RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020



ԴԻՏԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2020-05-14 22:43:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 762, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍԵՐ, ՏՈՒԳԱՆՔ ԵՎ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՌԵՆՈ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Դպրոցում մի ուսուցիչ ունեի, որը միշտ պատժում էր ծածուկ գործելու համար: Մի անգամ էլ անկյուն կանգնեցրեց մեր դասարանի Հայկին, որովհետեւ տղան թաքուն սիրային նամակ էր նետել Արուսիկի պայուսակի մեջ: Հետո ուսուցիչս հայտարարեց, որ ծածուկ գործունեությունը հատուկ է հանցագործներին, ու եթե մենք մեծանանքՙ կիմանանք, որ, օրինակ, ոստիկանը երբեք ծածուկ չի գործում:

Չգիտեմՙ ի՞նչ է հիմա մտածում այդ ուսուցիչս, բայց ոստիկանությունը Հայաստանի ճանապարհներին որոշել է ծածուկ գործել: Ավելինՙ ստեղծվել է ոստիկանության ծածուկ ծառայություն եւ այսուհետ որեւէ ծառի կամ թփի հետեւից մեր դիմաց կարող է ցատկել ոստիկանը: Ընդ որում, եթե առաջ ոստիկանը նկատվում էր հեռվից, իր հատուկ ծառայողական տարբերանշաններով մեքենայով, ապա հիմա մեզ կարող է կանգնեցնել, օրինակ, վարդագույն Ռենոն եւ դրանից իջած ոստիկանըՙ ճիշտ Ռեմբոյի դեմքով, մեզնից պահանջի ներկայացնել փաստաթղթեր: Չէ, ինքը համազգեստով է, բայց եթե ոստիկանների շատ սիրածՙ Գավառ քաղաքի պետական թատրոնի համար խնդիր չէ ոստիկանի համազգեստ գտնելը, ապա հասկանալի է, որ դա խնդիր չի կարող լինել այն հանցավոր խմբերի համար, որոնք ուզում են կանգնեցնել քաղաքացիներին եւ լրիվ օրինական ճանապարհով տուգանել նրանց:

Ես չգիտեմ, թե կոնկրետ ո՞վ է այս որոշման հեղինակը, բայց նա վստահաբար տեղյակ չէ ճանապարհային ոստիկան-վարորդ փոխհարաբերությունների ամենակարեւոր սկզբունքից: Բանն այն է, որ ոստիկանի նպատակը չպետք է լինի քաղաքացուն տուգանելը, կամ հնարավորինս շատ քաղաքացու տուգանելը, այլ պետք է լինի այն, որ քաղաքացին խախտում չանի, կամ հնարավորինս քիչ քաղաքացիներ խախտում անեն: Իսկ երբ քաղաքացին իր ճանապարհին տեսնում է ոստիկանի, ոչ թե ասենք վարդագույն Ռենո, ապա ավելի է զգոնանում, ինչը մի քանի անգամ նվազեցնում է խախտում անելու հավանականությունը, որն ի դեպ մի քանի անգամ բարձրացնում է վարդագույն Ռենոն: Եւ ուրեմնՙ քաղաքացին Հայաստանում դառնում է տուգանքի մատերիալ: Սա այն դեպքում, երբ վարչապետ Փաշինյանն էր հայտարարել, թե քաղաքացին Հայաստանում տուգանքի մատերիալ չէ:

Մյուս կողմից, եթե քաղաքացին չգիտի, թե իր հետ մի ճանապարհ կիսող մեքենաներից որի՞ մեջ կարող է ոստիկան լինել, նշանակում է, որ նա միշտ պետք է պահպանի զգոնությունը, ինչն անշուշտ, հրաշալի է: Բայց խնդիրն այն է, որ մարդկանցից փող հավաքելը բավականին գայթակղիչ գործունեություն է, կապ չունի մուրացկան ես, պետություն, թե հանցավոր խմբավորում: Հիմա, եթե մուրացկանն իրեն չի կարող թույլ տալ ոստիկանի համազգեստ ձեռք բերել, նշանակում է պետության այդ մենաշնորհից կարող են օգտվել հանցավոր խմբավորումները, որոնց շատ անդամներ, ի դեպ, արտաքնապես շփոթելի կարող են լինել իրավապահների հետ: Ու եթե հաշվի առնենք, որ ամեն վարորդ չէ, որ իրեն կանգնեցրած ոստիկանից կպահանջի վկայական, եւ ամեն ոստիկան չէ, որ դա ցույց կտա, ապա Հայաստանի ճանապարհներին փող աշխատելու լայն հնարավորություն են ստանում հանցավոր խմբավորումները:

Չէ, ես ամենեւին էլ չեմ պնդում, որ սա եղել է այս որոշումը կայացնողների նպատակը, բայց պնդում եմ, որ Հայաստանում որոշում կայացնողները բարի նպատակ ունենալու խնդիր ունեն: Այդպես էր եւ այդպես է: Նաեւ այն, որ ինչ մենք սովորում ենք տարրական դասարաններումՙ հիշում ենք ամբողջ կյանքում: Եւ ուրեմնՙ հրաշալի միտք է ճանապարհային երթեւեկության կանոնները դպրոցում սովորեցնելը, ինչպես նաեւ փոքր տարիքից սովորեցնելը, որ սերը ծածուկ չեն պահում, թե չէ տպավորություն ունեմ, որ մեր իշխանությունն իսկապես սիրում է մեզ, պարզապես թաքուն է պահում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ