RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021



Տեղադրվել է` 2021-01-15 00:17:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 612, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽՐԱԽՃԱՆՔ ԺԱՆՏԱԽՏԻ ԺԱՄԱՆԱԿ

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ

Համառոտ ակնարկ

«1865 թվականին Անգլիայի նավատորմի սպա Ֆրանկֆորտը վերադառնում է Լոնդոն եւ ժանտախտի խիստ տարածված պայմաններում փորձում է գտնել իր մորը եւ սիրեցյալին: Քայլելով կործանվող Լոնդոնով, փողոցներից մեկում նա նկատում է խրախճանք, մի խաբեբա աստղագուշակի, գերեզմանափորի եւ բազում հուսահատ մարդկանց...»:

Այս մեջբերումը շոտլանդացի թատերագիր Ջոն Ուիլսոնի «Ժանտախտի քաղաք» դրամայից է:

Ավելի ուշ Ալեքսանդր Պուշկինը այս դրամայի հիման վրա ստեղծել է «Խրախճանք ժանտախտի ժամանակ» ողբերգական պիեսը:

Այս փոքր ակնարկից հետո անցնենք մեր բուն թեմայինՙ Արցախի հետպատերազմյան այցերից մեկին, որի հետեւանքները շատ շուտով կզգանք Հայաստանում եւ Արցախում:

2020թ. դեկտեմբերի 10, տոնական տրամադրություն, հաղթանակի զորահանդես, պաշտոնական Բաքուն նշում է իր հաղթանակը Լեռնային Ղարաբաղում, իսկ Թուրքիանՙ իր հաղթանակը տարածաշրջանում: Այդ մասին է խոսում Էրդողանի ներկայությունը զորահանդեսին, ընդլայնվում է Թուրքիայի եւ, ինչու չէ, ՆԱՏՕ-ի ազդեցության գոտին Հարավային Կովկասում եւ Մերձկասպյան տարածաշրջանում: Իսկական խրախճանք ժանտախտի ժամանակ:

Տոնական ողջ արարողակարգին մասնակցում էին ավելի քան 3000 զինծառայող, ցուցադրվեց 150-ից ավելի զինտեխնիկա, որոշակի քանակությամբ հայերից խլված ռազմավար:

Իլհամ Ալիեւի կարգադրությամբ Ադրբեջանում սահմանադրվել է հաղթանակի օր, որպես պետական տոն, որպես դարակազմիկ իրադարձություն:

Պարեր դիակների վրա. այդպես է անվանել Բաքվի տոնական զորահանդեսը ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ, «Լազարեւյան ակումբի» համակարգող Կոնստանտին Զատուլինը, որ գտնում է, որ զորահանդեսը բառիս բուն իմաստով սադրանք էրՙ կազմակերպված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին ստորացնելու, նսեմացնելու եւ Ռուսաստանին ագրեսիվ մարտահրավեր նետելու նպատակով:

Մեկ անգամ եւս մեր վիշտն ու ողբերգությունը չխորացնելու նպատակով մեջբերում չեմ անի Էրդողանի ելույթից, կապված Էնվեր փաշայի եւ Նուրի փաշայի արնախում կերպարների ոգեկոչման եւ ոգեպաշտության հետ: Այլ միանգամից անցնեմ գլխավորին:

Զորահանդեսից, քեֆ-ուրախությունից, պարգեւատրումներից, խրախուսանքից եւ մարտաշունչ ելույթներից ու հայտարարություններից զատ, 2020թ. դեկտեմբերի 10-ին երկկողմանի համագործակցության կարեւորագույն փաստաթղթեր ստորագրվեցին Բաքվում Ի. Ալիեւի եւ Ռ. Էրդողանի կողմից: Այդ փաստաթղթերը վերաբերում են ռազմական համագործակցությանը եւ փոխօգնությանը, ռազմաբազաներ ստեղծելուն, համատեղ հետախուզական աշխատանք իրականացնելուն Հայաստանի եւ Ռուսաստանի դեմ, տրանսպորտային կապի ուղիներ ստեղծելուն, գրավյալ տարածքներում կապիտալ, համատեղ շինարարություն սկսելուն, 2 երկրների քաղաքացիներին ներքին վկայականներով փոխադարձ այցելությունների թույլտվության արձանագրություններ եւ այլն:

Սակայն հատկապես ուշադրության է արժանի տեղեկատվական ոլորտում ռազմավարական համագործակցության մասին հուշագիրը: Այլ խոսքովՙ ստեղծվեց համատեղ մեդիահենահարթակ (պլատֆորմա), որը կթելադրի Հարավային Կովկասի ինֆորմացիոն ողջ օրակարգը, ակտիվորեն կաշխատի Մեծ Թուրանի գաղափարախոսության ազդեցության ոլորտների ընդլայնման ուղղությամբ, ավելի ու ավելի կթուլացնի (առանց այդ էլ բոլոր երեք հանրապետություններում շատ թուլացած) Ռուսաստանի ներկայությունը:

Շարունակեմ թվարկե՞լ: Կարող եք չկասկածել. այդ մեդիապլատֆորմի «ծածկի» տակ ակտիվորեն կաշխատի թուրք-ադրբեջանական հետախուզական ռեզիդենտուրան, որը կտարածի տեղեկատվություններ, ակտիվ հաղորդագրություններ, ներթափանցումներ, կսերմանի հակառուսական տրամադրություններ, կզբաղվի «ուղեղների լվացումներով», կստեղծի ներքին բախումներ եւ անկայունություն: Կարելի է ենթադրել, որ Հայաստանում նույնպես կգտնվի որոշակի զանգված, որ կհավատա այդ ապատեղեկատվություններին:

Մի խոսքովՙ հաստատ կարող եմ նշել, որ այս մեդիապլատֆորմը ավելի ուժեղ վնասներ կհասցնի մեր պետությանը, մեր անվտանգությանը, մեր հասարակությանը, քան ֆոսֆորային զենքը, որը օգտագործվեց մեր դեմ Արցախյան պատերազմի ժամանակ, մեր ռուս բարեկամների եւ միջազգային հանրության քար լռության ուղեկցությամբ:

Այժմ անդրադառնանք մի այլ կարեւոր իրադրության: Ադրբեջանում Թուրքիան հավատարմագրել է իր նոր դեսպանինՙ Ահմեթ Դեմիրոկին: Վերջինս նախկինում ղեկավարել է Թուրքիայի դիվանագիտական առաքելությունը Քաթարում (2013-2017թթ.) եւ անձամբ է ղեկավարել արաբական այդ երկրում Թուրքիայի ռազմական կայանի տեղաբաշխման ողջ գործընթացը: Ուշադրության է արժանի նաեւ նրա դիվանագիտական գործունեությունը հյուպատոսի կարգավիճակով (2010-2013թթ.) Մեծ Բրիտանիայում:

Իսկ այժմ փորձենք նկարել մի հզոր եռանկյունի եւ փորձենք հասկացնել ռուս-հայկական գործակալություններին, թե ով ում բարեկամն է, եւ ի՞նչ սպառնալիքներով է լի այդ բարեկամությունը:

Բրիտանիայի հետախուզության (Mi-6) նորանշանակ ղեկավարըՙ Ռիչարդ Պետեր Մուրը 1990-1992թթ. եւ 2014-2017թթ. աշխատել է Թուրքիայում, սկզբումՙ որպես շարքային դիվանագետ (համատեղելով հետախույզի եւ դիվանագետի աշխատանքը), իսկ հետո արդեն դեսպանի կարգավիճակով: Շատ շուտով նա դարձավ նախագահ Էրդողանի ամենամտերիմ ընկերներից մեկը (ընթերցողը կարող է կարդալ ընդարձակ հոդվածս Ռ. Մուրի մասին «Ազգ» շաբաթաթերթի 25-ում առ 21.08.2020թ.):

Ահմեթ Դեմիրոկը, ծնված Թուրքիայում 1970թ., ծառայում է Թուրքիայի ԱԳՆ-ում 1993թ-ից: 2010-2013թթ. ծառայել է Մեծ Բրիտանիայում որպես հյուպատոս (լավագույն ծածկերից մեկն է հետախուզության համար):

Օրհան Սեդյար օղլու Սուլթանովը (գեներալ գնդապետ) ղեկավարում է Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայությունը 2015 թվի դեկտեմբերից: Վերջինս նույնպես նախկինում համատեղել է դիվանագետի եւ հետախույզի աշխատանքը, եւ որտե՞ղ, դե իհարկե Մեծ Բրիտանիյում: Սուլթանովը 2007-2011թթ. Անգլիայում Ադրբեջանի դեսպանատան ծածկի տակ ծառայել է որպես հումանիտար հարցերով 1-ին քարտուղար եւ այնտեղ էլ ստացել է մասնագիտական պատրաստվածություն:

Եվ այսպես, դիվանագետ-հետախույզներ, հետախույզ-հյուպատոսներ, լրտես-դեսպաններ, որ կողմ էլ պտտվեսՙ Անգլիա-Թուրքիա-Ադրբեջան կամ Թուրքիա-Ադրբեջան-Անգլիա, տեսարանը չի փոխվում:

***

Մի կողմ դրեք ամեն ինչ, լրջորեն պատրաստվենք նոր եւ երկարատեւ պայքարի, գուցե եւ պատերազմի:

Սկսենք լրջորեն համագործակցել արաբական աշխարհիՙ հատկապես Եգիպտոսի հետ: Մի անտեսեք Չինաստանը, նա լուրջ եւ հզոր գործընկեր կարող է լինել:

Չմոռանանք նաեւ հին բարեկամներին, բայց ցույց տանք նրանց, որ մենք ի վիճակի ենք լուրջ եւ բազմաքայլ «խաղ» վարել, բայց ոչ դավաճանել:

Նկար 1. Ադրբեջանական «Յարասա» ստորաբաժանումը հանդիսանում է Ադրբեջանի Արտաքին հետախուզական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #1, 15-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ