RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020



Տեղադրվել է` 2020-12-03 23:55:31 (GMT +04:00)


Ընթերցված է` 2321, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՑԻՆԻԶՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Այսքան փոքր ու փոքրացվող, այսքան նվաղ ու նվաղող, այսքան հուսազուրկ ու հուսազրկվող հայրենիք որեւէ անգամ չեմ ունեցել. Իմ հայրենիքն առաջին հերթին հայոց լեզուն է, նրանով խոսողների, ասացողների այսքան դատարկություն երբեք չէի նկատել: Բառըՙ պարապ, բառըՙ հպարտ շեշտով, բառը, բառերնՙ անվերջ... Հնչերանգի բարձրացող կորը խոցում է սիրտսՙ «մեր ուժը լեգիտիմ է», «պարտվել ենք բոլորս», «հրաժարականի համաժողովրդական պահանջ չկա» օրական քանի՞ անգամ կարելի է լսել... Սահմանադրության կեղծ պաշտպաններիՙ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մտածելակերպը, նրանց ֆբ գրառումները, խոսքն ու վարքը մատնում են հանրության ստվար հատվածի հույզերի, ապրումների հանդեպ իշխող ուժի գիտակցված արհամարհանքի մասին: Իսկ սա բոլորին հայտնի մի բնորոշում ունիՙ ցինիզմ:

Ինքնասիրահարվածության ախտը ԱԺ մեծամասնությանը կտրել է մեր լողացող իրականությունից: Եւՙ համաշխարհային պատմությունից. Միայն մի հուշումՙ Հիտլերն էլ, նրա քաղաքական հենարանն էլ լեգիտիմ ուժ էին եւ...եւ-ից հետոյիՙ երեկվա մասին պատմեմՙ հեռավոր Նամիբիայում երկրամասային խորհուրդը «գլխավոր» է ընտրելՙ Ունոնա Ադոլֆ Հիտլեր անունը կրող մի աֆրիկացու, որն պաշտոնավարման առաջին օրն իսկ ստիպված է արդարանալ հորՙ չիմացությանՙ իրեն տրված անվան համար: Ծայրահեղությու՞ն է սա, թե՞ ծաղր, ներսս մի նյարդ պրկվում է, ընդդիմանում իմ երկմտությանըՙ բարոյակա՞ն ես արդյոք: Իսկ ՀՀ կառավարությունը աշխույժ գործի է լծված, երկիրը «ոտքի է հանում», եւ օրեր առաջ նշանակված էկոնոմիկայի ճարպիկ նախարարը «փող աշխատելու» տարբերակներն է բանաձեւում: Վարչապետը հանդիպումներ է ունենում գործարարների հետ: Ապագան արդեն եկել էՙ առեւտուր ենք անելու մեր դրացի երկրներիՙայդ թվում նաեւ Ադրբեջանի հետ: Եթե էթիկան արհամարհենք, կարող ենք հարցնելՙ գերիների՞ առեւտուր...

Երկար տարիներ թերթ խմբագրած վարչապետի տիկինը օրեր առաջ գերիների եւ անհետ կորածների մայրերի հետ հանդիպման մասին գրել էր «Մենք հնարավորն ու անհնարինն անում ենք նրանց շուտափույթ վերադարձի համար»: Հոգեւոր ամայացման, գաղափարական անապատացման կնիք կա այդ անորոշ խոստմանՙ «հնարավորի» եւ «անհնարինի» միջակայքում...խեղճ ականջներ: Բայց դրանից հետոՙ հոգի, քանզի բարոյապես սնանկ կառավարիչների, պետական գործիչներիՙ հասարակ մահկանացուներիս ճակատագիրը որոշող բարձրյալների սին խոստումն ու ճռճռան խոսքը ցավեցնում է մեր հոգին, անդարմանելի հետք է թողնում. Նրանք, որոշակի առիթների ժամանակ են «պատիվ անում» ընդունել, ունկնդրել մեզ, իրավիճակից օգտվելով ներկայանում են գթասիրտ ու սրտացավ, իսկ մենքՙ կարիքից ելնելով, դեռ հավատում, հանդուրժում ենք:

Մեր երկրի խարիսխն էլ չկա. Երազանքներ ու իդեալներ փայփայող 18-25 տարեկանները ննջում են Եռաբլուրում, նրա՞նք են պարտվել, թե՞ նրանց ընտանիքները, որ ամենաբարձր ու թանկ իդեալիՙ հայրենիքի համար կյանքն են նվիրաբերել: «Պարտվել ենք բոլորս»: Զոհվածների հարազատները, երկիր կորցնողները ձեր ամբարտավանությունը տեսնելով կարող են նման բան ասել, բայց իշխողներդՙ ոչ: Ձեր խոսքը պիտի ինքնաքննադատությունը լինի, միա՛յն: Կամ էլՙ զղջումը: Իսկ ավելի հատուՙ հրաժարականը: «Համաժողովրդական, համազգային պահանջ չկա»... լացից խզված մեր ձայնը չեք լսում, գիտենք, իսկ ձեր ներքի՞ն ձայնը... Ձեր ցինիզմն օրեցօր անտանելի է դառնում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 04-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ