RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2721, Տպվել է` 382, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵԿՎԱ ՈՒՍԱՆՈՂՆ ՈՒ ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆԱՎՈՐՆ ԱՆՑՅԱԼԸ ՄՈՌԱՑԵԼ Է

ՆԱԻՐ ՅԱՆ

Արդեն երկու շաբաթ էՙ ուսանող չդարձած դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ցույցեր են անում, անգամ քաղաքացիական նախաձեռնություն է ձեւավորվելՙ «Պահանջատեր դիմորդ»: Հերթը հասավ պատանիներին ու աղջիկներին, որոնց մի մասն անգամ չափահաս չէ: Հիմա էլ նրանք են բողոքում, որ ոտնահարվել է իրենց սովորելու իրավունքը: Սկզբում հավաքվեցին Գնահատման եւ թեստավորման կենտրոնի առջեւ. բան դուրս չեկավ, գնացին ԱԺՙ հուսալով, թե տարբեր կուսակցությունների պատգամավորներն իրենց աշխատավայրից կիջնեն, կլսեն իրենց. միայն մի պատգամավոր ընդառաջ գնաց, բայց օրենսդիրն էլ չկարողացավ խնդիրը լուծել:

Մեր ժամանակներում առաջ եկավ «ընդունելության քննությունից դրական կամ բարձ միավոր ստացած ու բուհ չընդունված դիմորդ» եզրույթը: Նախկինում բուհ չընդունվածներին ասում էինՙ կտրվել են, որովհետեւ բավարար գնահատական չէին ստանում բուհ ընդունվելու համար: Հիմա՞ ինչ ասենք, երբ դիմորդը 15 , 16, 17, 18 միավոր է ստացել, բայց բոլոր մրցույթներից դուրս է մնացել:

«Պահանջատեր դիմորդ» նախաձեռնության անդամների հետ հանդիպել է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Առաջարկել է հեռակա ուսուցում, դիմորդները չեն համաձայնել: Նրանք պնդում ենՙ իրենց միավորները բավական են առկա համարգում եւ առաջինից բացի, մյուս հայտերով նշված բաժիններում սովորելու համար: Պահանջում են բաժիններում նոր տեղեր ավելացնել:

Փոխնախարարի հետ հանդիպումը ոչինչ չտվեց, որոշեցին անձամբ հանդիպել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, նստել դեմ առ դեմ ու մարդավարի խոսել, քննարկել, հասկանալ, միասին ելքեր գտնել: Ցույցի մասնակիցներն իրենց հայտարարությունն արեցին, թե երկուշաբթի հավաքվում են ԿԳՄՍ նախարարության դիմաց, ոչ մի պայմանի չեն համաձայնում, միակ պահանջը նախարարի հետ հանդիպելն է: Այնքա՜ն հավատ կար նրանց աչքերում, թե երկուշաբթի նախարարի հետ հանդիպումը հաստատ կայանալու է:

Երկուշաբթին եկավ, ցուցարաները եկան, նախարարը չեկավ: Բուհ չընդունված դիմորդներից մեկի հորըՙ Մայիս Բաբալյանին բարձրացրին ընդունարան ու ասացինՙ հիմա Ձեզ կընդունի փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Պատկերացնենք այն մարդու վիճակը, որը երեկ է հանդիպել փոխնախարարի հետ, ընդհանուր համաձայնության եզրեր չեն գտել ու այսօր նրան ասում ենՙ Դուք կհանդիպեք այն նույն փոխնախարարի հետ, որի հետ երեկ եք հանդիպել ու համաձայնության եզրեր չեք գտել:

Իսկ ներքեւում բուհերից դուրս մնացած աղջիկների հետ ցույցին մասնակցում էին զինվորական համազգեստով տղաներ, որոնք դարձյալ դուրս են մնացել բուհերից: Զինվորական համազգեստն ինչ-որ ազդեցություն թողնելու համար չէր, այլ պատկան մարմիններին հիշեցնելու, որ իրենք մի քանի օրից բանակ են գնալու եւ պաշտպանելու են իրենց, մեր ու ձեր հայրենիքի սահմանները, այն հայրենիքի, որի պետական այրը չի ցանկանում կամ արժանի չի գտնում տասը րոպեով հանդիպել այսօր ուսանող չդարձած ու բառացիորեն վաղը զինվոր դարձող երիտասարդի հետ: Չի ուզում հանդիպել նաեւ զինվորի հոր հետ, ավելինՙ հարցազրույցներից մեկի ժամանակ ասում է. «Դիմորդիՙ գլխարկով հայրն ուզում է, որ իր որդին առաջին հայտով ընդունվի բուհ»: Մինչդեռ նա դիմորդիՙ գլխարկով հայր չէ, թեեւ գլխին գլխարկ ունի: Նա ՀՀ քաղաքացի է, ՀՀ քաղաքացու, իր ապագան հայրենիքի հետ կապող երիտասարդի, զինվորի հայր է, որին գլխարկով հայր ասելու փոխարեն նրա անունն իմանալը նախարարի համար բոլորովին էլ դժվար չէր: Այդպեսՙ գլխարկով հայր ձեւակերպումով պետական բարձր պաշտոնյան ընդհանրացնում է նույն կարգավիճակում գտնվող բոլոր ծնողներինՙ նրանց ուղարկելով գրողի ծոցը:

Հասկանալի է, չէ՞, որ իրավագիտության, միջազգային հարաբերությունների, լեզվաբանության ֆակուլտետներ ընդունվել ցանկացող դիմորդները մեկ-երկու տարի պարապում են կրկնուսույցների մոտ: Մի քանի առարկա պարապելու դեպքում կլորիկ գումար է կազմումՙ մեկ միլիոն դրամից ավելի: Եթե ջանք ու եռանդ, մեկ միլիոն ներդրած լինեին ու հավաքեին անբավարար միավոր, ոչ ոք մեղավորներ չէր փնտրի, բայց ստանալ բարձր միավորներ ու հեռակա համակարգում կամ բուհերի պահանջարկ չունեցող, հայտեր չստացած բաժիններում սովորելու առաջարկ ստանալն էլ արդարացի չէ:

Նորմալ չէ, պարոնայք ու տիկնայք, աբսուրդ է, ձեր որոշումները մեր պատանիներին հուսահատեցնում են, կոտրում. դեռ կյանք չմտածՙ նրանք առաջին հարվածն են ստանում այն էլ մի համակարգից, որի հետ է եղել իրեց կապը 6 տարեկանից սկսածՙ 12 տարի շարունակ: Ուրիշ ոչ մի համակարգ նրանք չեն ճանաչում, չեն առնչվել, հիմա հարված, մերժում են ստանում իրենց միակ հարազատ ոլորտի՞ց: Բուհերից դուրս մնացած դիմորդները վաղը բանակ են գնալու, որեւէ մեկը հավատո՞ւմ է, որ երկու տարի հետո ծառայությունն ավարտելովՙ նրանք նորից են պարապելու բուհ ընդունվելու համար:

Միգուցե այս ամենն այսքան չխորանար, ընթացքն այսչափ ցավոտ ու ցասումներով լի չլիներ, եթե այս ամենի պատասխանատունՙ ԿԳՄՍ նախարարը հաղթահարեր պաշտոնական դիրքի առավելությունն ու հանդիպեր մի քանի դիմորդների ու նրանց ծնողների հետ: Կասկածից վեր է, որ լարված, անհանդուրժող մթնոլորտ չէր ստեղծվի: Հանդիպումը կանցներ փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտում. ի վերջո, խնդիր կա, որի առաջացումը պատկան մարմինները պետք է կանխատեսեին դեռ մայիսին, երբ որոշում էին մեկ քննություն անցկացնել ու առաջին հայտն ընդունելՙ որպես գերակա առաջնահերթություն: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունեին մյուս հայտերը, ինչո՞ւ է դիմորդներին իրավունք տրվել լրացնել 2-9 հայտերը: Դիմորդները դիմելու են դատական մարմիններին: Տեսեքՙ ուր հասցրեց տասը րոպեով չհանդիպել-չզրուցելու քմահաճությունը:

Մարդուն մարդու տեղ դնել, քաղաքացուն չարհամարհել, լսել, խոսել, զրուցել, հասկանալ. մեր ժամանակներում սրանք բարձրագույն, անհաս արժեքներ են դարձել: Նստել դեմ դիմաց, նայել իրար աչքերի մեջ, խոսել ու լսել, լսել ու խոսել: Միգուցե նախարարի խոսքն ավելի համոզիչ լիներ, միգուցե համատեղ ելքեր առաջարկվեին: Խելամիտ ելք հաստատ կգտնվեր: Մի՞թե նախարարի համար այս խնդիրն այդքան անկարեւոր է, այնքան անկարեւոր, որ դրա համար ամեն օր բողոքի ցույցեր են արվում:

Ժողովուրդն իր ուսերի վրա բարձրացնելով է իշխանության բերել երեկվա ուսանողներին: Հիմա տասը րոպե հանդիպում է խնդրում երեկվա ուսանողի ու այսօրվա իշխանավորի հետ: Չի՛ լինի, ոչ մի հանդիպում: Թող դիմորդներն ու նրանց ծնողներն առավոտից երեկո արեւի տակ ցույց անեն, արդարություն պահանջեն: Իրենք պահանջեն, իրենք էլ լսեն:

Հ.Գ.- 1991 թվականին Իջեւանի բնակիչ Նիկոլ Փաշինյանը Երեւան էր եկելՙ ԵՊՀ ընդունվելու: Գնահատականները չէին բավարարել ժուռնալիստիկայի բաժին ընդունվելու համար: Նույն կարգավիճակում էին մի խումբ դիմորդներ: «Կտրված» դիմորդները նստացույց արեցին. պահանջում էին բուհ ընդունել իրենց: Վարչապետ Վազգեն Մանուկյանը փաստաթուղթ ստորագրեց ու թույլ տվեց, որ սեպտեմբերին բոլորըՙ այդ թվում Իջեւանի բնակիչ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ-ի իր ուզած ֆակուլտետում ուսանող դառնա: Եվ դարձավ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ