RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020



Տեղադրվել է` 2020-09-29 20:02:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1333, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՎՈՆ ՄԱՐԿՈՍ. «ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ. ԱՍՏԾՈ ԿԱՄՔՈՎ Է ԿԵՐՏՎԵԼ ՄԵՐ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԵՎ ԱՅՆ ՊԵՏՔ Է ՀԱՐԱՏԵՎԻ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգի» հատուկ թղթակից

Ռուսաստանաբնակ հայազգի ճանաչված գործարար, բարերար եւ հասարակական գործիչ, Մոսկվայում գործող Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի անփոփոխ հովանավոր Լեւոն Մարկոսի հետ հանդիպեցի Հայաստանի Անկախության տոնի նախօրյակին, մոսկովյան իր գրասենյակում:

- 29 տարի առաջ Հայաստանն ի լուր աշխարհի ազդարարեց սեփական ձայնի իր իրավունքը: Այսօր որպես լիիրավ անկախ պետություն, մենք բոլոր երկրների հետ խոսում ենք հավասարի իրավունքով: Կապ չունի, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում, արժանապատիվ հայ մարդը պետք է անի հնարավորինս, որպեսզի Նոր Հայաստանում իրականություն դառնան մեր նվիրական երազանքները: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է համախմբվածություն եւ միասնություն: Մեր պատմության դասերից մեկն էլ այն է, որ մենք հաղթանակների հասել ենք, երբ միասնական ենք եղել, որպես Հայաստան-Արցախ-Սփյուռքՙ մեկ բռունցք:

Լեւոն Մարկոսը ծնվել է Երեւանում, բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայումՙ ավարտելով ժողովուրդների բարեկամության համալսարանը: Ունի 4 երեխաՙ 2 աղջիկ, 2 տղա, աղջիկներից մեկը սովորում է Քեմբրիջի համալսարանում, տղաներից մեկը նույնպես պատրաստվում է Քեմբրիջ մեկնել:

Երեք տասնամյակից ավելի ապրելով եւ աշխատելով Ռուսաստանում, իր աշխատասիրության ու պատվախնդրության շնորհիվ հասնելով մեծ հաջողությունների, ճանաչման ու հարգանքի եւ ամենեւին չխզելով կապը Հայրենիքի հետՙ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մեծ ջատագով Լեւոն Մարկոսը մի խորին համոզմունք է արձանագրելՙ ամենամեծ հայկական սփյուռքն ունեցող Ռուսաստանում հայերի համար ստեղծված են բոլոր պայմաններն աշխատելու, ստեղծագործելու եւ ճանաչման արժանանալու համար, Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է հարյուրամյակների ամուր եւ հուսալի դաշինքով:

Լեւոն Մարկոսը նաեւ աշխարհստեղծման ավանդապատման իր սեփական մեկնաբանությունն ունի եւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության մեջ տեսնում է Աստծո միջամտությունն ու նախախնամությունը: Ահա թե ինչ ասաց նա:

- Աստված բոլոր ազգերին ստեղծելուց հետո սկսում է նրանց բնակության համար տարածքներ բաժանել: Մինչեւ գալիս է հայի հերթը, արդեն բաժանված էր ամբողջ աշխարհը, եւ մնացել էր մի քարքարոտ հողակտոր միայն: «Ինչպե՞ս պիտի ապրեք այս չոր ապառաժների վրա»,- կարեկցանքով հարցնում է Աստված հային: «Ոչինչ, Տեր, դու տուր, մենք մի կերպ գլուխներս կպահենք»,- պատասխանում է հայն Աստծուն: Ստանալով իր բաժին երկիրը` հայն անմիջապես գործի է անցնում: Քարերը մաքրելով եւ քրտինք թափելով` նա Աստծո տված քարաստանը շենացնում էՙ արժանանալով որոշ անմիջական հարեւանների նախանձին, չարությանն ու ասպատակություններին: Եվ այդ ժամանակ Աստծո կամոք, հայերի նեղության ամենաանելանելի պահին, օգնության են հասնում ռուս եղբայրները, որոնք հետագա դարերում ամենեւին չեն զղջացել այդ ձեռքմեկնման համար, քանզի նրանց նեղության պահերին էլ քաջակորով հայերն են օգնության հասել: Ես հավատում եմՙ բազմաթիվ թշնամիներով շրջապատված այս քարքարոտ հողակտորում Աստծո կամոք է կերտվել մեր բարեկամությունը, եւ այն պետք է հարատեւի:

Լեւոն Մարկոսը նշում է, որ ռուս բազմաթիվ ճանաչված մտավորականների ուսումնասիրությունների համաձայնՙ հայերը վերջին դարերի ընթացքում նշանակալի հետք են թողել Ռուսաստանում եւ մեծ ավանդ ունեն մի շարք բնագավառների զարգացման գործում: Այսօր էլ բազմաթիվ հայեր ապրելով Ռուսաստանում` աշխարհին ներկայանում են իրենց ամենատարբեր շնորհներով ու բարի համբավով:

- Ռուսաստանն ու Հայաստանը դարավոր բարեկամներ են, եւ այդ մեծ բարեկամությունն առավել սերտացնելու եւ ամրապնդելու շոշափելի արդյունքները ինձ համար առավելապես նկատելի են եղել Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին եւ որքանով ես տեղյակ եմ, այսպես է մտածում ռուսաստանաբնակ հայության գերակշիռ մասը, նրանք, ովքեր տեսել են 90-ականներին Ռուսաստանում տիրող ամենաթողությունն ու անօրինականությունները, Ելցինյան տարիների խեղճուկրակ, կաթվածահար վիճակը, ինչը Սովետական Միության անկումից հետո խայտառակություն էր: Ես այսօր էլ չեմ թաքցնում իմ սերն ու համակրանքը Սովետական Միության նկատմամբ, երանությամբ եմ հիշում այդ տարիները, քանի որ ներկա սերնդի կողմից անտեղի ու անհիմն քննադատվող այդ ժամանակներում երկաթյա կարգապահություն ու կարգուկանոն էր տիրում բոլոր բնագավառներում: Ես ավարտել եմ Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանը, հպարտ եմ, որ ինձ դասավանդել է խորհրդային եւ ռուս քաղաքական եւ պետական ականավոր գործիչ Եվգենի Պրիմակովը, որի սիրելի ուսանողներից էի ես: Պրիմակովը բազմաթիվ ծառայություններ է մատուցել մեր ժողովրդին, որոնցից թվեմ ընդամենը երկուսը: Հավանաբար այսօր քչերն են հիշում, համենայնդեպսՙ նոր սերունդը, որ 1996 թվականի մայիսին Ռուսաստանի այն ժամանակվա արտգործնախարար, իմ երջանկահիշատակ դասախոս Եվգենի Պրիմակովը Բաքվում Հեյդար Ալիեւի հետ երկարատեւ բանակցություններից հետո ժամանում է Երեւան` ռուսական օդանավով իր հետ Հայաստան բերելով 39 հայ ռազմագերիների եւ պատանդների, որի դիմաց էլ Հայաստանը, պրիմակովյանՙ բոլորըՙ բոլորի դիմաց պայմանավորվածության համաձայն, հանձնեց 71 ադրբեջանցի ռազմագերիների: Սա, ի դեպ, մինչ օրս համարվում է պատանդների ամենամեծ փոխանակումը:

Հենց Եվգենի Պրիմակովի բարի կամեցողության շնորհիվ էր նաեւ, որ նա ինձ ծանոթացրեց Մոսկվայի նախկին քաղաքապետ եւ հայ ժողովրդի մեծ բարեկամ Յուրի Լուժկովի հետ, ում հետ նույնպես մենք դարձանք լավ բարեկամներ, եւ Պրիմակովի այդ միջնորդությունը ճակատագրական դեր խաղաց իմ կյանքում: Այսօր քչերին է հայտնի, որ տարիներ առաջ Մոսկվայի սրտում մեծ հանդիսավորությամբ բացված Հայկական եկեղեցական համալիրի հսկա տարածքը, ունեցած անձնական կապերի եւ գործադրած մեծ ջանքերի շնորհիվ եւ աներեւակայելի արգելքներ հաղթահարելովՙ Յուրի Լուժկովից ձեռք եմ բերել ես, ապա 1996-ին սկսվել է շինարարությունը, որում քիչ չի եղել իմ ներդրումը: Լուժկովին ես խնդրել էի, որ այդ տարածքը լինի հենց իմ տան հարեւանությամբ, եւ այդպես էլ եղավ:

Այսօր, փառք Աստծո, եկեղեցին վեհորեն վեր է խոյանում Մոսկվայի կենտրոնումՙ հանդիսանալով ռուսաստանաբնակ մեր հազարավոր հայրենակիցների հավաքատեղին եւ համախմբման վայրը: Մեծ ակնածանք ու խորհրդավորություն ես զգում մեր հայոց եկեղեցում շրջելիս, մանավանդ, որ տաճարի նկարազարդ պատերին ասես կենդանացել է հայոց պատմությունըՙ Նոյի նահապետից եւ մեր սրբազնագույն լեռ Արարատից սկսածՙ մինչեւ մեր օրերը:

- Ինչ խոսք, փառքն ու ճանաչումը մարդուն միանգամից չեն տրվում,-շարունակում է զրուցակիցս: Ես Ռուսաստանում ապրող ինձ նման բազմաթիվ հայերի եմ ճանաչում, որ զրոյից սկսելով` իրենց արդար աշխատանքով եւ օրինապահ քաղաքացու ճիշտ պահվածքով վայելում են տարբեր ազգությունների սերն ու հարգանքը: Ես դեռեւս 90-ականների սկզբներին եղել եմ Հայաստանում կոոպերատիվների միության հիմնադիրն ու առաջին նախագահը, զբաղվել ենք կոշկագործությամբ, տեքստիլ արդյունաբերությամբ, այդ բնագավառներում մեծ հաջողությունների հասելՙ արտադրանքն իրացնելով նաեւ արտասահմանյան երկրներում: Հետագայում, երբ արդեն հաստատվել էի Ռուսաստանում, եւ, հատկապես Վլադիմիր Պուտինի նախագահության տարիներին, ընդլայնել եմ գործարարության ճյուղերն ու ծավալները եւ այսօր, որպես տարիների փորձառությամբ ու վաստակով անուն հանած հուսալի գործընկեր, ինձ հետ հաշվի են նստում ռուսաստանյան ամենահեղինակավոր ընկերություններն ու կազմակերպությունները:

90-ականների ծանր ու դժվարին տարիներին պատերազմող Հայաստանին բազմիցս ձեռք մեկնած Լեւոն Մարկոսը, որ այսօր էլ աչքի է ընկնում իր բարեգործություններով, ներկայումս հովանավորում է տարիներ առաջ Մոսկվայում հիմնադրված Ռուս-հայկական ռազմավարական եւ հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոնը: Կազմակերպության նպատակները բազմաթիվ ենՙ Հայոց ցեղասպանության ճանաչման գործունեության ծավալում, անվտանգության բնագավառում ռուս-հայկական հարաբերությունների ուժեղացում, Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմական, քաղաքական, սոցիալական եւ մշակույթային համագործակցության զարգացում: Կենտրոնն իր գործունեության մեջ նախատեսում է միավորել Ռուսաստանի եւ Հայաստանի գործընկերներինՙ ռուս եւ հայ հասարակական-քաղաքական գործիչներ, ստեղծագործական, գիտական եւ տեխնիկական մտավորականության ներկայացուցիչներ:

- Ես երկար ու ձիգ տարիներ ապրել եւ աշխատել եմ Ռուսաստանում, բայց հոգով ու սրտով մշտապես եղել եմ Հայաստանի հետ, ամենադժվարին պահերին օգնության ձեռք եմ մեկնել Հայրենքիս փրկության գործի համար, եւ ուղնուծուծով ինձ համարում եմ երեւանցի տղա,-խոսքը շարունակում է Լեւոն Մարկոսը: Հարթ ու դյուրին չեն եղել վերելքներն ու ձեռքբերումներն իմ կյանքում, ինչի որ հասել եմ, հասել եմ իմ աշխատասիրության, համառության, շիտակության եւ կյանքի չգրված օրենքները հարգելու եւ դրանք չոտնահարելու իմ բնավորության շնորհիվ: Հայ մարդուն բնորոշ այս գծերը ժառանգել եմ արեւմտյան Հայաստանից գաղթած իմ պաշտելի ծնողներից եւ նույնքան պաշտելի տատ ու պապերից: Հպարտ եմ, որ ես ինքս վերականգնել եւ կրում եմ Մարկոս պապիս ազգանունը: Հպարտ եմ, որ մայրական պապս, ում աքսորեցին Սիբիր եւ նա այնտեղ կնքեց իր մահկանացուն, եղել է հայ մեծագույն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ուսուցիչը, հպարտ եմ, որ խորհրդային ճանաչված գրող, հրապարակախոս, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր Մարիետա Սերգեյի Շահինյանն իմ մորաքույրն էր, եւ ես առաջին անգամ գալով Մոսկվաՙ ոտք եմ դրել հենց նրա տանը: Հպարտ եմ նաեւ իմ այս տարիների ձեռքբերումներով, ընկերներով, որոնց մեջ բազմաթիվ են ռուսաստանյան ճանաչված դեմքերը:

Անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության գործունեությանն ու ծավալած աշխատանքներինՙ Լեւոն Մարկոսը նշեց.

- Իմ խորին համոզմամբ, Ռուսաստանի հայերի համախմբման գործում իր անուրանալի ավանդն ունի նաեւ «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը, որի անփոփոխ նախագահ Արա Աբրահամյանն իր համախոհների հետ շուրջ երկու տասնամյակ է զգալի ջանքեր են ձեռնարկում, որոնք նպատակաուղղված են ոչ միայն Ռուսաստանում բնակվող հայերի համախմբմանը, այլեւ տարածաշրջանում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը, փոխադարձ հարգանքի եւ բարիդրացիության սկզբունքների խթանմանը, խաղաղության հաստատմանն ու բարեկամության ամպապնդմանը: Արդյունքումՙ այսօր ՌԴ-ում ստեղծված են բոլոր պայմանները հայկական համայնքային եւ հոգեւոր կյանքի զարգացման համար. կառուցվել եւ կառուցվում են նոր մշակութային կենտրոններ, բացվում են Հայ Առաքելական եկեղեցու տաճարներ, բազմազգ Ռուսաստանի մյուս ժողովուրդների ներկայացուցիչների հետ համատեղ լայնորեն նշվում են հայկական ավանդական տոները: Օրինակ, բոլորովին վերջերս մոսկվացիների զարմացական եւ հիացական հայացքներին ի տես հանդիսավորությամբ նշվեց Ծիրանի տոնը, առաջիկայում կնշվի Հայաստանի Անկախության տոնը: Եվ որպես կանոն, Արա Աբրահամյանը բոլոր միջոցառումներին հրավիրում է Ռուսաստանի բազմաթիվ երեւելի մարդկանց, որոնց ներկայությունը ոչ միայն այդ տոներին շուք է հաղորդում, այլ նպաստում նաեւ մեր Հայրենիքի եւ հայ մարդու առավել խորը եւ ընդգրկուն ճանաչելիությանը: Ռուսաստանի հայերի միությունը նպաստում է Ռուսաստանում մշակութային, կրթական եւ հասարակական կյանքի բազմակողմանիության պահպանմանը, հետեւողականորեն ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի հայրենասիրական ոգով դաստիարակությանը, նրանց մոտ բարոյական ուղենիշերի ձեւավորմանը, հայրենակիցների հետ կապերի ամրապնդմանը:

Ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ ես Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը ուշի ուշով հետեւած սփյուռքի մեր միլիոնավոր հայրենակիցներից առաջիններից էի, որ ողջունեցի այդ աննախադեպ իրադարձությունն ու օրեր անց շնորհավորական ուղերձով դիմեցի Նիկոլ Փաշինյանինՙ հույս հայտնելով, որ Հայաստանի նորընտիր վարչապետի ղեկավարության ներքո ՀՀ կառավարությունն ի զորու կլինի լուծում տալ երկրի ներքին հիմնախնդիրներին, կարգավորել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանն առնչվող հարցերը եւ արժանվույնս դիմակայել ընթացիկ երկրաքաղաքական մարտահրավերներին: Ես ցանկանում եմ մեկ անգամ եւս վերահաստատել, որ հավատում եմ նոր Հայաստանի ապագային, հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային համավարակի նահանջից հետո ոչ միայն ես, այլեւ իմ շատ համախոհներ կգանք, ներդնումներ կանենք մեր հայրենիքում, ինչը ինքնաբերաբար կհանգեցնի տնտեսական կայունացման եւ Հայաստանի հզորացմանը:

- Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ես մի շարք հանդիպումներ եւ անկեղծ զրույցներ եմ ունեցել ռուսաստանյան բազմաթիվ երեւելի գիտնականների, փորձագետների, գործարարների հետ, ներկայացրել եմ թավշյա հեղափոխությունից հետո երկրում տիրող վիճակն ու բիզնես միջավայրը, որպեսզի գործարարները ներդրումներ կատարեն, օգտակար լինեն Հայաստանին եւ մեր Հայրենիքի բարգավաճմանը,-պատմում է Լեւոն Մարկոսը: Այդ նպատակով մտադիր ենք կորոնավիրուսի համավարակի չեզոքացումից հետո, պատեհ առիթի դեպքում, կրկին մեկնել Հայաստան եւ ավելի մոտիկից տեսնել եւ ուսումնասիրել, թե ինչով կարող ենք օգնել մեր հայրենիքին, աշխատատեղեր բացել:

Երկար տարիների իմ փորձառությունն ու հանրության լայն շերտերի հետ հաճախակի շփումներն ինձ հուշում են, որ ռուսաստանցիների գերակշիռ մասը ցանկանում Է, որ հաջորդ նախագահական ընտրություններում Պուտինը վերընտրվի նախագահի պաշտոնում: Որպես գործարար եւ այս երկրի ապագայի համար մտահոգ մարդ ես այն կարծիքին եմ, որ Վլադիմիր Պուտինի աշխատանքը համապատասխանում Է մեր շահերին, ցանկանում եմ, որ նա նախագահ մնա նաեւ 2024 թվականից հետո, եւ շատ ուրախ եմ, որ Ռուսաստանի բնակչության մի զգալի հատվածը ամիսներ առաջ ՙայո՚ ասաց ՌԴ Սահմանադրական փոփոխությունների նախագծին: Ես եւ ինձ նման մտածող ռուսաստանաբնակ հազարավոր գործարարներ չենք ցանկանում երկրի կառավարման ղեկը հանձնել անփորձ ու հասարակության լայն շերտերի կողմից չճանաչված մեկի, կորցնել տարիների ձեռքբերումները, մեզ տրված այն հնարավորությունները, որոնք արդար քրտինքով վաստակել ենք Վլադիմիր Պուտինի նախագահական ժամանակաշրջանում:

Առիթից օգտվելով, ցանկանում եմ ՙԱզգ՚ թերթի միջոցով, եւ, ինչու չէ, նաեւ թերթի ընթերցողների անունից, շնորհավորել Վլադիմիր Պուտինինՙ հոկտեմբերի 7-ին կայանալիք ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրան ցանկանալ քաջառողջություն, եռանդ, ամուր կամք, իմաստնություն եւ համբերությունՙ աշխարհի մարտահրավերներին դիմակայելու եւ մեր ժողովուրդների բարեկամությունն ու անվտանգությունը անսասան պահելու համար:

Հ.Գ.- Սրտանց միանում ենք պարոն Մարկոսիՙ Վլադիմիր Պուտինի ծննդյան տարեդարձի առթիվ հղած բարեմաղթանքներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ