RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#024, 2020-07-31 > #025, 2020-08-21 > #026, 2020-08-28 > #027, 2020-09-04 > #028, 2020-09-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020



Տեղադրվել է` 2020-08-27 22:26:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1012, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐԱՑՈՂ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ, ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ ԵՎ ... ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Վիճակագրական կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ Հայաստանի տնտեսական ակտիվության անկումը այս տարվա հունվար-հուլիս ամիսներին կազմել է 5,7 տոկոս: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ տնտեսական անկումը 4,7 տոկոս էր: Այսինքն, մարտ-ապրիլ ամիսներից սկսված տնտեսական անկումը շարունակում է խորանալ:

Միայն հուլիս ամսին անցյալ տարվա հուլիսի համեմատ տնտեսական ակտիվության անկումը երկնիշ էՙ 10,2 տոկոս: Տնտեսության բոլոր ճյուղերն առանց բացառության անցած տարվա հուլիսի համեմատ անկում են գրանցել: Ինչ վերաբերվում է յոթ ամիսներիՙ հունվար-հուլիսի ընթացքում տնտեսության ճյուղերում արձանագրվող կացությանը, ապա պատկերը հետեւյալն է.

Արդյունաբերությունում 1,3 տոկոս աճ է արձանագրվել: Այն միակ ճյուղն է, որտեղ դեռեւս աճ է արձանագրվում, թեեւ այդ աճի տեմպը ամեն հաջորդ ամսին նախորդ ամսվա նկատմամբ նվազում է: Աճն էլ առայժմ պահպանվում է հանքարդյունաբերության շնորհիվ, որի մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ այն մեր տնտեսության համար ապագա չէ:

Շինարարությունը շարունակում է մնալ խորը անկման մեջՙ 22, 6 տոկոս, հակառակ նրան, որ երկրի վարչապետը հայտարարում է, թե Հայաստանը վերածվել է մի մեծ շինհրապարակի: Մինչդեռ, անգամ պաշտոնական վիճակագրությունն այլ բան է փաստում:

Առեւտրում անկումը 11 տոկոս է: Սա մեր տնտեսության ամենամեծ ծավալներ ունեցող ճյուղն է, որտեղ ընդգրկված են մի քանի տասնյակ հազար տնտեսվարողներ:

Ծառայությունների ոլորտում անկումը խորացել է եւ կազմել 9,3 տոկոս: Դա հիմնականում պայմանավորված է զբոսաշրջային ծառայությունների գրեթե զրոյական մակարդակով, հետեւանքՙ համավարակի:

Գյուղատնտեսության ցուցանիշները հրապարակվում են եռամսյակը մեկ: Վեց ամիսների ցուցանիշները հրապարակելիս այստեղ աճ էր արձանագրվել, որը չափազանց վիճելի էր, հաշվի առնելով մրգի եւ բանջարեղենի այս տարվա խիստ ցածր բերքը, ինչպես նաեւ մսի եւ կաթնամթերքի արտադրության ծավալների նվազումը:

Տնտեսական անկման իրական ցուցանիշի մասին կարող ենք դատողություններ անել արտաքին առեւտրի ցուցանիշներից: Այստեղ անկումը կազմել է 11,3 տոկոս: Ընդ որում, արտահանումը նվազել է 6,4 տոկոսով, ներմուծումըՙ 13,7 տոկոսով:

Ամփոփելով փաստենք, որ յոթ ամիսների արդյունքում արձանագրված 5,7 տոկոս տնտեսական ակտիվության անկումն արդեն իսկ գերազանցում է կառավարության կողմից կանխատեսված տարեկան 2 տոկոս անկմանը:

Այդուհանդերձ, աշխատավարձերը շարունակում են բարձրանալ, ինչն առնվազն տարօրինակ է տնտեսական խորացող անկման եւ բնակչության աղքատացման ֆոնին: Մասնավորապես, պետական համակարգում աշխատողների աշխատավարձերը ավելացել են 7,7 տոկոսով: Ինչը հիմնականում պայմանավորված է բարձրաստիճան պաշտոնյաներին եւ պատգամավորներին վճարվող չարդարացված եւ բարձր պարգեւավճարներով, որով ժամանակ առ ժամանակ հպարտանում է Նիկոլ Փաշինյանը: Պետության ղեկին հայտնվածների աշխատավարձերն ու պարգեւավաճարները շարունակում են վճարվել անգամ այն պարագայում, երբ պետական բյուջեի եկամուտները շարունակում են նվազել:

Պետական բյուջեի եկամուտները ազատ անկման մեջ են

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ հուլիս ամսին նույնպես պետբյուջեի հարկային եկամուտները նվազել են նախորդ տարվա նույն ամսվա հետ համեմատած: Մասնավորապես, հուլիս ամսին հավաքվել է 109 մլրդ դրամ, անցած տարվա հուլիսին եղել է 118 մլրդ դրամ: Առաջին հայացքից նվազումը մեծ չէ: Սակայն հիշեցնենք, որ մայիս ամսին պակաս էր հավաքվել 21 մլրդ դրամ, հունիսինՙ 46 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, այս տարվա յոթ ամիսներինՙ հունվար-հուլիսին պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 789 մլրդ դրամ, իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածումՙ 831 մլրդ դրամ: Այսինքն, այս տարվա ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական բյուջեն պակաս է ստացել ավելի քան 42 մլրդ դրամ կամ մոտ 5 տոկոս նվազ: Սաՙ նախորդ տարվա համեմատ, իսկ այս տարվա ծրագրվածի համեմատ բյուջեի եկամուտները պարզապես ազատ անկման մեջ են գտնվում:

Այս տարվա առաջին կիսամյակում (հունվար-հունիսին) նախատեսված է եղել մոտ 816 մլրդ դրամ, իսկ հավաքվել է մոտ 716 մլրդ դրամ: Այսինքն, պետական բյուջեի եկամուտները տարվա առաջին կեսին թերակատարվել էին մոտ 100 մլրդ դրամով: Այս միտումը նույնպես խորանալու մեծ հավանականություն ունի:

Հիշեցնենք նաեւ, որ Ազգային ժողովի կողմից պետական բյուջեում կատարված փոփոխություններով, այս տարվա պետական բյուջեի եկամուտները նախապես հաստատվածի համեմատ նվազեցվել են մոտ 169 մլրդ դրամով: Կես տարվա արդյունքներով դրանք փաստացի արդեն 100 մլրդ դրամով նվազել են: Ակնհայտ է, որ տարեկան արդյունքով այդ նվազումն ավելին կլինի, քան 169 մլրդ դրամը:

Դատելով կառավարության տնտեսական քաղաքականության բացակայությունից, տնտեսական վիճակի բարելավման եւ բյուջեի համալրման ուղղությամբ լուրջ սպասելիքներ չեն կարող լինել: Ցավալի է, բայց փաստ, որ վարչապետի համար տնտեսական զարգացումը պայմանավորվում է այս կամ այն անձից փող «հետ բերելով» կամ ՀԴՄ կտրոն «խփելով»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 28-08-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ