RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#033, 2020-10-16 > #034, 2020-10-23 > #035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020



Տեղադրվել է` 2020-10-29 22:46:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1254, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՆՊԱՍՏ ՀԱՎԱՔ ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

ԱՆՈՒՇ ԲԱԼԱՅԱՆ

Կիրակի, հոկտեմբերի 25-ին, ժամը 13-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում, Սուրբ Սավա տաճարի առջեւ տեղի ունեցավ հանրային հավաք-աջակցությունՙ ուղղված հայ ազգին, ազատության, կենաց եւ հայրենիքի պահպանման համար մղվող նրա արդար պայքարում: Հավաքվել էին սերբեր, վերջին մի քանի տասնամյակում Սերբիայում բնակություն հաստատած հայեր եւ եղեռնապուրծ հայերի սերունդներ: Հավաքի մասնակիցների առջեւ եւ նրանց անունից հանդես եկան գրող եւ հումանիստական գիտությունների դոկտոր Լուկա Յոկսիմովիչ Բարբաթը , Երեւանի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Պրեդրագ Միյանովիչը , Ավիացիայի սպա Միլորադ Ջոշիչը , իրավաբանական գիտությունների դոկտոր Բոժիդար Միտրովիչը , բանասիրական գիտությունների դոկտոր, գրող Ռադոմիր Բատուրանը , բանաստեղծուհի Անուշ Բալայանը , որն այս առիթով կարդաց Ալբերտ Մուշեղյանի «Արցախ» բանաստեղծությունն իր իսկ սերբերեն թարգմանությամբ: Գրող Նատաշա Ռադուլովիչն ընթերցեց Խաղաղության գրականության եւ մշակույթի միջազգային ֆորումից հայաստանցի բանաստեղծուհի Արմենուհի Սիսյանին ուղղված նամակըՙ հաջակցություն Արցախի ճշմարիտ պայքարի: Իր աջակցության խոսքն ասաց նաեւ «Սլոբոդնա Հերցեգովինա» համացանցային ինտերնետ պորտալի խմբագիր Գորան Լուչիչը եւ կարդաց միասնական հաղորդագրությունՙ ուղղված հայ ազգին.

«Սերբական ձայնը Հայաստանին,

Սերբ ժողովուրդը, որի նկատմամբ միայն քսաներորդ դարում երեք անգամ եղեռն է ոճրագործվել, ամենաշատն է զգում ու հասկանում հայ ազգի տառապալից անցյալը, անհանգիստ ներկան եւ անհայտ ապագան:

Մենք հիշում ենք, մինչդեռ անինքնության ու անիրավության նոր ժամանակը չի սիրում նրանց, ովքեր իրենց հիշողության մեջ վառ են պահում անցյալի փորձությունները:

Պատմությունը քաղաքականություն չէ, բարեկամությունը շահ չէ, այսինքնՙ հանուն տոկոսի փոխառություն չէ: Պատմությունը ժամանակի հաստատումն է, իսկ բարեկամությունըՙ սրբության գրավական: Մեզ այդ ավանդել է Սուրբ Սավան, եւ մենք ութը դար հետո էլ հիշում ենք ու հետեւում այդ պատգամին:

Մենքՙ այստեղ հավաքվածներս, հայերը եւ Սերբիայում հայ ժողովրդի բարեկամները, հինավուրց եւ քաջ Բելգրադից, սերբ Սուրբ Սավայի տաճարի առջեւ, հայ ժողովրդին ուղղում ենք մեր սրտի խոսքը, որ նրան անկեղծորեն աջակցում ենք նրա ազատության, ազգային միասնության եւ հայոց երկրի պաշտպանության արդար պայքարում: Մենք հիշում ենք միջազգային ատյաններում սերբական Կոսովոյի եւ Մետոխիայի պաշտպանության ձեր զոհողությունը:

Քաջությունն ու համերաշխությունը պահապանն են ճշմարտության, արժանապատվությունը պաշտպանն է կյանքի: Մնացե՛ք արժանապատվորեն այն հողի վրա, որ ժառանգել եք ձեր նախնիներից: Մնացե՛ք արդարացի այն օրենքներում, որոնք սրբացրել եք փառքով:

Եվ կունենաք ձեր հետնորդները: Ճշմարիտ աշխարհը ձեզ է նայում:

Բելգրադ, 25-ը հոկտեմբերի, 2020 թ.»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #35, 30-10-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ