RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 7781, Տպվել է` 529, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ, ԿԱՄ ԻՆՉ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ, ԵՐԲ ԱՎԱՐՏՎԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԸ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Ամբողջ աշխարհում բռնկված նոր համաճարակը ոչ միայն ու ոչ այնքան առողջապահական եւ տնտեսական հիմնախնդիրներ է առաջացնում, որքան քաղաքական: Այն կարող է սկիզբ հանդիսանալ նոր աշխարհակարգի ձեւավորմանը, որտեղ արեւմտյան քաղաքակրթությունը առաջին անգամ, 15-րդ դարից սկսված, կարող է հայտնվել համաշխարհային քաղաքականության հետնաբեմում:

Թե ինչ կկատարվի, երբ ավարտվի այս համաճարակը, դժվար է կանխատեսել, սակայն կան որոշակի միտումներ, որոնք հնարավորություն են տալիս հասկանալ, թե զարգացման կորագիծը ո՞ր ուղղությամբ կգնա: Այն փաստը, որ արեւմտյան քաղաքակրթությունը կորցնում է իր նախկին փայլը, նշմարվում էր դեռ տարիներ առաջ, երբ ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մեջ առաջին անգամ սկսվեց խոսվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մասին, որպես այդ գերտերության հետաքրքրությունների կարեւորագույն կենտրոն:

Մինչ այդ Ասիական զարգացման ֆենոմենի մասին գրում էին շատերը, շեշտելով, որ եթե Արեւմուտքը ուշադրություն չդարձնի այս երեւույթի վրա, ապա վաղ թե ուշ կպարտվի սկսվող մրցակցության մեջ: Սակայն, առաջին շրջանում ԱՄՆ-ին եւ Եվրոպական առաջատար պետություններին թվում էր, թե իրենք վերահսկում են իրավիճակը, քանի որ այդ «զարգացումը» տեղի էր ունենում իրենց քաղաքակրթական վերահսկողության ներքո:

Արեւմուտքը ինքնիրեն դիտարկում էր որպես մարդկության քաղաքակրթության օրրան եւ հազմոզված էր, որ Երկիր մոլորակի հետագա զարգացումը կարող է գնալ միայն արեւմտյան մշակույթի եւ քաղաքականության թելադրանքի ներքո: Արեւմուտքի քաղաքակրթական եւ մշակութային էքսպանսիան հետագայում կոչվեց «փափուկ ուժ», որն իր ազդեցությամբ համարվում էր ավելի ավերիչ ու վտանգավոր շատ ազգերի համար, քան կոշտ ուժի քաղաքականությունը:

Այդ էքսպանսիան սկիզբ դրեց գլոբալիզացիա հասկացողությանը, որի տարածումը համարվում էր «առաջադիմության» միակ ու կարեւորագույն գրավական: Գլոբալիզացիան փաստորեն դարձավ կարեւորագույն զենք Արեւմտյան քաղաքակրթության սկզբունքներն ու մոտեցումները տարածելու եւ պարտադրելու համար: Ավելի ուշ, ԽՍՀՄ-ի քայքայմամբ, պարզ դարձավ, որ Արեւմտյան էքսպանսիային դիմագրավող այլ ուժ այլեւս չկա եւ սկսվում է միահեծան իշխելու ժամանակը:

Գլոբալիզացիան արդեն հանդես էր գալիս իր արմատական ազատականությանՙ լիբերալիզմի տեսքով, որը հրաժարվում էր ճանաչել ազգային, էթնիկ, ցեղային, լեզվական, առավել եւս մշակութային առանձնահատկությունները, առաջադրելով դրանց ունիվերսալ «լուծումներ», որոնց հիմքում ազգայինի չեղարկումն էր: Հայտարավում էր, որ ամեն մի ազգային երեւույթ արխայիկ է ու այլեւս չի համապատասխանում ժամանակակից պահանջներին, ու որպես այլընտրանք առաջադրվում էր, այսպես կոչված, «համամարդկային» արժեքներ, որոնք համարվում էին ունիվերսալ լուծումներ, բոլորի համարՙ անկախ սեռից, կրոնական կամ ազգային պատկանելիությունից:

Աշխարհը միանման, միագույն ու նույնիսկ միասեռ դարձնելու այդ ձգտման մեջ արեւմտյան ծայրահեղ լիբերալիզմը ծնեց արմատական իսլամին, որի հետ բախումը վերածվեց ահաբեկչական պատերազմիՙ համապատասխան հետեւանքներով: Մուլտիկուլտուրիզմի գաղափարախոսությունը իրեն չարդարացրեց, եւ պարզ դարձավ, որ Արեւմտյան պետություններ գաղթած իսլամադավան բնակիչների նույնիսկ արդեն Եվրոպայում ծնված սերունդները ավելի հեշտ գնում են ծայրահեղ իսլամի հետեւից, քան արեւմտյան քարոզվող համամարդկային արժեքների:

Չնայած ռազմավարական առումով ահաբեկչական մարտավարությունը հեռանկար չուներ, սակայն իսլամը մուտք գործեց Եվրոպա եւ դարձավ դրա անքակատելի մասը եւ ծայրահել լիբերալիզմի պայմաններում նույնիսկ սկսվեց դիտարկվել որպես «այլընտրանք» կեղծ արժեքներին: Սակայն, նույնիսկ այս պայմաններում արեւմտյան քաղաքակրթությունը դիտարկվում էր գրավիչ եւ հեռանկարային աշխարհի համար:

Ասիայի նոր ծնունդը, հանձին Չինաստանի, փոխեց զարգացման ընթացքը եւ լուրջ հարված հասցրեց գլոբալիզմի գաղափարախոսությանը: Այն ոչ միայն ապացուցեց ազգային-էթնիկ մշակույթի առավելությունը, այլեւ դրաձավ իրական այլընտրանք գերիշխող արեւմտյան քաղաքակրթությանը:

Հանդես գալով որպես «փափուկ ուժի» քաղաքականության ջատագովՙ Չինաստանն սկսեց մշակութային, տնտեսական եւ, որպես հետեւանք, քաղաքական ազդեցության էքսպանսիան դեպի Արեւմուտք: Եթե այդ գործընթացի սկզբում արեւմտյան երկրները այն չէին դիտարկում որպես սպառնալիք իրենց քաղաքակրթական գերիշխանության դիրքերին, ապա հետագայում ստիպված էին ընդունել, որ թերագնահատել են այդ երկրի ներուժը:

Ասիայի զարթոնքը եւ Չինաստանի հզորացումը հանգեցրեց աշխարհաքաղաքական փոփոխությունների, որոնց արդյունքում, առաջին անգամ վերջին 5 դարերի ընթացքում, համաշխարհային քաղաքակրթության կենտրոնը սկսեց տեղափոխվել Արեւմուտքից դեպի Արեւելք: Մարդկությունը ստացավ նոր աշխարհաքաղաքական իրավիճակ, երբ թուլացող եւ պատմության հետնաբեմում հայտնվող Արեւեմուտքին սկսեց փոխարինել Ասիան:

Ասիական պետությունների զարգացման հիմքում դրվեց արեւմտյան քաղաքակրթական եւ գաղափարական սկզբունքներին հակասող դրույթներ, փաստորեն պարզ դարձավ, որ ազգային պետությունների մասին կանխատեսումները սին էին: Սրընթաց զարգացում ցույց տված Ճապոնիան, Հարավային Կորեան եւ հատկապես Չինաստանը ոչ միայն խիստ ազգային պետություններ էին, միայն իրենց հատուկ ուրույն քաղաքակրթական ու մշակութային ձեռագրով, այլեւ մոնոէթնիկ երկրներՙ շուրջ 90 տոկոս էթնիկ բնակչությամբ:

Եթե նախկինում մոնոէթնիկությունը ներկայացվում էր որպես թերություն, ապա այսօր պարզ դարձավ, որ այն ոչ միայն խոչընդոտ չէ զարգացման, այլ ընդհակառակըՙ ազգային միասնության եւ հզորության կարեւոր գրավական է: Սակայն ասիական ծագող աստղիՙ Չինաստանի հիմնական թերությունը համարվում էր նրա, արեւմտյան չափանիշներով, ոչ ժողովրդավարական լինելը:

Սա համարվում էր պետական համակարգի կառավարման լուրջ թերություն եւ խոչընդոտ արագ ու արդյունավետ զարգացման համար: Սակայն Չինաստանի վերջին 40 տարվա պատմությունը համառորեն հերքում էր այդ տեսությունը, իսկ մարդկությանը պատուհասած համաճարակի պայմաններում պարզ դարձավ, որ այս համակարգը ավելի արդյունավետ է, քան պատկերացնում էին:

Ի տարբերություն Չինաստանի, եվրոպական պետությունները չկարողացան արդյունավետ կերպով դիմակայել ներկա չարիքին, եւ պարզ դարձավ նաեւ, որ նրանց դավանած Եվրոպական միասնության ու եղբայրության մասին հայտարարությունները կեղծ են: Եվրոպական պետությունները ոչ միայն չօգնեցին դժբախտության մեջ հայտնված Իտալիային, այլեւ փակեցին նրա հետ սահմաններըՙ նրան թողնելով իր խնդիրների հետ մենմենակ:

Միայն Չինաստանն էր, որ օգնության ձեռք մեկնեց եւ իր մասնագետներին գործուղեց Հռոմՙ Իտալիային օգնելու համար: Համաճարակից հետո ուշքի եկած աշխարհը կհայտնաբերի, որ հանձին Չինաստանի իրենք գործ ունեն ոչ միայն տնտեսկան հսկայի, այլեւ քաղաքակրթական նոր բեւեռի հետ, որը ցույց տվեց ոչ միայն իր ֆիզիկական, այլեւ բարոյական առավելությունը Արեւմուտքի նկատմամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ