RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021



Տեղադրվել է` 2021-01-21 23:11:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1264, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՀԱՋՈՂՎԻ՞ ԲԱՅԴԵՆԻՆ ՍԱՆՁԵԼ ԹՈՒՐՔ ԱՆՈՊԱՅԻՆ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Նախագահ Թրամփը կատարյալ խառնարան է ստեղծել միջազգային հարաբերություններում առիթ տալով, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նման ամբարտավան սրիկաները քաոս տարածեն աշխարհի մի շարք տարածաշրջաններում եւ նույնիսկ խառնվեն ԱՄՆ-ի ներքին խնդիրներին։ Էրդողանի «արտերկրյա արկածների» զոհերից մեկը դարձավ Հայաստանը։ Այդ է պատճառը, որ Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը խիստ հետաքրքրված են, թե արդյոք Ջո Բայդենի ընտրվելով հնարավոր կլինի՞ զսպել թուրքական սանձարձակությունները։

«Երուսաղեմ փոստի» աշխատակից Սեթ Ջ. Ֆրանցմենը հավատում է, որ թունելի ծայրում լույս է լինելու։ Հունվարի 12-ին հրապարակված հոդվածում նա դրական է արձագանքել այդ հարցին։ Իր դրական մոտեցումն արտահայտված է նույնիսկ հոդվածի վերնագրում. «Երկրներ ներխուժելու Էրդողանի քարտ-բլանշը կարող է սպառվել Թրամփի պաշտոնավարման ավարտով»։

Պենտագոնի նախկին պաշտոնյա եւ Ամերիկյան Ձեռներեցության ինստիտուտի ռեզիդենտ գիտաշխատող Մայքլ Ռուբինը այդ առիթով ասել է. «Վերջին մի քանի տարիներին Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները պահվում էին միայն Էրդողանի հետ Թրամփի ունեցած անձնական կապերի շնորհիվ։ Թրամփի հեռանալու դեպքում Էրդողանը անհանգստանալու շատ առիթներ կունենա»։

Եվ իրոք, իր հարցազրույցներից մեկի ընթացքում Բայդենը Էրդողանին «բռնապետ» է անվանել եւ խոստացել է աջակցել Թուրքիայի ընդդիմությանը, մինչ Դեմոկրատական կուսակցության ներքին բանավեճերից մեկի ժամանակ նա ասել է. «Ես Էրդողանի հետ իրական դեմ առ դեմ երկխոսություն եմ պատրաստվում ունենալ եւ թող նա իմանա, որ թանկ է վճարելու իր արարքների համար։ Եկել է պարտքերը մարելու ժամանակը»։

Այս վերջին միտքը վերաբերում է Սիրիայում ԱՄՆ-ի դաշնակից քրդերի դեմ Էրդողանի կազմակերպած ջարդերին։

ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ Անկարան խիստ քննադատորեն էր մոտենում Բայդենի թեկնածությանըՙ հուսալով, որ Թրամփը վերընտրվելու է։ Այդ էր պատճառը, որ Թուրքիան շնորհավորական ուղերձ ուշացրեց եւ հղեց Բայդենին միայն այն ժամանակ, երբ Կոնգրեսը հաստատեց ընտրական կոլեգիայի ձայները։ Այս պարագայում զարմանալի չէ, որ նախագահ Բայդենի անցումային թիմը դեռ չի պատասխանել Էրդողանիՙ հեռախոսազրույց ունենալու խնդրանքին։ Ակնհայտ է, որ երկու երկրների ղեկավարները առանձնակի սեր չեն տածում միմյանց նկատմամբ։

Էրդողանը մի շարք խնդիրների շուրջ հակասություններ ունի ԱՄՆ-ի վարած քաղաքականության հետ։ Բացի քրդերի վրա հարձակումից, դրանք ներառում են ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերումը, Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների հետագա կարգավորման փորձերը, Թուրքիայի ենթադրյալ դերը ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեջ Իրանին օգնելու հարցում, Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից մեկ այլ երկրիՙ Հունաստանի հետ ռազմական բախումները եւ Ֆրանսիայի նկատմամբ լարվածությունը, որը սպառնում է պառակտել Հյուսիսատլանտյան դաշինքը։ Իսկ վերջին, բայց ոչ պակաս կարեւոր հարցըՙ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բայդենի խոստումը, անկասկած առաջ է բերել Էրդողանի վարչակազմի վրդովմունքը։ Ի դեպ, նախագահ Օբամայի օրոք ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանթա Փաուերը վերադարձել է Վաշինգտոն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ղեկավարելու համար։ Նա թեկնածու Օբամայի անունից խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունըՙ խոստում, որը չէր կարողացել կատարել։

Օբամայի պաշտոնավարման ավարտին Ամանթա Փաուերը հրապարակայնորեն ներողություն էր խնդրել իր ձախողման համար։ Այժմ նա հնարավորություն է ստացել կյանքի կոչելու այդ խոստումը։ Կյանքը ցույց կտա, թե արդյոք դա կլինի հերթական քաղաքական քաղաքականությունը, թե՞ նա իրականում կպահպանի իր կողմից քարոզվող բարոյական սկզբունքները։ Առկա է մեկ խնդիր եւս, որն էլ ավելի է սրում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ արդեն իսկ լարված հարաբերությունները։ Նյու Յորքի Հարավային շրջանի դատարանը շուտով քննելու է Թուրքիայի պետական «Հալք» բանկի նկատմամբ հարուցված դատական գործը։ Բանկը մեղադրվում էր Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի էմբարգոն շրջանցելու հարցում Իրանին օժանդակելու մեջ։ Անտեսելով ԱՄՆ օրենքներըՙ նախագահ Թրամփը երկու անգամ պաշտոնից ազատել էր այդ գործով զբաղվող դատախազներինՙ դատավարությունից խուսափելու համար։ Նրա Պետդեպարտամենտի նախկին ղեկավարՙ Ռեքս Թիլերսոնը եւ Ազգային անվտանգության խորհրդատուՙ Ջոն Բոլթոնը փորձել են բացատրել այս հարցում Թրամփի միջամտության հնարավոր հետեւանքները։

Բոլթոնը վստահ է, որ «Թրամփը ցանկացել է լավություն անել իր բարեկամ Էրդողանին»։ Դատավարության հետեւանքները կործանարար են լինելու Թուրքիայի առանց այն էլ անկում ապրող տնտեսության համար։ Միեւնույն ժամանակ, Միջին Արեւելքի եւ Կովկասի քաղաքական դաշտում փոխվում է դերակատարների քաղաքական դիրքավորումները, եւ Թուրքիան փոխում է իր դիրքորոշումը ԱՄՆ նոր վարչակազմի նկատմամբ։ Վերջինս պատրաստվում է նախազգուշական միջոցներ ձեռնարկել նախքան Բայդենի վարչակազմը կբացի իր խաղաթղթերը Էրդողանի առջեւ։

Նախ եւ առաջ, Թուրքիան անուղղակի ճանապարհներ է փնտրում Իսրայելի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու համար, առժամանակ դրանք վատացնելուց հետո։ Իսրայելի նախագահ Բենջամին Նեթանյահուն փորձում է հնարավոր ամենաբարձր գինը պահանջել հարաբերությունների վերականգնման դիմաց։ Կողմերը քաջ գիտակցում են, որ Իսրայելն է ԱՄՆ-Միջին Արեւելք քաղաքականության դարպասը։

Դեկտեմբերի 10-ի հաղթական շքերթի ժամանակ Բաքվում թունավոր ակնարկներ նետելուց հետո Էրդողանը սկսեց հաշտության եզրեր փնտրել Հայաստանի հետ։ Նախեւառաջ, նա նշեց, որ կօգնի Ադրբեջանին եւ Հայաստանին այնքան բարելավել հարաբերությունները, որ նրանք այլեւս քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար խաղաղապահ ուժերի կարիք չեն ունենա։ Այս հայտարարությունը, իհարկե, չի կարելի միանշանակ ընկալել։ Այժմ, երբ Թուրքիան իր ռազմական ուժը տեղակայել է Ադրբեջանումՙ Ռուսաստանի ներկայությունը հավասարակշռելու համար, այն կշարունակի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու գործընթացըՙ ԱՄՆ-ին հաճոյանալու նպատակով։

Հայտարարության մյուս կողմը Եվրոպային հանգստացնելու միտում ունի։ Տեւական ժամանակ Թուրքիայի եւ Եվրոպական Միության միջեւ բանակցությունները իրապես, փակուղում էին։ Այդ բանակցություններում հաջողության հասնելու պայմաններից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն է։

Ի լրումն դրա, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան մտադիր է լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Այն փաստը, որ Թուրքիան անմիջապես Երեւանի հետ չի խոսումՙ ցույց է տալիս, որ դա ոչ թե իրական դիվանագիտական քայլ է, այլ պարզապես քաղաքական կեցվածքՙ Բայդենի վարչակազմի հետ հնարավոր ընդհարումը կանխելու համար։ Հայաստանը, ցավոք, թույլ է, հատկապես վերջին պատերազմից հետո, որում նաեւ ներգրավված էր Թուրքիան, սակայն Հայոց ցեղասպանության բարոյական ուժը դեռեւս մնում է գործոն, որի հետ հարկավոր է հաշվի նստել։

Մեկ այլ զարգացում, որում Թուրքիան զգալի բացասական դերակատարում ունի, Քաթարի եւ սուննի արաբների մյուս միավորմանՙ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի հետ լարված հարաբերություններն են։

Անկարան այդ լարվածությունը օգտագործեց բարելավելու համար իր համագործակցությունը Քաթարի հետ, որտեղ Թուրքիան տեղակայել է իր ռազմաբազան։ Թուրքիան եւ Քաթարը զբաղված էին կրքեր բորբոքելով եւ Մերձավոր Արեւելքում ու ամբողջ աշխարհում Իսլամական ահաբեկչությունը ֆինանսավորելով։ Վերջերս, երկու միավորումները հանդիպել են Սաուդյան Արաբիայում եւ վերականգնել են հարաբերություններըՙ չեղյալ հայտարարելով Քաթարին ներկայացված 13 պահանջները։ Թուրքիան դեռ պետք է վերագտնի իր դիրքը այդ խառը իրավիճակում։

Թուրքիայի ռազմավարության կողմերից մեկն էլ նրա ռազմական ուժերի կենտրոնացումն է Ադրբեջանում եւ Կարսում։ Այս խորհրդավոր քայլը բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Դրանցից մեկն այն է, որ մոտենում է Կարսի պայմանագրի (1921 թվականի մարտ ամիս) ստորագրման 100-ամյակը։ Շատերը կարծում են, որ Թուրքիան կհրավիրի ռուսական կողմին «տոնելու» ռուս-թուրքական հարաբերությունների հարյուրամյակը։ Դա նաեւ հնարավորություն է Հայաստանի համար կրկին անդրադառնալու պայմանագրին, որը շատ իրավական թերություններ ունենալով հանդերձ, ամրագրում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանը։

Ըստ մեկ այլ մեկնաբանության ԱՄՆ նոր վարչակազմը կդիմի Իրանինՙ փորձելով ստիպել վերջինիս պահպանել Օբամայի վարչակազմի օրոք ստորագրված միջուկային պայմանագրի դրույթները։ Այդ նպատակով ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքից լծակների անհրաժեշտություն կունենա, որի համար Անկարան կարող է պարտավորեցնող դեր ստանձնել։

Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ կանխատեսվում է սառը հարաբերությունների ժամանակաշրջան։ Հայաստանի դիվանագետները, իրավապաշտպան խմբերը եւ ԱՄՆ-ում ազդեցություն վայելող հայերը պետք է փորձեն օգտվել այս քաղաքական «պատուհանից», որը կարող է բաց մնալ միայն շատ կարճ ժամանակով։

Ի վերջո, Բայդենի վարչակազմը Թուրքիային դիտարկում է որպես ՆԱՏՕ-ի դաշնակցի եւ կստիպի վերջինիս դրսեւորել դաշնակցին հարիր վարքագիծ, քանի որ Թուրքիան օգտվել է ՆԱՏՕ-ին անդամակցությամբ իրեն ընձեռված իշխանությունից եւ գործել է անկախ եւ ՆԱՏՕ-ի նպատակներին հակառակ։

Ապագան ցույց կտա, թե արդյոք Բայդենին կհաջողվի՞ սանձել Էրդողանի կամայականությունները, թե՞ Թուրքիային կհաջողվի համոզել ԱՄՆ վարչակազմին, որ իրավունք ունի աշխարհի քաղաքական ասպարեզում գործել ինքնուրույն։

Անգլ. թարգմ.ՙ ԼՈՒՍԻՆԵ ՂԱԼՈՒՄՅԱՆԸ, (ArmenianMirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #2, 22-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ