իշխանության կողմից ձեւավորված Սահմանադրական դատարանից, որի համար ժողովրդական հանրաքվե է նշանակված ապրիլին: Ակնկալվում է, որ այն աջակցություն կգտնի ժողովրդի առավել մեծ զանգվածի կողմից: Այդուհանդերձ, Եվրոխորհուրդի Վենետիկի հանձնախումբը, որն իրավասու է քննարկելու սահմանադրական օրենսդրական խնդիրները, վերապահումներ է արտահայտել այդ գործընթացի նկատմամբ, մտածելով, որ գործադիր եւ օրենսդիր մարմիններն իր վերահսկողության տակ վերցնելուց հետո, վարչապետ Փաշինյանն այժմ ցանկանում է նաեւ դատական համակարգը բերել իր իշխանության ներքո:

Սակայն վերոնշյալ խնդրից դուրս Եվրոպայի հետ հարաբերությունները ամրապնդվում են աներկբայորեն: Մինչ օրս Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպել է երեք անգամ: Վերջինիս այցը Երեւան շատ ջերմ էր եւ նոր թափ հաղորդեց դիվանագիտական հարաբերություններին: Գերմանիան հետաքրքրված է Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ գտնվող միջանցքը զարգացնելու հարցերով, քանի որ դրանով այդ տարածաշրջանը է՛լ ավելի կմոտիկանա Եվրոպային:

Գերմանիա կատարած իր այցելության ընթացքում, Փաշինյանը հանդիպեց Եվրոխորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, որն իրեն ասաց. «Անցյալ տարվա մայիսին Երեւան կատարած բարձր մակարդակի աշխատանքային խմբի այցելությունից հետո, մենք արդեն իսկ սկսել ենք ինտենսիվ կերպով զարգացնել հարաբերությունները Հայաստանի եւ Եվրոխորհուրդի միջեւ: Տեղյակ եմ, որ դուք խնդրել էիք ներգրավվել այդ գործընթացին, եւ մենք ուշի-ուշով հետեւում ենք զարգացումներին»:

Եվրոպային Հայաստանի մերձեցմանը նպաստել է Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Եվրոպայի եւ ընդհանրապես ամբողջ Արեւմուտքի հետ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն , այդուհանդերձ, վերջերս հայտարարում էր, որ Թուրքիան նոր ուղիներ է որոնելու Եվրոմիությանը անդամակցելու հնարավորությունները մեծացնելու համար:

Մյուս կողմից, Սիրիայի հանդեպ որդեգրած Թուրքիայի դիրքորոշումը պատճառ դարձավ, որ Դամասկոսը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Արժե հիշատակել այստեղ այն փաստը, որ Սիրիայի նախագահ Բաշար էլ-Ասադը այն հազվագյուտ պետական անձնավորություններից էր (Իրանի Ահմեդինեժադի կողքին), որ խուսափել էր ժամանակին այցելել Ծիծեռնակաբերդի ցեղասպանության համալիրըՙ Անկարային չնեղացնելու համար:

Վերջերս Գերմանիա կատարած իր այցելության ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիին հրավիրել է այցելել Հայաստան: Սա կարելի է մեկնաբանել որպես հակակշռող քայլ այն արդյունավետ այցելության, որ կատարեց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից պետությանՙ Հորդանանի թագավոր Աբդուլլա Բ-ն: Նրա այցը խիստ կարեւոր էր վերականգնելու համար վաղեմի կապերը արաբական այդ երկրի հետ, որ պատմական դերակատարություն է ունեցել ապաստան տալու Ցեղասպանությունից մազապուրծ հայերին, եւ որ ներկայիս նոր ուղիներ է որոնում մերձենալու Արեւմուտքին:(*)

Հայաստանը նաեւ գովասանքի է արժանի ապահովելու համար Իրանի համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության հետ:

Տարբեր ուղղություններով տարված այս հարաբերությունները հնարավորություն են տալիս Հայաստանին թոթափելու տարածաշրջանում Ռուսաստանի սոսկ «առաջապահ ուղեկալը» լինելու պիտակը, առանց վշտացնելու Մոսկվային:

Նախքան Հայաստանի արտաքին քաղաքականության մեկ այլ ոլորտին անդրադառնալը, արժե հիշատակել, որ «համաշխարհային խաղաղության եւ անվտանգության համաժողովի» շրջանակներում Հայաստանի վարչապետ Փաշինյանն անցյալ շաբաթ Մյունխենում հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Հուսանք, որ նրանց դեմ առ դեմ հանդիպումը ինչ-որ դրական ազդեցություն կթողնի, բայց նրանց հանրային ելույթները պարզապես ամոթալի էին: Փաշինյանը վատ էր նախապատրաստված եւ անգլերեն լեզվի նրա իմացությունը աղքատիկ էր: Ով կփորձի համոզել, որ վարչապետը հիանալի ելույթ ունեցավ, նրա եւ Հայաստանի թշնամին է: Միակ մխիթարանքն այն է, որ Ալիեւը ավելի լավ չդրսեւորեց իրեն:

Անցյալ հոկտեմբերին, BBC-ի «HardTalk-ին» տված արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը նույնպես խիստ քննադատելի էր:

Այս երկու ելույթները չափազանց թույլ էինՙ համեմատած նախկին արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էդուարդ Նալբանդյանի ելույթների հետ: Նրանց լեզվական հմտությունները համապատասխանում էին իրենց դիվանագիտական որակավորումներին: Հայաստանի նոր վարչակազմը խիստ կարիքն ունի կադրերի, որոնք կկարողանան համաշխարհային թատերաբեմում Հայաստանը ներկայացնել պատշաճ մակարդակով:

Հայաստանի զարգացող արտաքին հարաբերությունների համատեքստում հաջորդ քայլը Հունաստանի եւ Կիպրոսի հետ ակնկալվող գագաթաժողովն է: Այս գործոնն էլ առնչվում է Թուրքիայի ոտնձգությունների հետ, այն առումով, որ վերջինս բռնազավթել է Կիպրոսի հյուսիսային հատվածը եւ մարտահրավեր է նետում Հունաստանինՙ Էգեյան ծովի շրջանում: Արեւելյան Միջերկրականի տարածքում վերջերս հայտնաբերված նավթի եւ գազի պաշարները է՛լ ավելի են սրել կացությունը: Կիպրոսի բռնազավթումը որպես հիմք ընդունելով, Անկարան փորձում է օգտվել այսպես կոչված «Կիպրոսի թուրքական հանրապետության» գոյություն չունեցող հորատման իրավունքներից, միաժամանակ սպառնալով իրավասու կողմերին, որոնք ունեն այդ հարստությունից օգտվելու իրավունքը:

Հունաստանն ու Կիպրոսը Իսրայելին եւ Եգիպտոսին են դիմել կոնսորցիում կազմավորելու խնդրանքով: Իսկ երբ Իսրայելի շահերն են սպառնալիքի տակ, աշխարհը գիտի, թե ինչ դիրքորոշում կորդեգրի Վաշինգտոնը:

Հակառակ Մ. Նահանգների գործադրած ջանքերի ու պատժամիջոցների, սակայն, Թուրքիան շարունակում է խառնակչություն մտցնել տարածաշրջանում:

Վաղուց հաստատված ճշմարտություն է, որ թուրքական ոտնձգություններին դիմակայելու համար շահագրգիռ կողմերը կարիք ունեն համագործակցելու տարածաշրջանի այլ իշխանությունների հետ: Հունաստանն ու Կիպրոսը չեն կարող համեմատվել Թուրքիայի հետ, սակայն միջազգային համաձայնության եկած երկրների մի խմբավորում կարող է զսպել Թուրքիայի գործողությունները: Այդպես է, որ Հայաստանը կարողանում է իր դիրքը պահպանել այս խառնաշփոթ աշխարհում:

Արտգործնախարար Մնացականյանը վերջերս հանդիպում ունեցավ Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ: Ավելի վաղ հեռախոսազրույց էր ունեցել Հունաստանի իր պաշտոնակիցՙ Նիկոս Դենդիասի հետ: Նման կապերի հաստատումը նախապատրաստական աշխատանք է գարնանը Երեւանում կայանալիք եռակողմ գագաթաժողովին ընդառաջ, որը նպատակուղղված է ընդլայնելու երեք երկրների համագործակցության շրջանակները եւ ամրապնդելու է Եվրոմիությունում Հայաստանի հենակետերը: Նշենք, որ երկրների սերտ հարաբերությունների շնորհիվ Հայաստանի ռազմական դպրոցի մի խումբ սաներ վաղուց արդեն իրենց կրթությունն են ստանում Հունաստանի ռազմական դպրոցներում:

Հակառակ փորձառության պակասին, Հայաստանի նոր հեղափոխական կառավարությունը ճիշտ քաղաքականություն է վարում, որպեսզի երկիրը դուրս բերի քաղաքական մեկուսացումից: Հեգնական կարող է թվալ, բայց Թուրքիան էլ, թեեւ ակամա, նպաստում է այդ գործընթացին:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

*) Տարօրինակ էր, որ Հորդանանի թագավորի այցը Հայաստանում անցավ գրեթե աննկատ, դժբախտաբար: Ծ.Խ.:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ