RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#006, 2020-02-14 > #007, 2020-02-21 > #008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020



Տեղադրվել է` 2020-02-29 22:02:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 2543, Տպվել է` 176, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱՅՏԱՌԱԿ ԴԱՍԱՄԻՋՈՑ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քանի որ Հայաստանում նոր բացվող քրեական գործերում էլ ոչ մեկին չես զարմացնի, անկախ նրանից, թե ում դեմ են բացվում այդ գործերը (այս պահին մեր 4 նախագահից երկուսը մեղադրյալ են), առաջարկում եմ բացել ոչ թե քրեական, այլ բարոյական գործեր: Մոտավորապես այսպեսՙ փողոցում թքելու համար բարոյական գործ է բացվել տաքսիստ Գառնիկի նկատմամբ (ներողություն եմ խնդրում տաքսիստներից, բացի Գառնիկից): Նախաքննությունը, հետաքննությունը, դատավարությունը կիրականացնի հասարակությունը, ինչպես այսօր ամեն բան Հայաստանում: Հենց Ֆեյսբուքում էլ, մեկնաբանություններով կարելի է արձակել դատավճիռը, ի վերջոՙ տաքսիստ Գառնիկը մեղավո՞ր է ու առհասարակ փողոցում թքելը հանցա՞նք է: Հնարավոր էՙ պարզվի ոչ, ամեն դեպքում, եթե դպրոցում, աշակերտների աչքի առաջ, ուսուցչին հարվածելը հանցանք չէ, ուրեմն տաքսիստ Գառնիկը հանգիստ կարող է թքել ոչ միայն փողոցի իր նախընտրած հատվածներում, այլեւ մանկական զբոսայգիներում եւ բացօթյա սրճարանների դիմաց:

Հիշեցնեմ, փետրվարի 24-ին, Երեւանիՙ Թումանյանի անունը կրող դպրոցի աշակերտներից մեկի ծնողը հենց աշակերտների մոտ հարվածել է ուսուցչին: Ես չգիտեմ, թե ի՞նչ են զգացել այս լուրն իմանալով այն մարդիկ, որոնք համոզված էին, որ իրենց ուսուցիչները հաց չեն ուտում, չեն քնում, միայն կրթում են, չգիտեմ նաեւ, թե այս հանցագործության վկա երեխաներն իրենց կյանքում մոռանալո՞ւ են այդ օրը... Իսկ այդ օրը մի մարդ թքել է. փողոցում չէ, մանկական զբոսայգում չէ, բացօթյա սրճարանի դիմաց չէ, դպրոցո՛ւմ: Բայց հարուցված քրեական գործ չկա, ԿԳՄՍ նախարարության հայտարարություն չկա, չնայած դրա ներկայացուցիչները դեպքից հետո գնացել են դպրոց: Բայց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ իրենք մշակել են ուսուցչի, աշակերտի եւ ծնողի էթիկայի նորմեր: Այսինքն պարոն Արայիկ Հարությունյանը եւ ԿԳՄՍ-ում այս սուպեր ծրագիրը մշակողները վստահ են, որ այդ էթիկայի նորմերը բռնելու են այն ուսուցիչների ձեռքը, որն իջնում է աշակերտի վրա եւ փակելու են այն ծնողի բերանը, որը պատրաստվում է թքել դպրոցում, դպրոցի վրա: Գուցե եւ բռնեն, հնարավոր էՙ փակեն, ասենք ԿԳՄՍ-ն բուկլետներ բաց թողնի, որտեղ գրված կլինեն այդ էթիկայի նորմերը, մարդիկ էլ կարդան ու իմանան, որ մարդը մարդուն չի հարվածում, օրինակ սա: Բայց սա ամենեւին էլ ամենասարսափելին չէ: Դե հիմա ԿԳՄՍ-ն, այն էլ ամառային Օլիմպիական խաղերի տարում, հնարավոր է այլ գործերով է խառը եւ առանձնապես ժամանակ չունի մեր դպրոցում իրավիճակին ծանոթանալու համար: Ամենասարսափելին այն է, որ բոլորը լուռ են: Ուսուցչի են հարվածել, դա դպրոցում են արել, դա դպրոցումՙ աշակերտների ներկայությամբ են արել ու ոչ մի պատիժ, պատժելու ոչ մի պահանջ, ուսուցչի ինստիտուտին ոչ մի անձնական պաշտպանություն: Լռություն...Չէ, մի պաշտոնական առաջարկ հնչել էՙ որպես խնդրի լուծում, առաջարկում են երեխային, որի ծնողը հարվածել է ուսուցչին, տեղափոխել այլ դասարան: Ու պրծ: Համարյա էթիկայի նորմ, էլի...

Բայց ամեն դեպքում, եկեք Հայաստանում բարոյական գործեր չբացենք, որովհետեւ հակառակ դեպքում մեղադրյալների աթոռներին նստած հարյուր հազարավորներիս մեջ տաքսիստ Գառնիկը գուցե ամենաանմեղը լինի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 28-02-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ