RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ

Տեղադրվել է` 2020-03-12 23:04:59 (GMT +04:00)


Ընթերցված է` 3065, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԼՈՒԾԱՐՈՒՄՈՎՙ ԿԼՈՒԾԱՐՎԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հայաստանի երրորդ հանրապետության գոյության ընթացքում Ազգային ակադեմիայի դեմ արտահայտվողներից մեկը եղել է ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երկրի հաջորդ երկու ղեկավարների իշխանության տարիներին այդ հարցը չի շոշափվել այնպես, ինչպես այսօր շոշափում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Օրինակՙ ԳԱԱ նախագահության անդամ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը շատ լավ է հիշում Տեր-Պետրոսյանիՙ ակադեմիայն լուծարելու հիմնավորումը, այն էՙ մեզ ակադեմիա պետք չի: Դրան են նման նաեւ այսօրվա պնդումները, որոնք հայտարարում են, որ ակադեմիան, որպես այդպիսին, այս դարի համար չէ, մանավանդ որ արտասահմանյան բազմաթիվ երկրներում ակադեմիաներ չկան:

Նախարարության այն պնդումը, թե արտասահմանում ակադեմիաներ չկան, նվազագույնը ստիպում են ենթադրել, որ նախարարությունը կա՛մ չի տիրապետում փաստերին, կամ դիտավորյալ է անում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, որովհետեւ այս պահի դրությամբ, ակտիվ գործող ակադեմիաներ կան աշխարհի մի քանի տասնյակ երկրներումՙ Գերմանիա, ԱՄՆ, Անգլիա, Իսրայել, Ֆրանսիա, Ռուսաստան, Թուրքիա, Պորտուգալիա եւն:

Մյուս պնդումները եւս համոզիչ չեն, օրինակ այն, որ ակադեմիայի գիտաշխատողները պատշաճ գիտական արտադրանք չեն տալիս: Նախ ընդգծենք, որ այլ երկրներում, որոնց հաճախ հղում են անում մեր իշխանությունները, գիտական կենտրոնների տեխնիկաներն ու սարքավորումները թարմացվում են գոնե տասը տարին մեկ անգամ, իսկ մեր գիտնականները, փառք ու պատիվ իրենց, քարե դարի միջավայրում ժամանակին համահունչ քայլում են: Բացի այդ, վստահ եղեք, որ աշխարհի որեւէ երկրում գիտաշխատողն այնքան ցածր աշխատավարձ չի ստանում, որքանՙ Հայաստանում: Հեռու չգնանք, Ադրբեջանը քթներիս տակ է...

Դեռ 2009թ. նախագահ Իլհամ Ալիեւի հրամանագրովՙ ծրագրվել է «Ադրբեջանական Հանրապետության գիտության զարգացման ռազմավարությունը 2009-2015 թվականներին» նախագիծը, որից հետո ադրբեջանական ակադեմիան, որպես հակահայկական քարոզչության ու առհասարակ հակահայկական կենտրոն, զգալի թափ առավ: Այդ ռազմավարության շրջանում, ավելի կոնկրետՙ 2013թ.ին, ակադեմիկոս Ադիլ Գարիբովը առաջարկեց արհեստական երկրաշարժ ստեղծել Մեծամորի ատոմակայանի տարածքում...

Ամեն ինչ ավելի սրվեց ու լրջացավ, երբ 2014 թվականին որոշվեց Ադրբեջանի ակադեմիային տրամադրել տարեկան մոտ 150 միլիոն մանաթ, որը, ժամանակի փոխարժեքով, հավասարազոր է 180-190 միլիոն դոլարի: Տարեցտարի այդ գումարներն ավելացան, իսկ այսօր արդեն ահռելի չափերի են հասել, հակահայկական քարոզչությունըՙ նմանապես:

Արդեն նույն թվականի հուլիս ամսին հաստատվեց «Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի զարգացման կոնցեպցիան մինչեւ 2020 թվականը» ծրագիրը, որի արդյունքում ակադեմիա հրավիրվեցին արտերկրում բնակվող բազմաթիվ ադրբեջանցի գիտնականներ: Այդ ծրագրի շրջանակներում զարկ տրվեց ֆիզիկայի, քիմիայի, նավթի ու նավթաքիմիայի, երկրաբանության, բիոտեխնոլոգիաների, մոլեկուլային գենետիկայի եւ այլ գիտությունների զարգացմանը:

Որպես մեկ ապացույց նշենք, որ դրանից չորս տարի անցՙ 2018թ. սեպտեմբերին, Ադրբեջանի ակադեմիան արդեն համագործակցում էր TAI ավիաշինական ընկերության հետ: Միջանկյալ նկատենք, որ TAI-ը ընկերությունն, ըստ համբավավոր Defense News մասնագիտացված կայքի, աշխարհի 100 խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերություններից 64-րդն է եւ այնտեղ է պատրաստվում թուրքական հայտնի Atak հարվածային ուղղաթիռը:

Արդեն մեկ տարի անց, 2015 թվականին, Ադրբեջանի պատմության ինստիտուտի աշխատակից Յաղուբ Մահմուդովը տարածքային պահանջներ ներկայացրեց հարեւան երկրներին: Այդ նախաձեռնության համար պետությունը ֆինանսավորել էր Մահմուդովին, ինչպես նաեւ մի շարք լեզուներով թարգմանել պահանջներն ու տարածել արտասահմանյան բազմաթիվ երկրներում: Նկատի ունենանք նաեւ, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրենց ակադեմիայի միջոցով տարեկան զգալի միջոցներ է տրամադրումՙ արտերկրում հակահայկական քարոզչություն տանելու ուղղությամբ: Այդ գործով հիմնականում զբաղվում են Ադրբեջանի ակադեմիայի աշխատակիցները: Ի դեպ, նրանց հրահանգված էՙ անպայման մասնակցել միջազգային բոլոր գիտաժողովներին ու դրամաշնորհային ծրագրերին:

Պետական հոգածության ներքո հակահայկական զգալի աշխատանք է տանում նաեւ Ադրբեջանի հեղինակային իրավունքների գործակալության նախագահ Քյամրան Իմանովը: Վերջինս սերտ կապերի մեջ է Ադրբեջանի ակադեմիայի հետ եւ անձամբ հրահանգվելով իշխանությունների կողմից, թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում, զբաղված է կոնկրետ հակահայկական քարոզչությամբՙ մշակույթի, պատմության թեքումով: Նրա ձեռամբ այսօր աշխարհի մի շարք երկրներում որպես ադրբեջանական են ներկայացվում հայկական մշակույթի այնպիսի գոհարներ, ինչպիսիք ենՙ Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները:

Այս համատեքստում Հայաստանի «ազգային արժեքներին վերադարձած» իշխանությունները թող իրենց հարց տան, թե ինչո՞ւ լավ չի գործում մեր ակադեմիան: Այդ հարցի պատասխանը նրանց տանելու է Բաղրամյան 19 եւ Բաղրամյան 26: Այդ հարցի պատասխանները գտնվում են ,ինչպես վարչապետն է սիրում ասել, իներցիոն կերպով բարձրացված աշխատավարձերի հակառակ կողմում:

Իհարկե, սխալ է միայն Ադրբեջանի հետ համեմատականներ տանելը, դրանք միանշանակ լինել չեն կարող, ավելինՙ մեր զարգացվածության համեմատականները չեն կարող աղերսներ ունենալ ազերիների հետ, եւ նաեւ այդ անհամատեղելությունն է աղաղակում. Ադրբեջանը գիտությունների ակադեմիա ունենա, Հայաստանըՙ ո՞չ: Հիմնավորումը ո՞րն է:

Այո, մեր ակադեմիան շտկվելու կարիք ունի, բայց առաջին քայլը պետք է լինի պետության վերաբերմունքը, որն այս պահին միայն արհամարհական ու թշնամական է: Հեշտ է ամսական մեկ միլիոնին մոտ աշխատավարձ ստանալ, տարեկան մի քանի միլիոն պարգեվավճար եւ արդյունք պահանջել այն մարդկանցից, որոնք ամսական 80.000-100.000 դրամ են ստանում: Առաջին քայլը պետք է լինի հենց այդ նվաստացուցիչ թվերի բարելավումը: Գիտնականը պետք է նստի իր աշխատասեղանի առաջ եւ մոռանա կենցաղային հոգսերի մասին, դրանք չպետք է խանգարեն նրան:

Իսկ ամենացավալին ու ամոթալին այն է, որ ակադեմիայի լուծարումով չորս հազար եւ ավելի մարդ, չորս հազար գիտնական եւ գիտաշխատող անաշխատանք է մնալու, բացի այն, որ գիտությունը կաթված է ստանալու, նրանցից շատերը լքելու են հայրենիքը:

Եթե ակադեմիան կարեւոր դերակատարություն չունենար, պատերազմի տարիներին, երբ ամեն ինչ փամփուշտի ու արկի էր վերածվում, մեր ակադեմիան չէր հառնի Երեւանի սրտում. Վիկտոր Համբարձումյանն ու մյուսները մեզանից ավելի լավ ու արագ էին ընկալում ու հասկանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ