RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#502, 2020-04-09 > #503, 2020-04-10 > #504, 2020-04-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020



Տեղադրվել է` 2020-04-11 20:31:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1903, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՇԽԱՐՀՆ ԱՐՏԱԿԱՐԳ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Իսպանիայի ֆինանսների նախարարը, ի դեպ, Իսպանիան բացի արեւոտ ծովափերից, ընտիր գինուց, տաք գիշերներից, ֆուտբոլից ու Բարսելոն քաղաքից, նաեւ ֆինանսներ ունի, հայտարարեց, թե ամենայն հավանականությամբ ապրիլի վերջին այդ երկիրը աստիճանաբար կսկսի վերադառնալ բնականոն կյանքի: Դե այսինքն տաք-տաք մաչոները նորից նարնջի պաղ-պաղ հյութ կմատակարարեն ծովափում փռված նարնջագույն կանադուհիներին, իսկ Պապից ավելի կաթոլիկ քահանաները կեսօրվա շոգին կփակեն եկեղեցիները` հավատացյալների առջեւ, քանի որ սիեստա է:

Բայց Իսպանիայի ֆինանսների նախարարը մեկ այլ ու շատ ավելի կարեւոր բան էլ ասաց. այն, որ երբ մարդիկ վերադառնան փողոցներ եւ հրապարակներ, իշխանությունը կասի, թե ինչ կարող են նրանք անել, իսկ ինչ` ոչ: Հասկանալի է, որ իսպանացի նախարարը արտահայտել է բոլոր երկրների իշխանությունների ցանկությունը կամ գաղտնի նպատակը, կամ նպատակը: Ու հիմա ես ուզում եմ հասկանալ, երբ ասում եք` նոր աշխարհ, կյանքը` կորոնավիրուսից հետո, սա՞ նկատի ունեք: Այսինքն վերադառնալու ենք փողոցներ եւ հրապարակներ եւ ենթադրենք Աբովյան փողոցում իշխանության թիկնեղ կամ զինված ներկայացուցիչն ինձ ասելու է, որ ես չե՞մ կարող պաղպաղակ ուտել, քանի որ այդ փողոցում դա արգելվա՞ծ է, ճիշտ այնպես, ինչպես Ազատության հրապարակում երկուսից ավելի մարդկանց կուտակումները միաժամանակ: Եւ ես դեմքի` հնազանդ եմ արտահայտությամբ շարունակելու եմ քայլել իմ ազատ ու անկախ հայրենիքո՞ւմ, որտեղ բոլոր մարդիկ ավելին քան երբեք ազա՞տ են...Չափազանցնո՞ւմ եմ, այսպես չի՞ լինելու, իսկ դուք գիտեի՞ք, ասենք 2 ամիս առաջ, թե կորոնավիրուսն ում շունն է, ի դեպ, հիմա գիտե՞ք...

Բայց ամենաշատը ինձ դուր են գալիս մարդիկ, հիմնականում տարեց, որոնք երբեմն (իրականում հաճախ) դուրս են գալիս ու ինչպես առաջ, այնպես էլ հիմա, նստում իրենց բակերի նստարաններին` կողք-կողքի: Չնայած այս մարդիկ ինձ ոչ թե դուր են գալիս, այլ հույս են տալիս: Նրանք հրաժարվում են նոր աշխարհից` գիտակցելով դրա անխուսափելիությունը: Փողոցն իրենց ինքնամեկուսացման վայրն է, որովհետեւ ծերությունն արդեն իսկ ինքնամեկուսացում է: Շատերի տանը տարբեր սերունդներ են, իրարամերժ երազանքներ եւ այդ ամենը` մի սենյակում: Դրա համար են նրանք երեկ դուրս եկել փողոց ու դրա համար են նրանք վստահ, որ այսօր նույնն անելով` ոչ արտակարգ դրության ռեժիմ են խախտում, ոչ էլ հարգելի պարետի որոշում: Բա էլ որտե՞ղ մենակ մնան...

Մի քանի տարի առաջ Անգլիայի խուլ գյուղերից մեկում հարցում էին արել, թե համաձա՞յն եք, որ Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոմիության կազմից: Երկու տատիկ պատասխանել էին` Այո, իհարկե: Իսկ ինչո՞ւ, հարցրել են նրանց: Ու տատիկները պատասխանել էին` Որովհետեւ մենք ուզում ենք, որ ամեն ինչ առաջվա նման լինի, երբ Անգլիան մեծ նավեր ուներ` աշխարհի բոլոր ծովերում... Այս մարդիկ, որոնց հանդիպում ենք մեր բակերում` կողք-կողքի նստած, մեկը մյուսից սպիտակ մազերով, եւս ուզում են, որ ամեն ինչ առաջվա նման լինի, դրա համար են դուրս գալիս փողոց, որտեղ նրանք թեկուզ ձեռնափայտով, բայց միշտ երիտասարդ են:

Իսկ մե՞նք... Մենք կմնանք տանը եւ երբ այս ամենն ավարտվի, դուրս կգանք փողոց, ու քանի որ դա անսովոր կլինի, մեզ կմոտենան իշխանության ներկայացուցիչներն ու ժպտալով կօգնեն, թե ինչ է պետք անել փողոցում ու ինչպես է պետք անել... Չափազանցնո՞ւմ եմ: Իհարկե չափազանցնում եմ, ավելին` սխալվում եմ, այն էլ` չարաչար ու գրողը տանի, դա այնքան արտակարգ է...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #504, 11-04-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ