RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#029, 2020-09-18 > #030, 2020-09-25 > #031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020



Տեղադրվել է` 2020-10-01 23:45:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 3228, Տպվել է` 125, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԹԱԿԵՑ ՄԵՐ ԴՌՆԵՐԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մի քանի օրվա մեջ մեր կյանքը ոտնիգլուխ շուռ եկավՙ միանգամից սկսվեց ամեն օր սպասվող, ու, այնուամենայնիվ ,անսպասելի պատերազմը:Ադրբեջանը, թիկունքում ունենալով տարածաշրջանային խառնակիչ էրդողանյան Թուրքիան, խախտեց Արցախի ու անգամ Հայաստանի սահմանների անդորրը: Հայերն ամբողջ աշխարհում րոպե առ րոպե սպասում են ռազմաճակատային (այոՙ հենց ռազմաճակատային) ամփոփագրերին: Միայն երեկ մերոնք խփել են թշնամու երեք ինքնաթիռ, երկու ուղղաթիռ եւ վեց ԱԹՍ: Ինչպես Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է ասումՙ մի քանի օրում Ադրբեջանը այնքան զինտեխնիկայի կորուստ է ունեցել, ինչպես չէր ունեցել ղարաբաղյան առաջին ողջ պատերազմի ժամանակ: Մարդկային կորուստներով եւս թշնամին մի քանի անգամ գերազանցում է հայկական կորուստները: Հայկական կողմը հարյուրից ավելի կորուստ ունի, բազմաթիվ վիրավորներ: Հայությունը ոտքի է կանգնելՙ ճակատ մեկնելու համար կամավորականներ են դառնում, ֆինանսական ու նյութական աջակցություն տրամադրում Արցախին ու բանակին, պատերազմ է:

Ուր է ԵԱՀԿ Մինսկի խումբը

Երեկ վերջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարներըՙ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես եկան համատեղ հայտարարությամբՙ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջՙ «ամենավճռական» ձեւով դատապարտելով բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում.

«Մենք սգում ենք զոհերի համար եւ ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին:

Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջեւ: Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներինՙ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորությունՙ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»: Հա, բայց ուր էին մինչեւ հիմա իրենց համատեղով, էլի ինչ անհասցե հավասարեցում է, եւ, առհասարակ, ԵԱՀԿ Մինսկի խումբը իրենից ուժ ներկայացնո՞ւմ է, թե փաստորեն մի անուժ կառույց է, հեռվից խորհուրդներ տվող: Կամ ինչու են նրա մաս պետությունները չորս օր տարածաշրջանային շահեր ունեցող դիտորդի կարգավիճակն իրենց հարմար համարել, տեսնելու համար, թե ով ՙում կգետնի, ըստ այդմ հետո դիրքավորվելու: Այդ դեպքում Մինսկի խումբը ինչպե՞ս պիտի կարգավորման խնդիր լուծեր մինչեւ այժմ, եթե թույլ է տալիս, որ Ադրբեջանը դառնա Թուրքիայի խաղալիքը, նրա ցանկություններով պատերազմի: Թուրքիան Ադրբեջանին հրահրում է, մեր դաշնակից Ռուսաստանն իրեն պահում է զգուշավոր ու տեղ-տեղ անհասկանալի, անգամ ակնարկում, որ Հայաստանն իրեն խնդրի միջամտելՙ ռուս խաղաղարարներ Արցախ ուղարկելն ակնարկելով: Չենք խնդրում, առայժմ մեն-մենակ Ադրբեջանին, իսկ ավելի ստույգՙ նրա պատրոն Թուրքիային հիասթափեցնում ենքՙ զգալի կորուստներ պատճառելով Ադրբեջանին: Ողջ տարաշրջանին սպառնացող այս պատերազմը, երկարելու ու ծավալվելու դեպքում, իր մեջ կներքաշի բոլոր շահավոր պետություններինՙ իր հետեւանքներով հանդերձ, իսկ դա տնտեսական եւ քաղաքական անկայունություն է, դրան պիտի որ համաձայն չլինեին շահավորները. որքան էլ հեղինակազրկված իշխանություն ունեցող Թուրքիային ու Ադրբեջանին ձեռնտու լինի դաՙ պիտի որ հարմար չլինի Վրաստանին ու Իրանին, որոնք ներքին խնդիրներ ունեն, ու այդ իրավիճակում այդ խնդիրները կարող են սրվել, Ռուսաստանին պիտի ձեռք չտար, որի համար մենք մուսուլմանական աշխարհի դեմ պատվար ենք: Փաստորեն Ռուսաստանի լուռ թողտվությամբՙ Թուրքիան մեր տարածքում եւս ղարաբաղյան կարգավորման հարցում ուզում է ոստիկանի իր դերը ստանձնել, ինչպես Սիրիայում, յուղ լցնելով պատերազմի կրակի վրա:

Միջազգային փորձագիտական մակարդակով ենթադրվում է, որ խաղաղ կարգավորման հնարավորությւոններն այս ծայրահեղ լարված պատերազմական իրավիճակում նվազ են: Իսկ Թուրքիան, մասնակցելով հակամարտությանը, փաստորեն ձգտում է Մինսկի խումբ խցկվել: Թուրքիայի արտաքին գործերի տխրահռչակ նախարարը խոսում էր ղարաբաղյան հակամարտության գոտում Թուրքիայիՙ Ռուսաստանի հետ միասին աշխատելու առաջարկի մասին: Բայց անգամ երեկվա պատերազմական ամփոփագրերով Ադրբեջանը պարտվում էՙ ձեռնունայն թողնելով իր պատրոնին, այդ դեպքում ի՞նչ առաջարկներից է խոսում Թուրքիան, կամ ինչո՞ւ գործնական աջակցությունը կարեւոր պետություններից դեռեւս օդում եղած մշուշ է, ուղղակի հայտարարություն, երբ Հայաստանն ու Արցախը միայնակ կանգնել են Հարավային Կովկասի աղմկարարի դեմ: Համենայն դեպսՙ մեր երկրի վարչապետի մակարդակով անգամ ուղերձը հղվում է միջազգայիններին. «Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա այլեւս միջազգային անվտանգության հարց է, եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը», սոցիալական ցանցի իր էջում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն», նշել է վարչապետը:

Ի՞նչ կտա մեզ Արցախի ճանաչումը

Պատերազմի առաջին իսկ օրից տարբեր շրջանակներ բարձրացնում են այս հարցը, թե պետք է սկսել Արցախի ճանաչման գործընթաց, հետագայում տեսնելով, թե ինչպես գործարկել դա: Համենայնդեպսՙ այդ հնարավորությունը չի բացառել ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, ո՛չ այլ պաշտոնյաներ:Մինչ այս, եթե հիշում եք, այդ հարցը պարբերաբար ԱԺ օրակարգ մտցնելու պահանջներ ներկայացնողներ եղել են անցյալում (օրինակՙ «ժառանգությունը»), սակայն Հայաստանի ղեկավարությունը միշտ էլ պատասխանում էր, թե դա ծայրահեղ իրավիճակի ամենավերջին գործիքն է եւ պետք է սառեցված պահել դիվանագիտական զինանոցում: Մանավանդՙ գոյություն ունի Արցախիՙ ժամանակին Հայաստանին միանալու մասին ընդունած փաստաթուղթը, որ հետո մոռացան կարծես:

Ի՞նչ վտանգ ունի Հայաստանի կողմից Արցախի միակողմանի ճանաչումը: Միջազգային հարթակներում հակառակորդ կողմը դա հնարավորություն կունենա ներկայացնելու որպես անեքսիա: Ճանաչումը Հայաստանն այնպես պիտի նախապատրաստի, որ իրենից հետո մի շարք բարեկամ երկրներ գոնե ճանաչեն Արցախի հանրապետությունը: Եթե Կոսովոյի նման լինի ու մի քանի ազդեցիկ պետություն նույնպես ճանաչի Արցախը, այդ դեպքում ճանաչումը կծառայի իր նպատակին: Բայց այս պատերազմը հենց ցույց է տալիս, թե որքան միայնակ է Հայաստանը, որ անգամ հարեւան-բարեկամ Վրաստանը օդային տարածք է փակում, ասել է թեՙ ամեն մեկն իր տարածրջանային շահը վեր դասելովՙ հազիվ թե ճանաչի Արցախը: Հաշվի նստե՞լ միջազգային իրավունքի հետ, բայց ո՞ր միջագային իրավունքի, այն, որ նայում է, թե ինչպես է Թուրքիան Հայաստանի վրա կործանիչ բարձրացնո՞ւմ: Հայաստանը դեռ պետք է, իհարկե, հաշվարկվիՙ պատեազմի ելքից հետո որոշում կայացնե՞լն է ճիշտ, թե հենց միջազգային իրավունքի վրա թքած ունեցող եւ հակամարտությանը խառնվող Թուրքիայի գործոնը նկատի առնելովՙ պիտի հիմա ճանաչի Արցախնՙ իր հետեւանքներով հանդերձ, այդ գործիքով պատերազմի վրա եւս ազդելով: Ու այդ դեպքումՙ ե՛ւ ռազմական, ե՛ւ դիվանագիտական ճակատներում ստիպված լինելով բոլոր հնարավոր միջոցներով եւ գուցե միայնակ պայքարելու. սա քննարկելիք նյութ է, բայցՙ արագ քննարկելիք:

Լրջացեք

Առիթներ եղել էՙ տարբեր ժամանակներում գրել ենք, որ Հայաստանը պետք է ունենա ֆինանսական եւ այլ ազդեցություններից ազատ մի ուղեղային կենտրոն, որը պետք է մշակի Հայաստանի պաշտպանության եւ զարգացման սցենարներըՙտվյալ ժամանակի ու ապագայի համար, մի տեսակ պետության նախագծման ճարտարապետը դառնալով, որի նախագծերը օրվա իշխանությունները պետք է դնեն իրենց ծրագրերի հիմքում: Այդպիսի կենտրոնՙ ոլորտային տաղանդավոր մասնագետներով, առանց գույնի ու խմբային պատկանելությյան, չի եղել ոչ անցյալում, ոչ հիմա: Տարատեսակ կուսակցական, կամ այս կամ այն երկրի ադեցությամբ ձեւավորված կենտրոնները հաշվի մեջ չեն, քանի որ նվազագույնըՙ անհուսալի են,առավելագույնըՙ վնասակար, տարբեր շահեր հետապնդելու պատճառով; Հանրային խորհուրդը հատկապես պիտանի կառույց չէ այդ խնդիրը լուծելու համար: Դրա բացը երեւոմ է հատկապես հիմա, երբ պատերազմը, հանկարծահաս, թե սպասելի, թափվեց մեր գլխին, ու համացանցը, զարմանազան կայք-ԶԼՄ-ները, մամուլն ու զարմանազան «վերլուծաբաններն» այնպիսի առատ «արտադրանք» են արտանետում, այնպիսի հակասական տեսակետներ, «հեղինակավոր» մոդուսներ աշխարհ բերում իրավիճակի մասին, այնպես ապակողմնորոշում հանրությանը պատերազմի զգացմունքայնության ֆոնին իրենց կազմալուծող բարբաջանքով, որ մնում ես ապշած հայերիս անհոգության ու բառադիության վրա: Որպեսզի հասկանալի լիներՙ այս պահին ինչն է ճիշտՙ Արցախի ճանաչո՞ւմը, նրա հետ մեծ ռազմական համագործակցության պայմանագի՞րը (փոքրն ունենք), Ռուսաստանին կամ ՀԱՊԿ-ն սահման հրավիրել-չհրավիրելը, թե Թուրքիայի հետ տետ-ա-տետ խոսելը, քանի որ մեր հաղթանակը որպես գործիք ուրիշի ձեռքը տալ կնշանակի հրաժարվել այս պահին հարյուրից ավելի մեր զոհված տղաների արյան գնով ձեռք բերված , կարելի է անգամ արդեն ասել, ռազամական եւ բարոյական առավելությունից: Պատերազմը պետք է թելադրի իր կանոնները, ու հուսով ենք հիմա, այս իրավիճակը բարենպաստ հաղթահարելուց հետո, կմտածենք այս մասին, կմտածենք բոլոր իրավիճակները նախագծող ուղեղային ԱՆԿԱԽ կենտրոն հիմնելու մասին, որպես կառավարության ու ԱԳՆ-ի օգնական: Առհասարակՙ այս պատերազմը շատերիս պիտի փոխի, հետագա անելիքները նոր լույսով սրբագրի, վերանայի իշխանության բացարձակապես բոլոր մոտեցումները: Որովհետեւ սովորական հայ մարդու կեցվածքըՙ միասնաբար սատար կանգնել կռվող Հայաստանին, առանց էս ու էն խմբային պատկանելությյանը տուրք տալու, արտերկրից արագահաս ֆինանսական եւ բարոյական աջակցությունը պիտի ստիպեն ներկա կառավարությանըՙ ինքզինքը եւս վերափոխելու, ոչ թե ջլատելու հայության ներքին ռեսուրսըՙ մարդկանց կողմերի բաժանելով, այլ միավորելով ողջ ռեսուրսն օգտագործելու քայլեր անելով.

Մերոնք շփոթված չեն

Երեւանի փողոցներում այսօր դեժավյու ապրեցիՙ անցած դարի իննսունականների սկզբի ոգին նորից արթնացած տեսնելով: Ողջ երիտասարդությունը դրսում էր ու մեծ ոգեւորությամբ Արցախ ուղարկվող հումանիտար բեռներն էր հավաքում, տեսակավորում եւ պատրաստում փոխանցման: Երիտասարդները դա անում էին ինքնաբուխ, անբռնազբոս, անպաճույճ, առանց իրենց երեւակայելու ու պաթոսի: Օպերայի մոտ յարխուշտա էին պարում անգամ աղջիկները, ու այնպես սիրուն էին պարում: Ամենուր կարտոնե արկղեր էինՙ վրան բովանդակության մասին թղթե ձեռագիր պիտակներով: Արկղերում ամեն ինչ էրՙ սնունդ, հագուստեղեն, խաղալիք ու դեղորայք, էլ ինչ ասես: Մեծ մասը հասցեագրված էր զինվորներին, սակայն արցախցուն ուղարկվող արկղերի պակաս էլ չկար: Աղջիկները ձեռագիր նամակներ էին տեղադրում դրանց մեջ: Ամենուր ազգային երաժշտություն էրՙ «Զարթիր, լաոից» մինչեւ «Այնպես կծեծենք, որ հիշեն հոր հարսանիք»: Ողջ Հյուսիսային պողոտայի երկարությամբ պիտակավոր արկղերը սպասում էին իրենց բովանդակությանը: Եիտասարդ տղաների ու աղջիկների խմբերը պարկերով ու տոպրակներով, ուրախ-զվարթ ու կարեւորՙ մոտենում էին այդ արկղերին եւ տեղ հասցնում հենց նոր գնած կամ ձեռք բերած իրերն ու սնունդը: Այնքան մարդկային, առինքնող, երկիրն ու զինվորին գուրգուրող զգացմունք, գույն ու բովանդակություն կար այդ բոլորում, այնքան գեղեցիկ էին այդ բոլորն անող ջահել դեմքերը. Էս երեխեքին էի՞նք քննադատում, թե բանի պետք չեն, ազգային չեն, լուրջ չեն, թռի -վռի ու անպատասխանատու սերունդ է եկել: Վայ, լրիվ ուրիշ պատկեր էրՙ աչք շոյող, խորը ենթատեքստերով, ապագայի հանդեպ հույսի առարկայացմամբ:

Լրիվ նորոգվեցի ու վերբեռնվեցի այդ բոլորին նայելովՙ ռազմական գործողությունների սկզբի պահից համակարգչից չէի հեռացել, ու նյարդերս էլ լրահոսից լրիվ շարքից դուրս էին եկել. Չէ, չէ ու չէՙ հրաշք երիտասարդություն ունենք, նրանք, որ երկիր պաշտպանելիս կյանքն են տալիս, սրանք, որ թեթեւ սրտով, առանց մեկ րոպե անգամ կասկածելու իրենց արածի մեջՙ պահում են կռվող տղաների թիկունքը, էքզիստենցիալ վտանգի հերն էլ անիծած, այս երիտասարդությունը հաղթող երիտասարդություն է, նյարդերս լրիվ հանգստացան:

Տուն գնալիս իմ թաղում էլ տեսա հարյուրավոր անվադողերի կույտը ու նրա մոտ կանգնած ջահել տղաներին. ասացինՙ ողջ Ավանից են հավաքել, դիրքերի համար են, առավոտյան կուղարկեն: Էնքան համոզված էին իրենց արածի նպատակին, էնքան վստահ էին, որ հաղթելու ենք:

Միայն թե մեր կողմից հորդորենք Արցախի աջակցությունը կազմակերպող կամավորներին, որ Հայաստանի եւ Արցախի պաշտպանական գերատեսչությունների հետ համաձայնեցնեն իրենց քայլերը, քանի որ ամեն ինչ չէ, որ անհրաժեշտ է Արցախում, հարկավոր իրերի ցուցակ կա արդենՙ ծխախոտ, շշալցված ջուր. երկարաժամկետ պահպանության քաղցրավենիք, պահածոյացված սնունդ, սուրճ ու խտացրած կաթ, հիգիենայի պարագաներ: Այս մասին հայտնել է Արցախի միասնական տեղեկատվական շտաբը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #31, 02-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ