RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-09-29 20:02:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1544, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԱԶԵԼ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հայաստանում Ֆրանսիայի առաջին դեսպան (1992-1996 թթ.) տիկին Ֆրանս դ՛Արտինգը,- մի հրաշալի անձնավորություն, որը մամուլի հետ սերտագույն հարաբերությունների շնորհիվ մեր հասարակությանը սովետական կարծրատիպերից ձերբազատելու գործում կարեւոր աշխատանք է կատարել,- դիվանագիտական իր առաքելությունը ավարտելու առթիվ հրաժեշտի հարցազրույց էր տալիս մեր ամենահայտնի հեռուստալրագրողներից Ռոբերտ Մավիսակալյանին: Հարցազրույցի ավարտին Ռոբերտի այն հարցին, թե Հայաստանը ե՞րբ կարող է դառնալ Եվրոմիության անդամ, տիկինը յուրահատուկ ժպիտով պատասխանեց. «Երազելը միշտ լավ է»...

Արդարեւ, երազելը լավ է, բայց մի՞շտ ...

Դարերի ընթացքում երազողներ շատ ենք ունեցել, սակայն երազը իրականություն դարձնելու գործում գրեթե միշտ հանդիպել ենք անհաղթահարելի խոչընդոտների, դժբախտությունների, քանզի մեզ գրեթե միշտ պակասել է նախածրագրելու, քայլ առ քայլ եւ հաշվենկատ գործելու հմտությունը: Եվ դա՛ է եղել գլխավոր պատճառը, որ մեր «փոքր ածուն» միշտ լեցուն է եղել կիսատ գործերով, որոնք հեշտությամբ ջնջել-ջախջախվել են օտարների կողմից: Մանավանդ որ, ինչպես Շահան Շահնուրն է ասում իրՙ «Նահանջը առանց երգի» վեպի հերոսներից Սուրենի շուրթերով, յուրաքանչյուր թագավոր իշխանության հասնելուց հետո արգելել է 101-ից հաշվել եւ ստիպել է, ավելացնենք մեր կողմից, ամեն բան սկսել 0-ից, խզելով պետականության շարունակականությունը...

Ինչպես ասվեցՙ երազողների պակաս բնավ չենք ունեցել: Հիշո՞ւմ եք մեր սիրելի ռոմանտիկ գրող Րաֆֆու «Խենթը», ավելի ճիշտՙ Վարդանի երազը Գայանեի վանքի գերեզմանատանը, իր սիրեցյալ Լալայի հողաթմբին: Երազում նա Հայաստանը տեսնում էր անճանաչելիորեն բարեփոխված, զարգացած ու բարեկիրթ արդյունաբերական երկիր, որտեղ ավազակ ու վայրենի քրդերն անգամ, թուրքերի հետ միասին, Հայաստանի լիարժեք եւ օգտակար քաղաքացիներ էին դարձել, անդամՙ հայոց խորհրդարանի: Մինչդեռ, շատ չանցած, այդ նույն քրդերը թուրքերի ձեռքի գլխավոր դանակը դարձան Ցեղասպանության ժամանակ:

Քաղաքական ռոմանտիզմը միշտ է հատուկ եղել մեզ, ի տարբերություն հրեաների, որոնք երազողների փոխարեն ունեցել են տեսանողներ, մարգարեներ, որոնք գործնամիտ ու հետեւողականՙ իրենց ժողովրդին առաջնորդել են դեպի Ավետյաց երկիր ոչ անպայման անձամբ, այլ իրենց փոխարինած առաջնորդի ոտքերով, ինչպես Մովսեսին հաջորդած Ահարոնը...

Այս դառն խոհերի առիթը սեպտեմբերի 1-ին, Անկախության տոնի առիթով, Մատենադարանում կառավարության անդամների, ուսանողների եւ աշակերտների առջեւ ՀՀ վարչապետի արտասանած ճառը եղավ: Հայաստանըՙ 2050 թվականին, ավելի ճշգրիտՙ «Հայաստանի վերափոխման մինչեւ 2050 թվականի ռազմավարությունը» վերնագրով: Առաջնորդող 4 արժեքներՙ Հայոց պետականություն, կրթություն, անհատ եւ աշխատանք, եւ համընդհանուր 16 նպատակներ, այդ «բարեփոխումների եւ փոխակերպումների» ծրագրային հենքն են կազմում: Բոլորն էլ գրավիչ, անգամ զգլխիչ, նույնիսկ խանդավառողՙ եթե ուղեկցված լինեին գործնականացման ու գործնականացնողի ուղենշումներով, մոդայիկ արտահայտությամբՙ ճանապարհային քարտեզով: Նման պարագաների համար թուրքերեն (հավանաբար հայերի կողմից ստեղծված) մի խոսք կաՙ «էոթերսեՙ էյի դյուդյուկ», այսինքնՙ «եթե հնչիՙ լավ դուդուկ է»: Առանց նման գործնականացման քայլերի, վարչապետի «մեգանպատակները» դատապարտված են մնալու սոսկ որպես երազողի բարի ցանկություն, սակայն... առանց բարության: Քանզի նման մեծագործությունները չեն կարող հաջողվել առանց համերաշխության եւ հանդուրժողականության...

Ու թեեւ վարչապետ Փաշինյանն իր ճառի սկզբում անպայման շեշտում էր, ինչպես վարժեցրել է մեզ լսել, որ նման ռազմավարական ծրագիր առաջին անգամն է ներկայացվում «առնվազն պետական մակարդակով», համենայնդեպս կուզենայի հիշեցնել մի սքանչելի աշխատանքի մասին, որը լույս տեսավ 2018 թ. հուլիսին եւ տարածվեց մտավորական եւ ֆինանսական շրջանակներումՙ հայերենից բացի ռուսերեն եւ անգլերեն լեզուներով, Հայաստանում եւ Սփյուռքում, հասարակական լայն քննարկման նպատակով, ինչը, դժբախտաբար, չիրականացավ «հեղափոխական» պաթոսի պայմաններում: Խոսքը Ռուբեն Վարդանյանի եւ Նունե Ալեքյանիՙ հայ եւ օտար, հայաստանցի եւ սփյուռքահայ մասնագիտական շրջանակների հետ խորհրդակցությունների արդունքում ստեղծված «Ճամփաբաժանին. Որոշումների ժամանակը» ստվարածավալ աշխատությունն է, որտեղ պատճառաբանված, ուղենշված են իրապաշտ ու գործնական մեծ, թող լինիՙ մեգա նպատակներ, ուսումնասիրված եւ գրի առնվածՙ կյանքում հաջողած եւ մի շարք մեծ ծրագրեր իրականացրած մարդու կամ մարդկանց կողմից: Իրավիճակ, լուծման տարբերակների քննություն-քննարկում, հնարավորւթյունների ու միջոցների ընտրություն եւ ապաՙ գործադրում, քայլ առ քայլ, 10, 20 կամ 50 տարվա հեռանկարով:

***

Հայտնի է, որ ՀՀ ներկա վարչապետը մեծ երազող է, իսկ, ինչպես տիկին դ՛Արտենգն էր ասումՙ «երազելը միշտ լավ է»: Մի՞շտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ