RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-14 22:18:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 1205, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԵՐՄՅԱԿՈՎՅԱՆ ՑՈՒՑԻՉՙ ՏԽՈՒՐ ՀԵՏԵՎՈՒԹՅԱՄԲ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Վեց տարի առաջ Գյումրին ցնցած այս ահավոր ողբերգության հերթական տարելիցին օրերս անդրադարձան հանրապետության եւ տեղական լրատվամիջոցները: Հիշեցնենք, 2015 թ. հունվարի 12-ի լուսադեմին գյումրեցի Ավետիսյանների տուն ապօրինի մուտք գործած հանցագործի հրազենային կրակոցներով սպանվեցին իրենց անկողիններում քնած ընտանիքի չափահաս ու մանկահասակ վեց անդամները, իսկ սվին-դանակով խոշտանգված յոթերորդըՙ վեց ամսական գրկանոց տղա երեխան, մահացավ մեկ շաբաթ հետո, Երեւանի հիվանդանոցում: Այս ոճրագործության համար մեղադրված անձըՙ Գյումրու ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ 2017 թ. մայիսի 18-ին, «Պատժի հետագա կրման համար ազատազրկման դատապարտվածներին փոխանցելու մասին» Մոսկվայի կոնվենցիայով սահմանված կարգով փոխանցվեց իր երկրին: Ե՛վ այդ դատավարությունը, ե՛ւ այդ «հանձնումը» մինչեւ այժմ մի շարք հարցականներ են թողել:

Ոճրագործության վեցերորդ տարելիցինՙ այս հունվարի 12-ին ամեն այդ օրվա պես դժվարությամբ մուտք գործելով անբնակությունից արդեն խարխլված ու փտած հատակով հայրական տուն, Ավետիսյանների ժառանգ նրանց երկու ավագ դուստրերը նաեւ հանդիպեցին լրագրողների հետ: Ըստ քույրերի (եւ ոչ միայն նրանց) չհերքված ենթադրության, ռուս զինծառայողը հնարավոր էՙ մենակ չի գործել, եւ այդտեղ մնում են չպարզված հանգամանքներ: Նրանք պահանջում են գործի վերաբացում եւ խնդրում են ֆինանսական աջակցութուն բնակարանի նորոգման ու նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այդ գործի քննությանն անձամբ հետամուտ լինելու համար:

Այս առիթով չես կարող հերթական անգամ չհիշել նաեւ տխուր հետեւություններըՙ կապված տեղի ունեցած ոճրագործությանը հաջորդած իրավական ընթացակարգերի հետ: Եթե այդ դեպքից մոտ երեք տարի առաջ մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում ավտոտրանսպորտային դժբախտ պատահարի հետեւանքով 18 մարդու ցավալի մահվան պատճառ դարձած բեռնատարի հայ վարորդին ռուսաստանյան դատարան էին տանում կանացի խալաթով, նվաստացնելով ու ազգային վիրավորանք հասցնելով բոլորիս, ապա Հայաստանի տարածքում հայ մի ամբողջ ընտանիքի չարամիտ սպանդ իրականացրած անձը իր բռնվելու պահից սկսած եւ ընդհուպ Հայաստանից տարվելը եղավ ու մնաց նախ իր պետության սահմանապահների, ապա հարազատ զորամասի հոգատար թեւի տակ, երբեք չհանձնվելով մեր երկրի իրավապահներին: Եվ նույնիսկ քննությունը վարող Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի դատական նիստերին ոչ թե հանցագործին էին բերում դատարան, այլ ամբողջ դատարանն էր գնում նրա պահման վայրը... Մեր պետության մեջ գործում էր այլ պետության, տվյալ դեպքումՙ զորեղ Ռուսաստանի իրավունքը, որի սահմանադրության համաձայն այդ երկրի քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության եւ այդ երկիրը երաշխավորում է երկրից դուրս իր քաղաքացիների պաշտպանությունն ու հովանավորությունը:

Հըբը, Հայաստանի երբեմնի հպարտ քաղաքացիներ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ