RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-20 22:36:43Ինչպես անցավ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը
2021-01-20 22:35:52Գազի պայթյունից զոհեր Մադրիդում
2021-01-20 21:53:02Ադրբեջանն ինձ 50 000 դոլար է առաջարկել Արցախում գործած ռազմական հանցագործությունները չհրապարակելու համար. Թոմաշ Լեխ Բուչիչ
2021-01-19 20:33:12Կարսի զորավարժության նպատակը Երևանի օկուպացիան է, բայց գլխավոր շտաբն ամեն ինչ հասկանում է. Старше Эдды
2021-01-19 16:59:19Ռոսպոտրեբնադզոր. ЭпиВакКорона-ն 100% արդյունավետ է
#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1418, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՇԱՑԱԾ 2-ՐԴ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍ ԱՆԳԱՄՙ ՖՐԱՆՍԻԱՅԻՑ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Անկախ այն հարցից, թե խորհրդարանը եւ նախագահ Էմանուել Մակրոնը կվավերացնե՞ն, թե՞ ոչ, Ֆրանսիայի Սենատի բացարձակ մեծամասնությամբ ընդունած օրինագիծը Արցախի անկախությունը ճանաչելու մասինՙ դույզն ինչ սփոփանք եղավ մեր սգավոր ժողովրդի ու երկրի համար: Իրավացի են այն մեկնաբանները, որոնք երեկ պնդում էին, որ ֆրանսիական այդ նախաձեռնությունը եթե գործի դրվեր մեկ ամիս առաջ, ապա հազիվ թե ունենայինք ռուսական նախաձեռնությամբ պարտադրված նոյեմբերի 9-ի ամոթալի փաստաթուղթը եւ, թերեւս, նվազ լինեին մեր մարդկային ու տարածքային կորուստները:

Սակայն, ավաղ, եթե-ներով չես կարող դեպքերի ընթացքը հետ շրջել: Եվ ունենք այն, ինչ ունենք. 5000 զոհ եւ անհետ կորած, 7000-ից ավել վիրավոր, տասնյակ հազարավոր տեղահանվածներ (որոնց մեր մամուլն ու պաշտոնյաները հիմարաբար կոչում են փախստականներ), 12000 քկ մեզնից խլված տարածք, մեջտեղից կիսված ԼՂԻՄ, ռուս զինվորին ու զենքին ապավինած երկիր, համավարակի ճիրաններում տվայտվող ժողովուրդ, անգործունակ կառավարությունՙ իր քաղաքական հաշմանդամ (ավելի հարմար պիտի լիներ օտարՙ ինվալիդ բառը) վարչապետով ու հաշմված տնտեսությամբ, հուսալքված ժողովուրդ:

Եվ ահա այս դժնի պայմաններում, թեեւ ուշացած, Փարիզից հնչում է սթափեցնողՙ միջազգային հանրույթի հավաքական պատասխանատվությունը հիշեցնող որոշումը, որը կարծեք անմիջական արձագանքն էր խորհրդարանի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի պատվո նախագահ Ֆրանսուա Ռոշըբլոյնիՙ «France-Arme՛nie» շաբաթահանդեսի աշխատակից Տիգրան Եկավյանին տված հարցազրույցում հնչեցրած սրտառուչ կոչինՙ «Ֆրանսիա, մարդու իրավունքների հայրենի՛ք, արթնացի՛ր»: Ու բոլոր նրանք, ովքեր հնարավորություն ունեցան հետեւել Սենատի այդ նիստին, կարող են վկայել, որ ֆրանսիացի պատգամավորները Արցախյան հիմնահարցը շատ ավելի խորը, շատ ավելի համապարփակ, շատ ավելի այժմեական էին ներկայացնում, քան մնացած բոլորը, այդ թվումՙ հայերս: Հիմնական թիրախը նրանցՙ Էրդողանի Թուրքիան էր իր նվաճողական, ահաբեկչական, ցեղասպանական քաղաքականությամբ, տարածաշրջանային լայն ընդգրկումով: Ելույթների մեծ մասը Ադրբեջանին վերաբերվում էին որպես proxy, vassal, գերիշխանությունը Թուրքիային զիջած պետության, իսկ Հայաստանինՙ... խղճահարությամբ: (Արդարեւ, խղճահարության է արժանի այն իշխանությունը, որը առայսօր չի կարողանում, օրինակ, բերձորցիներին ասել, թե ինչ անեն. մնա՞ն, թե՞ լքեն իրենց դարավոր բնակավայրը):

Այս պահին դժվար է ասելՙ կվավերացվի՞ Սենատի որոշումը, որը պարտավորեցնող չէ (not binding): Դատելով պետքարտուղար Ժան Բատիստ Լորենի հայտարարությունից, թե Ճանաչումը գործնականում օգտակար չէ ո՛չ Արցախին, ո՛չ Երեւանին, ո՛չ էլ Ֆրանսիայինՙ հազիվ թե: Սակայն փորձենք առարկել. ճանաչումը օգտակար է ո՛չ միայն Արցախին, այլեւ Երեւանին եւ նույնինքն համանախագահող երկրներին, այդ թվումՙ Ֆրանսիային:

Արցախինՙ որի անկախության ճանաչումը միջազգային իրավական երաշխիք կդառնա այդ երկրամասի բնիկ ժողովրդի համար: Երեւանինՙ որը պաշտոնապես ճանաչված է որպես հակամարտության կողմ եւ Արցախի փոխարեն բանակցողՙ սեպտեմբերի 27-ին ինքն է ենթարկվել նախահարձակման, ագրեսիայի: Եվ այս հանգամանքը այսօր ու մանավանդ հետագայի համար խիստ կարեւոր է, երբ Բաքուն պատրաստվում է միջազգային դատարան դիմելՙ «փոխհատուցման» աստղաբաշխական պահանջներով եւ, ըստ իմ ունեցած տեղեկության, փնտրում է իրավաբանական-խորհրդատվական միջազգային ընկերություն, որը պիտի պաշտպանի... ագրեսորի «իրավունքները»:

Ինչ վերաբերում է երրորդՙ համանախագահող եռյակի օգուտին, հանձնարարում եմ ուշադիր կարդալ ներկա համարի 4-րդ էջում Երվանդ Ազատյանի անգլերեն հոդվածի թարգմանությունը, որն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է իրերի վիճակը Մինսկի խմբի համանախագահության ներքին փոխհարաբերություններում: Միայն պետք է առանձնացնել այստեղ ԱՄՆ պետքարտուղարիՙ Մայք Պոմպեոյի հիշեցումը. Մինսկի խմբին արցախյան հարցում լիազորել է ՄԱԿ-ը, նրա Անվտանգության խորհուրդը, հետեւաբար, հասկացնում է նա, այդ շրջանակից դուրս որեւէ կարգավորում չի կարող օրինական ու վերջնական լինել:

Ասենքՙ մեծ հաշվով եւ երկարաժամկետ հեռանկարում Մոսկվայի համար էլ նպաստավոր կարող է լինել Սենատի որոշումը: Դա, առաջին հերթին, Ռուսաստանին կազատի Էրդողանի կամակորություններն ու հավակնությունները հանդուրժելու, զիջումներ անելու պարտականությունից: Թուրքիան եռանախագահության ակումբի անդամ չէ, եւ վե՛րջ: Երկրորդՙ կարող է օրինականացնել նախագահ Պուտինի նախաձեռնությունը խաղաղարար ու խաղաղապահպան զորքեր տեղակայելու հակամարտության գոտումՙ որպես ռազմական գործողությունները դադարեցնելու «ստիպողական քայլ»: Երրորդՙ որպես Արցախի ինքնորոշման իրավունքի գործնականացման նախաքայլ, թեկուզ խորհրդանշականորեն, եռնախագահությանը հնարավորություն կտա ինչ-որ կերպ լուծելու Արցախի կարգավիճակի հարցը, որը 26 տարի անընդհատ հետաձգվում եւ մնում էր անորոշության մշուշում:

Ինչ վերաբերում է մեզ, դեռեւս առիթ չկա ոգեւորվելու: Դեռ երկար, աշխատատար ճանապարհ ունենք անցնելու, եւս մի քանի պետության համոզելու, որպեսզի հետեւեն Ֆրանսիայի օրինակին, սրբագրելու փաստաթղթի որոշ կետեր: Ի վիճակի՞ ենք դա անել, ներկա կառավարությա՞մբ եւ այս վարչապետո՞վ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ