RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020



Տեղադրվել է` 2020-12-19 00:24:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 524, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՑԱԽԻՑ ԵՐԵՎԱՆ. ՄԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության 3-րդ կուրս

- Տուն-տեղ թողել եկել ենք, մեր հալալ քրտինքով քարը քարին էինք դրել:

Արցախում տունը կորցրած ընտանիքը անորոշության մեջ է, չգիտի ինչ անել, ուր գնալ:

Միրզախանյանները սեպտեմբերի վերջին տեղափոխվել էին Երեւան մի քանի օրից հետ վերադառնալու հույսովՙ առանց հրաժեշտի: Բայց պարզվեց, որ այլեւս հետ դարձի ճամփա չունեն:

Տարիների ընթացքում ստեղծածին անգամ հեռվից չեն կարող նայելՙ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղը այլեւս հայկական չէ:

«Ինչ ունեինք, էնտեղ ենք թողել, աննկարագրելի ցավ է: Մարդ պիտի իր մաշկի վրա զգա, որ հասկանա ինչ է նշանակում, երբ ամեն ինչ թողել դուրս ես եկել ու չես էլ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվում հիմա էնտեղ», մեզ հետ զրույցում ասաց 32-ամյա Մարզպետ Միրզախանյանը :

Մարզպետի կինըՙ Ալիսան կորցրել է ինչպես իր ու ամուսնու ձեռքով կառուցած տունը, այնպես էլ հայրական տունը Ուխտաձոր գյուղում, որտեղ անցել են նրա մանկության տարիները:

«Տունը գնեցինք, այդքան էլ լավ վիճակում չէր գտնվում, սկսեցինք վերանորոգել, ամեն ինչ մեր ուզած ձեւով արել էինք, նույնիսկ հատուկ սենյակ էինք առանձնացրել երեխայի համար: Բայց ամեն ինչ թողեցինք ու եկանք, ամեն ինչ տվեցինք թուրքին», պատմեց 30-ամյա Ալիսան :

Դատարկաձեռն մնացած ընտանիքը երեխայի հետ մնում էին Երեւանի մանկապարտեզներից մեկում, ապա պատերազմի ավարտից հետո վերադարձել են Արցախ եւ այնտեղ էլ անորոշ պատասխան ստանալովՙ կրկին եկել Երեւան. «Պատերազմի ավարտից մեկ շաբաթ հետո վերադարձել ենք Արցախ, դիմեցինք Արցախի կառավարությանը, որ ինչ-որ տեղ տեղավորեն, բայց պատասխանեցինՙ այլեւս տեղ չունենք, եթե տուն ազատվի, ձեզ կտեղեկացնենք», ասաց Մարզպետը:

Ընտանիքը հիմա բնակվում է Երեւանի հյուրանոցներից մեկում, սակայն պատրաստվում է բնակարան վարձակալել եւ կյանքը նորից սկսել հանուն իրենց փոքրիկի:

Միրզախանյանները հագուստեղենը դեռ պահում են ճամպրուկներում, իսկ ականջը հեռախոսազանգին, որ զանգեն ու իրենց հետ կանչեն իրենց երկիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 19-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ