RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1054, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՀ ՀՐԱՇԱԳՈՐԾՆԵՐԻ՞, ԹԵ՞ ՀԱՑԹՈՒԽՆԵՐԻ ԵՐԿԻՐ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հաց թխելը հրաշք է Նաեւՙ արհեստներից մեկը

Ապրում ենք մի շրջան, երբ հայությունը, լինի Հայաստանում թե սփյուռքում, այս անորոշ մղձավանջից ելքերի փնտրտուքի է տրվել, անգամ ապագայի տեսլական է ուրգավծում: Այստեղ հաճախ հանդիպողը հզոր երկրի գաղափարն է, մեր անվտանգությունը, ինքնապաշտպանության լիարժեքությունը: Օրերս կայացած մի քննարկման ընթացքում հռետորներից մեկը, որ հաճախ արտաբերվող կուսակցություն էր ներկայացնում, այդպես էլ ասաց մեր ապագա պետության ռազմավարության հիմքում պետք է լինի հզոր ռազմարդյունաբերական համալիրը: Վստահ եմ Հայաստան երկրում չի գտնվի գեթ մեկը, որը դեմ կլինի այդ մոտեցմանը: Մնում է գտնել այն միջոցներն ու ճանապարհը, որով հնարավոր է հասնել այդ նպատակին:

Այստեղ արդեն կոնկրետ մտորելու շատ տեղ կա, հարցերի ու խնդիրների մի անհատնում շարան: Ոլորտի հետ նվազագույն առնչություն ունեցող որեւէ մեկը կհարցնի եթե ընդունենք, որ մասնագիտական առումներով մենք խնդիրներ չունենք, հրաշագործների հանրություն ենք, արդյո՞ք այդ նորացված համակարգն ապահովված է ժամանակի պահանջները բավարարող գերպաշտպանված փորձարարական բազայով, սկսած նորագույն նյութերից մինչեւ որոշակի ուղղություններում արդյունքների փորձարկումները: Թող ներեն քաղաքացուս, բայց կարծում եմ վաղ է խոսել նման համակարգի տեսլականից, քանզի ՀՀ տնտեսությունը երկար տարիներ գտնվել է այն վիճակում, երբ մեզանում հիմնահարցեր էին այն ամենը, որոնք երկիր մոլորակի չորս կողմերում լուծվում էին այսպես ասածՙ ձեռքի հետ, հընթացս, որպես օրվա սովորական հարց:

Դրանց շարքում է արցախյան պատերազմից հետո որպես խնդիր ներկայացվող հացի խնդիրը, ցորենով մեր ինքնաբավությունը: Միայն այն, որ ռազմարդյունաբերական համակարգում ընդգրկված որեւէ մեկն իր աշխատանքային օրվա ընթացքում նման հոգսերի չպետք է տրվի, իր գործունեության արդյունավետության նախապայմաններից է: Եվ հարցըՙ ՀՀ տնտեսությունն իր հողա-ջրա-ջերմային ու կառավարման ողջ համակարգով պատրաստ է արդյոք լուծել իր մի շարք հիմնահարցերից գեթ այս մեկը, հնչում է ինքնաբերաբար: Ոչ պատախան են հնչեցնում հատկապես այն գործիչներն ու մասնագետները, ովքեր հենվելով խորհրդային տնտեսագիտության այն պնդումների վրա, թե 1 բնակչի հաշվով պահանջվում է 1 տոննա հացահատիկի արտադրություն, այն անհնարին են հայտարարում: Նրանց պետքն էլ չէ, որ, ասենք, անսահմանափակ հնարավորություններ ունեցող ԱՄՆ-ում երբեւէ խնդիր չի դիտարկվել 1 բնակիչ - 1 տոննա ցորենի արտադրությունը: Ընդամենը 2017 թվականին այս մշակաբույսի համերկրային ծավալը կազմել է 47,4 միլիոն տոննա, որը 330 միլիոն բնակչության վրա բաժանելու արդյունքում ստանում ենք հազիվ 145 կգ: Չեմ կարծում, թե ամերիկացիներն առաջնորդվեցին հաց չկաՙ գաթա կերեք սկզբունքով, քանզի մեզնից որեւէ մեկը չի հիշի, որ ԱՄՆ-ի տնտեսության պատասխանատուներն անհանգստացան կամ ահազանգ հնչեցրին այս առումով, ձախողեցին ցորեն արտահանելու իրենց միջազգային նախօրոք կնքված պայմանագրերը: Այնպես որ հարցըՙ ընթացիկ տարիների ցորենի մեր արտադրության մոտ 300 հազար տոննա ցուցանիշը ի զորո՞ւ ենք հասցնել 3 մլն բնակչին անհրաժեշտ 600 հազար տոննայի, հնչում է ինքնաբերաբար: Ինչ մնում է ցորենի համաշխարհային արտադրությանը, այն 2000-2017 թվականներին 586 մլն տոննայից հասել է 772 մլն տոննայի:

Խնդրի առումով մեզանում արտառոց տարօրինակն այն է, որ կառավարող գործադիր իշխանության մաս հանդիսացող տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը երբեւէ խնդրին չի անդրադարձել, գերադասելով այլեւայլ միջոցներով նպաստել ցորենի արտադրության ծավալների աճինՙ սերմեր գնել, համաֆինանսավորում տրամադրել, ինչ-ինչ արտոնություններ սահմանել: Անգամ այս պայմաններում մեզանում էապես ոչինչ չի ստացվել, պարզ չի դարձել երկրում օգտագործվող հացահատիկի իրական ծավալըՙ ինչքան է ծախսվել հացամթերքների արտադրության համար, ինչքան մակարոնեղենի ու հրուշակեղենի նպատակով, չմոռանանք օղի թորելը, անասնակերը: Տարիների վիճակագրությունն ու փորձը հաստատում է, որ այս ամենից դժվար է քիչ թե շատ հիմանվոր եզրահանգման գալ, քանզի անգամ հեկտարից 6-7 տոննա ցորեն ստացող ֆերմերային տնտեսությունները գերադասում են միջին հանրապետական 2 տոննա բերքատվության մասին խոսել: Թե ինչո՞ւ, որեւէ մեկը բացատրություն չունի:

Հավն է ձվից, թե՞ ձուն հավից անպատասխան մոտեցման առումով ցանկանում ենք նշել, որ ռազմարդյունաբերություն-պարենանվտանգության խնդրում էլ դժվար է միանշանակ նախապատվություն գտնել: Եթե առաջինի պարագայում հրաշամանուկների փնտրտուք է պահանջվում, նրանց հրաշագործությունների համար էլ այսօր աներեւակայելի գործողությունների դաշտի երաշխավորում, դա անվիճելի է: Այս մասին մտորելու ընթացքում բնակությանս վայրի փուռ-խանութներից մեկը փակվեց, վաճառողուհին ասաց, որ տարածքի սեփականատերը որոշել է այն ինչ-որ Գուդվին կոչվող սրահի վերածել, որը յուրօրինակ խաղատուն է հիշեցնում: Նախօրեին էլ դիմացի մայթի համակարգիչների սպասարկման ծառայությունն էր փակվել, ուր հիմա տրիկոտաժեղեն են վաճառում:

Ինչ մնում է ռազմարդյունաբերությանը, այն շարքային քաղաքացու բնորոշմամբ որոշակի թե յուրօրինակ գաղտնիություն է ենթադրում: Մտածել, թե այս շղթայի մաս են կազմում արձանագրածս փոփոխությունները, չեմ պատրաստվում: Իսկ ահա մեր մեծ հայրենակցի «ինչ-որ տեղ ինչ-որ բան այն չէ» խոսքերը հերթական անգամ հիշելն առավել քան տեղին է:

Թե որտեղ եւ ինչ այնպես չէ, սպասենք ծավալվող գործընթացներին:

08.12.2020

Նկարըՙ https://fermer.ru կայքի ֆորումից

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ