RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
2020-11-24 14:39:19ԱՄՆ դեսպանատունը մերժել է մուտքի արտոնագիր տալ պաշտոնյաներին. Փաստ
2020-11-23 17:06:41«Իմ քայլի» պատգամավորները հրատապ կերպով վիզաների հարց են լուծում․ Mediaport
2020-11-20 18:40:30Սոթքի ոսկու հանքավայրը կիսով չափ Ադրբեջանի տարածքում է հայտնվելու
2020-11-20 12:28:05Ալիևը ստորագրել է Արցախի շուրջ հայտարարությունը առանց Էրդողանի համաձայնության․ wargonzo
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 927, Տպվել է` 0, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԱՀԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Վերջին տարիներին գրական ասպարեզ իջած ուշագրավ գործերից է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Ձեւովՙ ուղեգրություն, խորքովՙ քաղաքափիլիսոփայական: Ուղեգրությունՙ աշխարհաճանաչողական իսկապես հետաքրքրական դրվագներով ու հանդիպումներով, աշխույժ, կենդանի, տեղ-տեղ սրամիտ դիալոգներով, միաժամանակՙ քաղաքական դիտարկումներ` համեմատական մեկնաբանություններով լեցուն:

2018 թ.ին «Անտարես» հրատարակչատան կողմից լույս տեսած 383+ էջանոց գիրքը գրախոսելը չէ մեր նպատակը այս պահին, այլՙ ընթերցողին ներկայացնել մի փոքր, բայց շատ հատկանշական հատված այդ գրքիցՙ ներկա օրերի համար խորհրդածելու լայն առիթ տվող: Ավելորդ է հավելյալ որեւէ բացատրություն կամ մեկնաբանություն: Սակայն արժի այստեղ մեջբերել մի միտքՙ անկրկնելի Շահան Շահնուրից. «Ցուցատախտակները ցոյց կու տան ուղին, որուն պէտք է հետեւիլ հասնելու համար նպատակի մը: Բայց ցուցատախտակները երբեք չեն շարժիր իրենց տեղէն, չեն հետեւիր մատնանշուած ճամբուն, եւ չեն երթար դէպի նպատակը: Ա՛յդ է իրենց սովորութիւնը»:

Խմբ.

Հավանայի հենց օդակայանում ինձ թվաց, թե հայտնվել եմ ԽՍՀՄ 16-րդ հանրապետությունում, որտեղՙ հեռու լինելու, կղզի լինելու պատճառով մարդիկ չեն լսել «Մայր հայրենիքի» փլուզման մասին եւ ապրում են նախկին իներցիայով: Կարելի էր այլ բան էլ մտածելՙ սա մի մեծ թանգարան էՙ ցուցանելու համար, թե ինչպիսին է եղել հին աշխարհը:

Այս դատարկ օդակայանը, թերբեռնված փողոցները, որտեղ չկան խցանումներ եւ կայանելուՙ «պարկինգի» պրոբլեմ, որտեղ մարդկանց չեն ճնշում անհեթեթ ու զզվելի գովազդային վահանակներըՙ նույնիսկ հանգստացնող ու հոգեպարար են թվում: Մի պահ նույնիսկ հաճելի է, որ փողոցների երկայնքով կարող ես տեսնել ծառեր ու միայն ծառեր, թփեր ու միայն թփեր:

Բայց այս թվացյալ հանգստության տակից, ի վերջո, դուրս է գալիս թշվառությունը: Հազար տարվա «Քսանչորս», «Ջորի», «Քսանմեկ», նույնիսկՙ «Զապ» ու «Պիսյատտրի». այսպիսի մաշած մոդելների մաշած նմուշներ կարելի է տեսնել Հավանայում: Դե, «Մերսեդես» ու չգիտեմ ինչ էլ կա, բայց նույնքան մաշված, նույնքան հին: Կան նաեւ գովազդային մեծ պաստառներ, բայց դրանք ոչ թե ինչ-որ ապրանք են գովազդում, այլ Ֆիդել եւ Ռաուլ Կաստրոների անխախտ եղբայրությունը:

Կուբան, Ֆիդելի Կուբան, ակնհայտորեն ժամանակ է ձգում, ակնհայտորեն խաղում է ժամանակի վրա: Այն Կուբան, այն Ֆիդելը, որ ժամանակին հիացմունք էին առաջացնում, հիմա նմանվում են ընդամենը ուրվականի, տխուր ուրվականի: Սա նշանակում է, որ կուբայական հեղափոխության մեջ ինչ-որ բան այն չէր: Կարծեսՙ մինչեւ այժմ եղած շատ հեղափոխությունների մեջ ինչ-որ բան այն չի եղել, որովհետեւ շատ հաճախ խախտվում է հեղափոխականի հիմնական սկզբունքը: Հեղափոխականի, հեղափոխության առաջնորդի համար բարձրագույն խնդիր պիտի լինի, գերնպատակՙ երբեք չդառնալ այնպիսին, ինչի դեմ պայքարում է հեղափոխությունը: Ֆիդելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Կրոմվելը չկարողացավ լուծել այս խնդիրը, Լենինը չկարողացավ լուծել այս խնդիրը, Նապոլեոնը չկարողացավ լուծել այս խնդիրը:

Բայց քավ լիցի, սա չի պատկանում մարդկության չլուծված խնդիրների շարքին, որովհետեւ այդ խնդիրը լուծվեց, այդ խնդիրը լուծեց նա, ով հաղթական մտավ այս քաղաքը, եւ որի անունն է Էռնեստո Չե Գեւարա: Ամենամեծ հեղափոխականը մարդկության պատմության մեջ, ամենամեծը, առաջինը, անգերազանցելին: Իսկ ինչում է նրա մեծությունը. առաջին հերթինՙ շատ պարզ, բայց իրագործման առումով անասելի բարդ մի բանաձեւի. հաղթել, եւ հրաժարվել հաղթանակի վայելքներից: Չե Գեւարան, թերեւս, հասկացավ, որ իշխանությունը մահ է իսկական հեղափոխականի համար, իսկական հեղափոխականը երբեք իշխանավոր չպետք է լինի, իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց չպետք է հաստատի իշխանություն եւ օրենքներ: Ես այսպես եմ հասկանում Չե Գեւարային: Եվ ժամանակի ու պատմության փորձությունը թույլ է տալիս ասել սա. իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասումի, որ գալիս է անսպասելի եւ հեռանում անսպասելի:

Իսկական հեղափոխականը պետք է տապալի իշխանություններ, բայց իսկական հեղափոխականը չպետք է հաստատի օրենքներ եւ չպետք է ունենա իշխանություն:

Իսկ ո՞ւմ պետք է պատկանի իշխանությունը հեղափոխություն ապրած երկրներում. քաղաքացուն, քաղաքացիների հավաքականությանը, որ կոչվում է ժողովուրդ: Ֆիդելը նույնպիսի մեծություն կլիներ, եթե հետեւեր Չե Գեւարայի օրինակին. պարտադիր չէր նրա ետեւից գնալ Բոլիվիա: Բավարար էր միայն Կուբայի ժողովրդին հնարավորություն տալ ասելու. կներես, Ֆիդել, բայց դու ազատված ես աշխատանքից: Հիմա նա այլեւս հերոս չէ, այլ սովորական մի բռնակալ:

Իսկական հեղափոխականի համար մահ է իշխանությունը, որովհետեւ իսկական հեղափոխականը քանդում է փտած համակարգերը, իսկական հեղափոխականը անգամ զենք է վերցնում: Բայց վայ այն հեղափոխականին, որ դա անում է հանուն սեփական իշխանության: Իսկական հեղափոխականը պետք է ազատագրի իշխանական կաբինետներ, մաքրի այդ կաբինետներն այնտեղ սերտաճած տգետներից, բայց իսկական հեղափոխականը չպետք է մնա այդ կաբինետներում, այլ այնտեղ պիտի թողնի միայն հուշ իր մասին, եւ իր վերադարձի սարսափը պիտի ծեփի այդ կաբինետների պատերին: Իսկական հեղափոխականը պետք է նմանվի Աստվածային ցասման, նախատեսված բոլոր նրանց համար, ովքեր հավատում են միայն իրենց տեսածին եւ քամահրանքով են վերաբերվում Աստվածային ցասման վիրտուալ սպառնալիքներին:

Իսկական հեղափոխականը չպետք է կորցնի զգոնությունը հեղափոխության հաղթանակից հետո, որովհետւ հեղափոխության հաղթանակը պետք է պսակվի ժողովրդի ինքնիշխանությամբ, երբ ժողովուրդն ազատ է իշխանություն ձեւավորել եւ ազատվել իր ձեւավորած իշխանությունից, երբ ժողովուրդը, քաղաքացին ազատ է արտահայտել իր մտածածը, ազատ է արտահայտել իր բողոքն ու գոհունակությունը, երբ ժողովուրդն ազատ է աշխատելու, ստեղծելու, ինքնադրսեւորվելու իր մղումների մեջ: Սա է ժողովրդի ինքնիշխանությունը: Եվ երբ ինքնիշխան է ժողովուրդը, իսկական հեղափոխականը պետք է պատրաստ լինի նոր հեղափոխությունների. չլինի՞ թե ժողովրդի ինքնիշխանությանը, ազատությանը որեւէ բան է սպառնում: Եթե այդպես է, հեղափոխականը պետք է վերածնվի արդ, հայտնվի որպես Աստվածային ցասում, որպես չկանխատեսված փոթորիկ, որպես Նոյյան ժամանակների ջրհեղեղ, ու տապալի կարգեր, մաքրի, լվանա իշխանական կաբինետներ, ու նույնքան հանկարծահաս էլ չքվիՙ ամառային տեղատարափի պես: Եվ նույնքան հանկարծահաս էլ հայտնվի, երբ ժողովուրդը տոչորվում է արդարության ծարավից:

Իսկ երբ համոզվի, որ ժողովրդի ինքնիշխանությանն այլեւս ոչինչ չի սպառնում, տեսանելի ապագայում ոչինչ չի սպառնալուՙ նույնիսկ ինքն ու իր հեղափոխությունը, այն ժամանակ նա ազատ է լինել սովորական քաղաքացիՙ սովորական քաղաքացու իրավունքներով:

Ամենամեծ հեղափոխականները գուցե չեն էլ մտածել այս մասին, այս մասին մտածել է, թերեւս, միայն Չե Գեւարան, բայց երեւի ոչ թե մտածել է, այլ զգացել է, զգացել է պրոբլեմը: Բայց նրանքՙ պատմության երեւելի հեղափոխականները, իրենց կյանքով, իրենց նվիրումով ու վճռականությամբ, երբեմնՙ վախկոտությամբ ու փափկասունությամբ, մեզ հնարավորություն են տվել մտածելու այս մասին:

Նրանք հնարավորություն են տվել, որ մենք պատասխանենք ավելի ու ավելի հաճախ հնչող այս հարցին. էվոլյուցիա՞, թե՞ ռեւոլյուցիա: Էվոլյուցիայի ջատագովներն իրենք էլ չեն հասկանում, որ չի կարող լինել էվոլյուցիաՙ առանց ռեւոլյուցիայի: Հակառակը մտածելն ուղղակի միամտություն է. եթե աշխարհում չլինեին հեղափոխություններն ու հեղափոխականները, մարդկությունն առաջ չէր ընթանա նախնադարյան համայնական կարգերից: Ինչո՞ւ են Անգլիայի Եղիսաբեթ թագուհին, մյուս թագուհիներն ու թագավորներն այդքան սիրելի սեփական ժողովուրդներին. որովհետեւ նրանց մեջ արթուն է իրենց նախնիներին տապալած հեղափոխությունների հուշը, որոնք սթափեցնող ապտակ են դարձել բոլոր նրանց համար, ովքեր հրաժարվել են, չեն ցանկացել հասկանալ, որ այդպես այլեւս չի կարելի:

Հավանայի ամենակենտրոնում գտնվող բարձր շենքերից մեկից ինձ է նայում Էռնեստո Չե Գեւարայի ուրվապատկերը. շատերին թվում է, թե նա խորթ է այս նոր աշխարհին, ազատ աշխարհին: Բայց ոչ, ես համոզված եմ, եթե երկրի վրա չլիներ Էռնեստո Չե Գեւարն, չէր լինի նաեւ Նելսոն Մանդելան, Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան:

Ես հիմա օտարոտի եմ նայում կարմիր աստղին, բայց եթե ապրեի 60-ականների Կուբայում, կլինեի նրաՙ Չե Գեւարայի զինվորը: Հաստատ կլինեի: Բայց արդյոք նրա հետ կմեկնեի՞ Բոլիվիա: Որքա՜՞՞՛ն կուզեի պատասխանելՙ այո, եւ այդ այո-ն հնչեր հստակ ու բարձր, աներկբա ու միանշանակ: Բայց այո-ն միայն խոսք է, որ կարիք ունի, կարիք ունի ապացույցների, ապացույցներ, որ դեռ հարկավոր է վաստակել, հարկավոր է վաստակել:

«Երկրի հակառակ կողմը»

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ