RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#009, 2020-03-06 > #010, 2020-03-13 > #011, 2020-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2020-03-19 22:53:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1515, Տպվել է` 210, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՀԵՆՔՙ Ի ՍԵՐ ՄԻՄՅԱՆՑ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Մարտի 19- ի երեկոյան գերմանական տարբեր հեռուստաընկերություններ հեռարձակեցին կանցլեր Անգելա Մերկելի ուղերձը, որ առանց չափազանցության, հակիրճ բնորոշում ենքՙ պատմական: 2005- ից ի վեր ԳԴՀ կանցլերի պաշտոնը ստանձնած Մերկելն առաջին անգամ էր դիմում Գերմանիայում բնակվող մարդկանց:

2015- ին միգրացիոն հոսքի որոշման մասին նրա բացատրությանը կամ հաշվետվությանը սպասող հանրությունը, որ մեծ մասամբ դրա պատճառով վրդովվել է նրանից, սերտացրել ծայրահեղ աջերի բանակը, հիմա ներողամիտ կլինի կամ կգիտակցի, որ Անգելա Մերկելը քաղաքական տաք մթնոլորտում կշռադատված որոշումներ կայացնելու ունակությամբՙ այնուամենայնիվ եւ առաջին հերթինՙ սառնասիրտ գիտնական է նաեւ: Օրեր առաջ նա շատ անկեղծ ասացՙ երկրում 70 տոկոս վարակվածություն կարող է լինել: Շատերը վրդովվեցին, մի մասը չհասկացավՙ հույս տալու փոխարեն, հու՞յսն է խլում: Զենք չունիՙ դեղամիջոց ու պատվաստանյութ չկա, (թեեւ գերմանական տարբեր լաբորատորիաներում գիտնականները լծված են աշխատանքի) ամբոխահաճո սեթեւեթանքներից զերծ է այս քաղաքական գործիչը եւ ժողովրդավար երկրում առաջին անգամ հիմա է դիմում ժողովրդին: Դեմքը լուրջ է, ինչպես խոսքը, որի կառույցը սակայն ընտրյալ բառերն ենՙ մտերմիկ, հուզիչ, գերսթափեցնող, նրա խոսքը ճառի պաթետիզմից հեռու է, գգվող, գթասիրտ: Նրա խոսքը Մակրոնի ճարտար պատկերներն ու համեմատությունները չունի, առարկայական է, տեսանելի: « Իրավիճակը լուրջ է, Դուք էլ լուրջ ընդունեք», ասաց Մերկելը եւ պատկերն առավել ընկալելի դարձնելու համար շեշտեցՙ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման մարտահրավեր չի եղել Գերմանիայի համար: Կորոնավիրուսը բնականոն, ազատ կենսակերպի, միմյանց հետ հարաբերվելու վերաբերյալ մեր պատկերացումները, մեր կյանքը փոխել է դրամատիկ կերպով, եւ հիմա, ինչպես երբեւէ փորձարկման է դրվել այս ամենը: Կանցլերը շեշտեց, թե համոզված է, որ «միասնական համերաշխությամբ հաղթահարելի» մարտահրավեր է, եթե սահմանափակենք մեկս մյուսին վարակը փոխանցելու հնարավորությունը, գոյատեւման համար սահմանափակենք մեր ազատությունըՙ տանը մեկուսանալով, իրարից հեռավորություն պահելով: Պետությունը բնականաբար պիտի իր գործառույթները կատարի, երաշխավորելով քաղաքացիներին սպասարկումն ու ապահովումը, բայց այն, ինչ մարդկանց կարող է վտանգել, ինչ անհատին, հանրությանը կարող է վնասել, պիտի նվազեցնել հիմա: Մերկելը վստահեցրեց, որ դաշնային կառավարությունը կանի ամեն ինչ աշխատատեղերը պահպանելու, գործարարներին օգնելու համար: Առաջնակարգ սպառման ապրանքների պակաս չի զգացվի, վստահեցրեց կանցլերըՙ չմոռանալով շնորհակալական խոսք ուղղել մարդկանց, որոնց հազվադեպ են նման բան ասումՙ սուպերմարկեթների աշխատողներին, որ դժվարագույն գործն են անում այժմ: Բայց բոլոր ջանքերն արդյունք կտան, եթե վիրուսի տարածումը կրավորական ձեւով չընդունենք: Վիրոլոգների խորհուրդը միանշանակ էՙ ձեռքսեղմում չկա այլեւս, ձեռքերը լվանալ հաճախ եւ հիմնավոր, մարդկանց միջեւ նվազագույնըՙ 1, 5 մետր հեռավորությամբ շփում, իսկ տարեցների հետՙ հազվադեպ, քանի որ նրանք են ամենավտանգվածը: Գիտեմՙ որքան դժվար է մեզանից պահանջվածը, քանի որ հենց դժվարությունների ժամանակ իրար մերձ լինել ենք կամենում: Ցավոք, այս պահին բոլորս պիտի հասկանանք, որ հենց մարմնին մերձ լինելու փոխարեն տարածություն պահելն է հոգատարության արտահայտությունը: Մենքՙ որպես ընտանիք, որպես ընկերակցություն այլ ձեւեր կգտնենք միմյանց սատարելու, մենակ չթողնելու, հոգ տանելու: Մերկելը հիշատակեց հաղորդակցության տարբեր միջոցներՙ սկայպը, հեռախոսը, էլեկտրոնային նամակը, ձեռագիր նամակ գրելու առիթը, քանզի փոստը շարունակում է իր աշխատանքը, տարեցների համար գնումներ կատարելու հարեւանների ձեւավորած պատրաստակամ օրինակելի վարքը, որ ցույց է տալիս հանրության նեցուկ կանգնելու պատրաստակամությունը: Այն, որ ճգնաժամը կհաղթահարենք, միանգամայն համոզված եմ, ասաց Մերկելը, բայցՙ ի՞նչ զոհերի գնով: Քանի՞ սիրելի մարդու կորուստ կունենանք: Մեր ձեռքում դեռ մեծ հնարավորություն ունենք: Կարող ենք հիմա վճռական լինել, իրար հետ գործելՙ սահմանափակումներն հաշվի առնելով, միմյանց սատարել: Իրավիճակի լրջությունը կախված է նաեւ նրանից, թե, առանց բացառության, որքան կարգապահ կլինենք յուրաքանչյուրսՙ կանոններին հետեւելու, դրանք կիրառելու հարցում: Նույնիսկ Գերմանիայիՙ գերազանց առողջապահական համակարգ ունեցող երկրի պարագայում, հնարավոր է շատ արագ, կարճ ժամանակամիջոցում Կորոնայի հետեւանքով ծանր իրավիճակում գտնվող բազմաթիվ պացիենտներ հիվանդանոցները գերծանրաբեռնեն: Դրանք պարզապես վերացարկված վիճակագրական թվեր չեն լինի, այլՙ հայր, կամ պապ, մայր կամ տատ, ընկեր կամ ընկերուհի, մարդիկ: Մենք հանրություն ենքՙ յուրաքանչյուրի կյանքը, յուրաքանչյուրը թանկ է: Մերկելը երախտագիտություն հայտնեց պայքարի առաջին գծում մարտնչողներինՙ հիվանդանոցներում աշխատող բուժանձնակազմին, խնամատարներին, որ ամեն օր աշխատավայրում նոր հանձնառության առջեւ են: Պիտի դանդաղեցնել վիրուսի տարածումը, ժամանակ շահել, մինչեւ պատվաստանյութ ու դեղամիջոց ստեղծվի, ժամանակ շահելու միջոցով կկարողանանք նրանց, որ հիվանդ են, լավագույնս խնամել:

Մերկելի երեկոյան ուղերձին նախորդել էր նույն օրը Ռոբերտ Կոխ ինստիտուտի ղեկավարի հետեւյալ նախազգուշացումը. եթե սոցիալական շփման սահմանափակումները չպահպանվեն, վատագույն կանխատեսումը հետեւյալն էՙ մի քանի ամսում Գերմանիայում 10 միլիոն վարակակիր կարող է լինել: Հինգշաբթի t-online-ի ժամը 16-ին ներկայացված տվյալներով, ԳԴՀ-ում հաստատված 16 274 դեպք կա, 44 հոգի մահացել են:

***

Գերմանացի մի շարք հայտնի քաղաքական գործիչների թվում հայությանը ծանոթ 54- ամյա Ջեմ Էոզդեմիրը նույնպես կորոնա վարակակիր է: Երեկ, մինչ թեսթի դրական արդյունքը հայտնի դառնալը, նա կամավոր կարանտինում է: Ինչպես ծանուցում է իր թվիթերյան գրառմամբ` իրեն լավ է զգում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 20-03-2020

AZG Daily #11, 20-03-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ