RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 5363, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՌԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱՊՐՈ՛Ղ ՀԵՐՈՍՆԵՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երեկ կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակը: Նրանցից եւ ոչ մեկի գլուխը չխոնարհվեց, քանի որ կանգնած էին հպարտ բառը մենաշնորհած իրենց գլխադասի առջեւ, քանի որ նա էլ հպարտ է դեռ:

Բնական աղետներից, դժբախտ պատահարներից զոհ գնացածների համար հիշատակի արարողություն կազմակերպելը պետության պարտականությունն է: Զոհերին խնկարկելը, ոգեկոչելը պատերազմ շահած կամ պարտված պետության բարոյական պարտքն է: Նոյեմբերի 22-ին Էջմիածնի Մայր տաճարի Սուրբ Տրդատի բաց խորանի առջեւ հիշատակի արարողություն կատարվեց, որին միացան հայոց աշխարհասփյուռ եկեղեցին, արտերկրի համայնքները: Տեսանք մեր երկրի հպարտ կանգնած վարչապետին, նրա հարդարված տիկնոջը, մեր երկրի նախագահին, այլ պաշտոնյաների, որոնց սեւազգեստ հագուկապը այդ օրվա միա՛կ համերաշխությունն էր պատերազմն իրենց տանը զգացած, իրենց սիրտը, միտքն ու հոգին սեւացրած, ողբերգական առօրյա դարձրած հազարավոր ընտանիքներին:

Ո՛չ խոնարհված դրոշ եմ տեսել, ո՛չ խոնարհվող ոտքեր պաշտոնյայի:

Ես Եռաբլուրում նրանց չեմ տեսել: Մեր պետությա՛նը չեմ տեսել:

Քարե գերբն ու դրոշը միակ, լուռ հիշատակումն են, թե պետությունը «ներկա» է:

Պետության բանավոր, գրավոր ցավակցական ելույթը չկա: Մեկ տող միշտ կգտնեքՙ հերթապահ, անհույզ... ապրումակցում չկա:

«Ես պատրաստ եմ զոհվել հանուն հայրենիքի», գոռում էր հպարտ վարչապետը ԱԺ- ում, երբ պատերազմը դեռ նոր էր սկսվել: Նա զոհվել բառն էլ շահարկեց այնպես, ինչպես շատ բառեր, որոնց իր գրքում տեղ էր տվել, որոնց հրապարակում ուրի՛շ արժեք էր փորձել հաղորդել, որոնք սակայն արագ փոշիացան եսակենտրոն ճառի, բիրտ լեզվի մամլիչի տակ: Պետության պարտականությունն է զորակոչ հայտարարել, դա՛ է «հանուն հայրենիքին»: Ինչո՞ւ չասվեց: Բացատրություն էլ չկա... Կամավորներին կոչ ուղղելու որոշումը պետությա՞ն, թե՞ հայրենիքի անունից էր...Ինձ ծանոթ չէ որեւէ պաշտոնյա, որ լսելով ինքնազոհաբերության այդ ծեսի պաթոսախառն հպարտությունը, երկրորդեց նրան: Ինձ ծանոթ չէ որեւէ պաշտոնյա, որի զավակը...մեղա... Եռաբլուրում է:

Հոգեւորականները, հավատացյալները հպարտությունը մեղք են համարում: Հիմա հասկացա, որ գոռոզությունն ու մեծամտությունը այդ բառի իսկական հոշմանիշներն են, իսկ օդում կախված դավաճան բառն ինձ համար կասկածի որդ էր դարձել դեռ երկու տարի առաջ, երբ այսքան նետահարող չուներ, երբ ես փորձում էի մի լրագրողի գիրք դարձած պատումը ճաշակելուց հետո որոնել, թե ո՞վ է հեղինակը. Նա, որ ի հեճուկս գրքի հեղափոխական ազնիվ հերոսի վարչապե՞տ է օծվել: Նախկին լրագրող, այժմ օրենսդիր Լենա Նազարյանը երկու օր առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում դավաճան բառը հորդորեց որոնել իրավական տիրույթում, մոտավորապես այսպես կմկմացՙ բարոյականը խանգարում է: Կարդացե՞լ է նա բեսթսելլեր դարձած, տարբեր լեզուներով արագ թարգմանված Նիկոլ Փաշինյանի գիրքը: Վարչապետն ինքն իրեն է դավաճանել առաջին հերթին, իր գրած տողին, իր ստեղծած գրքին, իր կերտած հերոսին: Դրանից հետոՙ հայրենիք լինի՞, թե՞ պետություն, հենց այդ սկզբի ելակետը չե՞ն: Նազարյանն էլ ցավակցեց զոհվածների հարազատներին, բայց նրա տուն պատերազմ չի մտել, նրան էլ չենք տեսել Եռաբլուրում, ուր անմահները եւ նրանց շիրիմը գրկած հարազատները, որ զուրկ չեն իրավական ամուր գիտելիքներից, միշտ դավանել են նույն բարոյական սկզբունքինՙ «հանուն հայրենյաց մեռար, դուն շատ ապրեցար»: Այնտեղ ննջողները իրավական նույն հարթությունից չեկածՙ բարոյական նույն տաք քուրայի ծնունդ են:

Իրավական հարթությունը նախընտրող Նազարյանին հարց ուղղենքՙ պետության պարտականության մեջ չի՞ մտնում իր քաղաքացիների անվտանգությունը երաշխավորելը: Եթե անհավասար կռիվն աչքի առաջ ունենալով, իրենց անվտանգության երաշխավոր պետությունից զրահաբաճկոն չպահանջած կամավոր Զինվորը նետվել է Շուշին փրկելու, ինչո՞ւ նրան կյանքի երաշխավոր պետությունը չի կանգնեցրել, թե ափսոս ես, սակավ ընտրյալսՙ անձնազոհս, մենք արդեն ստորագրել ենք... հանձնել:

Զոհերին հիշատակելն ու ոգեկոչելը, նրանց մայրերին, նրանց վիրավոր ընտանիքներին ու հարազատներին խոսք ուղղելը մեղանչողիՙ պետության նվազագույն բարոյական պարտականությունն է:

Երբ Մեղանչող չկա, Ապաշխարություն դժվար լինի, որքան էլ պետությունը հիշատակի արարողության միակ վայրը եկեղեցու խորանը նկատի, ուր ծնրադիր ոչ մեկին չտեսա:

«Դու հպարտ չես, ի՛մ հայրենիք», անընդհատ ականջիս շշնջում է իմ Տերյանը, «Հանգեք, ի՛մ որբեր», հոգեհանգստյան չվերջացող բառերով ինձ գրկում է իմ Թումանյանը:

Մեռած պետություն, ապրո՛ղ հերոսներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ