RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-14 22:18:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 2143, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴՈՒ ՄԻՇՏ ԻՆՁ ՀԵՏ ԵՍ, ՀԱՅՐԻ՛Կ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Երբ արեւ կա երկնքում, դու միշտ ինձ հետ ես, քանզի արեւի նման ջերմ էիր, պայծառ ու լուսավոր: Երբ եղյամը զարդարում է պատուհանի ապակին, դու միշտ ինձ հետ ես, քանզի գեղեցիկը տեսնել «պարզ» բաների մեջ քեզանից եմ սովորել: Երբ բանաստեղծությունը ներսից խուտուտ է տալիս լեզուս, դու ինձ հետ ես... բայց քեզ նման կարդացող չեմ ես, ես ունկնդիրն եմ քոՙ իմ ծննդից ի վեր:

Քեզ հետ շփված մարդիկ քո ունկնդիրն էին, թեեւ դու մարդկանց խոսելու, անբռնազբոս արտահայտվելու ազատության երաշխավորն ես եղել միշտ: Բայց քո բանավոր խոսքի հմայքը, քո բառարանի անսահմանությունը ստիպում էր լսել ու զարմանալ, լսել ու հիանալով չհագենալ, հայոց լեզուն շքեղ էր, արքայական, մարդուն բարձրացնել գիտեր քո հայոց լեզուն: Կանայք թագուհի էին դառնում քեզ հետ զրույցից հետո, քո առատաձեռն վարքը գեղեցիկ էր նույնքան, եւ սովորական տղամարդկանց բազմության մեջ սկսվում էր նրանցՙ քեզ նման ասպետ ու իշխան որոնելու դժվար փնտրտուքը: Դու մայրիկիս սրտի բանալին ամուր պահելու հանձնառությունը երբեք չմոռացար, մեզ հավատարմության քո օրինակը սիրելի է շատ:

Միտք սնող, հոգին անապատացումից փրկող քո խոսքը մեծ հենարաններ ուներՙ մեր տան քո ստեղծած հզոր գրադարանը զրնգում էր, կենդանանում, երբ փիլիսոփայական, քաղաքական մտքի տիտանները հայտնվում էին մեր առօրյայում, երբ զրույցը չէր վերջանում, գրադարակներից, ըստ տրամադրության եւ օրվա հանգույն, բացվում էին էջերը մեծ պոետների, որոնց ոգեղենության կրողն էիր դու: Հենց այդ ոգին զարմանալի տարողությամբ քո մեջ ամբարելով «ուրիշի» մտավոր հարստությունը, քո ստեղծածի շաղախն էր դառնում, քոնն ու մերը, իմն էր դառնում, երբ դեռ կարդալ չգիտեի: Ունկերս լի են գեղեցիկ բառերով, մեծ մարդկանց խոսքով, որոնց հետ քո անկաշառ բարեկամությունը մեր տան լույսը տիվ ու գիշեր միշտ վառ էր պահում: Ցերեկը աշխատանքից հետո հյուր ընդունելու, մարդկանց կարիքները հոգալու, նրանց օգնելու համար էր, գիշերըՙ քո անկողոպտելի միայնությունն էր գրասեղանիդ գրքերի, գրի, արարման հետ:

Հունվարի 11-ին քո գրասեղանն էլ ինձ նման որբացել է, եւ ես դեռ երկար ժամանակ չեմ համարձակվի մաքրել դրա փոշին, քանզի քո գեղեցիկ մատների հպումը սրբազան այդ տարածքիՙ ինձ համար միակ թանկարժեք մասունքն է:

Աչքիդ տեսողությունը վերջին տարիներին տկարացել էր, ներսիդ լույսնՙ առատացել, զայրույթդ ներողամտության գերին էր դարձել, իմաստությունդ իմ ճանաչած բոլոր փիլիսոփաներին հաղթել էր: Հենց այդ շնորհն էր քեզ հուշել այնպես ընտրել մահը, որ ապրողներիս հոգս չլինի քո տանջանքը, որ հողը գրկելիս մայրիկիս կողքին հայտնվես ձեր նշանադրության օրը, որ թոռնիկիդՙ Շուշիին կյանք նվիրած Գեւորգ Արշակյանին երկնքում մենակ չթողնես: Քո մահվան օրը երկինքը պայծառ էր, հոգեհանգստիդ երկու ժամ շարունակ մարդկանց հոսքը չէր դադարում, ընկերներդ, գաղափարակիցներդ, ուսանողներդ արտասվում էին, ֆեյսբուքը լի էր սաներիդ սիրո եւ գնահատանքի խոստովանությամբ, հուղարկավորության ժամանակ արեւ կար երկնքում, ու ոչ ոք չմրսեց ձյունով ծածկված գերեզմանոցում: Քո անփոխարինելի հոգատարությունն էր, ինչպես միշտՙ ճիշտ ժամանակին:

Եկեղեցում քո սնարին հակված, ծաղիկներով ծածկված թարմ շիրիմիդ առջեւ իմ շշունջ- մրմունջը նույնն էՙ պետության եւ իրավունքի մասնագետ իմ հայրիկ, մեր պետության մշակ ու շինարար, երկնքից էլ վահան դարձիր մեր որբացյալ, մեր ողբացյալ պետությանն ու երկրին, Գեւորգի հետ ամուր պահիր մեր վերակերտելի պետության մեծ հույսը: Երկուսդ կանգուն, երկնառաք սյուն դարձեք Հայոց երկրի համար:

Ցավակցություն

Պետության եւ իրավունքի քաջահմուտ մասնագետ, վաստակավոր դասախոս եւ հրաշալի մարդՙ ԳԵՎՈՐԳ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ մահվան կապակցությամբ «Ազգ»ի խմբագրությունը վշտակցում է իր երկարամյա հավատարիմ աշխատակից Անահիտ Հովսեփյանին, հանգուցյալի մյուս հարազատներին, ընկերներին, նախկին ու ներկա ուսանողներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ