RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#028, 2020-09-11 > #029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020



Տեղադրվել է` 2020-09-29 20:02:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1105, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄ ՇԱՀԲԱԶՅԱՆԻ «ՉՆՉԻԿԻ» ՈԴԻՍԱԿԱՆԸ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի մամուլի ծառայություն

Մեկ տասնամյակ անց կինոռեժիսոր Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմը վստահ քայլերով սկսում է կերտել իր կենսագրությունը: Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված կինոնկարն ընդգրկվել է ասիական ամենախոշոր եւ ներկայացուցչականՙ Բուսանի միջազգային կինոփառատոնի «Նոր հոսանքներ» (New Currents) մրցութային ծրագրում (հոկտեմբերի 21-30-ը): Բուսանի փառատոնը, որը կինոաշխարհում հայտնի է բարձրաճաշակ եւ գեղարվեստական արժեք կրող ֆիլմերի ընտրությամբ, այս տարի ընդգրկել է 192 ֆիլմՙ 68 երկրից:

Ֆիլմի կարգախոսն էՙ «Նրա յուրահատուկ լինելը ոչ ոք չհանդուրժեց» :

Չնչիկը մի երիտասարդ աղջիկ է, որ ծնողների հետ ապրում է Անդրկովկասի հեռավոր, հովվերգական մի գյուղումՙ հեռու ժամանակակից քաղաքակրթությունից: Մտավոր թեթեւ արատով աղջիկը գյուղի ծաղրի առարկան է: Ծաղրը մի օր հասնում է բռնաբարության փորձի: Ամռան վերջում հայտնաբերվում է կարճատեւ սիրային կապի հետեւանքըՙ Չնչիկը հղի է: Համագյուղացիները ստիպում են աղջկա հորը դիմել դաժան քայլի եւ սրբել «անպատվությունը» գյուղի երեսից:

Կինոնկարի անցած ուղին

«Չնչիկ» լիամետրաժ խաղարկային ֆիլմը արտադրություն էր մտել դեռեւս 2008 թվականին: 2010-2012 թվականներին իրականացվեցին ֆիլմի մոնտաժման եւ դերասանների ձայնագրման աշխատանքները, սակայն ֆինանսների բացակայության պատճառով հետարտադրական փուլում նախատեսված` գունաշտկման, հնչյունավորման եւ համադրման աշխատանքները մնացին անավարտ: 2017թ. Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը որոշում ընդունեց լրացուցիչ գումար հատկացնել ֆիլմն ավարտելու համար: 2018 թվականին վերսկսվեցին կինոնկարի ավարտականՙ գունաշտկման, հնչյունավորման եւ համադրման աշխատանքները: 2019 թ. ֆիլմի աշատանքներն ամբողջությամբ ավարտվեցին:

Ֆինանսավորում

Այս կինոնախագիծը ի սկզբանե եվրոպական արտադրողների ուշադրության կենտրոնում է եղել. մասնակցել է կինոնախագծերի զարգացման համակովկասյան շվեյցարական ԱՎԱՆՏԻ ծրագրին (SDC-Swiss Development Agency-AVANTI) : Երբ սցենարը վերջնական պատրաստ էր, նախագիծը շքերթային հաջողություն ունեցավ եվրոպական մի շարք կինոֆոնդերում, այդ թվումՙ դրամաշնորհ ստացավ ՀՅՈՒԲԵՐ ԲԱԼՍ ֆոնդից (HBF-The Netherlands)ՙ սցենարի զարգացման համար: Ապա նախագիծը մասնակցեց Ռոտերդամի կինոփառատոնին կից կինոշուկային (CineMart) եւ կինոնախագծերի մրցութային շուկայում շահեց Հյուբերբալս ֆոնդի արտադրական դրամաշնորհը: Եվս մեկ դրամաշնորհ էլ նախագիծը ստացավ ՎՈՐԼԴՍԻՆԵՄԱ ֆոնդից (WCF-Germany): Ֆիլմի պրոդյուսերներ Արա Մնացականյանը եւ Մելիք Կարապետյանը համարտադրության պայմանագրեր կնքեցին հոլանդական եւ գերմանական կինոընկերությունների (ISABELLA FILMS-Els Vandevorst, The Netherlands, zerofiction-Martin Hagemann, Germany) հետ, ապա Ֆիլմի բյուջեն համալրելու նպատակով դիմեցին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի աջակցությանը: Կինոնկարը ֆինանսավորում ստացավ նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնից:

Համայնքը հաճախ չի ընդունում անհատի եզակիությունը եւ անձնական երջանկության իրավունքը: Համայնքը դրանից վեր է դասում «ավանդականը»: Ցավոք, սա դեռ գոյություն ունի շատ երկրներում եւ մշակույթներում: Այս չարաբաստիկ պրակտիկայում փոփոխություն մտցնելը շարունակում է մնալ մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերներից եւ պարտավորություններից մեկը:

Խորը արմատացած սոցիալական մշակույթի համընդհանուր վարքագիծը հանգեցրեց մի ողբերգական պատմության, որը դրդեց ռեժիսոր Արամ Շահբազյանին, պրոդյուսերներ Արա Մնացականյանին եւ Մելիք Կարապետյանին («Արմնա Փրոդաքշն») ստեղծել ունիվերսալ կինեմատոգրաֆիկ հուշակոթող հանուն երիտասարդ աղջկա` Չնչիկի:

Մի առիթով, ֆիլմի ռեժիսորն ասել է. «Այս Ֆիլմում ոչ մի կադր, ոչ մի բան չի հնացել, չկա մի դրվագ, որ ես նայեմ ու ասեմ. այս մի բանը կփոխեի, այս մի բանը կվերանայեի: Հիմա ֆիլմը վերջացնում եմ սկսելուց մոտավորապես տասը տարի հետո, բայց կոնկրետ այս ֆիլմի հետ կապված ոչինչ չի փոխվել» :

Ֆիլմը երեք երկրի համարտադրություն էՙ Գերմանիա, Հոլանդիա, Հայաստան:

Բեմադրող ռեժիսորՙ Արամ Շահբազյան ,

Դերասաններՙ Լիլի Էլբակյան , Հիլդա Օհան , Յուրա Կոստանյան , Արթուր Պապիկյան ,

Սցենարի հեղինակներՙ Մարիամ Ասրյան , Արամ Շահբազյան , Արա Մնացականյան , Հարություն Կբեյան ,

Բեմադրող օպերատորՙ Հայկ Կիրակոսյան ,

Բեմադրող նկարիչՙ Արմեն Ղազարյան ,

Կոմպոզիտորներՙ Դավիթ Դավթյան , Դավիթ Բաբայան ,

Համարտադրողներ`

«Զիրո ֆիքշն ֆիլմ»ՙ Մարտին Հագեման (Գերմանիա),

«Իզաբելլա Ֆիլմս»ՙ Էլս Վանդեվորստ (Նիդերլանդներ),

Արտադրող` «Արմնա Փրոդաքշն» ,

Պրոդյուսերներՙ Արա Մնացականյան , Մելիք Կարապետյան (Հայաստան):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #30, 25-09-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ