RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#023, 2020-07-24 > #024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020



Տեղադրվել է` 2020-08-20 22:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 441, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԻԵՎՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԹՈՂՆԻ՞ ՄԱՄԵԴՅԱՐՈՎԻՆ

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Էլմար Մամեդյարովին արգելված է դուրս գալ երկրից: Սեփական աղբյուրներ վկայակոչելովՙ լրատվամիջոցները հաղորդում են, որ դա կապված է ԱԳՆ-ում իրականացված հակակոռուպցիոն գործողությունների հետ, եւ Մամեդյարովը ստիպված կլինի պատասխանել քննության բազմաթիվ հարցերի:

Բաքվի փորձագիտական աղբյուրները հայտնում են, որ Ալիեւի եւ Մամեդյարովի փոխհարաբերություններում փորձաքար է դարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդեպ Մամեդյարովի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հարցին առնչվող բանկցությունների կապակցությամբ, իբր հենց Մամեդյարովն է Ալիեւին ներշնչել Փաշինյանին լռելյայն պաշտպանելու եւ բանակցություններին այնպիսի ընթացք տալու գաղափարը, որը պետք է հանգեցներ Արցախի հարցի փոխզիջողական լուծմանը, եւ որ այդ գաղափարն իբր արժանացել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հավանությանը: Բայց տվյալ գաղափարի դեմ հանդես էր եկել Ադրբեջանի «թուրքամետ կուսակցության» ղեկավարությունըՙ գտնելով, որ Երեւանը խաբում է Բաքվին, եւ որ Հայաստանում Փաշինյանի իշխանության գալուց երկու տարի հետո էլ սայլը տեղից չի շարժվել, իսկ Բաքուն մնացել է ձեռնունայն:

Ուստի որոշվել է հարված հասցնել Մամեդյարովին: Ինչ վերաբերում է Մոսկվային, նախարարի պաշտոնանկության վերաբերյալ շշուկները դիվանագիտական շրջանակներում պտտվում էին արդեն անցյալ տարեվերջին:

Նկատի ունենալով, որ երկար տարիներ արտգործնախարարի պաշտոնը զբաղեցրած Մամեդյարովը տիրապետում է իր երկրի արտաքին քաղաքականությանը վերաբերող բազմաթիվ գաղտնի տեղեկությունների, իշխանությունները դժվար թե թույլատրեն նրա մեկնումը արտերկիր: Նրա հետ կապված սկանդալը կարող է ահագնանալ կամ մեղմանալՙ նայած արտաքին եւ ներքին որոշ գործոնների:

Այսօր հայտնի է հետեւյալը: Ալիեւը կտրուկ փոխում է իր գործողությունների ոճն ու մարտավարությունը Արցախի ուղղությամբ, թեեւ առայժմ դուրս չի գալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող բանակցություններից: Բաքուն առայժմ պատրաստ չէ առավել վճռական բնույթ կրող գործողությունների, կարծում է ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Ըստ որում, դրանց մեջ ակտիվորեն ներքաշվում են թուրքական ուժեր: Դժվար է ասել, թե Ալիեւը ներկայումս ինչպիսի խնդիրներ է լուծումՙ ներքին, թե՞ արտաքին, քանի որ կադրային փոփոխություններն իրականացվում են տարածաշրջանի որոշ երկրներում, մասնավորապես Թուրքիայում եւ Իրանում նկատվող սրացումներով: Ըստ Տարասովի, Բաքուն Հայաստանի հետ հակամարտության մեջ մտնել չի կարող, քանի որ պատերազմը կարող է դուրս գալ տարածաշրջանային կարգավորման շրջանակներից եւ ներքաշել մի քանի երկրներ, ներառյալ Ռուսաստանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 21-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ