RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020



Տեղադրվել է` 2020-09-29 20:02:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1240, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒՐՋ-ԱՆԼՈՒՐՋ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Սեպտեմբերի հերթական երկուշաբթին նախորդների պես էր ընթանալու: Առավոտյան, ինչպես միշտ, մարզական քայլքի ելա, անցա ամենօրյա տարածքի որոշակի մասն ու անակնկալի եկա. երեկ այս բնակելիի առաջին հարկի մայթամերձ մուտքի վերեւում «Համայկարգիչների սպասարկում» ցուցանակ էր փակցված, հիմաՙ «Տրիկոտաժ»: Շփոթմունքս ստուգելու նպատակով աջ ու ձախ նայեցի, որտեղ մնացած ամեն ինչն իր տեղում էր, բացի այդ մեկից: Նախորդ օրերը շաբաթ-կիրակի էին, երկրում էական ոչինչ չէր եղել, այդ թվումՙ տեղեկատվական տեխնոլոգիաները գերակա համարելու առումով, առավել եւսՙ այն ներքնաշորերի առք ու վաճառքով փոխարինելու տեսքով: ՏՏ ոլորտի զարգացումը մեզանում առաջնահերթություն է եւ վերջ: Վստահել եմ իշխանության խոսքին, այն երբեւէ քննարկման խնդիր չեմ դիտարկել: Հավատացել եմ թե՛ սիլիկոնյան հովիտ ասվածին, թե՛ մերոնց համաշխարհայինին, թե աննախադեպին, որոնք ենթադրում են նոր աշխատատեղեր ու համակարգիչներ, դրանց էլ սպասարկման ծառայությունների ընդլայնում, ինչպես մեծն Հակոբ Պարոնյանն է նկատելՙ բժիշկների շատանալու հետ բուժման կարիք ունեցողների քանակն էլ է շատանում: Իսկ ահա այստեղ համակարգիչների աննախադեպ ավելանալու պարագայում դրանց սպասարկող ծառայությունն է վերանում, այն ներքնաշորերով է փոխարինվում, որը հագնել-լվանալուց հետո պարտադրված ես ի տես բոլորի փռել-չորացնել: Ինչպիսի՜ անհարմարություն, ծաղկի ու կանաչ քաղաքի հանդեպ աններդաշնակություն, ազգային արժեքների հանդեպ էլՙ մի տեսակ տարօրինակ պահվածք:

Կարճ կապեմ: Տարօրինակ զգացումներով տուն եմ վերադառնում ու հեախոսազանգ ստանում: Վանաձորից ընկերս է, վրդովված է, մեր միջեւ հաճախ վեճի հասնող թեմայով կիսվել է ուզում:

- Հարգելիս, - ասում է, - երեկ կուկուռուզի կողրեր գնեցի, ժամերով խաշեցի, չի փափկում, ի՞նչ անեմ:

Առավոտյան տեսածիցս ազատվելու, կատակելու ցանկություն առաջացավ, ու ասացի:

- Յուրաքանչյուր կողրի հաշվով մեկ ճաշի գդալ անգլիական աղ լցրու, կփափկի:

Կատակը-կատակ, բայց պարզ չէ, թե մեզանում վաճառվող լուսանկարում պատկերված այս հիանալի տեսքով հացազգիները, որոնք բուսաբանական 9 խմբի են բաժանվումՙ ատամնաձեւ-ճայթողից մինչեւ մոմային-թեփուկավոր, ինչքանով են հարմար մարդկանց կողմից սպառվելու նպատակով: ՀՍՀ հանրագիտարանում նշվում է, որ եգիպտացորենի հատիկը, կանաչ զանգվածը եւ սիլոսը սննդարար կերեր են: Վստահ եմ գուշակեցիք կերեր ասվածը, քանզի մարդկանց կողմից օգտագործվողը սնունդ է կոչվում: Եվրոպական առեւտրային ցանցում վաճառվող եգիպտացորենի կողրերը նկարում պատկերվածի հազիվ կես չափն են, երկու կողմերից համաչափ կլորավուն, երբ ՀՀ-ում մշակվողը բացառապես սրածայր է, այն խաշել-խորովելու ժամանակ կերայինից սննդայինի չի փոխակերպվում: Այնպես որ եգիպտացորենի հատիկը հիմնականում որպես կեր օգտագործելու նպատակով է, ասենք, ԱՄՆ-ում մինչեւ 400 մլն տոննա արտադրություն իրականացնում, Չինաստանում ուր որ է կհասնեն 300 մլն տոննայի, Եվրոպայում 130 մլն տոննայի, Բրազիլիայում 100 մլն տոննայի: Արդյունքում ապահովվում է կաթնա-մսամթերքների բավարար քանակներ, գները երկար ժամանակ կայուն են մնում, այդ ախորժելի սննդատեսակները բարեկեցիկ ապրող հանրությունների անդամների ճաշասեղաններին են:

Իսկ մերն ուրիշ է, ուրի՜շ... Օրեր առաջ մերժեցի ուսանողական ընկերոջսՙ խորոված եգիպտացորեն վայելելու հրավերը. պատճառաբանեցի գործերով ծանրաբեռնվածությունս: Ընկերս ապշեցուցիչ ելք գտավ:

- Լավ, մի 2-3 օրից նորից կկազմակերպեմ, նախօրոք էլ կզանգահարեմ, հետն էլ հիշեցնեմՙ ընտանյոք եք հրավիրվում:

Հիմա ի՞նչ մոգոնեմ, գուցե ընթերցողս հուշի: Միայն խնդրում եմ չասեքՙ քեզ նեղություն տուր, ընկերոջդ հաճույքը բազմապատկիր:

Նման մտորումներով տարված կեսօրին նկատում եմ, որ ՀՀ վարչապետն է հեռուստացույցով ելույթ ունենում: Ներկայացնում է ոչ ավել, ոչ պակասՙ 2020-2050 թվականների Հայաստանի վերափոխման ռազմավարություն, առանց հեղինակի թե հեղինակների հիշելու: ՀՀ քաղաքացուս շնորհված վարչապետական լիազորությունները մի կողմ դնելով, որը արձագանք է ենթադրում, մտորում եմ. ո՞ւր է թե ռազմավարությունում դրվածՙ ո՞ւր ենք գնում- ի՞նչ ենք ուզում հարցերի ընթացքում նշվեր, ասենք, 2020-ին ծնված 20-հազարերորդ քաղաքացուն 2040-ին Հայաստանում արտադրված տիեզերանավով նորահայտ գալակտիկա ուղարկելու մասին: Այ դա կլիներ ռազմավարություն. թե չէՙ աղքատությունը հաղթահարենք աշխատանքով, 20-ապատկենք ՀՆԱ-ն, տաքսիներում արգելենք տհաճ որակվող երաժշտությունը, որոշ մարդկանց էլ ծխել-խմելու սովորույթն ու նման ծրագրեր կոչվողը լսել-անցել ենք: 1,5 ժամ տեւած մենախոսությունն ավարտվում է երազի հետ կապված ինչ-որ դատողությունով, որը Պարույր Սեւակը «Վառեցեք լույսերը» բանաստեղծությունում ձեւակերպել է այսպես:

Երազել է տալիս մութը,

Իսկ երազել մենք չենք ուզում:

Այն մեզ հեռացնում է իրականությունից, որի կարեւորումն ունի այսօր հայն ու հայաստանցին: Ինչ մնում է Գրիգոր Նարեկացիով աշխարհին ներկայանալուն, այն արդեն տարիների իրողություն է, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի ձեռամբ: Այն հեռարձակվեց ի լուր եւ ի տես համայն մարդկության:

Ահա այսպիսի երկուշաբթի մերօրյա Հայաստանում:

22.09.2020 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ