RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-09 17:53:05Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:17:18Գյումրի-Կարս հին կամուրջը՝ հուշարձան
2020-08-09 15:16:02Պարզաբանում է Վլադիմիր Գասպարյանի փաստաբանը
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
#022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020



ՌԱՍԻՍՏԸ

Տեղադրվել է` 2020-07-30 22:43:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2647, Տպվել է` 363, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀԱՆԵԼ ՍԵՆԱՏՈՐ ԲԻՐԴԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԱՐԱՄ ԱՐՔՈՒՆ, Mirror-Spectator-ի փոխխմբագիր, Բոստոն

Ժամանակն է հանել սենատոր Բիրդի հուշարձանները

ՈՒՈԹԵՐԹԱՈՒՆ. Ամերիկացիներն անցնում են վերագնահատման ժամանակի միջով, որը վերաբերում է սեւամորթ ամերիկացիներին եւ բնիկ ամերիկացիներին, ռասայական հարաբերություններին, գաղութատիրությանը, եւ առհասարակ պատմության բազմաթիվ կողմերին: Ժողովրդային մակարդակով զանգվածային շարժումները երբեմն հանգեցրել են Կոնֆեդերացիայի առաջնորդների եւ Քրիստափոր Կոլումբոսի արձանի տապալմանը: Մինչդեռ այլ դեպքերում տեղի են ունեցել տեղական մարմինների հետ պաշտոնական քննարկումներ, որոնց ընթացքում որոշվել է հանել տարբեր արձաններ: ԱՄՆ պատմության մեջ որպես սենատոր ամենաերկար պաշտոնավարած Ռոբերտ Կառլայլ Բիրդի ժառանգությունը վերստին ուշադրության կենտրոնում է այլոց հետ միասին, եւ այստեղ հայերն ավելացնելու բան ունեն:

Ցավալին այն է, որ Բիրդն իր քաղաքական կարիերան սկսեց Արեւմտյան Վիրջինիայումՙ որպես Կու-Կլուքս-Կլանի առաջնորդՙ իր ղեկավարման տակ առնելով 150 անձանց: 1945 թվականին Միսիսիպիի մի ռասիստ սենատորին ուղղված իր նամակում նա գրել է. «Ես ավելի լավ է հազար անգամ մեռնեմ եւ տեսնեմ աղբի մեջ ոտնահարված հին Փառքը, որը էլ չի վերականգնվի, քան տեսնեմ բակաշների մրցավազքից անկում ապրող մեր երկիրը»: Նա հանդես եկավ 1964թ. քաղաքացիական իրավունքի օրենքի դեմՙ Մարտին Լյութեր Քինգին անվանելով «ինքնակոչ ամբոխավար»:

Ավելի ուշ իր կյանքի ընթացքում Բիրդը բազմիցս ներողություն խնդրեց իր ռասիստկան արտահայտությունների համար եւ իբր փոխեց իր քաղաքական հայացքները, թեեւ ոմանք հարցականի տակ էին դնում նրա անկեղծությունը եւ նրան կասկածում քաղաքական պատեհապաշտության մեջ: Նա նաեւ փոխեց իր դիրքորոշումները միջազգային հարցերի առնչությամբ: Լինելով Վիետնամի պատերազմի կողմնակից, Բիրդը ավելի ուշ հանդես եկավ որպես 1987 թ. Նիկարագուայի պատերազմի եւ 2003 թ. Իրաք կատարած ներխուժման դեմ:

Բայց մի բան չփոխվեց: Իր կյանքի ընթացքում նա հայտնի դարձավ նրանով, որ դաշնային փողեր բերեց իր հայրենի Արեւմտյան Վիրջինիայի նահանգՙ այն աստիճան, որ նրան անվանում էին «խոզի մսի թագավոր»: «Քաղաքացիներն ընդդեմ կառավարության վատնումների» կազմակերպության համաձայնՙ նա ավելի քան քսան տարում 4 միլիարդ դոլար է բերել հայրենի նահանգ:

Սառը պատերազմի ժամանակաշրջանում միջազգային քաղաքականության սովորական շրջանակի հետ մեկտեղ թերեւս նման գործնական շարժառիթները բացատրում են նրա մոտիկությունը Թուրքիային: Ինչպես 2010 թվականին ասել է Ամերիկայի թուրքական կոալիցիայի նախագահ Գ. Լինկոլն Մակքուրդին, «Այս երկրի երբեւէ տեսած առավել նվիրյալ ծառայողներից սենատոր Բիրդի մահով թուրք ամերիկացիները կորցրին ընկեր եւ մարտիկ»:

Նրա առաջին կոնգրեսական արտասահմանյան ուղեւորությունը տեղի է ունեցել 1955 թվականին Թուրքիայում, եւ տարիների ընթացքում նա շարունակել է այցելություններ կատարել: 1978 թվականին Բիրդը Սենատում հասավ Թուրքիային ԱՄՆ-ի ռազմական օգնության երեքուկես տարվա բեռնարգելքի չեղարկմանը: 1988 թվականին նա նպաստել է օգնության հատկացմանը Թուրքիայինՙ որպես ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ-ի «կենսականորեն կարեւոր ռազմավարական դաշնակցի», իսկ 1990 թ. վերջերին Թուրքիա կատարած այցելության ժամանակ նա հայտարարեց. «Միացյալ Նահանգները չունի ավելի հավատարիմ, վստահելի եւ ավելի լավ ընկեր ու դաշնակից, քան Թուրքիան»: Նա նույնիսկ գրել է «Թուրք ժողովրդին» վերնագրված բանաստեղծություն, որն արտասանել է օդանավակայանում նույն այցելության իր հրաժեշտի խոսքում (Turkey Today, հոկտեմբեր/նոյեմբեր 1990):

2000 թ. գարնանը նա օգնեց գործարկել Ապալաչյան-Թուրքական Առեւտրային նախագիծը, որը դարձավ ԱՄՆ Առեւտրային ծառայության պաշտոնական ծրագիրը: Նախագիծը նախատեսված էր Թուրքիայի եւ ապալաչյան 13 նահանգների առեւտրական եւ ներդրումային հարաբերությունների ստեղծման նպատակով:

Նա անզուսպ եւ դառը անվանեց ԱՄՆ-ի հակազդեցությունը 2003 թ. Թուրքիայի տարածքն օգտագործելով Իրաք ներխուժելու հարցում Անկարայի խորհրդարանի մերժողական դիրքորոշմանը:

Հայերի համար ամենաէականը Բիրդի խաղացած դերն է 1990 թ. Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի տապալման մեջ: Եռօրյա խանգարիչ գործունեության արդյունքում խափանվեց Սենատի 212-րդ միացյալ բանաձեւը, չնայած սենատոր Ռոբերտ Դոուլի ջանքերին: Բիրդը մեքենայաբար կրկնեց Հայոց ցեսպանության վերաբերյալ Թուրքիայի կառվարության արտահայտությունը, երբ հայտարարեց. «Մենք պարզապես չգիտենք, թե ինչ է պատահել»: Նա ասել է. «Տվյալ բանաձեւը Միացյալ Նահանգների Սենատին խնդրում է հատուկ տեսակետ արտահայտել այս իրադարձությունների առնչությամբ եւ դիրք բռնել այդ պատմական բանավեճում», եւ մտահոգություն է հայտնել, որ բանաձեւը կարող է «վնասել Թուրքիայում ժողովրդավարության կայունությանը», ինչպես նաեւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններին: Ինչը ինքնին կարող է համարվել ռասիստական տեսակետ Բալկանների եւ Կովկասի ժողովուրդների վերաբերյալ, նա ասել է. «Սենատի դահլիճում մեր գործողությունները կարող են անցյալի քաղաքականության բոցը բորբոքել վառոդի տակառ հանդիսացող Բալկաններում եւ Կովկասում խիստ անպատեհ ժամանակ, երբ էթնիկական կրքերը թեժացել են»:

Քաղաքագետ Ժուլիեն Զարիֆյանը իր գիտական հոդվածում խորհրդածում էր այն պատճառների բարդ համակարգի մասին, որոնք Բիրդին կարող էին դրդել դեպի տվյալ դիրքորոշումը: Նման հիմնավորումներից մեկը կապված է աֆրոամերիկացիների վերաբերյալ նրա ռասիստական անցյալի հետ. Միացյալ Նահանգները վախենում էր, որ դա նախադեպ կդառնար երկրի բնիկների եւ ստրուկների ժառանգների կողմից ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման պահանջի համար:

Ինչպիսին էլ եղած լինեին Բիրդի գործունեության դրդապատճառները, նա առանցքային դեր խաղաց բանաձեւի տապալման մեջ եւ այդ, ինչպես նաեւ թուրքանպաստ այլ արարքների համար Թուրքիայում հերոս դարձավ: Թուրք-ամերիկյան ընկերակցությունների ասամբլեան, որն ակտիվ դերակատարություն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչընդոտելու գործընթացում, Բիրդին 1990 թ. մայիսին Ակնառու ծառայության մեդալով («Պատվո ոսկե մեդալ») պարգեւատրեց բանաձեւի դեմ հաջող պայքարի համար:

Ավելի ուշ նա ստացավ մի շարք այլ մրցանակներ, որոնցից է 1995թ. մայիսի Ամերիկայի Աթաթուրքի հասարակության Աթաթուրքի խաղաղության եւ ժողովրդավարության առաջին մրցանակը: Մրցանակաբաշխության արարողության բացման ժամանակ նա իրեն հյուրընկալողներին հայտարարեց. «Ինձ դաշնակից համարեք ոչ միայն մեր երկու հասարակություններում, այլեւ աշխարհի մնացած մասերում Աթաթուրքի առաջնորդող սկզբունքները ավելի հիմնավոր կերպով ներարկելու ձեր առաքելության մեջ»: Նրա մահից հետո Ամերիկայի թուրքական կոալիցիան Բիրդին պատվելու համար ստեղծեց Ռոբերտ Ս. Բիրդի հիշատակի կրթաթոշակային ծրագիր:

Արեւմտյան Վիրջինիայում Բիրդի անունը կարելի է գտնել նահանգում ամեն ինչիՙ դպրոցների, շենքերի ու ճանապարհների վրա, որոնց ֆինանսավորմանը նա նպաստել է: Դաշնային ֆինանսավորման 17 նախագծեր կրում են նրա անունը: Կենդանության օրոք նրան հաջողվել է ունենալ իր մեծ արձանը Կապիտոլիումի բլրի վրաՙ դրանով խախտելով պետական օրենքը, ըստ որի պետական պաշտոնյաները կարող են իրենց հուշարձանն ունենալ մահից 50 տարի հետո միայն:

Մինչ Արեւմտյան Վիրջինիայի քաղաքական առաջնորդները լռում էին այս հարցի առնչությամբ, վերջերս բեկում արձանագրվեց Բիրդի շռայլությունից օգտված կամ նրա հետ աշխատած արեւմտավիրջինացիների սատարողական վերաբերմունքի մեջ: Այս տարվա հունիսին Բեթանիի քոլեջը հեռացրեց Բիրդի անունը իր առողջապահական կենտրոնից, իսկ դրա նախագահ Թամարա Ռոդենբերգը հայտարարեց. «Մենք որպես ուսանողական կենտրոն գտանք, որ Ռոբերտ Ս. Բիրդի անվան մեր Առողջության կենտրոնի անունը առաջացնում էր բաժանվածություն եւ ցավ Բեթանիի անցյալի ու ներկայի հասարակության համար»: Ընթացքի մեջ է Բիրդի անունը Մարշալի համալսարանի վրայից հանելու հանրագիրը: Այնտեղ նրա անունը գտնվում է Ռոբերտ Ս. Բիրդ Կենսատեխնոլոգիայի գիտության կենտրոնում եւ Ռոբերտ Ս. Բիրդ Գյուղական առողջության կենտրոնում: Երկուսն էլ կառուցված են Բիրդի հայթայթած պետական ֆինանսավորման միջոցներով: Հուլիսի 13-ի դրությամբ, պահանջվող 2,500-ից այն ստացել է 1518 ստորագրություն:

Եթե պետական հուշարձանները եւ անունները փոխանցում են արժեքներ եւ իմաստ, ապա բավարար պատճառ կա հանելու Բիրդի անունը հուշարձաններից եւ հիմնարկներիցՙ խտրական եւ ռասիստական անցյալի պատճառով, որն անարգանք է Ամերիկային: Ամերիկահայերը հավելյալ պատճառ ունեն այս լայն շարժմանը իրենց մասնակցությունը բերելու համար:

Անգլ. թարգմ. ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆԸ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 31-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ