RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021



Տեղադրվել է` 2021-01-28 21:50:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2406, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒԺՆ Է ՈՒԺ ԾՆՈՒՄ. ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ

ՆԱԻՐ ՅԱՆ

Հայաստանում գոյություն ունի Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեկ եւ միակ օրակարգ, մյուս օրակարգերը կեղծ են ու անտեղի: Այս համոզմունքն աղաղակում է մեր կյանքի բոլոր ոլորտներում: Անգամ եթե Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հոբելյանական մեծ համերգով նշում է իր ստեղծման 15-ամյակն, ու Փաշինյանի կինն ու դուստրերը գնում ենՙ երեկոն վայելելու, անգամ եթե հանրությանը բուն խնդիրներից շեղելու համար Փաշինյանն ԱԺ-ի ամբիոնից հայտարարում է, թե Շուշին թուրքական քաղաք է կամ Մակունցին դեսպան է ուղարկում ԱՄՆ, միեւնույն է, հայաստանյան օրակարգը մեկն էՙ Փաշինյանին ու նրա կառավարությանը հեռացնել իշխանությունից:

Իմքայլականներին միտումնավոր կերպով ԱԺ-ի միջանցքներ բաց թողնելով, որպեսզի նրանք ինչքան հնարավոր է աբսուրդ ու անմեղսունակ մտքեր արտահայտեն ու օրվա զավեշտալի սենսացիան ապահովեն, Փաշինյանն այդկերպ իշխանությունը երկարաձգելու օրեր է մթնեցնում: Առջեւում էլի՞ ինչեր կան, ի՞նչ դավադիր գործարքներ. նրա դաշնակից սատանան գիտե միայն:

Հունվարի 26-ին Շրջակա միջավայրի նախարարն անհանգստացած հայտարարեց, թե Սեւանա լիճը սնուցող Արփա ու Որոտան գետերի ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ են: Ե՞րբ է քո տերն այդ տարածքները հանձնել Ադրբեջանին, քանի՞ ամիս առաջ ենք տեսանյութերով, հոդվածներով, քարտեզներով ահազանգել, որ այդ գետերի հուներն Ադրբեջանին հանձնելն ազգային անվտանգության խնդիրը սրում է: Զրո արձագանք իշխանական բոլոր օղակներից, այդ թվումՙ Շրջակա միջավայրի նախարարությունից: Հիմա զարթնեցի՞ք: Տեսնես ինչո՞ւ այդպես հանկարծակի զարթնեցիք: Դե արի ու մի կասկածիր. մի՞թե անհավանական է, որ առաջիկա օրերին պարզվիՙ Փաշինյանը Սեւանի կեսն էլ է տվել Ադրբեջանին, տվել է ու կպատճառաբանի, կարդարանաՙ ինչու է տվել. որպեսզի Ադրբեջանը հենց միայն ինքն իրեն չվնասելու համար Արփայի ու Որոտանի ակունքները չթունավորի: Կտաս, թե չէ կթունավորեմՙ բռունցք կամ այլ բան ցույց տալովՙ իբր կասի Ալիեւը: Փաշինյանն էլ իրեն փրկչի տեղ դնողներին հռետորական հարցով կդիմիՙ տա՞լ, թե՞ չտալ, այս է խնդիրը: Իհարկե, տալՙ Հայաստանի հպարտ քաղաքացիների կյանքը չվտանգելու, նրանց չթունավորելու դիմաց: Շատ շուտով կպարզվի, որ Շրջակա միջավայրի նախարարիՙ սեւանական մտահոգությունը մեծ գործարքի սկիզբն է միայնՙ թումանյանական ճոն կատվի ասածՙ ցրցամը:

Այդպես եղբայրաբար կօգտագործենք Սեւանի չթունավորված ջուրը: Հայաստանի բնակչության կեսը կամ գուցե կեսից ավելին սրտի թրթիռով շնորհակալություն կհայտնի իր սրտի վարչապետին, ինչպես երախտագիտությունը հայտնեց, որ նա պատերազմը սրտացավորեն ոչ թե 100, այլ 44 օր հետո է դադարեցրել, որպեսզի եւս 5000 զոհ չունենանք: Շնորհակալություն կհայտնի, որ փրկիչ վարչապետը մեծահոգի է գտնվել ու Սեւանի կեսը տվել է ադրբեջանցիներին, որպեսզի կանխի լիճը թունավորելու ադրբեջանական նենգ մտադրությունը, եւ ամռանը նրանք գոհ ու երջանիկ կմտնեն Սեւանիՙ չթունավորված հայկական կողմի ջրերում լողալուՙ խալաթներով ու շալվարներով, որ մահմեդական ադրբեջանցիները հանկարծ չտեսնեն իրենց քրիստոնյա մարմինները: Իսկ հետո նրանք նույնքան գոհ ու երջանիկ, բաց դեկոլտե ու բարձրակրունկ կոշիկ հագածՙ կգնան դասական երաժշտության հերթական մեծ համերգին ու երազկոտ աչքերով կառավարական օթյակում կփնտրեն իրենց փրկիչ Նիկոլի փրկչուհի կնոջն ու նրա փրկչիկ երեխաներին: Օ՜, Աստվածներ, Սեւանի ջրերի հայկական հատվածում ադրբեջանական թույն չկա, իսկ Սեւանի ջրերի ադրբեջանական հատվածը մեզ չի հետաքրքրում, բա լավ է՞ր, որ իրենք մեր երեխեքին կոտորեցին: «Ա՜խ, այդ նախկիններն ու Ալիեւը... Դժոխքի բաժին դառնան»,- ավելորդ ա՜խ քաշելով, բաց դեկոլտեներին ոչ ավելորդ անգամ օծանելիք փսսացնելով ու դարձյալ ոչ ավելորդ անգամ դեպի կառավարական օթյակՙ փրկչուհիներին մի սիրառատ հայացք գցելովՙ սիմֆոնիկի համերգը կվայելի դասական երաժշտության սիրահարար մեր հասարակությունը:

Փաշինյանի ընտանիքը գնաց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Իհարկե, պետք է հիշենք, որ Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի առաջին օրերին վարչեպետին ուղղված բաց նամակում իր դիրքորոշումն էր հայտնել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալՙ խնդրելով, որպեսզի արվի ամեն ինչՙ հանրության մեջ միասնականությունը չխախտելու համար: Փաշինյանն էր, չէ՞ Սերգեյ Սմբատյանի հայրիկինՙ Արմեն Սմբատյանին, Իսրայել ուղարկելՙ որպես ՀՀ դեսպան: Դեսպանՙ մի երկրում, որը Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն օգտագործեց Հոլոքոստի միջազգային ճանաչման համար, բայց մեկ դարից ավելի անխոնջ աշխատում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բոլոր դռները կողպվեն: Դեսպանՙ մի երկրում, որի զենքերով ու անօդաչու սարքերով Արցախում կոտորվեց մի ամբողջ սերունդ:

Կոմպոզիտոր, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը մինչեւ հիմա չի մասնակցել մտավորականների «Ձայն հայրենյաց» շարժման հավաքներին, չի մասնակցել նաեւ նրա որդի Սերգեյ Սմբատյանը: Ու շատերը չեն մասնակցում, մինչդեռ ստեղծագործող, հանրաճանաչ անհատների կշիռն ու խոսքը երկրի համար դժվարագույն այս օրերին կարող է վճռորոշ լինել, բեկում մտցնել նախապես ձեւավորված քաղաքական օրակարգում: Ու թող ոչ ոք չփորձի արդարանալ, թե «մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»: Հայրենիք, պետություն, պետականություն ենք կորցնում: Եթե ծանրակշիռ մտավորականն ու արվեստագետը չեն կանգնում ժողովրդի առջեւ, ուրեմն նրա տեղը պատեհապաշտ ու արկածախնդիր մեկն է զբաղեցնելու:(*)

Կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը միշտ ներկա է «Ձայն հայրենյացի» հավաքներին, անգամ ելույթ է ունեցել, քննադատել իշխանություններին. դրա համար էլ հունվարի 22-ինՙ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100 ամյակին, ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը -14 աստիճան ցրտին Քաղաքային պանթեոնում մոտ 40 րոպե սպասեցրին 83-ամյա կոմպոզիտորին ու մինչ իրենց գալը, չէր կարելի ալ վարդերը բաժանել ներկաներին, որպեսզի նրանք սառած ծաղիկները խոնարհեին Բաբաջանյանի շիրմին: Վարդերը հատ-հատ բաժանելու - շիրմին խոնարհելու համար պետք էր համբերատար սպասել ԿԳՄՍ նախարարին ու փոխնախարարին: Իհարկե, Մարտին Վարդազարյանը մենակ չէր սպասում բարձրաստիճան պաշտոնյաներին, նրա հետ Առնո Բաբաջանյանի շիրմին այցի էր եկել եւս մի տասնհինգ հոգի. դե, մեր Առնոն է, էլի, չի նեղանա, հետո՞ ինչ, որ 100 ամյակը լրացավ, հետո՞ ինչ, որ եթե նախկինները լինեին, ամբողջ տարին կհռչակեին բաբաջանյանական: Տեսե՞լ եք Առնո Բաբաջանյանի համերգների տեսագրությունները կամ Առնոյին. տխուր, դժգույն Առնո է, տխուր, դժգույն տեսագրություններ են, տխուր, դժգույն շիրիմ է, բա մեզ պե՞տք է հին, 100 տարեկան Առնոն:

Եվ ուրեմն «Ձայն հայրենյաց» շարժման ընդլայնված հավաքին ներկա էր վերջին ամիսներին անճանաչելիորեն ծերացած Մարտին Վարդազարյանը, բայց ներկա չէր նրա հետ քաղաքային պանթեոնում նախարարին համբերատար սպասող Արամ Սաթյանըՙ կոմպոզիտորների միության նախագահը: Առհասարակ, «Ձայն հայրենյացի» հանդիպումներին ոչ մի անգամ որեւէ ստեղծագործական միության նախագահ ներկա չի եղել: Գո՞հ են նրանք Նիկոլից, համաձա՞յն են նրա արածների ու անելիքների հետ. հարցը հռետորական չէ. եթե չեն միանում մտավորականների շարժմանն, ուրեմն համաձայն են կամ էլ իրենց հաշվարկներն ունենՙ հիմնված հաշվենկատության, շահադիտական նկրտումների ու դրանցից բխող վախերի վրա:

Միգուցե շատերը պատճառաբանեն, թե անվերապահորեն ուզում են, որ Նիկոլը գնա, բայց նման հավաքներին մասնակցելու, սեփական քայլն անելու, ընդվզելու սիրտ չունեն, խոր դեպրեսիայի մեջ են, առավոտից երեկո ա՜խ են քաշում ու մեր լույս-տղերքի նկարներին նայում: Ո՛չ, ու դարձյալ ո՛չ. հուսալքելու, ընկճվելու, կոտրվելու, տանը փակված մնալու, սեփական յուղի մեջ տապակվելու երեք ամիսն անցել է արդեն. բռունցքվել է պետք, գոյապահպանման, ազգապահպանման բնազդները պետք է սրել ու հանդուրժողականության անգամ նվազագույն դրսեւորումը գլխատել-ոչնչացնել: «Ձայն հայրենյաց» շարժմանը կրթության, մշակույթի, գիտության արդեն 300 գործիչ է անդամագրվել, միացել են նաեւ ռազմական գործիչներ, հոգեւորականներ, գեներալներ, իրավաբաններ, որոնք փաստահավաք գործունեությամբ են զբաղված եւ օրենքի ուժով են ուզում պատասխանատվության ենթարկել Փաշինյանին:

«Տխուր ոտանավորների ժամանակներն անցել են, պետք է կոնկրետ քայլեր կատարել ու Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Պետք է համախմբվել, մեծ ուժ դառնալ»,- հայտարարեց զոհված զինվորի հայր, քաղաքագետ Գեղամ Նազարյանը :

Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը եւս կոչ արեց համախմբվել. յուրքանաչյուրի ներկայությունը, ձայնը, ուժը պետք է այս օրերին: Իշխանությունները պետք է տեսնեն, որ ժողովուրդն այլեւս ծնկած չէ, այլեւս կոտրված ու գլխահակ չէ, այլեւս անուժ ու հուսալքված չէ, ինչպիսին ուզում է տեսնել Նիկոլը թե՛ այսօր, թե՛ միշտ, որովհետեւ ծնկածին ու կոտրվածին իշխելը հեշտ է:

«Ձայն հայրենյաց» շարժումն սկսել է մարզային այցերը: Մարզաբնակների հետ հանդիպումներ են պետք: Գյուղական բնակավայրերում մարդիկ այլընտրանք չունեն, իշխանությունների թելադրած լրատվությունն են լսում միայն ու դրա հիման վրա պատկերացում կազմում պատերազմական ու հետպատերազմական Հայաստանի մասին:

«Մարդիկ խոր թմբիրի մեջ ենՙ փակ աչքերով, փակ ականջներով, իրենց վշտի հետ հարմարված, ճիշտը սխալից տարբերելու հնարավորությունից զրկված: Գնում ենք մարզերՙ նրանց հետ զրուցելու, ճիշտն ասելու, նրանց աչքերն ու ականջները բացելու»,- հանդիպումն ավարտեցին հավաքի կազմակերպիչները:

Նրանք քաղաքական որեւէ ուժ չեն ներկայացնում, կուսակցական չեն, նրանք որոշել են իրենց ուժերը համախմբելովՙ մեծ ուժ դառնալ, հայրնեիքի կորստյան հետ չհարմարվող, Փաշինյանի իշխանությանը ո՛չ ասող նոր խմբերի ընդունել իրենց շարքերը, համալրվել, մեծանալ, հզորանալ եւ մեծ թիվ ներկայացնելովՙ պահանջել Նիկոլի հրաժարականը: Չէ՞որ Նիկոլին թիվ է պետք, նա նույնիսկ բաց տեքստով ասել է դրա մասին, թե իր հրաժարականը պահանջողների թիվը մեծ չէ, որպեսզի նա կատարարի ժողովրդի կամքը: «Ձայն հայրենյացը», իհարկե, Նիկոլի թվերի հետեւից չի ընկնում, բայց Նիկոլին պատժելու հետեւից ընկնում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ