RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 4622, Տպվել է` 304, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԽԱՌՆԱԿ ՎԻՃԱԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Չգիտեմ, թե ինչ են խաղում իշխանությունն ու ընդդիմությունըՙ փասիանս , թե՞ փոկեր, բայց որ բոլորով ինչ-որ խաղ խաղում ենՙ խորազնին հայացքը կարող է նկատել։

Ավելին, դավադրապաշտները նաեւ հայ-թուրքական պատերազմն են ինչ-որ մանրամասն թխված սցենարով բացատրում, այժմ էլ կատարվող քայլերն այդ սցենարում դիտարկելովՙ ի հակառակ հայկական շահերի, երբ եռակողմ հայտարարության պահին բնագծերում գտնվող մեր ուժերին ինչպես Արցախում, այնպես էլ Սյունիքում նպաստավոր պաշտպանական դիրքերից սահմանազատման անվան տակ փորձում են հետ մղել։ Նույնիսկ շատերին թվում է, որ թշնամին նոր գերիներ է վերցնումՙ նոր պայմաններ թելադրելու համար։ Այս իրավիճակի արագ կարգավորման, իսկ ավելի ստույգՙ իրավիճակը հայկական կողմի ձեռքում պահելու հնարավորությունն այս պահին այնքան էլ հստակ չէ, քանի որ գործընթացները տեղի են ունենում կայծակնային արագությամբ, մերոնք դրանց հետեւից չեն էլ հասցնում, Հադրութի, Շուշիի տարածքից մնացած անկլավներում մեր ուժերը բավարար չենՙ թշնամու ախորժակը զսպելու համար, իսկ ռուս խաղապահներն էլ գոնե պաշտոնապես հայտարարված թվաքանակի առումով չեն կարող ամենուր ադրբեջանցիների զսպող թվակազմ ապահովելՙ ուզենալու խնդիրը եթե այս պահին չդիտարկենք։

Հայաստանի իշխանությանը նետված մի հայացքն էլ բավական էՙ հասկանալու համար, որ նա իր անելիքը չգիտե, կամ վստահ չի զգում իրեն։ Փողոցում քայլերգով մարշող ընդդիմության մատնանշած ուղին ժամանակատար էՙ կայծակնային իրադարձությունները կանգնեցնելու համար, նաեւ չիրականանալու վտանգի տակՙ հանրության կրիտիկական զանգվածի աջակցությունը չվայելելու պատճառով, քանի ընդդիմությունում ներկայացված շատ դեմքեր այդպես էլ չհասկացան, որ պետք չէ հրապարակ գնալ սխալների համար ներողություն չխնդրած եւ մարդկանց հոգնեցրած դեմքերով, ի տարբերություն ՀՅԴ-ի, որը դա հասկացել է եւ ներկայանում է նոր դեմքով (Իշխան Սաղաթելյան)։ Եռակողմ համաձայնագրի հեղինակ ու երաշխավոր Վլադիմիր Պուտինն էլ իր վերջին ասուլիսով յուղ է լցնում կրակին, թե Թուրքիան աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը եւ ի վերջոՙ միջազգային հանրությունը Արցախը համարում է Ադրբեջանի մաս...

Հիմա առաջնային է սահմանազատման անվան տակ անուղղելի գործընթացի կանգնեցումը Սյունիքում, երբ առավել բարենպաստ դիրքերի զիջումով թշնամին հայտնվելու է մեր սահմաններին, ու բարձադիր դիրքերից երբ ուզենա կարող է սպառնալ մեր բնակավայրերին, բացի այդՙ մեր սահմանամերձ գյուղերի կենսական տարածքներն անօգտագործելի կդառնան, որքան էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասիՙ առկա փաստաթղթերի հիմքով սահմանների դեմարկացիա է արվում ուղղակի։ Բայց որտեղ է եռակողմ հայտարարության այն դրույթը, որով սահմանազատում է նախատեսվում Սյունիքում, կամ Զանգելանի ու Կուբաթլուիՙ մեր զբաղեցրած բնագծերը պետք է հանձնել։

Այս գործընթացի դեմն առնելու պարտավորությունը վերցնող կարծես չի նշմարվումՙ ընդդիմությունը խոսում է ժամանակատար իշխանափոխությունից, իշխանությունն ու վարչապետը կամքի ուժ չեն դրսեւորում կանգնեցնելու կատարվողը։

Բացի այդՙ քաղաքական շրջանակներից շատերի տպավորությամբՙ Փաշինյանը մինչեւ տարեվերջ հրաժարական կտա, ու այդ շրջանակներն ավելի շուտ պատրաստվում են այդ իրադարձությանը, քան թե Սյունիքի սահման գնալն եւ առարկայորեն թույլ չտալը ճակատագրական իրադարձությունների զարգացումը։ Նույնիսկ այն դեպքում, երբ Շուռնուխի գյուղապետն է կոչ անում զենք վերցնել, գնալ Շուռնուխՙ գյուղը թուրք-ադրբեջանական զավթիչներից պաշտպանելու, քանի որ այսպես կոչված սահմանազատման գործընթացում հայկական շատ բնակավայրեր դառնում են սահմանամերձ, կորցնելով նաեւ կենսապահովման ռեսուրսներՙ հող, արոտավայրեր եւ այլն, մերոնք ավելի զբաղված են իրենց սովորական ներքաղաքական խնդիրներով։

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմությունների գլխավոր հոգսն այն է, թե ով է ավելի հարմար դիրքավորվածՙ Փաշինյանի ազատելիք վարչապետի պաշտոնում թեկնածու ունենալու համար։ Ասենք, որ դրա համար օրենսդրորեն ավելի շուտ լծակ ունեն հատկապես խորհրդարանական ուժերը, որոնք «Իմ քայլից» մոտ երկու տասնյակ համախոհ պատգամավոր ունենալու պարագայում կարող են թեկնածու առաջադրել եւ ընտրելՙ ձեռնունայն թողնելով դրսի ընդդիմությանը, որը միասնական թեկնածու ունի։ Ասենք, որ առաջին հայացքից դա առավել անցնցում կարող է թվալ հենց իշխող (կամ ավելի ստույգՙ այլեւս չիշխող) ուժին. Փաշինյանը գնում է, ասենք Մարուքյանը կամ ԲՀԿ թեկնածուն դառնում են վարչապետ, ըստ պայմանավորվածությանՙ ժամանակավոր, կարճ ժամանակում արտահերթ ընտրություններ կազմակերպելու խոստումով։ Մյուս տարբերակը դրսի ընդդիմության թեկնածուի առաջադրումն է, սակայն բոլոր դեպքերում ընդդիմության տարբեր շերտերը իրար հետ չհամաձայնելու մի շարք պատճառներ ունեն, ու դրանցից ամենաերեւացողը «Լուսավոր Հայաստանի» հավակնություններն են։ Իսկ վարչապետ բոլոր դեպքերում պետք է ընտրի խորհրդարանը, դա կախված է նրանից, թե ով լավ կբանակցի իմքայլականների հետ, իսկ որ այնքան էլ թաքցնելու չէՙ ով իմքայլականներին անվտանգ հեռանալու երաշխիք կտա, այ հենց նրան էլ կընտրի իմքայլականներիՙ ավելի վերեւից ցուցում ստացած հատվածը։ Եզրակացությունը թողնում ենք ձեզ։

Ասենք, որ այս բոլորն, իրոք, տեղավորվում է Փաշինյանի ասած էլիտայի ներսում իշխանություն փոխելու շրջանակում, քանի որ ի վերջո ժողովրդի աջակցությունը ստանալու հնարավորությունը Փաշինյանը ստացավ, քանի որ նրա մատնանշած եւ այժմ ընդդիմությունների տարբեր շերտերում հանգրվանած էլիտայից մարդիկ տարիներ ի վեր հիասթափվել էին։ Եվ այստեղ էլիտա բառն իր տեղում չէ, իրական էլիտան այդպես էլ պաշտոնների մոտ չթողնված մեր այն կրթված երիտասարդությունն է, որն հիմա էլ մոտ չի գալիս հրապարակին կամ իշխանությանըՙ իր դավանած սկզբունքները ոտնակոխ չանելով, իսկական էլիտան կյանքը հայրենիքի համար զոհած զինվորն ու կամավորն է, կռված ու վիրավորված տղերքը, նրանց ծնողն ու նրանց դաստիարակողը։ Ու նրանցՙ հասարակ մարդկանց, որ զինվոր են տալիս ու իրենց ընտրության մեջ էլ կարող են սխալվելՙ դյուրահավատության եւ սեփական ազնվության պատճառով, անտեսողը, նրան օխլոս ու ժեխ անվանողը չի կարող էլիտա լինել։ Հայաստանում ազնվական պետք է անվանել երկրին նվիրված ու նույնիսկ ապաքաղաքական մարդկանց, քանի որ քաղաքականությունը տարիներով արժեզրկվեց ու կոխկրտվեցՙ անողնաշար քաղաքական ուժերի եւ մարդկանց պատճառով։

Ավելի մանրամասնենք

Հայաստանի վարչապետի եւ Արցախի նախագահի վերջին հրապարակային ծավալուն շփումները հանրության հետ, բացի արդարացումներից ու պատերազմի պարտության մեղքն ուրիշներին հասցեագրելուց, նաեւ նրանց հեռանալու ենթատեքստն ունեին։ Առաջին հայացքից դա պարտության տրամաբանական շարունակություն է, բայց ավելի խոր եթե նայենքՙ դա նաեւ պատասխանատվությունից հեռանալու երեւույթն ունի իր մեջ։ Ի դեպՙ որտեղ է բանակը պարտության տարած պաշտպանության նախարարը։ Ասելս այն է, որ ամեն օր մարդկանց գլխին լցվող բացասական իրավիճակների պատասխանատուի հարց այդ առումով չի լուծվելու։

Մինչ ընդդիմությունը երգով ու մեծադղորդ ճառերով մարշում է փողոցից փողոց, գերիներից միայն 44-ին են վերադարձնում, ու էլի այդ թվից ավել գերի վերցնումՙ խախտելով եռակողմ համաձայնագիրը, էլի հայ գերիներին նվաստացնող նոր տեսանյութեր են տարածվում թշնամու լրատվամիջոցներով, թշնամին շրջափակում է այն գյուղերը, որոնք հենց զինադադարի ստորագրման պահին բնագծերը զբաղեցնելու դրույթով մերն են, գերի զինվորների սպանում։ Ակնհայտ է, որ այս բոլորն աննպաստ սահմանազատումից հետո նոր մասշտաբների է հասնելու։ ՊՆ-ն ո՞րտեղ է, այդ պահին ի՞նչ հրահանգներ է տալիս, ինչո՞ւ են այդ բնագծերում կամավորականներ։ Հարցերը հստակ պատասխաններ չունեն, ինչպես եւ այն հարցի պատասխանը, թե որքա՞ն գերի կա թշնամու ձեռքում։ Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Կապանի դիրքերն ենք զիջելու թշնամուն, Գորիս-Կապան ճանապարհահատվաի անվտանգությունն է հարցականի տակ, այն դեպքում, երբ այդ բնագծերում հայ զինվորը հենց զինադադարի պայմանագրի ստորագրումից առաջ արդեն դիրքավորված է եղել։

Ի՞նչ սահմանագծում է կատարվում, որի մասին նաեւ վարչապետն է խոսում, ո՞նց կարող է որեւէ երկրի սահման գծվել մի զինադադարի թղթով, ընդ որումՙ ոչ միայն Արցախի, հիմա նաեւ Հայաստանի։ Ո՞վ է չեղյալ հայտարարել անկախ պետության օրենքներն ու ընթացակարգերը, որը մեջբերում էին նախ մասնագետներն օրեր առաջ, եւ հիմա արդեն ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, որը սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքների պատրվակով Արցախի եւ Հայաստանի բնակավայրերը (Զանգելանում, Կուբաթլուում, Սյունիքի մարզում) թշնամուն հանձնելու գործընթաց է համարում կատարվողըՙ նշելով,որ սահմանագծման եւ սահմանազատման գործընթացները նախատեսված չեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, տեքստի որեւէ դրույթ հիմք չէ սահմանների փոփոխության համար, այդ հարցերը պետք է թողնվեին հետագա բանակցություններինՙ հաշվի առնելով դրանց համապարփակ եւ բարդ բնույթը, սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվեին պետությունների կողմից ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում, վավերացվեին երկու պետությունների օրենսդիր մարմինների կողմից։ Ըստ Մանուկյանիՙ մինչեւ նշված գործընթացների ամբողջական ավարտը Հայաստանը պետք է պահպանի իր սահմանը մինչպատերազմական ժամանակահավտածի բնագծերով։Որեւէ քարտեզ, առավել եւս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն եւ չեն կարող հիմք հանդիսանալ սահմանագծման համար, եթե հակասում են բարձրագույն մարմինների կողմից հաստատված սահմանագծին։ Ի դեպՙ այդ վտանգը սպառնում է նաեւ Վայոց Ձորի, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերում։

Ավելացնենք Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանի տեսակետը. «Մեզ համար խորհրդային սահմանների շարունակականությունը անընդունելի սկզբունք է, իսկ կայծակնային սահմանազատումըՙ անընդունելի գործընթաց։ Անհրաժեշտ է գտնել համապատասխան ներուժ ու մեխանիզմներՙ դրանցից խուսափելու համար, առավել եւս, որ երկուսի մասով էլ առկա են ավելի քան բավարար միջազգային իրավական ու պատմական հիմքեր ու փաստարկներ»։

Երկիրը ծախելու փոխմեղադրանքը

Որպես հայ վիրավորված եմ Արցախը հինգ միլիարդ դոլարով վաճառելու խոսակցությունից էլ, հնարավորությունից էլ, այն բանից, որ այդ թեման հանգիստ իրար են ուղղում նաեւ Փաշինյանն ու Վանեցյանը ՙ մեղադրանքի մանրամասներն իրար հասցեագրելով։ Տհաճ է լսել այդ մեղադրանը դատավորի կեցվածքով արտաբերող նախկին նախագահի փեսային, ում գործուն աջակցությամբ, ըստ մամուլի հրապարակումների, նաեւ ժամանակին «Ելք» դաշինք ունեցանք, գոնե լռեիք, էլի։ Չեք պատկերացնում, թե որքան է դա կոտրում, գետնաքարշ դարձնում հասարակ հային, ստիպում ամաչել անցյալի եւ ներկայի համար նրան, ում զավակը, հարազատը զոհվել է այս հողի համար, նրան, ում համար հայրենիքը միայն դատարկ խոսք չէ, բարձրախոսից հնչող ինքնաոգեւորման դոպինգ չէ սոսկ։

Սուգը նույնպես պետք է արժանապատիվ լինի

Այսօրվանից երկրում եռօրյա սուգ էՙ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների, որի ճշգրիտ թիվն անգամ չգիտենք, նոր զոհեր եւս ունենք, ու չգիտենքՙ երբ կդադարի այս արհավիրքը։ Պարզվում էՙ սուգն էլ լուռ չենք կարող կրել, ընդդիմությունը պետք է երթ անի Եռաբլուրՙ դավաճանը պետք է Եռաբլուր չգնա սկզբունքով, իշխանությունն էլ հակաերթ կազմակերպիՙ մարզպետների օգնությամբ շրջաններից բերվող մարդկանցով։ Այ հայեր, ձեզ հետ ինչ-որ վատ բան է կատարվում, չնայած դա էլ բացատրություն ունիՙ հետպատերազմյան սթրեսի ազդեցությամբ ոչ համարժեք պահվածք։

Բոլորս ենք սգում մեր զոհվածների համար, ու դա միայն խոսք չէ, այլ այն բանի գիտակցումը, որ քսանմեկերորդ լուսավոր դարում մեր ազգի երիտասարդ սերուցքը կոտորվեց, միաժամանակ պաշտպանության ապիկար կազմակերպման արդյունքում կորցնելով հայրենիքի զգալի մասը։ Այդ սերուցքի հետ մեր բոլորի ներսում մահացել է մեր հոգու մի մասը, մեր հավատի մի մասը, ինքներս ենք մահացել։ Սակայն նաեւ զոհվածների արյունը պետք չէ մսխել, պետք է լցվել վրեժով, վճռականությամբՙ հետագա բոլոր քայլերում այլեւս չսխալվելու համար։ Սիրելի մայրեր, քույրեր ու կանայք, ոչ մի բան չի վերադարձնի ձեր, ու այսուհետ նաեւՙ ողջ ազգի զոհված զավակներին ու հարազատներին, բայց մխիթարվել ու դեպի ապագա նայել պետք է, եթե չենք ուզում ավարտվել որպես ազգ։

Իշխանությո՞ւն

Երեկ մեկ ժամով Հայաստան ժամանած Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի հետ հավանաբար Հայաստանի իշխանությունները խոսել են սահմանազատմանՙ Հայաստանին սպառնացող խնդիրներից, որից հետո Բորտնիկովը մեկնել է Բաքու։Նրա այցելության համար խնդրանքով դիմել էր Հայաստանի իշխանությունը, որը նշանակում է, որ մենք մեր շահը չենք կարողանում հետապնդել ու դիմում ենք ՌԴ-ին։ Առհասարակՙ ողջ Հայաստանը մեկ օր առաջ սսկված նայում էր Պուտինի մեծ ասուլիսըՙ հասկանալու համար այս պահին հետպատերազմյան գործողությունների տրամաբանությունն Արցախում եւ Հայաստանում, ու շատերն անգամ չեն դիտել Հայաստանի վարչապետի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին։Սա ցուցիչն է ինքնավստահության, սուբյեկտության, պետության հանդեպ վստահության կորստի, այն արատավոր շրջանի նորացումը, ըստ որի ամեն ինչ որոշում է Տիզբոնի նոր տարբերակը։

Ու հիշեցնենքՙ ինչ էր ասում Պուտինը.որ պատերազմի ավարտին եւ հայտարարության ստորագրման պահին կողմերը պետք է մնային (ավաղՙ ոչ) իրենց վերահսկած տարածքներում, զինադադարի խախտման դեպքն էլ արձանագրեց, սակայն նաեւ նշեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության «արդարացի» պահանջին սատարող Թուրքիայի նախագահի տղամարդկության մասին։ Եւ ադրբեջանցի փախստականների վերադարձն Արցախ նկատի առավ, չնայած նաեւ չմոռացավ Արցախի ինքնորոշման իրավունքի ու Սումգայիթի մասին իր մշտական հիշեցումըՙ Արցախի կարգավիճակի հարցը հետագա բանակցություններին ուղղելով, սակայն չմոռանալով նշել այն, որ բուն Արցախն էլ միջազգային հանրությունը համարում է Ադրբեջանի մաս։ Բա։ Իսկ Զանգելանի ու Կուբաթլուի վերադարձից հետո որոշ տարածքների հետ կապված Պուտինի համար որոշ տեխնիկական կոլիզիաները, իսկ մեզ համար նոր տարածքներիՙ Խծաբերդի ու Հին Շենի ու մեր զինվորների կորուստները հազիվ թե կարգավորվեն, երբ ռուսների ներկայությամբ նոր գյուղեր են հանձնվում Ադրբեջանին, ու դա, որքան էլ ցավալի, կարող է շարունակվել։ Ու դա մեր պարտության ու մեր պարտված ղեկավարության «շնորհքն է» ։ Ադրբեջանի փախստականների վերադարձն էլՙ վրադիր։ Զարմանալի բան էՙ այդ ինչ հայտարարություն է, որով ադրբեջանական փախստականները միակողմանի պետք է վերադառնան, իսկ տեղի հայ բնակչությունը պետք է լքի տարածքը, սա Ժնեւյան կոնվենցիայի խախտում է։

Մինսկի խումբը

Երեւան ժամանած Մինսկի խմբի երկու (առանց ռուսական կողմի) համանախագահների հետ ԱԳՆ-ում ու կառավարությունում հանդիպումների ժամանակ հայկական կողմը խոսում էր Արցախի դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի եւ Արցախի կարգավիճակի հետագա ճակատագրի հարցերից, որոնց մասին հետագայում խմբի տարածած կրկնակի հայտարարության մեջ ի վերջո անդրադարձ կար։ Սակայն հաջորդեց նոր տարածքների հայաթափում-հանձնումը մնացած անկլավներից, որը ի չիք է դարձնում Մինսկի խմբի գործնականությունն ու, առհասարակ, գոյությունը։ Արցախի ճանաչման գործընթացի ինչ- որ քայլեր կան թեեւ, ու անգամ ամերիկացի համանախագահը կոչ է անում Բայդենինՙ ճանաչել Արցախի անկախությունը, բայց երրորդ համանախագահ Ռուսաստանը համարում է, որ ինքը լուծել է արդեն հակամարտությունը։ Արդյոք Միսնկի խումբը կշարունակի՞ մնալ անգործունակ կառույց, թե՞, այնուամենայնիվ, մյուս երկու համանախագահ երկրների տարածաշրջանային շահերի հանգույն, կհակադրվի Մոսկվային,միգուցե հավասարակշռելով տարածքների միակողմանի հանձնում ինչ-որ հայանպաստ քայլերով, ու ինչ կնստի այդ հակադրությունը Հայաստանի վրաՙ կերեւա ապագայում։ Համենայնդեպսՙ Հայաստանում Միսնկի խմբի հետ դեռ հույս կապողներ կան, որ այս կառույցը կարողանալու է մի փոքր զսպել, հետ հրել մինչեւ այժմ եղած ուժային լուծումները։ Ֆրանսիայի սենատից հետո Բելգիայի ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է բանաձեւ, որով դատապարտում է ուժային լուծումն Ադրբեջանի կողմից եւ տուժած հայերին օգնելու միջոցառումներ ձեռնարկելու կոչ արել սեփական կառավարությանը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ