RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2021-01-12 16:38:50Ինչքան իշխանափոխությունն ուշանա, այնքան կմեծանա արյունահեղության վտանգը․ կառավարման փորձագետ
2021-01-10 21:22:2645րդ թուրքական ինքնաթիռն է վայրեջք կատարում Ադրբեջանում
2021-01-08 18:54:44Ալիևի ելույթում օգտագործվել են ՀՀ-ին ու հայաստանյան հասարակությանն ուղղված բացահայտ սպառնալիքներ. Արման Թաթոյան
2021-01-08 00:51:02Մարդկային աղբին կարգեցիք երկրի ղեկավար, հիմա կորցնում ենք պետականությունը. Տիգրան Աթանեսյան
2021-01-07 20:42:39Ավելի քան 1 միլիոն ռուսաստանցի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
#037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020



Տեղադրվել է` 2020-11-26 22:44:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1286, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՒՄ. ՀԱՅԿԱԿԱՆ ԽՍՀ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

Նոյեմբերի 29-ին լրանում է Խորհրդային Հայաստանի կազմավորման 100-ամյակը: 100 տարի առաջ, ծանրագույն եւ ողբերգական պայմաններում, երբ Թուրքիայում Հայոց Ցեղասպանությունից անմիջապես հետո, կործանիչ պատերազմների եւ համաճարակների արդյունքում նաեւ Արեւելյան Հայաստանի վրա կախվել էր ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը, 11-րդ Կարմիր բանակը մտավ արյունաքամ Հայաստանի Հանրապետություն եւ մեզանում հաստատվեց խորհրդային իշխանությունը: Եվրասիական փորձագիտական ակումբն այդ առիթով նույն վերնագրով բուկլետ է հրատարակել: Դրա ստեղծման գործում ներգրավվել են իրենց ոլորտներում առաջատար գիտնականներն ու փորձագետները, որոնք այսօրվա մասնագիտական աչքերով վերլուծել են Խորհրդային Հայաստանի` երկրորդ Հայկական հանրապետության դերն ու տեղը մեր ժողովրդի պատմական ճակատագրում: Այս հոդվածը մի փորձ է ընդհանրացնելու այդ գիտահանրամատչելի բնույթի հետազոտական, վերլուծական նյութերը: Սա նաեւ մեր փորձն է ընթերցողների լայն շրջանակի ուշադրությունը հրավիրելու խորհրդային շրջանի Հայաստանի պատմության արդիական դասերին:

Եվ հառնեց Հայաստանն ինչպես Փյունիկ մոխրից

1920թ. դեկտեմբերի 2-ը առաջին Հայաստանի Հանրապետության պատմության վերջին օրն էր: Այդ օրը ստորագրվեց պայմանագիր Թուրքական Հանրապետության հետ, ըստ որի Հայաստանի Հանրապետությունը սահմանափակվեց 10000 ք.կմ.-ով: Այդ նույն օրը Երեւան մտան Կարմիր բանակի զորամասերը բոլշեւիկյան Հեղկոմի գլխավորությամբ: Դաշնակցականները իշխանությունը փոխանցեցին բոլշեւիկներին: Դրանից հետո ներքին առճակատման, հակաբոլշեւիկյան ապստամբության (որն իրականացրեց Հայրենիքի փրկության կոմիտեն), այնուհետեւ այդ ապստամբության ճնշման դաժան ժամանակն էր: Այդ ամենի արդյունքում վերոհիշյալ Հեղկոմը կորցրեց Խորհրդային կենտրոնի վստահությունը: Հայաստան ուղարկվեց Ալեքսանդր Մյասնիկյանը, որ գլխավորեց փոքրիկ երկրի տնտեսության վերականգնման եւ զարգացման գործընթացը: Արյունաքամ երկրի 30000 ք.կմ. տարածքը բավական էր, որպեսզի 700000 ողջ մնացած քաղաքացիներ գործնականում զրոյից սկսեին բարձրացնել իրենց ազգային տնտեսությունը:

Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետները համոզված են, որ հայոց նորագույն պատմության խորհրդային շրջանն, ընդհանուր առմամբ, բարենպաստ էր արդյունաբերության, գյուղատնտեսության, սոցիալական ոլորտի, գիտության, մշակույթի եւ կրթության զարգացման համար: Բավական է նշել, որ նախկին ԽՍՀՄ կազմում 70 տարի գտնվելու ընթացքում Հայաստանի բնակչությունը ավելացավ ավելի քան 5 անգամ: Կառուցվեցին տասնյակ քաղաքներ եւ հարյուրավոր գյուղեր: Երեւանը 30000 բնակիչ ունեցող նահանգային քաղաքից 70 տարվա ընթացքում դարձավ միլիոնանոց քաղաք, զարգացած քաղաքաշինական ենթակառուցվածքով, միջազգային մակարդակի օդանավակայանով, մետրոպոլիտենով, օպերայի եւ բալետի թատրոնով եւ այլն: Հայ հետազոտողները` պատմաբաններն ու փիլիսոփա-մշակութաբանները բավարար չափով են ուսումնասիրել Հայկական ԽՍՀՄ-ում գիտության, մշակույթի եւ կրթության զարգացման ֆենոմենը: Հսկա գերտերությունը լուծում էր հսկա մաշտաբի ռազմավարական խնդիրներ եւ տարածքով ամենափոքր միութենական հանրապետության կենսագործունեության ամենատարբեր ոլորտների զարգացումը ներդաշնակորեն լուծվում էր այդ մեծամաշտաբ խնդիրների ընդհանուր ծիրում: Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, 1943թ.-ին, կազմավորվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան, որի առաջին պրեզիդենտը դարձավ հռչակավոր պատմաբան եւ արեւելագետ, Լենինգրադի Էրմիտաժի տնօրեն, ակադեմիկոս Հովսեփ Օրբելին: Նրանից հետո Հայկական ազգային գիտությունների ակադեմիան գլխավորեց համաշխարհային ճանաչում ունեցող աստղաֆիզիկոս, Լենինգրադի համալսարանի շրջանավարտ Վիկտոր Համբարձումյանը: Այդ հանճարեղ գիտնականի անունը դարեդար կապրի 20-րդ դարի գիտության համաշխարհային ֆոնդում: Ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, քիմիայի, մաթեմատիկայի, կենսաբանության եւ այլ գիտական ոլորտներում առաջընթացը հնարավոր դարձավ այն պայմաններում, երբ ամենասերտ ձեւով համագործակցում էին հայ եւ ռուսաստանցի գիտնականներն ու գիտության կազմակերպիչները: Գիտությունը լուծում էր ռազմավարական մակարդակի խնդիրներ, եւ հայազգի փայլուն ուղեղները պետք եկան խորհրդային գիտության արագ, խորին հարգանք ներշնչող զարգացման գործընթացում: Նույն բանը կարելի է ասել մշակույթի մասին: Խորհրդային Հայաստանում աննախադեպ զարգացում ապրեցին երաժշտական եւ օպերային արվեստը, թատրոնը, բալետը, կինեմատոգրաֆն ու հեռուստատեսությունը: Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Արմեն Ջիգարխանյանի, Ֆրունզիկ Մկրտչյանի, Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Սոս Սարգսյանի եւ հայ արվեստի բազմաթիվ այլ մեծատաղանդ ներկայացուցիչների անունները գրվեցին ազգային մշակույթի, առանց չափազանցության, ոսկետառ գանձարանում:

Խորհրդային Հայաստանը` կրթված ու զարգացած ժամանակակից մարդկանց երկիր

Խորհրդային Հայաստանի տարիներին հանրապետության 700000 քաղաքացիներ անվճար բարձրագույն կրթություն են ստացել: Կրթվածության մակարդակով Հայկական ԽՍՀ-ն արդեն իր գոյության վերջին տասնամյակում պատվավոր տեղ էր զբաղեցնում այդ ցուցանիշով աշխարհի առաջատար երկրների շարքում: Կրթվածության այդ մակարդակը բավական եղավ, որ նույնիսկ նախկին ԽՍՀՄ փլուզումից ավելի քան 20 տարի հետո համաշխարհային ռեյտինգներում փոքրիկ Հայաստանը շարունակեր առաջատար դիրքեր զբաղեցնել մարդկային զարգացման մակարդակով: Կարեւոր է հասկանալ, որ ամբողջատիրական խորհրդային կարգերը իրենց բովանդակությամբ գաղութատիրական չէին, ինչպես Արեւմուտքի գաղութատիրական համակարգերը: Այդ մասին է վկայում այն փաստը, որ նախկին ԽՍՀՄ գոյության վերջին տասնյամյակում Հայկական ԽՍՀ բնակչությունը սպառում էր 2,5 անգամ ավելի, քան, ընդհանուր առմամբ, ՌԽՖՍՀ-ն եւ Բելառուսական ԽՍՀ-ն:

Խորհրդային Հայաստանում մոտ 1 մլն. մարդ զբաղված էր, այսպես կոչված, բարդ աշխատանքով: Դա 8 անգամ ավելի շատ էր, քան այսօրվա Հայաստանում: Ետպատերազմյան Հայաստանը մի հսկայական շինհրապարակ դարձավ եւ արդեն 20-րդ դարի 60-ական թթ. վերջին դարձավ ժամանակակից ինդուստրիալ-ագրարային հանրապետություն: Այստեղ հարկ է հասկանալ, որ հանրապետության ղեկավարությունը, ինտելեկտուալ շրջանակները, տարբեր ռեսուրսների տիրապետող հանճարեղ հայերը զարմանալիորեն խելացի եւ ճիշտ քայլեր են արել հայ հասարակության շահերը գլոբալ միութենական ծրագրերի եւ խնդիրների հետ համահունչ դարձնելու ուղղությամբ: Արդյունաբերական երրորդ հեղափախությունը. որում գտնվում էր աշխարհը 20-րդ դ. կեսին, լիարժեք ներառավ իր մեջ նաեւ Խորհրդային Հայաստանը, նրան դարձնելով առաջատար արդյունաբերությամբ եւ զարգացած գիտությամբ հանրապետություն: Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա ագրոարդյունաբերական ոլորտը զարգանում էր այնքան արագ, որ նրա արտադրանքը անուն հանեց թե ամբողջ Միությունում, թե բազմաթիվ արտասահմանյան երկրներում:

Երբ մենք խոսում ենք խորհրդային շրջանի պատմության մասին, չենք վախենում հաստատել, որ 30-50-ական թթ. քաղաքական բռնաճնշումները, ինտելեկտուալ այլախոհության ճնշումը խորհրդային պատմության վերջին տասնամյակներում բացասական կնիք են դրել այն ժամանակվա հասարակության հոգեբանության վրա, էական վնաս հասցնելով երկրի ինտելեկտուալ ներուժին: Նախկին ԽՍՀՄ գոյության արդեն վերջին շրջանում, այնուհետեւ նաեւ անկախության տարիներին հայ հետազոտողները շատ բան են արել գիտության, մշակույթի, կրթության բռնադատված գործիչների անունն ու պատիվը ռեաբիլիտացնելու, Հայ Առաքելական Եկեղեցու բռնադատված հոգեւորականների հիշատակի հավերժացման ուղղությամբ: Հայաստանն ամբողջությամբ զգացել է այդ գործընթացների բացասական ազդեցությունը, ճիշտ այնպես, ինչպես ահռելի խորհրդային հասարակությունը: Եվ դա նույնպես այն դարաշրջանի ճշմարտությունն է:

Այո, վերոհիշյալ 70 տարիների հայ հասարակությունը հանդիսանում էր նախկին խորհրդային հասարակության օրգանական, անբաժանելի մասը: Նրան էին հառել ողջ աշխարհի հայերի հայացքները: Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ ցրված հայերը բաժանվեցին երկու ճամբարի` Խորհրդային Հայաստանի կողմնակիցների եւ հակառակորդների: Կարեւոր է նշել, որ Սփյուռքի շատ ու շատ երեւելի հայեր հսկայական ներդրում են ունեցել Հայկական ԽՍՀ զարգացման գործում: Նրանք կարծում էին, որ նույնիսկ խորհրդային լինելով, Հայաստանը հանդիսանում է բոլոր հայերի Հայրենիքը եւ նրան հարկ է սատարել ողջ ուժերով: Սփյուռքը սատարեց Հայաստանին Հայրենական Մեծ պատերազմի տարիներին, այն ժամանակ, երբ ստալինյան ղեկավարությունից ակնկալում էին Թուրքիայի կողմից ռուսաստանյան եւ հայկական տարածքների մի մասի վերադարձը: Բայց նույնիսկ այդ փորձերի անարդյունք լինելուց հետո էլ Սփյուռքը մեծացնում էր աջակցությունը խորհրդային հանրապետության մշակույթին, կրթությանը, սոցիալական ոլորտին: Սա նույնպես այն ճշմարտությունն է, որը չի կարելի մոռանալ:

Խորհրդային շրջանի Հայաստանի դասերի արդիական հնչողության մասին

Խորհրդային իշխանության վերջին տարիներին Հայաստանում իբրեւ գիտություն ձեւավորվեց քաղաքական հայագիտությունը: Մեծանուն պատմաբաններ Ջոն Կիրակոսյանը, Լենդրուշ Խուրշուդյանը եւ Հրաչիկ Սիմոնյանը ձեւակերպեցին հայոց ազգային գաղափարախոսության խնդիրները: Դա հայ ժողովրդի գործողությունների ծրագիր էր, որն արդիական է եւ այսօր: Այս մեծատաղանդ պատմաբանները համոված էին, որ հայ ժողովրդի պատմականորեն ձեւավորված բարեկամությունն ու եղբայրությունը մեծ Ռուսաստանի ժողովրդի հետ իրական այլընտրանք չունի:

Մենք կարող ենք համարձակորեն պնդել, որ այնտեղ, որտեղ հայ հասարակության շահերը համահունչ են Ռուսաստանի շահերին, այնտեղ միշտ հաջողություն է եղել, այնտեղ եղել է Հաղթանակը: Այդ, մեզ համար ակնհայտ պնդումը վերջին տասնամյակներում վիճարկվել է մեր երկրում որոշ շրջանակների կողմից:

Այսօր, երբ մենք վկան ենք շատ դրամատիկ իրողությունների եւ փորձում ենք իմաստավորել վերջին տասնամյակների դասերը, ավելորդ չէ մեկ անգամ եւս հայացք նետել պատմական անցյալին: Ինչպիսի՞ն պետք է լինի մեր օրերի քաղաքական-գաղափարախոսական աշխատանքը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանն ունենալ ռուսաստանյան շահերից տարբերվող սեփական տեսլական մեր գերբարդ տարածաշրջանում ապագա գոյության հարցում: Ո՞վ կարող է մեզ օգնել առաջ մղել մեր քաղաքական օրակարգերը, եթե ոչ Ռուսաստանը: Կարո՞ղ ենք արդյոք մենք հույս դնել Ռուսաստանի եւ եվրասիական ինտեգրման զարգացման արդիական գործընթացների վրա մեր առաջանցիկ տնտեսական զարգացումն ապահովելու համար: Կարո՞ղ ենք մենք արդյոք հաջողել մուտք գործել արդեն չորրորդ արդյունաբերական հեղափոխության նպաստավոր հուն եւ առաջին հերթին ռուսաստանյան, բայց նաեւ այլ գործընկերների հետ փոխգործակցության եւ կոոպերացման արդյունքում ապահովել մեր փոքրիկ երկրի բարգավաճումը: Ի՞նչ է պետք անել, որպեսզի Ռուսաստանին ձեռնտու լինի տնտեսական եւ մշակութային առումով զարգացած Հայաստանը: Ինչպե՞ս զուգակցել բազմաթիվ արտաքին քաղաքական վեկտորներն այնպես, որպեսզի հայ-ռուսական միությունն ու, ըստ ամենայնի, համագործակցությունը որեւէ կերպ չտուժեն: Դուք կարծում եք, թե շա՞տ են հարցերը: Կարող եմ համոզված ասել, որ առանց այդ հարցերին պատասխաններ գտնելու մենք չենք կարող դուրս գալ այն կրիտիկական իրավիճակից, որում գտվում ենք մեր օրերում: Պետք է գտնվի խելացի, ազնիվ, տարբեր քաղաքական ուժերի եւ ինտելեկտուալ խմբերի իրական շահերի հնարամիտ զուգակցման վրա հիմնված, այդ խնդիրների լուծումն այնպես, որ Հայաստանը ավելի մոտենա Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը ավելի մոտենա Հայաստանին: Հարկ է ազնվորեն ասել, որ մենք վատ ենք ուսումնասիրել վերջին 200 տարիների պատմությունը եւ վատ ենք ուսումնասիրել խորհրդային շրջանի պատմությունը: Այնինչ խորհրդային շրջանի Հայաստանի ՀՆԱ-ի մակարդակին մենք առ այսօր չենք կարողանում հասնել: Պետք չէ հայտնագործել փայտե հեծանիվներ: Շատացել են կեղծ մարգարեները, կեղծ վերլուծաբանները եւ տարբեր տրամաչափի բախտախնդիրները: Մեզ հարկավոր է կանխել ներքաղաքական դաշտում առճակատումը, թույլ չտալ քաղաքացիական բախումներ: Մենք պարտավոր ենք բոլորս միասին ազնվորեն եւ ամբողջ խորությամբ քննարկել առաջ ընթանալու մեր շարժման հեռանկարները եւ այդ գիտելիքով զինել մեր համաքաղաքացիներին: Խորհրդային Հայաստանի պատմությունն իր մեջ ունի պատասխաններ շատ հարցերի, որոնք այսօր ունեն արդիական հնչողություն: Ակնհայտորեն ճիշտ են մեր երիտասարդության ներկայացուցիչները, որոնք համաձայն սոցիոլոգիական հետազոտությունների ցանկանում են ապրել ժամանակակից հասարակությունում, որտեղ խորհրդային շրջանի սոցիալական պաշտպանվածությունն ու զանազան նվաճումները ներդաշնակորեն զուգակցում են վերջին տասնամյակների քաղաքական եւ հումանիտար ձեռքբերումների հետ: Խորհրդային Հայաստանի պատմությունն արժանի է մեր օրերում հետաքրքրությամբ եւ լրջորեն ուսումնասիրվելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 27-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ