RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ХАЙРЕНИК

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#013, 2020-05-08 > #014, 2020-05-15 > #015, 2020-05-22 > #016, 2020-05-30

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-05-21 21:45:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1242, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՍԿԱՊԵ՞Ս ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԳԱԼ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արդեն վարչապետացուների անուններ են շրջանառվում, հրապարակավ: Անուններՙ որոնք պետական կառավարման մակարդակում ոչ մի փորձառություն չունեն: Հետեւաբար սպեկուլյատիվ բնույթ են կրում նման «բացահայտումները», որոնց առաջին նպատակը գործող վարչապետի դիրքերի թուլացումն է, իսկ երկրորդըՙ ժամանակավորապես նրան փոխարինելը մեկ ուրիշով, այսինքնՙ մեխը մեխի միջոցով հանելու նման մի օպերացիա, մինչեւ...

Ավելի հանգիստ ժամանակներում թերեւս կարելի էր հանդուրժել քաղաքական նման խարդավանքները: Սակայն ներկա տագնապալի պայմաններում, երբ երկիրը գտնվում է համավարակի ճիրաններում, ֆինանսա-տնտեսական փլուզման հեռանկարի դիմաց եւ գրեթե ամբողջական մեկուսացման մեջ, այդպիսի խաղերը մահ են նշանակում ե՛ւ մկան, ե՛ւ կատվի համար:

Ներողություն եմ խնդրում այս պատկերի համար, քանզի խոսքը վերաբերում է մեր երկրին ու պետականությանը: Իսկապես, խաղեր տալու ժամանակը չէ: Մեզ պետք են հավաքական, համարձակ, ես կասեիՙ պատմարժեք գործողություններ մեր պետությունը դուրս բերելու ներկա անել կացությունից: Եվ դա կարող է անել այն անձը, որը պայմանների ու պարագաների բերումով հայտնվել է պետության կառավարման ղեկին: Պետական մարդ (statesman) դառնալու համար հենց այս պահին նրան պետք է իր վրայից թոթափել հեղափոխականի զգեստը, գիտակցել կատարված ու կատարվող սխալները, հրաժարվել քինախնդրություններից, հալածանքներից եւ ատելավառ շաղակրատանքից, վերականգնել ներպետական հակակշիռների դրությունը եւ ձեռնարկել ներքին համերաշխության ստեղծմանը, այդ գործում ներգրավելով բոլոր կարող ուժերին, ներառյալ հանրապետության նախկին երեք նախագահներին ու պաշտոնավարող նախագահին:

Գործնականորեն իրականացնելու համար վերոհիշյալը, վարչապետը ստիպված է փոփոխել կամ ընդլայնել իր գլխավորած կառավարությունը, ներգրավել ներխորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների եւ ստեղծել հակաճգնաժամային կառավարությունՙ ազգային համաձայնության տանիքի ներքո: Կորոնավիրուսով վարակվածների ահագնացող թվերը, տնտեսությանը եւ ազգային անվտանգությանն սպառնացող վերահաս վտանգները, ֆինանսական անզորությունը, էներգետիկայի եւ գյուղատնտեսության ոլորտներում տիրող անմխիթար վիճակը, ազգաբնակչության եւ հատկապես երիտասարդության շարքերում առկա անհեռանկարայնության տրամադրությունները ստիպում են մեզ եւ առաջին հերթին պետական նոր եւ հին գործիչներին համագործակցության ձեռք մեկնել միմյանց եւ երկիրը դուրս բերել ճգնաժամային վիճակից: Ներկա պահին մեզ պետք են պետական մտածողություն ունեցող բոլոր ուժերը, գործնամիտ, բանիմաց ու ձեռներեց բոլոր անձինք, առանց բացառության, առանց հին ու նոր հաշիվների եւ հաշվենկատության:

Այս օրերին շատերն են պահանջում գործող վարչապետի հրաժարականը: Անմիտ եւ չկշռադատված պահանջ, որի ընդառաջումը հղի է ներքաղաքական քաոսի, սահմանադրական կարգի տապալման վտանգներով: Ճգնաժամային կառավարության ստեղծման նախաձեռնությունը պետք է գա հե՛նց գործող վարչապետից, պետք է բխի նրա ունեցած լայն ժողովրդականությունից դեռեւս մնացած վերջին ներուժի օգտագործումից, հասարակության պահանջից: Այսօր մեր երկրին պետք է ներքաղաքական համերաշխություն, որի կարիքը ունենք բոլորս:

Դժվա՞ր լուծելի հարց է: Այո: Սակայն տարբեր երկրների պատմության մեջ արձանագրված նմանօրինակ բազմաթիվ օրինակները փաստում են, որ քաղաքական կյանքում, կամք դրսեւորելու պարագայում, անկարելի բան չկա, փոխզիջումնային տարբերակներ միշտ էլ կգտնվեն:

Իսկ այն հարցին, թե վարչապետը կգնա՞ այդպիսի «զիջումների», պատասխանը հնչում է անողոքՙ չզիջելու դեպքում պատասխանատուն ինքն է լինելու ժողովրդի ու պատմության առաջ:

Մնում է նաեւ, որ այժմ հակադիր անհաշտ ճամբարների բաժանված մեր մամուլը, անկախ իրեն սնանող աղբյուրների թելադրանքից, ազգային հաշտության եւ համերաշխության ջատագովը դառնա: Բայց այս մասին ավելի հանգամանալիցՙ հաջորդիվ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 22-05-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ