RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 1557, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՂՔԱՏ ՀՀ-Ն ԶԱՎԵՇՏ Է

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Այոՙ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի առումներով զավեշտ է, որը նշանակում է անհասկանալի է, անբացատրելի, անտրամաբանական ու անմեկնաբանելի: Մեր վիճակին ինչ արդարացում էլ փնտրես, անմիտ բան է ստացվում, երբ արձանագրել ենք, որ ՀՀ բնակիչները, ովքեր բացարձակ մեծամասնությամբ հայեր են, մարդ-արարածի այն տեսակն են, ովքեր քարից հաց քամողներ են հռչակված, ասել է թեՙ արարողներ, ստեղծողներ, բերք ու բարիք ամբարողներ:

Ավաղ, մեր վիճակն առավել քան հեռու է այն ամենից, որը փորձեցինք մասամբ հուզական բառերով ներկայացնել: Այսօր մեզ անհրաժեշտ հողա-ջրա-ջերմային ու մարդկային կարողունակության բավարար պայմաններում ապրել մի միջավայրում, երբ հագուկապը, խոհանոցային պարագաները, կենցաղային այլեւայլ տեխնիկական միջոցները, կահկարասին, էլեկտրասարքերը, գդալ-պատառաքաղն ու ափսե-բաժակը, գրիչն ու մատիտը, սանրն ու մկրատը, էլ որն ասեմ, էլ որը, մեր ամբողջ առօրյան մեր ստեղծածը չէ, առավել քան զավեշտ է: Տեսեք ինչքան էլ մեծ լինի գայթակղությունը տեղին պահանջներ ներկայացնելու մեր մուծած հարկերով պահվող տնտեսական բլոկի նախարարություններին ու դրանց ահռելի աշխատավարձեր ստացող նախարարներին ու տեղակալներին, ուղղակի առումով չենք պահանջում, որ նրանք, ասենք, ՀՀ-ում գերժամանակակից հեռուստացույցերի արտադրություն կազմակերպեն, աշխարհով մեկ վաճառեն ու մեր բյուջեին մուծումներ իրականացնեն: Գիտենք, որ երկիրը ներուժ ունի, բայց եւ հարցեր ու խնդիրնեն կան, այնպես որ վիճակը չենք սրում, ինչպես արվում է այլ ոլորտներում: Իսկ ահա, ասենք, գազօջախի ու էլեկտրավառարանի հարցում ուղղակի հարցնում ենք չէ որ դրանք ընդամենը թիթեղի տուփեր են ու պարզից էլ պարզ մի քանի օժանդակ սարքերի համադրումներ, որոնք անգամ թուրք արհեստավորներն են կարողանում հավաքել: Կա՞ արդյոք այստեղ անհնարինության տարր, թիթեղը ճկելու ու ներկելու, փայլ տալու ինչ-որ գաղտնիք, որը հասու չէ հայ ճարտարագետին, թիթեղագործին, էլեկտրամասնագետին: Աշխարհն է վկաՙ չկա: Այդ չկան հաղթահարելու նպատակով մեր նախարարություններում նեղ մասնագիտական աշխատանքային խմբեր են գործումՙ վարչությունների, բաժինների, ծառայությունների, տարբեր աստիճանների մասնագետնենրի խմբերի տեսքով: Ահա որտեղ է թաղված շան գլուխը, կասի մեր համերկրացին, ու չի սխալվի: Մասնագետ-պաշտոնյաների այդ ոչ փոքր ջոկատը, որը երբեմն բանակ է հիշեցնում, գերադասում է աշխատանք ներկայացնել նախարարության հարկերում ու միջանցքներում ինչ-ինչ թղթերով հայտնվելը, շեֆի մոտ շտապելը, ժամանակի սղությունը, միջոցառման նախապատրաստվելը: Այսպիսին կամ գրեթե այսպիսին է նախարարական միջավայրը, որը մի պահի ավարտվում է, իսկ արդյունք չի նշմարվում, ինչ-որ բան շարժելու նախանշան չի ուրվագծվում: Եվ հարցըՙ ումից ինչ պահանջել, մնում է օդում կախված, երկիրն էլՙ ներմուծումների հույսին թողնված:

Համանման պատկեր է տնտեսության գյուղատնտեսական ոլորտում: Այն, թե գյուղատնտեսության նախարարությունը վերացել է, պարզ ինքնախաբկանք է, քանզի թե՛ փոխնախարարները կան, թե՛ վարչությունների պետերն ու բաժինների վարիչները, թե՛ այլեւայլ ծառայությունների տարբեր դասակարգման մասնագետները: Պարզապես նախկինի պես շարունակվում է որեւէ կապի բացակայությունը այս բյուջետային հսկայական կառույցի ու գյուղի ու գյուղացու միջեւ: Ողջ տարվա արդյունքով չենք գտնի գեթ մեկ դեպք, երբ, ասենք, սերմերի, թունաքիմիկատների, պարարտանյութերի, բուսաբուծության կամ անասնապահության որեւէ մասնագետ գյուղական համայնք այցելի, հողագործի, բուսաբույծի կամ անասնապահի խնդիրներով հետաքրքրվի: Կարծես հեկտարից ցորենի ու կարտոֆիլի բերքատվությունը, կենդանիների քաշաճը, այծի չափ կաթ տվող կովերի կաթնատվությունը նրանց հոգսը չեն, սերմերի ու տնկանյութերի որակները մեզանում խնդրահարույց չեն:

Այս պայմաններում թերեւս արտառոց էր գյուղոլորտը համակարգող նորանշանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի այն հայտարարությունը, թե հարկ է մեր շուկան բացել թուրքա-ադրբեջանական գյուղմթերքների առաջ: Ուղղակի նշում եմ առեւտրի ոլորտից նախարարական աթոռն զբաղեցրած պաշտոնյան վտանգավոր սխալով է սկսում իր գործունեությունը: Այլ բան է, եթե մենք գերակա ոլորտներ ունենայինք, ինչպես նորզելանդացիները, ովքեր հարյուր հազարավոր տոննաներ կարագ են արտադրում, ինչպես դանիացիները, ուր մսատեսակների արտադրությունը հասնում է 2 միլիոն տոննայի: Որ այսկերպ այլ որակի տնտեսություն է ստեղծվում, ապացուցվում է 1 բնակչի հաշվով ՀՆԱ-ի ցուցանիշով Նոր Զելանդիայում այն 42 հազար դոլար է, Դանիայումՙ 56 հազար դոլար: Երկուսի պարագայում էլ նկատում ենք, որ գերակա գյուղարտադրանքը կենդանական ծագման է, երբ մեզանում մինչ այսօր գերակա է համարվում ծիրանն ու խաղողը, կեռասն ու ելակը, լոլիկն ու վարունգը: Արդյունքում ունենք այն, ինչ ունենքՙ զավեշտալի աղքատ Հայաստանի Հանրապետություն, մեկ բնակչի հաշվով էլ 4 հազար դոլար կազմող ՀՆԱ:

ՀՀ հպարտ հայտարարված քաղաքացին գնահատականի հարցում անորոշության մեջ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ