RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#031, 2020-10-02 > #032, 2020-10-09 > #033, 2020-10-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020



Տեղադրվել է` 2020-10-15 23:08:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 844, Տպվել է` 1, Ուղարկվել է էլ.փոստով` 0

1920 ԵՎ 2020 ԹԹ. ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր

Չգիտեմ զուգադիպություն է, թե՞ նախապես ծրագրված, բայց ուղիղ 100 տարի առաջ, ճիշտ նույն սեպտեմբեր ամսին (ընդամենը 5 օրվա տարբերությամբ) թուրքերը հարձակվեցին նորաստեղծ Հայաստանի Հանրապետության վրա: Սկսվեց թուրք-հայկական պատերազմը, որը տեւեց մոտավորապես երկու ամիս: Ուժերն ու հնարավորությունները խիստ անհավասար էին, որոնց հետեւանքով էլ հայերը ցավալի պարտություն կրեցին: Փորձենք դիտարկել այս երկու պատերազմները մերօրյա լույսի ներքո:

1920թ. սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա: Զավթողական պատերազմը տեւեց շուրջ երկու ամիս: Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները: Հենց սկզբից պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար: Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը: Ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով:

Նկատենք, որ 1919 թ. Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ստեղծված կառավարությունը սկզբից եւեթ անհաշտ դիրք բռնեց իրենց տարածքային ամբողջականությունը վերականգնել ցանկացող Հայաստանի եւ Հունաստանի նկատմամբ: Ի դեմս նրանց տեսնելով իր ծավալապաշտական ձգտումներին խոչընդոտողների` առաջնահերթ խնդիր համարեց պայքարել նախ հույների, որի դրսեւորումը եղավ 1919-22 թթ. թուրք-հունական պատերազմը, ապա նաեւ` հայերի դեմ:

Քեմալը ձգտում էր օր առաջ հարձակվել Հայաստանի վրա, սակայն ձեռնպահ էր մնում, քանի որ Խորհրդային Ռուսաստանը չէր սատարում նրան: Այդ պատճառով էլ սկսեց նախ նախապատրաստական գործունեություն ծավալել դիվանագիտական դաշտում, որտեղ ընդգծված ակտիվություն էր ցույց տալիս նաեւ Ռուսաստանը: 1920 թ. ամռանը խորհրդային կառավարությունը առանձին-առանձին բանակցեց Լեւոն Շանթի գլխավորած հայկական եւ Սամի Բեքիրի թուրքական պատվիրակությունների հետ, նրանց աոաջարկեց ազգագրական սահմանի սկզբունքը, ինչը հաջողություն չունեցավ: Թուրքական կողմը պատճառաբանելով, որ եթե Նախիջեւանի վրայով կապ չստեղծվի Ադրբեջանում գտնվող կարմիր բանակի հետ, ապա թուրքական ազգայնական շարժումը կկործանվի: Բեքիրը պահանջեց խորհրդային Ռուսաստանի համաձայնությունը, որպեսզի թուրքերը գրավեն Սարիղամիշն ու Շահթախտը:

Այդ պայմաններում Սեւրում 1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի հաշտության պայմանագիրը, որով Անտանտի երկրները եւ Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը: Քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը: Ռուսաստանը 1920-ի օգոստոսի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին եւ 10 միլիոն ռուբլի ոսկով, մեծ քանակությամբ զենք եւ զինամթերքով օգնեց Թուրքիային: Հայաստանի վրա հարձակումը դիվանագիտորեն հիմնավորել տալու նպատակով քեմալական կառավարությունն օգտագործեց այն փաստը, որ դեռեւս 1914թ. սեպտեմբերին Բաքվում գումարված Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարում հայկական հարցի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց «իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ» տխրահռչակ ձեւակերպումը: Բացի այդ, թուրք էմիսարները ՀՀ-ում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ «իմպերիալիստների գործակալ» դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս բոլշեւիկները, եւ ազատություն են բերում հայ ժողովրդին:

Հայ բոլշեւիկները նույնպես, օգտվելով հայերի մեջ խոր արմատացած ռուսամետությունից եւ հավատից` թե փրկությունը գալու է Ռուսաստանից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում: Քեմալականներն էլ իրենց հերթին Հայաստանում բնակվող մուսուլմաններին էին հրահրում ելույթներիՙ Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար:

Այս պայմաններում, 1920 թ. սեպտեմբերի 22-ին թուրքական բանակը Քյազիմ Կարաբեքիրի գլխավորությամբ ներխուժեց Հայաստան: Շարժվելով Օլթիի, Սարիղամիշի, Կաղզվանի, Իգդիրի ուղղությամբ: Թուրքական եւ բոլշեւիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությունից թուլացած, երբեմնի մարտական եւ ուժեղ հայկական բանակը նահանջեց: Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց Անտանտի երկրներինՙ Սեւրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որեւէ օգնություն: Սեպտեմբերի 29-ին թուրքքերը գրավեցին Սարիդամիշը եւ Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին` Կարսը, նոյեմբերի 7-ին` Ալեքսանդրապոլը, նոյեմբերի 12-ին` Աղինը:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռեւս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները: Իսկ 1920-ի դեկտեմբերի 2-ին կնքվեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որն, ի դեպ, իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում հաստատվել էր խորհրդային վարչակարգը, եւ հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշեւիկներին: Թուրքական արշավանքը հսկայական վնաս հասցրեց հայ ժողովրդի արեւելյան հատվածին: Թուրքերը կոտորեցին 198 հազար մարդ, ավերեցին ավելի քան 140 բնակավայր` մոտավոր հաշվումներով պատճառելով 20 միլիոն ռուբլու (ոսկով) վնաս:

Հայաստանի Հանրապետության պարտության պատճառներն էին.

1. Հայաստանը պատերազմի պատրաստ չէր: Ուժերը խիստ անհավասար էին. թուրքական զորքը քանակապես գերազանցում էր հայկականին: 1920 թվականի հուլիս-օգոստոսին ՀՀ-ի դեմ թուրքերը կենտրոնացրել էին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ: ՀՀ-ն սահմանի վրա ուներ 30-36 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր:

2. պարտության մեջ հսկայական դերակատարություն ունեցավ եւ գլխավոր հանգամանքը եղավ ՀՀ-ի դեմ ռուս-թուրքական համատեղ ագրեսիան:

3. Հայաստանի նորաստեղծ հանրապետությունը գտնվում էր միջազգային մեկուսացված վիճակում: Թուրքիայում իրենց շահերը հետապնդող Անտանտի երկրները փաստորեն մերժեցին որեւէ օգնություն ՀՀ-ին: «Հայաստանը թուրքերին hարկադրելու չափ ուժ չուներ, իսկ Անտանտի դաշնակիցներն էլ նրա hամար ոչ մի զինվոր զոhաբերելու պատրաստակամություն չէին ցուցաբերում, ինչը hրաշալիորեն hասկացել էին քեմալականները, բայց ցավոքՙ ո՛չ Հայաստանի ղեկավարները»: Այնինչ, Թուրքիային ցույց տրվեց մեծ չափով դիվանագիտական, նյութական եւ քաղաքական օգնություն:

4. ՀՀ քայքայված տնտեսությունը դեռեւս չէր վերականգվել եւ թույլ էր:

5. Թշնամական եւ ներքին ուժերի քայքայիչ քարոզչությունից հայկական բանակն զգալիորեն կազմալուծվել էր, հատկապես տարածված դասալքությունը ջլատել էր նրա ուժերը: Կարո Սասունին, քննելով Հայկական բանակի պարտության պատճառները, նշում է թուրքական զորքի համեմատաբար լավ պատրաստվածությունը, կարգապահությունը, փորձառությունը, բարձր ոգին եւ նվիրվածությունը, հայկական հրամանատարության անպատասխանատու կեցվածքը եւ խուճապային տրամադրությունը, դաշնակիցների կողմից հայերին լքելը, բոլշեւիկների քարոզչությունը:

6. Հայկական բանակը զենք-զինամթերքի, սննդի, շարժակազմի խիստ պակաս ուներ, իսկ դրա դիմաց թուրքական բանակը հագեցած էր զինամթերքով եւ մյուս անհրաժեշտ ամեն ինչով եւ այլ` մեկը մյուսից կարեւոր պատճառներ:

Նշենք, հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ողբերգական փուլերից մեկի` թուրք-հայկական պատերազմի մասին բավականին շատ է գրվել: Թերթային հոդվածի սահմանափակ ծավալներից ելնելով ձեռնպահ ենք մնում հեղինակներին եւ նրանց աշխատությունները նշելուց, սակայն արձանագրենք, որ հայտնվել են տարատեսակ տեսակետներ այդ պատերազմի մասին: Օրինակ` մինչեւ օրս ավելի տարածված է պատերազմի «հայ-թուրքական» անվանումը, որը ոչ մի աղերս չունի իրականության հետ: Խորհրդահայ պատմագիտությունն էլ ստիպված տուրք տալով կոմունիստական գաղափարախոսությանը պատերազմն անվանել է ոչ ավել ոչ պակաս «դաշնակցական արկածախնդրություն»: Ի դեպ, նույնանման տեսակետ է հայտնել նաեւ բժիշկ, դաշնակցական նշանավոր գործիչ Հակոբ Զավրիեւը, որի կարծիքով թուրքերի hետ պատերազմը «ձեռնտու էր դաշնակներին, քանզի Հայաստանը այդ ժամանակ ապրում էր ծանր ճգնաժամ, եւ դաշնակները փնտրում էին փրկությունը ռազմական արկածախնդրությունների մեջ»: Հնչել են նաեւ իրականությունից հեռու ծայրահեղական կարծիքներ, ինչպիսին էր օրինակ` Թուրքիայում խորհրդային դեսպան Ս. Արալովինը, որը «նախահարձակ կողմ է համարում Հայաստանին» եւ այլն:

Իրականությունն այն է, որ հայ ժողովուրդը պատմության ընթացքում ինքնությունը պահպանելու համար հարկադրված է եղել ընդդիմանալ արեւմուտքից եւ արեւելքից իրեն շրջապատող հզոր տերությունների հարձակումներին: Ու թեպետ հաճախ զրկվել է անկախ պետականությունից, կորցրել այն, սակայն երբեք չի համակերպվել այդ վիճակին: Նա մշտապես աներեր պահպանել է իր ազգային նկարագիրը եւ մաքառել է պետականությունը վերականգնելու համար: Ուստի բոլորովին էլ պատահական չէ եւ հատկանշական է, որ մեր պատմության նորագույն շրջանը դարձավ հայկական պետականության դարաշրջան:

Այսօր` 100 տարի անց, անդրադառնալով թուրք-հայկական 1920 եւ 2020թթ. պատերազմներին, կարող ենք վստահորեն արձանագրել, որ բոլոր այն պատճառները, որոնք նպաստեցին հայերի պարտությանը 1920 թ. պատերազմի ժամանակ, ամբողջովին վերացված են, հետեւաբար մեր հաղթանակն էլ բոլոր առումներով կասկածի տեղ չի թողնում: Ռազմական, տնտեսական, տեխնոլոգիական եւ այլ ասպարեզներում մեր ձեռքբերումներն ավելի քան ակնհայտ են: Իհարկե, այդ ասպարեզներում որոշ ձեռքբերումներ ունի նաեւ հակառակորդը: Կարճ ասած` առկա են բոլոր աղբյուրները, որոնք ապահովել եւ ապահովում են մեր հաղթանակը, բայց ամենակարեւոր` հոգեբանական դաշտում մեր առավելությունն ավելի քան ակնհայտ է. մեր զինվորն ու սպան, ազգիս յուրաքանչյուր անհատ գիտի ինչ եւ հանուն ինչի է անում: Մենք պաշտպանում ենք մեր տունն ու հայրենին, գալիքն ու սրբատեղիները, մեր ժողովրդի պատիվն ու կյանքը: Այսինքն` մեր գործն իսկապես արդար է եւ պատիվ կբերի յուրաքանչյուր անհատի ու ազգի: Վստահ եմ նաեւ, որ այն լավագույն դասը կդառնա ապագա բոլոր սերունդների համար: Կասկածից դուրս է, որ հաղթանակը մերն է եւ մեր ավանդն ու նվերը բոլոր գալիք սերունդներին:

Խմբ. կողմից.- Որոշ պատմաբաններ էլ որպես 1920 թ.ի մեր պարտության պատճառ ընդգծում են մեկ այլՙ հոգեբանական գործոն. հայ զինվորը հոգեբանորեն պատրաստ չէր կռվելու ռուս զինվորի դեմ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #33, 16-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ