RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
#015, 2020-05-22 > #016, 2020-05-30 > #017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2020-07-22 00:50:27 (GMT +04:00)


Ընթերցված է` 223, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՍ ՀԻՆ ԱՆՆՈՐՄԱԼ ԵՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ենթադրում եմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում աշխատանքի ընդունվելու եւ Ժնեւ քաղաքի ընտիր փողոցներին նայող մեծ ու լուսավոր պատուհանով աշխատասենյակ ունենալու համար հատուկ մրցույթներ են անցկացվում, որտեղ հաղթում են բացառապես այն մարդիկ, որոնք իսկապես պրոֆեսիոնալ են, ոչ թե Եթովպիայի ինչ-որ գյուղից, որտեղ ծնվել, ապրել ու մեծացել է այս կազմակերպության գործող ղեկավար Թեդրոս Գեբրեիսուսը: Եթե այդպես է, ուրեմն այդ կազմակերպության բազմաթիվ փորձագետներ պնդում են, որ բժշկական դիմակ կրելու պարտադրանքը անիմաստ բան է, քանի որ եթե այն ինչ-որ բան առաջացնում է, ապա զուտ պաշտպանված լինելու ինքնախաբկանք: Այլ հարց է, որ նույն այդ կազմակերպությունում կա փորձագետների մեկ այլ խումբ, որը համոզված էՙ դիմակ պետք է պարտադիր ու ամենուր կրել, ինչը եթե անգամ չի պաշտպանում կորոնավիրուսից, ապա հաստատ հնարավորություն չի տալիսՙ ծխելու, իսկ ծխելը, ինչպես գիտենք, վնասակար է առողջությանը: Ճիշտ է, ոչ մի առողջապահ այս մասին չէր ասել ո՛չ Ստալինին, ո՛չ էլ Չերչիլին:

Մի խոսքով, դիմակի գրեթե համաշխարհային պարտադրանքը աշխարհը զգալիորեն փոխել է: Օրինակ, ժամանակակից կինոյում այսուհետ կնոջ ամենաէրոտիկ շարժումը կլինի ոչ թե նրա ուսի մերկացումը, այլ նուրբ շարժումով դիմակի հանումը, երբ ամբողջ աշխարհը կտեսնի, թե տվյալ կինը ինչ շուրթեր ունի եւ ինչպիսի քիթ: Այս առումով, կարծում եմ, շուտով աշխարհում բողոքի ակցիաներ կանեն քթի պլաստիկ վիրաբույժներն ու ատամի մածուկ ու խոզանակ արտադրողները, քանի որ նրանց աշխատանքն այլեւս կհամարվի հին աշխարհից մնացած ավելորդություն, մի ժամանակաշրջան, երբ մարդիկ այնքան հանդուգն էին, որ շրջում էին բաց քթերով ու շուրթերով:

Առհասարակ կորոնավիրուսի փիլիսոփայական կողմի մասին վստահ եմՙ շուտով ծնվելու է լայնածավալ գրականություն. ամեն դեպքում արդեն այսօր շատ հետաքրքրական է, թե այդ ինչպե՞ս մարդու համար ամենավտանգավորը դարձավ ոչ թե սովը, պատերազմը, ռասսիզմն ու վանդալիզմը, նույնիսկ մալարիական մոծակն ու սովորական աղբի ճանճը, այլ դիմացի, կողքի մարդը, որին ոչ մի պարագայում չպետք է գրկել, համբուրել, բռնել նրա ձեռքը, պարել նրա հետ...Մի խոսքովՙ սիրել: Այդ ինչո՞ւ բոլորը խոսում են ձեռքերը պարտադիր ախտահանելու մասինՙ իբրեւ ողջ մնալու կարեւոր պայման, բայց ոչ մեկը չի խոսում սիրտն ու խիղճը մաքրելու, ապաեւ մաքուր պահելու կարեւորությունից, սա այն դեպքում, երբ աշխարհում չկա մի այնպիսի օճառ կամ ալկոգել, որն ավելի կարեւոր լինի, քան սիրտ ու խիղճ ախտահանող սերը:

Այս ամենը գրականության հարուստ նյութ է, իսկ մինչ այդ գրականության ծնունդը, առողջապահության համաշխարհային կազմակերպությանն իրՙ լուսավոր աշխատասենյակներում աշխատող բոլոր մասնագետներով խնդրում եմ լրջորեն մտածել, թե ինչպե՞ս անել, որ աշխարհում շարունակեն մարդիկ ծնվել, այն պարագայում, երբ համատարած դիմակահանդեսի հետեւանքով մարդիկ ավելի քիչ են իրար հետ շփվում, իրար ձեռք բռնում, իրար գրկում, համբուրում, շոյում...

Ու եթե սա նոր նորմալն է, ապա թույլ տվեք ասել, որ ես հին աննորմալն եմ: Չէ, դիմակ կրում եմ, բայց դիմակ կրելը երբեք ինձ համար նորմալ չի լինելու, դիմացի մարդուն հավանական վտանգ համարելու պես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ