RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-21 21:49:18Անկախության բանակ (տեսանյութ)
2020-09-21 21:48:18Հայ թատերական կյանքը Կիլիկիայում` ֆրանսիական գրավման օրերին
2020-09-21 21:47:21Հրդեհ՝ Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում (տեսանյութ)
2020-09-21 18:15:08Կրոնավիրուսի դեմ պայքարն Արսեն Թորոսյանի կարծիքով հաջողել ենք
2020-09-21 16:09:55ԱՀ նախագահը հանդիպել է ՀՀ վարչապետի հետ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20 > #013, 2020-05-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3772, Տպվել է` 335, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԷՐԴՈՂԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՆԱՄՔՈՎ ՔՈՂԱՐԿՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Նրանց տվյալներին, բացի Առողջապահության միջազգային կազմակերպությունից, չի հավատում նաեւ սեփական ժողովուրդը

Կորոնավիրուսն անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին առաջինը հայտնաբերվեց Չինաստանում, ապա տարածվեց ամբողջ աշխարհում, ներառելով 151 երկիր: Չինաստանը թեեւ ավելի քան երեք հազար զոհ տվեց, սակայն շնորհիվ չինացիների կարգապահությանն ու չինական իշխանությունների վճռականությանն արդեն հաղթահարում է վարակը երկրում: Ներկալումս վարակի տարածման կենտրոն է դարձել Իտալիան, որտեղ կորոնավիրուսից մահացել է 2941, իսկ Իրանումՙ 988 մարդ: Թվում է, թե վիրուսի տարածման սպառնալիքը հաղթահարում է նաեւ Իրանը: Հակառակ դրան, վիրուսով վարակվածների թիվը Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Բելգիայի գլխավորությամբ օրեցօր աճում է եվրոպական երկրներում, որտեղ բնակչությունը խուճապի է մատնված: Որքան էլ Վաշինգտոնում չբարձրաձայնեն, խուճապահար վիճակում են նաեւ ամերիկացիները, այն աստիճանի, որ թուրքական «Halk TV-ի» տվյալներող քաոսային վիճակում է հայտնվել Նյու Յորքը, որ ավելի քան 20 մլն բնակչությամբ ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքն Է:

Ըստ երեւույթին կորոնավիրուսի հարցում Վաշինգտոնի օրինակին է հետեւում Անկարան, քողարկելով վարակվածների, հավանաբար նաեւ մահացածների իրական թիվը: Իշխանամետ մամուլն էլ գոռոզամտությամբ հպարտանում է, թե Թուրքիան եվրոպական երկրների սխալը չի կրկնել, առողջապահության նախարարության կանխազգուշական միջոցների շնորհիվ ժամանակին կասեցրել է վիրուսի տարածումը երկրում: Կորոնավիրուսը Թուրքիայում հայտնաբերվեց մարտի 11-ին: Առողջապահության նախարար Ֆահրեթդին Քոջան հայտնեց երկու վարակվածի մասին, հասցնելով այդ թիվը մարտի 14-ինՙ 5-ի: Երկու օր հետո ուշ երեկոյան նա հայտարարեց 12 վարակվածի մասին, իսկ որոշ ժամանակ անց, ժամը 24-ին, սոցցանցով հաղորդագրություն տարածեց, թե վարակվածները 47 հոգի են, իհարկե չմոռանալով հպարտանալ իր գլխավորած նախարարության նախազգուշական շատ խելամիտ միջոցներով:

Ինչո՞ւ ժամը 24-ին: Հարցին մարտի 16-ին պատասխանեց «Halk TV-ում» «Մեդիայի թաղ» հաղորդաշարի հեղինակ տիկ. Այշենուր Արսլանը : Նա ասաց, որ այդ ժամին խմբագրություններն արդեն տպարան են հանձնում թերթի հերթական համարը, ուստի զրկված են վարակվածների թիվը թարմացնելու հնարավորությունից: Այսինքն նախարարը խորամանկում է: Մինչ նախարար Քոջան շարունակում էր գլուխ գովել, Թուրք բժիշկների միության նախագահ Սինան Ադիյամանն ուղիղ եթերում հեռախոսով միացավ Արսլանի հաղորդմանը եւ ասաց, որ անկախ վարակակիրների մասին իր գլխավորած միությանը նախարարության ներկայացրած 18 թվից, իրենք երկրի տարբեր հիվանդանոցներից տվյալներ են ստանում, որոնք անհամեմատ գերազանցում են այդ թիվը: Նա միաժամանակ խիստ անբավարար համարեց նախարարության վարակի դեմ պայքարի միջոցառումները:

Ըստ երեւույթին, նախարար Քոջայի հաղորդած տվյալները լուրջ չի ընդունում նաեւ Առողջապահության միջազգային կազմակերպությունը, որ մարտի 15-ի զեկուցագրում վարակված թուրքերի թիվը 4 էր նշված: Համենայնդեպս մարտի 17-ին նոր հայտարարություն արեց Քոջան եւ մասնավորապես ասաց, որ վարակվածների թիվը հասել է 98-ի, նրանցից մեկը ցավոք մահացել է: Նա միանգամայն հնարավոր համարեց մահացողների թվի հոտագա աճն ու միաժամանակ խոստացավ մինչեւ շաբաթվա վերջը 16-ի բարձրացնել թեստի լաբորատորիաների թիվը, որն ընդամենը 6 է, 2-ը Անկարայում, 4-ը 16 միլիոնանոց Ստամբուլում: Նախարարի այս խոսքերին էլ հավանաբար չի հավատացել Ալթընբաշ համալսարանի պրոֆ. Ահմեդ Քասըմ Հանը : Այլապես նա մարտի 18-ին «Haberturk-ի» էկրանից չէր հայտարարի, որ կարող են շատ արագ, մեկ շաբաթվա ընթացքում բազմապատկվել վարակվածների թիվը, եթե առողջապահության նախարարությունը նոր նիջոցառումներ չիրականացնի: Խոսքը վարակակիրների մեկուսացումը ինչպես հարկն է կազմակերպելու, թեստի լաբարատորիաների թիվն անհապաղ ավելացնելու, ինչպես նաեւ ազգաբնակչությանը ճիշտ տվյալներ հայտնելու մասին էր:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ պայքարի նախարարության միջոցառումներին, պետք է ասել, որ մարտի 11-ին, երբ 30 քաղաքացիներ, որոնց թվում էին կանայք, օդային եւ ցամաքային հաղորդակցության ընդհատման պատճառով, ոտքով անցնելով Իրանի սահմանը, մուտք են գործել Թուրքիայի տարածք: Զինվորականները իսկույն շրջապատել են նրանց, ապա եւ խցկել մոտակայքում տեղադրված մեծ վրանի մեջ: Ապա փշալարերով ցանկապատել են վրանը եւ պարեկություն արել: Վրանի մոտակայքում չի եղել զուգարան, իսկ վրանումՙ աթոռ եւ սեղան, էլ չենք խոսում բժշկի եւ բուժքույրերի մասին: Այդ իսկ պատճառով վարակվածի կասկածանքով վրանում խցկված քաղաքացիներն իրենց մատուցված ապուրը ոտքի վրա չուտելու համար ամանները ձեռքներին դուրս էին եկել վրանից, որ նստելու քար կամ ծառի կոճղ գտնեն:

Տեսանյութը մարտի 16-ին ցուցադրվեց «Halk TV-ում»: Մնացած հեռուստատեսությունները հրաժարվել են ցուցադրել: Այդ մասին հայտնեց մի կին, որ տեսանյութի հեղինակն էր եւ ավելացրեց, որ 30 հոգուն ընդամենը երեք օճառ են տրամադրել, եթե իրենք կորոնավիրուսով վարակված էլ չլինեն, ապա վրանում անպայման կվարակվեն: Գալով կասկածյալների մեկուսացմանը, դրա համար Ստամբուլում, Անկարայում եւ Էրզուրումում հատկացրել են ուսանողական հանրակացարաններ, վտարելով ժամը 24-ին եւ 02-ին հանրակացարանների բոլոր ուսանողներին, որ տեղավորեն Մեքքա այցելած ուխտավորներին: Այլ քաղաքների ուխտավորներին հորդորել են 14 օր տնից դուրս չգալ եւ հնարավորինս չշփվել այլոց հետ: Հատկանշական է, որ հանրակացարան բերված ուխտավորներն ընդվզել են, թե չեն մնա այնտեղ, քանի որ ախոռի է նման: Հաջորդ օրը նրանք փորձել են փախչել, ինչի հետեւանքով եղել են բախումներ ոստիկանության հետ: Դա, իհարկե, չի վերաբերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավորներին, որոնց մի մասը նույնպես մեկնել էր Մեքքա:

Այս ամենի ֆոնին տարօրինակ էր նախագահ Էրդողանի կեցվածքը: Նա Թուրքիայում կորոնավիրուսի հայտնաբերման օրիցՙ մարտի 11-ից լռել է մինչեւ մարտի 18-ը: Այդ օրը նախագահականում հրավիրված խորհրդակցության ժամանակ, շռայլելով գովեստի խոսքեր առողջապահության նախարարի հասցեին, Էրդողանն ասել է, որ բնակչության առօրյա կյանքը խաթարող այս վարակը ունենալու է նաեւ տնտեսական շատ լուրջ հետեւանքներ: Հիրավի, երկրում փակվել են բազմաթրվ գործարաններ, մասնավոր խանութներ: Գործատերերն աշխատանքից ազատել են բանվորներին, որ խուսափեն ավելորդ ծախսերից:

Ի դեպ, մինչ այդ մարտի 15-ին Թուրքիայի նախագահների նախկին նստավայր Չանքայա պալատում եւս խորհրդակցություն էր հրավիրվել: Էրդողանի կարգադրությամբ հրավիրված այդ միջոցառումը ղեկավարել է վերջինի օգնական Ֆուաթ Օքթայը: Որքան էլ այդ խորհրդակցությունը նվիրված լինի կորոնավիրուսի տարածման խնդրին, դրան մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն եւ ներքին գործերի նախարար Սուլելման Սոյլուն: Ինչ վերաբերում է առողջապահության նախարարին, ապա նա խորհրդակցությանը մասնակցել է տեսակապի միջոցով միայն: Ավելին, խորհրդակցության ավարտին որեւէ հայտարարություն չի արվել:

Հայտնի չէ, թե Էրդողանի օգնականը, առանց առողջապահության նախարարի, առողջապահական ի՞նչ հարցեր է քննարկել արտաքին ու ներքին գործերի նախարարների հետ, ոչ ոք չգիտի Թուրքիայում: Բայցեւայնպես բոլորն էլ ենթադրում են, որ Էրդողանի իշխանությունը բնակչությունից խնամքով քողարկում է կորոնավիրուսով վարակվածների իսկական թիվն ու երկրում վարակի տարածման իրական պատկերը: Ի վերջո յուրաքանչյուր միջադեպ, լինի Էլյազիգի երկրաշարժ, Վանի ձյունահյուսը, թե Իղլիբում թուրք զինվորի սպանություն, բացասաբար է անդրադառնում Էրդողանի վարկանիշի վրա եւ լուրջ վնաս է հասցնում նրա ժողովրդականությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ