RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-15 00:17:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 494, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

...ԵԹԵ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՅՍ ԲԵՄԻ ՎՐԱ ՎԱՂԸ ԿԻՍԱԼՈՒՍԻՆ ՏԵՍՆԵԼ

ՆԱԻՐ ՅԱՆ

Ինչպես հանրությունը, մտավորականներն ու արվեստագետներն են էլ բաժանված երկու ճակատներիՙ նիկոլամաններ ու հականիկոլականներ: Նկրտումները գաղաղափարական լինեն, թե անձնապաշտական, միեւնույն է, քաղաքականացված են, իսկ հիմքում դարձյալ «նախկիններ ու ներկաներ, սեւեր ու սպիտակներ» արդեն հնացած ու իրեն սպառած բաժանումն է:

Նիկոլաման մտավորականներն ու արվեստագետները համացանցում Նիկոլի շուրջը համախմբվելու կոչեր են անում, իսկ հականիկոլականները վիրտուալ տիրույթից դուրս են գործում. ժամանակ առ ժամանակ հավաքվում են, քննարկում երկրի վիճակը, «Նիկոլի հերթական օյիններից» հալումաշ եղածՙ սիրտները դատարկում ու միմյանց սիրտ տալիս:

Մտավորականների նախաձեռնությունը դարձել է «Ձայն հայրենյաց» շարժում, որը մտադիր է ավելի գործնական քայլեր անելՙ հանդիպումներ մարզաբնակ մեր հայրենակիցների հետ, որոնք իշխանությունների արած-չարածի մասին կարծիք են կազմում միայն Հ1-ի լուրերից ու ապրում են Հ1-ի Հայաստանում: Մտավորականները մտադիր են մեկնել զորամասեր, կանգնել մեր զինվորների կողքին, հոդվածներ ու հրապարակախոսություններ գրելՙ բացելու ֆեյքերի ու նիկոլամանների մանիպուլյացիաներով կերակրվող, նախկինների «վերադարձի» ահից սարսափած հանրության աչքերը:

«Ձայն հայրենյանցը» հստակ արձանագրում է, որ քաղաքական ընդդիամդիր կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց ժողովրդի մեծ զանգվածներին ոտքի հանել ու Փաշինյանի հրաժարականի պահանջը համազգային շարժում դարձնել: Մտավորականներն իրենց ներսում են տեսնում այն ուժը, որը ի զորու է առաջնորդել հանրության առողջ գիտակցությունը, իսկ հիվանդ, ընդարմացած գիտակցությունըՙ բուժել: Նրանց օրակարգային հարցը եղել եւ մնում է Փաշինյանի հրաժարականի պահանջը, բայց քանի որ հստակ էՙ նա վարչապետի աթոռից պոկվողը չէ, ուստի մտավորականները կոչ են անում համախմբվել, բռունցքվել եւ այդ դեպքում, ինչպես օպերատոր Սամվել Թադեւոսյանը նշեց, իրենց առաջ ծնկի կգա ոչ միայն Նիկոլը, այլեւ նրա տերերը:

«Ձայն հայրենյացի» հանդիպմանը առաջարկ հնչեցՙ ցուցակագրել նրանց, ովքեր շարժման անդամներ են, նշել, թե ովՙ ինչով է զբաղված ու ինչ է առաջարկում ու պահանջում: Հարկավոր է հստակ օրակարգ, ծրագրեր մշակել ու դրանցով առաջնորդվել. ելույթների, պերճախոս քննադատությունների ժամանակն անցել է, գործել է պետք: Առաջարկ հնչեց հրավիրել ուժային կառույցների սպաներին, գեներալներին, համագործակցել նրանց հետ ու միասնական թիմ դառնալ: Մտավորականները համակարծիք ենՙ ամեն անցնող օր մեզ մոտեցնում է հայրենիքը վերջնականապես կորցնելու, Հայաստանը թուրքացնելու սպառնալիքին: Եկեղեցին, ինչ խոսք, նախաձեռնության կողքին պետք է լինի, որովհետեւ այլեւս կասկածից վեր էՙ պետական քաղաքականության մակարդակով նետերն ուղղված են ինչպես հայ հոգեւոր արժեքների, կրթության, մշակույթի ոչնչացմանն, այնպես էլ հայոց բանակի, պետականության, եկեղեցու թուլացմանն ու կազմաքանդմանը:

Մտավորականներից շատերն իրենց մաշկի վրա են զգացել պատերազմի հետեւանքները. որդի, թոռ, ազգական են կորցրել, նրանք էլ են բախվել իշխանությունների ապիկարության դրսեւորումներին: Զայրույթ, վրդովմունք, ցասում, հուսալքություն. արդեն անցել են, մտավորականները լավ իմաստով վտանգավոր են դառնում:

Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը բոլոր լրատվամիջոցներինՙ հեռուստաընկրություններ, թե էլեկտորանային կայքեր, առաջարկում է չլուսաբանել Նիկոլ Փաշինյանին, առհասարակ ոչ մի կադր ցույց չտալ, ոչ մի տող չգրել նրա մասին: Մանասյանի հաջորդ առաջարկը դատաիրավական հարթակում է: Պատերազմի օրերին ամերիկահայերը մոտ 70 միլիոն դոլար են հանգանակել «Հայաստան» համահայկական հիմնադրամին, իսկ ամերիկյան օրենքի համաձայնՙ բարեգործական նվիրատվություն կատարող ԱՄՆ քաղաքացիներն ազատվում են հարկերից: Հայտնի է, որ համահայկական հիմնադրամի գումարների մի մասը Հայաստանի կառավարությունը փոխանցեց պետբյուջե, այսինքնՙ նվիրատվությունը չծառայեց բարեգործական նպատակներին: Ստացվում էՙ ԱՄՆ հայ քաղաքացիները նվիրատվություն անելու պատճառով հարկ չեն մուծել, այսինքնՙ վնաս են հասցրել Ամերիկայի պետբյուջեին, իսկ նրանց հանգանակած գումարը Հայաստանի պետբյուջե է մտելՙ չծառայելով բունՙ բարեգործական նպատակին: Գագիկ Մանասյանն ամերիկահայերին հորդորում է միավորվել ու դատի տալ Նիկոլ Փաշինյանին. համոզված էՙ դատը կշահեն, եւ ԱՄՆ բյուջեին վնաս հասցրած մարդը նույն ԱՄՆ-ի սահմաններին մոտենալ, քարտային պարզագույն գործարք անգամ անել չի կարող:

Երկիրը, հայրենիքը, պետականությունը, ազգային արժեքները կորցնելու վտանգն անգամ մտավորականների ու արվեստագետների լրացուցիչ բանականությունն ու յոթերորդ զգայարանն է սրել: Նրանց մտահոգությունները քաղաքականացված չեն, աթոռի, կուսակցական պաշտոնի համար չեն պայքարում, նրանք հայրենիքի փրկության գործն իրենց կոչումն են համարում: Հայ ազգը դժվարին ժամանակներ հաճախ է ապրել. պատմությունը վկայում է, որ մտավորականներն այն ուժն են եղել, որի վրա են խարսխվել պետությունը կործանումից փրկելու քայլերը:

«Մենք զինվոր ենք ու միշտ մնալու ենք խրամատում, կռվելու ենք, պայքարելու ենք բոլոր ուղղություններով, եթե ոչ, վաղը այս նույն բեմում, որտեղ կանգնած ենք, կիսալուսին ենք տեսնելու»,- հանդիպումն ավարտեց բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ