RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#008, 2020-02-28 > #009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2020-03-12 23:05:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1749, Տպվել է` 45, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ԿՆՔԵԼ ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Փախստականները որպես ճնշման միջոց

Մարտի 9-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի Բրյուսելյան այցի ժամանակ Եվրոմիության ղեկավարները նրան գոհացնող խոստումներ չտվեցին: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել փախստականների առնչությամբ: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Նախարարի խոսքերովՙ Անկարան պահանջում է պարզեցնել այցագրային ռեժիմը Թուրքիայի ու Եվրոմիության միջեւ, ինչը հետագայում թույլ կտա լուծել անօրիանական գաղթի խնդիրը:

Բանակցությունների ժամանակ կենտրոնական թեման փախստականների վերաբերյալ չորս տարի առաջ ձեռք բերված համաձայնություններն էին: Եվրոմիությունը այդպես էլ ամբողջությամբ չի վճարել Անկարային խոստացած 6 մլրդ եվրո օգնությունը եւ չի բավարարել Թուրքիայի քաղաքացիների ԵՄ անայցագիր մուտքին առնչվող խնդրանքը: Այցի նախօրեին Թուրքիայի արտգործնախարարությունը Եվրոմիությանը կոչ էր արել կատարել 2016 թ.մարտի 18-ի համաձայնագրերի բոլոր պահանջները եւ չխոչընդոտել թուրքական տարածքից դեպի Հունաստանի սահման փախստականների ազատ տեղաշարժին: Էրդողանը հայտարարեց, որ ինքը մերժել է հավելյալ մեկ միլիարդ եվրո հատկացնելու մասին Եվրոմիության առաջարկությունը: Ավելի ուշ Բրյուսելում հայտարարեցին, որ եւս 500 մլն եվրո կհատկացնեն ի լրումն խոստացված մեկ միլիարդի: Բայց Էրդողանը պնդում է, որ իր երկիրը փախստականների վրա ծախսել է 40 մլրդ դոլար, այսինքն շատ ավելի, քան այն յոթ միլիարդը, որը Թուրքիան, ըստ Էրդողանի, ստացել է մնացյալ աշխարհից:

Եվրոպացիները Անկարային մեղադրում էին շանտաժի մեջ, քանի որ փախստականների խնդիրը սրությամբ դրվեց Իդլիբի դեպքերից հետո: Դա ընկալվում է որպես Էրդողանի վրիժառություն Սիրիայի հարցում Եվրոմիության բռնած դիրքի համար: Թեպետեւ բանը միայն Իդլիբի հարցը չէ: Ինչպես նշում է Bloomberg գործակալությունը, Էրդողանը սպառնում է բացել փախստականների ճանապարհը դեպի Եվրոպա, եթե Եվրոմիությունը չհրաժարվի քրդերի նկատմամբ Անկարայի վարած քաղաքականության քննադատությունից:

2019 թվականի հուլիսին, ԵՄ պատժամիջոցներին ի պատասխան, Անկարան չեղյալ հայտարարեց փախստականների հայրենադարձմանը վերաբերող օրենքը: Պատժամիջոցների պատճառը Կիպրոսի շրջակա ջրատարածքում Անկարայի կողմից գազի հանքավայրերի հետախուզման աշխատանքներն էին: Վերջապես, Էրդողանը փորձել է եվրոպացիներին մասնակից դարձնել թուրք-սիրիական սահմանի երկայնքով անվտանգության գոտու ստեղծման խնդրին, որպեսզի այնտեղ տեղափոխի մոտ երկու միլիոն փախստականների, ինչը չարժանացավ եվրոպական պետությունների հավանությանը:

«Նա որոշել է հաշիվներ մաքրել բոլորի հետ», գրում է խորվաթական Advance հրատարակությունը: «Ներխուժեց Իդլիբ եւ Լիբիա, գրեթե հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ: Իսկ հիմա փախստականներով հարված է հասցնում Եվրոպային: Ինչո՞ւ նա որոշեց դիմել միանգամից այդ ամենին: Ըստ երեւույթին, Անկարայի եւ Վաշինգտոնի փոխհարաբերությունները վերականգնվում են, եւ գաղտնիքը կարող է դա լինել»:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, որ դեպի Հունաստանի սահման ճանապարհվող անձինք ոչ թե Սիրիայի Իդլիբ նահանգից եկած փախստականներ են, այլ Թուրքիայում երկար տարիներ ապրած գաղթականներ: Նա Անկարային մեղադրել է կազմակերպված ձեւով հազարավոր գաղթականների դեպի հունական սահման ուղարկելու մեջ: Իր հերթին Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ouest-France հրատարակությանը տված հարցազրույցում կոչ է արել ավելի լավ պաշտպանել ԵՄ արտաքին սահմանները եւ չենթարկվել Էրդողանի ճնշմանը, քանի որ ի վերջո Եվրոպան կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ 2015 թվականին:

Հիշեցնենք, որ 2015 թվականի միայն առաջին տասն ամիսների ընթացքում Եվրոմիություն մուտք գործեց շուրջ մեկուկես միլիոն փախստական: Հետո այդ թիվն ավելացավ: Տեղին է նշել, որ թուրքական զորքերի Սիրիա ներխուժելուց հետո Թուրքիայի տարածք անցան մոտ 3,6 միլիոն սիրիացիներ, որոնցից շատերը նույնպես մտադիր են արտագաղթել Եվրոպա: Բրյուսելը, որն անցյալում հույս ուներ ներգաղթյալների շնորհիվ լուծել իր ժողովրդագրական ու տնտեսական խնդիրները, մինչեւ օրս չի մարսել բոլոր ներգաղթյալներին ու փախստականներին, իսկ ԵՄ որոշ երկրներ այդ պատճառով սպառնում են դուրս գալ Եվրոմիության կազմից: Արտաքին սահմանների պաշտպանության եվրոպական գորրծակալությունը (FRONTEX) ԵՄ ղեկավարների համար պատրաստել է զեկուցագիր, որտեղ հաղորդվում է, որ գաղթականներին կանգնեցնելը դժվար կլինի նույնիսկ եթե Թուրքիայի իշխանությունները խոչընդոտեն դրան:

Կասկածներ կան, թե Էրդողանն իրականացնում է փախստականների միջոցով Եվրոպան իսլամացնելու ծրագիր, ինչից կարող են օգտվել Եվրոպա աշխարհամասում սեփական դիրքերի ամրապնդմանը ձգտող «Իսլամական պետության» արմատականները: Այստեղից հարց է ծագում, թե Բրյուսելը հետագայում ինչպե՞ս կկառուցի հարաբերություններն Անկարայի հետ:

2015-2020 թթ. Եվրոմիությունը մշակել է տարբեր մոդելներ, թե ինչպես պետք է որոշումներ ընդունվեն ապաստանի տրամադրման կամ արտաքսման վերաբերյալ: Սակայն դրանցից ոչ մեկը չի կենսագործվել: Գործել է ԵՄ-Թուրքիա համաձայնագիր փախստականների մասին: Այս կապակցությամբ բրիտանական The Guardian հրատարակությունը գտնում է, որ Անկարան, փախստականներով հարձակում է սկսել Եվրոմիության վրա, որպեսզի ամեն գնով Եվրոպային ներքաշի Սիրիայի հակամարտության մեջ, եւ որպեսզի այնտեղ ինքը մեն-մենակ չմնա Մոսկվային դեմ հանդիման:

Բայց Եվրոմիությունն այժմ գաղթականների հանդեպ ավելի կոշտ դիրք է բռնել, քան 2015 թվականին, եւ պատրաստ է պաշտպանել իր արտաքին սահմանը: Հնարավոր է, որ Էրդողանի հետ սակարկությունը շարունակվի ժամանակ շահելու նպատակով: Մեկ այլ տարբերակի համաձայն, Եվրոմիությունը կարող է բանակցություններ սկսել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ չեզոքացնել էրդողանին: Ըստ երեւույթին, ժամանակն է վերհիշելու Գերմանիայի նախագահ Ֆրանց Վալտեր Շտայնմայերին , որը հանդես էր գալիս Սիրիայի հարցում Եվրոմիության դիրքորոշումը փոփոխելու օգտինՙ կանխատեսելով փախստականների հետ կապված խնդիրը: Լուծումը նախատեսում էր Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի միջոցով բանակցությունների ծավալում Ասադի, Մոսկվայի, Թեհրանի, Անկարայի, Էր-Ռիադի եւ նույնիսկ այսպես կոչված սիրիական չափավոր ընդդիմության հետ, որպեսզի ուրվագծվի Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման եւս մեկ ուղղություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 13-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ