RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
#023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020



Տեղադրվել է` 2020-08-20 22:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1242, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԱՇՈՒՆ ՈՒ ՁՄՌԱՆ ՄԵԿ ԱՄԻՍ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մնաց աշունն ու ձմռան մի ամիս, որ 2020-ն ավարտվի: Գրողի ծոցը գնա, բայց պարտադիր հայ ժամանակակից գրողի, որ նա էլ անակնկալ մերձեցմանը չդիմանա ու հետը գնա: Միանգամից բոլոր հարցերը կլուծվեն. դեմքներիցս դիմակները կհանենք (իբր մինչ այդ անդիմակ էինք), գրականության դասագրքերը կմաքրենք, Ամուլսարի շուրջբոլորն էլ քոչարի կպարենքՙ առանց սոցիալական հեռավորություն պահելուՙ իրար սիրելով, հանդուրժելով: Հետո մեզ կմիանա Արցախի ժողովուրդը, Ադրբեջանի ժողովուրդը, եթե իհարկե ուզենՙ օս, աբխազ, վրացի, թալիշ, չեչեն, ինգուշ, մի խոսքովՙ կովկասցի ժողովուրդը, եւ մեր տարածաշրջանի անունը կդնենք ազատ, անկախ Աղավնատուն: Մինչեւ հոգու խորքն ազդվելով մեր եղբայրությունիցՙ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Սուրբ Սոֆիա տաճարի բանալիները կհանձնի հույներին ու հույները կասենՙ Ամէն: Իսրայելը Ամերիկայից թաքուն մոտ հարեւանություն կանի արաբ երկրների հետ, իսկ Իրանը ցույց կտա, որ իր կանանց միայն աչքերը չէ, որ արեւահաս գեղեցիկ են: Ռուսներն էլի կծեծեն, բայց դուռըՙ մտնելուց առաջ ու միշտ կհանեն սապոգները մեր տան մեջ, Ամերիկան ու Եվրոպան կանցնեն ծիածանի տակով ու մեզնից կսովորեն, թե ինչպես է պետք ճիշտ ապրել, իսկ չինական դպրոցներում էլ անգիր կսովորեն Պարույր Սեւակի բանաստեղծությունը, բայց մի քիչ փոխած կասենՙ «Նրանք քիչ են, բայց նրանց հայ են ասում»: Ու եթե Պակիստանը հաջորդ տարի ճանաչի մեր անկախությունը, ապա աշխարհում ամեն բան հրաշալի կլինի:

Բայց դեռ աշուն կա ու ձմռան մեկ ամիս: Գուցե սա ճակատագրական ժամանակ է կամ բեկումնային, օրինակ հասկանալու, որ աշխարհում հենց այնպես ոչինչ չի լինում: Նույնիսկ կորոնավիրուսը հենց այնպես չի լինում, ուրեմն մի տեղ սխալվել ենք, չգիտեմ որտեղ, չգիտեմ ով, ասենք սխալ չղջիկ ենք կերել, կա՛մ չղջիկ ենք կերել, կա՛մ կերել ենքՙ... բնությունը: Պատերազմն առավել եւս հենց այնպես չի լինում, ուրեմն կողմերը զիջում չունեն, պայթյունն էլ հենց այնպես չի լինում, ուրեմն զենքն արդեն հազարավոր տոննաների է հասնում ու ոչ մի գրամ չի թափվում, ուրեմն մարդիկ զենքով են ուժ զգում ու ուժ չունենՙ հրաժարվելու դրանից: Գրականության գրքերում հարբեցող հայրն էլ հենց այնպես չի լինում, կամ տղամարդ սիրող տղամարդը, որովհետեւ հարբեցող հայրերն են շատացել ու տղամարդիկ, որոնք տղամարդ են սիրում: Սա երեխաներին պատմելու բան չէ՞... Իսկ ի՞նչ պետք է պատմել երեխային, որ նա կարողանա ապրել մեր ստեղծած աշխարհում, գուցե այն, որ մենք խրոխտ քոչարի ենք պարում Ամուլսարի շուրջբոլորն ու մեզ միանում են նույնիսկ չեչեննե՞րը, որոնք նույնիսկ հզոր Ռուսաստանին թամամ չեն միանում: Բա չենք խաբելո՞ւ, բա երեխային խաբո՞ւմ են, իսկ գուցե այսօրվա աշխարհի վիճակի պատճառն այն է, որ մեզ երեկ խաբե՞լ են, աշխարհին նայող պատուհանի ապակին գունավորել են այնպես, որ միայն պայծառ ու դրական բանե՞ր տեսնենք, գուցե երեխան դեռ դպրոցո՞ւմ պետք է իմանա, որ հենց իր պատուհանի այն կողմում կրակում են, սպանում են, բռնաբարում են, հարբում ու ծեծում են, շեղվում են, ու այդ ամենն անում են ոչ թե ապրած-մեռած, այլ իր կողքին ապրող մարդիկ, ու այս ամենից հետո, գուցե ինքը երբեք չկրակի, չսպանի, չբռնաբարի, չծեծի, չծեծվի, միայն հարբի, այն էլ սիրուց...

Գուցե այս ամենը հասկանալու համար մի աշունն ու ձմռան մեկ ամիսը բավական չէ... Ամեն դեպքումՙ քիչ մնաց, շուտով նույնիսկ Պակիստանը կճանաչի մեր անկախությունն, եւ աշխարհում ամեն բան հրաշալի կլինի, երեխանե՛ր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ