RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#032, 2020-10-09 > #033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020



Տեղադրվել է` 2020-10-22 23:02:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3799, Տպվել է` 150, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԻԱԿ ԼՈՒԾՈՒՄՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄՆ Է. ԳԱՐԵԳԻՆ Բ

ՆԱԻՐ ՅԱՆ

Վեհափառ Հայրապետի հարցազրույցը «Լա Ռեպուբլիկային»

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը օրերս հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին: Բավականին ծավալուն զրույցի ընթացքում Վեհափառն անդրադարձել է պատերազմի պատճառ ու հետեւանք հանդիսացող կարեւորագույն խնդիրներին: Նա վերահաստատել է այն աղաղակող ճշմարտությունը, որը հարյուր տարուց ավելի անտեսում է աշխարհըՙ Թուրքիան հենց այնպես չի խառնվել այս պատերազմին, նրա գերնպատակը նույնն է, ինչ նախորդ դարասկզբինՙ ցեղասպանել հայերին: Վեհափառը հենց այս փաստն է շեշտել իտալական պարբերականի հետ հարցազրույցում:

Նրա նշած ուղերձները, ձեւակերպումները հստակ մատնանշում են Թուրքիայի ու Ադրբեջանի սանձազերծած պատերազմի իրական նպատակներն ու նկրտումներըՙ խաղասեղանին հայկական երկու պետությունների ազգային անվտանգության հարցն է: Միջազգային կառույցների աչքի առաջ թուրք-ադրբեջանական ահաբեկիչները հարձակվում են հաեւ Հայաստանի սահմանների վրա, իսկ Արցախի ժողովուրդը բառացիորեն ցեղասպանվելու վտանգի տակ է: Հիմնախնդրի միակ լուծումն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, որն էլ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխիքը կարող է դառնալ: Վեհափառը խոսել է տարբեր պետություններից իր ակնկալիքների մասին. «Այս է սպասելիքը մեր բարեկամներից, որոնք պատրաստ են գործուն ջանքերով վերջ դնել հնարավոր նոր Հոլոքոստին կամ Ցեղասպանությանը»:

Լրագրողը հարց է տվել. «Առաջին խնդիրը ադրբեջանցիների համար վերադարձն է 1991 թվականի ստատուս քվոյին, այսինքնՙ Լեռնային Ղարաբաղի վերամիավորմանը: Ձեզ թվո՞ւմ է ընդունելի»:

Գարեգին կաթողիկոսը պատասխանել է, թե Արցախի հայկական լինելու մասին պատմական վկայակոչումներ չի մեջբերում. խորհրդային տարիներին Ստալինի որոշմամբ է Արցախը բռնակցվել Ադրբեջանին: «Մենք դինավագետ չենք, քաղաքական գործիչ չենք, մեր առաքելությունն է քարոզել մարդ արարածի նկատմամբ Աստծո սիրո, արդարության ու խաղաղության մասին, զգուշացնել, երբ դրանք վտանգված են: Մարդու ազատ ու անկախ կամքի պաշտպանությունն այդ սիրո դրսեւորումն է»,-ասել է Վեհափառըՙ վերահաստատելով, որ արցախցիներն ինքնորոշվել են վաղուց եւ ուզում են ազատ ու անկախ ապրել, ինչն աստվածահաճո դրսեւորում է:

Հայ առաքելական եկեղեցին անցյալ տասնամյակների ընթացքում ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց մեր եկեղեցու խաղաղասիրական ելույթներին հակադրվել են ռազմատենչ կոչեր:

Իտալացի լրագրողը հարցրել է նաեւ Շուշիի սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման մասինՙ նշելով, որ ադրբեջանական արկերը, չգիտես ինչպես, չեն դիպել հայերի կողմից վերականգնված նրանց մզկիթին: Վեհափառը վանդալիզմ եւ սրբապղծություն է որակել սուրբ Ամենափրկչի հրթիռակոծումը եւ պատմել, որ անցած տասնամյակների ընթացքում ադրբեջանցիները նույն վանդալիզմն են իրականացրել Նախիջեւանում եւ Ադրբեջանում գտնվող հայկական պատմամշակությային կոթողների ու եկեղեցիների նկատմամբ: Անպատժելիությունը նոր ոճիրներ է ծնում. նույն սրբապղծությունը կրկնվեց նաեւ Մերձավոր Արեւելքում:

Առայժմ խաղաղությունը չի հաստատվել շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ներթափանցման փորձեր են ձեռնարկումՙ խլելով նորանոր անմեղ կյանքեր, ասել է Վեհափառը հոկտեմբերի 20-ին տված հարցազրույցում: Սա չի կարող ցավ չպատճառել,- ասել է նա,- զոհվում են Աստծո զավակներՙ կոչված ապրելու խաղաղ, երջանիկ եւ բարօր կյանքով:

«Աղոթում ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն եւ նպաստեն, որ ձեռք բերված հումանիտար հրադադարը վերաճի կայուն խաղաղության»,- զրույցն ավարտել է Վեհափառ Հայրապետը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #34, 23-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ