RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2020-08-20 22:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1156, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ ԴԵՂՆԵԼ Է

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, Վարդենիս

Անպետք, ապակոմնորոշող մամուլն աշխարհում կոչվում է դեղին, բայց եթե աչքի անցկացնեք մեր ժամանակակից մամուլը, միանգամից գլխի կընկնենք, որ «դեղինն» ի վիճակի չէ համապարփակորեն բնութագրելու այն (բացառություններ, անշուշտ կան): Ինչի՞ համար է ստեղծված մամուլը եւ ինչո՞վ են զբաղվում հայաստանյան մամուլի օրգանները:

Իմ մոտեցմամբ` մամուլի ամենակարեւոր առաքելությունը հակառակ բեւեռների միջեւ հաշտության, երկխոսության եւ փոխհամաձայնեցման ուղիներ ստեղծելն է: Մի բան, որն այսօր համարյա իսպառ բացակայում է մեր մամուլի էջերից: Երեւի գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ գործող մամուլի ճնշող մեծամասնություը, հեռացած լինելով իր բուն նշանակությունից` ծառայում է այս կամ այն անհատին կամ խմբակին: Դա արդեն մամուլ չէ, այլ` պրոպագանդիստական թռուցիկ: Համարյա անհնար է գտնել մամուլի մի օրգան, որը շատ մեծ լսարան ունի, անընդհատ հասարակության ուշադրության կենտրոնում է եւ կապված չէ որեւէ քաղաքական ուժի կամ արտերկրյա գործակալական ցանցի հետ: Կրկնում եմ` համարյա, իսկ դա ենթադրում է ոչ բոլորը, բայց մեծամասնությունը: Ամենամեծ լսարան ունեցող մամուլի օրգաններն ամենաշատն են հեռու մշակույթից ու ապաքաղաքական-հասարակական նորություններից:

Խոսքերիս վառ ապացույցը կարող է հանդիսանալ նաեւ այն, որ այսօր մենք կարոտ ենք մշակույթ արտացոլող մամուլի էջերի: Չկան այդպիսիք, եղածներն էլ, թող ներվի ասել, չեղածի հաշիվ են: Այլեւս համարյա չտպագրվող «Գարուն» ամսագի՞րն է մշակույթ տարածում, թե՞ մերձիշխանական հրապարակախոսություններ աճեցնող «Գրական թերթը», որն իր անվան հետ այնքան կապ ունի, որքան ես` քվանտային ֆիզիկայի: Ի՞նչ խոսք, առցանց մամուլի բոլոր էջերում կարելի է հանդիպել մշակույթ անունը կրող պատուհանի, բայց, թող Տերը մեզ զերծ պահի այդօրինակ մշակույթից:

Սրա մեղավորն, իհարկե, հասարակությունն է, ինչ կարդում են, այն էլ առաջարկում են: Բայց կառավարության մեղքը եւս մեծ է, շատ մեծ, եւ մեծ է ոչ միայն մշակութային մամուլի, այլ առհասարակ մամուլի նվաստացման, իջեցման համար:

Գանք սկզբից. վերեւում գորածեցի «չտպագրվող Գարուն ամսագիր» ձեւակերպումը: Հարց` ինչո՞ւ չի տպագրվում «Գարունը», ինչո՞ւ պատշաճ, ապաքաղաքական մակարդակի չի բերվում «Գրական թերթը», ինչո՞ւ տպագիր մամուլը չի ֆինանսավորվում` ազգային մշակույթ իրացնելու պարտավորությամբ: Իդեպ, Հայաստանում տեղի ունեցած վերջին մեծ համամարդկային հեղաշրջումից հետո կասեցվեց նաեւ «Ազգ» թերթի մշակութային ներդիրի` «Ազգ-մշակույթի» տարեկան ֆինանսավորումը, որը բավականացնում էր միայն մի քիչ թուղթ գնելու եւ պետության ջերմ վերաբերմունքի պատրանքներով մի փոքր ջերմանալու համար: Թե ինչու այդպես եղավ, թող պետական ղեկավարությունը հարցնի նարինեթուխիկյաններին ու արայիկհարությունյաններին, բայց հիշեցնեմ, որ Ռուսաստանում, Գերմանիայում. Իրանում ու բազմաթիվ այլ երկրներում հատուկ լրատվականներ կան, որոնք ամեն տարի պետությունից հսկայական գումարներ են ստանում` միայն մշակույթ լուսաբանելու եւ իրացնելու պարտավորությամբ: Տեսնես այդ պետությունների ղեկավարների մտքով չի՞ անցնում նման հսկայական գումարներով ֆեյքեր վարձել. տգետ են էլի:

Պետության մեղքով այսօր հետ է մղվում նաեւ զուտ հասարակական-քաղաքական մամուլը, այն, ինչ տեղադրում են կայքերն ու տպագրում թերթերը, իշխանությունները կա՛մ գրում են սոցցանցերի իրենց էջերում, կա՛մ արտահայտվում ուղիղ եթերներով` կրկին սոցցանցային հարթակներում: Այսինքն` սոցցանցը եկել է փոխարինելու մամուլի էջերին` երկրորդական պլան մղելով նրան, այսինքն` պետության պատճառով մամուլը, որ նորությունների ու դրանց մեկնաբանման անփոխարինելի աղբյուր է, միշտ «հին» նյութեր է հրապարակում եւ տպագրում: Էլ մամո՞ւլ կմնա:

Մամուլն էլ, երեւի ստիպված, քլունգը ձեռքն է առել ու աջուձախ քլնգում է: Մշակույթ չկա, կարդացող էլ չկա, գիտություն չկա, տեխնիկայի զարգացման ու նման բաների մասին գրող չկա, ամենուր քաղաքականություն է: Երկու մասի բաժանված` իշխանամետ ու ընդդիմադիր, հայհոյում ու պարսավում են, ներկայացնում մեղադրական ամենանողկալի ճառեր ու մատնագրեր: Նման օրգանները շուտով «ջախջախիչ հաղթանակ» են տանելու աղանդավորական կազմակերպությունների հանդեպ:

Արդյունքում տուժում է հասարակությունը` շնչելով այդ թույնը, նա զոմբիանում, եւ ինչպես տարբերություն չկա ֆիզիկական ու հոգեպես պոռնիկ լինելու մեջ, այնպես էլ կապ չունի`մարդն իշխանությա՞ն զոմբին է, թե՞ ընդդիմության, զոմբին զոմբի է, լավ ու վատ չկա:

Ահա այսպես, մեր մամուլը լրիվ է դեղնել, որի մեծագույն մեղավորները քաղաքական խավերն են եւ, իհարկե, պետական համակարգը: Հասարակությունը տուժել է, տուժում է եւ շարունակելու է տուժել... Հաստատ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ