RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020



Տեղադրվել է` 2020-07-23 00:15:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 459, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԲԱՐԴԱՑՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Աշխատատեղերըՙ նախ ամերիկացիներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը մինչեւ տարեվերջ երկարաձգում է Green Card-ի տրամադրման արգելքը:

Սպիտակ տան կայքում հրապարակվել է ամերիկացի աշխատավորների շահերի պաշտպանության վերաբերյալ հրամանագիր: Այն մինչեւ տարեվերջ երկարաձգում է նախագահ Թրամփի ապրիլյան այն հրամանգրի գործողությունը, որով կասեցվում է կացության իրավունքի տրամադրումը եւ գործում էր 60 օր: Բացի դրանից, ԱՄՆ-ը մինչեւ 2021 թվականը չի տրամադրի աշխատանքային ոչ ներգաղթային H-1B, H-2B, H-4, L, J այցագրերՙ որոշ բացառություններով:

Արգելքը չի տարածվում սեզոնային գյուղատնտեսական աշխատողների վրա, գիտնականների եւ COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ին անհրաժեշտ բժիշկների վրա, ինչպես նաեւ արդեն ամերիկյան այցագրեր ունեցող բոլոր անձանց վրա: ԱՄՆ մուտքը առաջվա պես բաց է զբոսաշրջային այցագրեր ունեցողների առջեւ, թեեւ ճանապարհորդների թիվն էապես նվազել է:

«Բազմաթիվ աշխատողներ տուժել են կորոնավիրուսի պատճառով, եւ դա նրանց մեղքը չէ», ասվում է նախագահի հրամանագրում: «Նրանց շահերը չի կարելի անտեսելՙ փոխարինելով օտարերկրյա աշխատուժով»:

Եթե կորոնավիրուսից առաջ ամերիկացիներից շատերը չէին պաշտպանում նախագահ Թրամփի ներգաղթային ուղեգիծը, ապա ռեկորդային բարձր գործազրկությունը նրանց ստիպեց վերանայել իրենց հայացքները: Սպիտակ տունը մեջբերում է Washington Post-ի եւ Մերիլենդի համալսարանի տվյալները, որոնց համաձայն բնակչության 65%-ը հավանություն է տալիս ներգաղթի սահմանափակումներին:

Բայց փորձագետները գտնում են, որ կորոնավիրուսի առաջացրած գործազրկության պայքարի քողի ներքո նախագահը առաջ է մղում ներգաղթային բարեփոխումը: Հրամանագրի տեքստում նշվում է, որ հարկավոր է ԱՄՆ-ում ընդունել միայն ամենաբարձր որակավորում ունեցող ներգաղթյալներինՙ նեղացնելով այն սողանցքները, որոնք ամերիկացի գործատուներին հնարավորություն են տալիս վարձել արտասահմանյան էժան աշխատուժ:

Ռուսաստանի ԳԱ ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի տնօրեն Վալերի Գարբուզովը News.ru-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ նախագահ Թրամփի հրամանագրով նախատեսված միջոցառումները կարող են երկար պահպանվել Ամերիկայում: «Ներգաղթային բարեփոխումը մեկն է այն գլխավոր խոստումներից, որոնցով Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն: Ներգաղթի խնդիրների գծով ԱՄՆ-ը հայտնվել է փակուղում: Դրա ելքը մեկն էՙ նախագահական հրամանագրերը: Ուրիշ ելք չունենալովՙ Թրամփը կշարունակի ներգաղթի համակարգի բարեփոխումները հրամանագրերի միջոցով: Նրա եւ պահպանողական հանրապետականների համար դա կարեւոր է ընտրությունների նախօրեին»:

Ըստ Գարբուզովի, եթե ամերիկացի ընտրողները Թրամփին պարգեւեն նոր ժամկետ, առաջիկա առնվազն չորս տարիներին հարկ կլինի մոռանալ դյուրին ներգաղթի մասին: Իսկ եթե իշխանության գա ընդդիմախոս Ջո Բայդենը, ապա հրամանագրերի մի մասը, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի: Ներգաղթյալները դեմոկրատների ընտրազանգվածի մեջ են, ուստի մշտապես ձգտում են ներգաղթի ընդլայնմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ