RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 4361, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱԾՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԹԵԺ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ երեկ Ազգային ժողովում քննարկվում էր ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագիծը, որը ԱԺ համապատասխան հանձնաժողովի դրական եզրակացությանը չէր արժանացել: Նախաձեռնողն, ի դեմս Գեւորգ Գորգիսյանի , առաջարկում էր ռազմական դրության սահմանափակումները հանել, քանի որ հրադադարի հաստատմամբ այն այլեւս արդիական չէ եւ դրա առկայությամբ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքներն են տուժում, հավաքներ անելու իրավունքի իրացումն է խափանվում, տնտեսական գործունեությունն է տուժումՙ տեղաշարժի սահմանափակման պատճառով: Քննարկումն ընթացավ ԱԺ դռների մոտ բողոքի ցույցերի առկայությամբՙ ընդդեմ եռակողմ հայտարարության եւ Արցախի տարածքները կորցնելու: Իսկ բուն քննարկումը ընդդիմությունը, եւ հատկապես ԲՀԿ-ն, մասամբ էլ ԼՀՀԿ-ն վերածեցին պատերազմում պարտված իշխանության բուռն ու համալիր քննադատության ու դատափետման, անգամ կրքերը շիկացան մինչեւ ամենաբարձր մակարդակ, պատգամավորները քշեցին միմյանց վրա, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը դահլիճ կանչեց անվտանգության աշխատակիցների:

Պաշտպանության նախարարոթյան ներկայացուցիչը, ՊՆ գլխավոր քարտուղարը պնդեցՙ անվտանգային խնդիրներ են լինելու, այս պահին չենք կարող չեղյալ հայտարարել ռազմական դրությունը, դրա առկայությամբ մի շարք խնդիրներ կան լուծելու:ՊՆ-ն այս օրերին մշակել է իրավական ակտերՙ համապարփակ լուծումներ ներկայացնելով, դրանք դեռեւս չեն շրջանառվել, քանի որ քննարկումների կարիք կա դեռ այլ գերատեսչություններում: Առաջակեց այս տեսքով ձենպահ մնալ նախագիծն ընդունելուցՙ անվտանգային առումով նոր խնդիրների առաջ չկանգնելու համար: Մինչ նրա ելույթը ակնարկներ էին հնչելՙ թե նոր զորահավաքի խնդիր կարող է առաջանալ, հերթափոխի խնդիր կա, պատերազմի վերսկսման հնարավորությունը, ընդ որում ՙ լայնամասշտաբ, լիովին չեզոքացված չէ: ՊՆ ներկայացուցչի ելույթից հետո շարունակվեց ընդդիմություն-իշխանություն փոխքննադատության ու տարբեր բացահայտումների տարափը:

Ելույթները նոր պաթոսով շարունակվեցինՙ վարչապետին ուղղված դավաճանության, ստախոսության, տարածքներ հանձնելու մեղադրանքով, հատկապես մեղադրանքներ հնչեցրեցին Նաիրա Զոհրաբյանը , Էդմոն Մարուքյանը :

Հետաքրքրական փակագծեր բացեց քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ Արման Եղոյանը, ըստ որի Հայաստանի ղեկավարությանը հատկապես վերջին տարիներին միշտ պահանջ է ներկայացվելՙ յոթ շրջանի հանձնում, եւ ով էլ լիներՙ այդ պահանջի կատարումը սեղանին էր, կամ արդեն պատերազմելը: Հայաստանը պատերազմի է պատրաստվելՙ կռվել է ոնց կարողացել է:

Արդեն այլեւս անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը բացահայտում արեցՙ Քարվաճառը հանձնելուց հետո դրված դարպասը ադրբեջանցիները մեկ օր առաջ կոտրել են եւ առաջ են գալիս, ո՞վ է դրա դեմն առնելու, եւ ո՞ւր են եռակողմ պայմանագրի մյուս երկու կողմերըՙ մենք, ինչու հայկական կողմը կանգնած չէ սահմանները գծելու գործընթացի ընթացքում:: Պետք է թմբիրից դուրս գալ, ըստ Թ. Թովմասյանի, չհաստատված լուրեր կան, որ ադրբեջանցիները լցվել են արդեն Սոտքի հանքերի հայկական տարածք: Այդ մասին խոսեց նաեւ Ն. Զոհրաբյանը: Ընդհանուր բանաձեւն այս էրՙ պարտության սիմվոլը պետք է հեռանա, նոր բանակցող է պետք (ընդդիմություն), ամեն ինչ մեկի վրա բարդելը սխալ է, այս բոլորն եկել է անցյալ տարիներից եւ հասել այս հանգուցալուծման (քաղաքական մեծամասնություն):

Մինչ այդ նոր արտգործնախարար Արա Այվազյանը լրագրողներին ասել էրՙ դիվանագիտության ոլորտում չենք պարտվել, այլ միայն ռազմաճակատում, դա էլ բորբոքեց ընդդիմադիր պատգամավորներին ու նույնիսկ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին , որը պատասխանատվության ենթարկվողների շարքում ուզում էր տեսնել բոլոր նախկին արտգործնախարարներին:

Ընդհանուր առմամբՙ այս քննարկումը վերածվեց մեղադրանքների եւ արդարացումներիՙ անհանգստությամբ ու վտանգի զգացողությամբ լցնելով լսողների սրտերը:

Քվեարկությունից առաջ ելույթ ունեցած պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ելույթն ավելի սրեց վտանգի զգացողությունը, չնայած միասնության, միասին աշխատելու կոչ էր անում եւ արժեւորում համազգեստով մարդուն;

Այս բոլորը լսողն ուզում էր հարցնելՙ ոնց եք նստում-յոթ ժամ նույն բառապաշարով իրար մեղադրանք հղում, նույն բանն անընդհատ քննարկում, երբ հարյուրներով անհայտ կորած զինվորներ ունենք, գերի ընկած մեր տասնութ տարեկան լույս երեխեքին բորենիների նմանվող ու ազգ չդառածը անմարդկային կտտանքների է ենթարկում եւ այդ մասին տեսանյութեր տարածում: Էս երկրի կառույցների թիվ մեկ գործը հիմա պետք է լիներ անընդհատ ու ամեն ժամ դիմել ում հնարավոր էՙ կանգնեցնելու համար մեր գերիների հանդեպ կատարվողը եւ վերադարձնելու նրանց: Սա ինչ պետություն է, որտեղ զինվորը դեռ կռվումՙ նրա թիկունքում հող են հանձնել, առանց զինվորների մասին մտածելու,չհանելով շրջափակման մեջ մնացածներին, այդ թվում վիրավորներին, որպես թուղթ ստոորագրելու գլխավոր պահանջ: Երկիրը չեք ափսոսումՙ գոնե նրա զինվորին ու ջահել կյանքերն ափսոսայիք:

Ու պատգամավորները, երեկվա քննարկման յոթ ժամն իզուր անցկացնելու փոխարեն, այդ ուղղությամբ ահագին գործ կանեին:

Բնականաբարՙ քվեարկությամբ նախագիծը մերժվեց, ու մենք շարունակում ենք դեռ ռազմական դրության մեջ լինել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ