RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1453, Տպվել է` 2, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՔՈ ԵՐԿՐԻՆ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՎԵՐԱԲԵՐՎԻՐ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՔՈ ՏԱՆՆ ԵՍ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ»

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Հայաստանը միշտ էլ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել արդեն երեք տասնամյակից ավելի Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ գործունեություն ծավալող ճանաչված հասարակական գործիչ եւ բարերար, բարեգործական հիմնադրամի նախագահ Հրաչյա Պողոսյանի սրտում: Պետերբուրգցիները նրան համարում են իրենց «մարդը», իրենց քաղաքի այն իրական հերոսը, որն արդեն երկար տարիներ գործուն մասնակցություն է ունենում քաղաքի գրեթե բոլոր բնագավառների կարեւորագույն իրադարձություններում, դժվարին պահերին ձեռք է մեկնում եւ նեցուկ կանգնում օգնության կարիք զգացողներին: Եվ այս ամենով հանդերձՙ մեծ եռանդի, աշխատասիրության եւ նույնքան մեծ սրտի տեր այս մարդու հայացքն ու մի ոտքը միշտ Հայաստանում է, պատրաստՙ գործուն աջակցություն ցուցաբերելու Հայրենիքին, ինչը դա արել եւ անում է երկար տարիներ:

Հրաչյա Պողոսյանի անունը վաղուց հայտնի է ինչպես Ռուսաստանում ու Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ անկյուններում եւ նրա անունն առաջին հերթին առնչվում է չափազանց աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելությանՙ բարեգործության հետ: Նա արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է եւ մարմնացումն է պատվախնդիր հայի, որ ճակատագրի բերումով ապրելով եւ աշխատելով դրսում, ոչ միայն բարձր է պահում ազգային արժեքներն ու հայի անունը, այլեւ հոգով ու սրտով հայրենիքի հետ է:

«Քո երկրին եւ հայրենիքին վերաբերվիր այնպես, ինչպես քո տանն ես վերաբերվում»,-պատգամում է Հրաչյա Պողոսյանն իր անունը կրող բարեգործական կայքէջի այցելուներին: Եվ ապա բացատրելով իր ապրած կյանքի եւ ծավալած գործունեության իմաստըՙ տեղեկացնում է.

- Բոլոր ողջամիտ մարդիկ, անկախ իրենց համոզմունքներից, հասկանում են, որ մեր կյանքում շատ բան անարդարացիորեն մոռացվել է: Եվ իմ նպատակն է մարդկանց օգտակար լինել այն ժամանակահատվածում, որը ինձ ի վերուստ տրված է լինել այս երկրի վրա: Մենք ապրում ենք մեկ անգամ եւ պետք է կապ ստեղծենք անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ, որպեսզի մեր հետնորդները տեսնեն եւ գնահատեն մեր գործերը եւ էստաֆետը փոխանցեն հաջորդ սերունդներին»:

Եվ հենց այս հավատամքով էլ ապրում եւ արարում է մեր հայրենակիցը: Մեծ լոռեցուՙ գործն է անմահ պատգամին հավատարիմՙ նա արժեքներ է ստեղծում եկող սերունդների, դարերի համար: Ծանոթանանք նրա իրականացրած վերջին ծրագրերից մի քանիսին:

Հունվարի 28-ին Սանկտ Պետերբուրգի Սուրբ Եկատերինա եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագՙ նվիրված Հայաստանի զինված ուժերի օրվան:

Արարողությանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի եկեղեցական խորհրդի անդամ, բարերար Հրաչյա Պողոսյանը, Սուրբ Հարության եկեղեցու քահանա Եփրեմ Զարգարյանը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի սպասավոր Ղեւոնդ Տյոմկինը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Պատարագի ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին եկեղեցու բակի խաչքարի մոտՙ հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:

Մեր բանակի օրվան նվիրված արարողությանը նախորդել էր մեկ այլ միջոցառում: Հրաչյա Պողոսյանի անվան բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներումՙ Սանկտ Պետերբուրգի Պավլովսկի թիվ 209 գիմնազիայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված հուշատախտակի բացումՙ «Մեր դպրոցի հերոսները» խորագրով:

Նախագիծը մեկնարկել է դեռեւս 2019-ին: Առաջին անգամ Հրաչյա Պողոսյանի մտահղացումը` տեղեկատվական հուշատախտակներ տեղադրել ուսումնական հաստատություններում, որտեղ դպրոցական տարիներն են անցկացրել Խորհրդային Միության ապագա հերոսները, «Փառքի շքանշանի» լիակատար ասպետներն ու Ռուսաստանի հերոսները: Մտահղացումը քննարկվել է Մոսկվայում կայացած միջազգային խորհրդաժողովում: Նախաձեռնությանը աջակցել են ՌԴ ՊՆ, Սանկտ Պետերբուրգի ղեկավարության եւ Կրթության քաղաքային կոմիտեի, «Ռուսաստանի սպաներ» եւ «Մարտական եղբայրություն» համառուսաստանյան կազմակերպությունների, Հաղթանակի հրամանատարների հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչները: Ծրագրի առաջին հուշատախտակը հայտնվեց 2020 թվականին քաղաքի թիվ 207 դպրոցում: Երկրորդ հուշատախտակը, կորոնավիրուսային վարակի տարածման պատճառով, սպասում էր իր հանդիսավոր բացմանը մեկ տարուց մի փոքր պակաս: Իսկ հունվարի 25-ին, նացիստական շրջափակումից Լենինգրադի ամբողջական ազատագրման 77-րդ տարեդարձի նախօրեին, Պավլովսկի թիվ 209 գիմնազիայի պատերին հայտնվեցին նրա ականավոր շրջանավարտների անունները:

Այդ օրը միանգամից բացվեց երկու հուշատախտակ: Դրանցից մեկը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված շրջանավարտների եւ ուսուցիչների հիշատակին, երկրորդը` գիմնազիայի նշանավոր աշակերտ, ճանաչված բեւեռախույզ, մեր հայրենակից Արթուր Չիլինգարովի պատվին:

Միջոցառմանը ներկա էին եւ ելույթներ ունեցան պետական, հասարակական կազմակերպությունների ղեկավար աշխատակիցներ, բարձրաստիճան զինվորականներ եւ հյուրեր: Նրանց խոսքերում երախտիքի բառեր էին.

- Պետք չէ մոռանալ, թե ինչպես են Խորհրդային Միության ժողովուրդները ստացել ազատություն եւ խաղաղ երկինք իրենց գլխավերեւում: Շնորհակալություն Հրաչյա Պողոսյանինՙ իր արածի համար: Լենինգրադ-Սանկտ Պետերբուրգում ոչ ոք չի իրականացրել այնքան շատ ծրագիր, որքան նա իրականացնում է:

Մեկ այլ միջոցառում էլ տեղի ունեցավ հունվարի 22-ին, Սանկտ Պետերբուրգի Կենտրոնական ռազմածովային թանգարանի նիստերի դահլիճումՙ նվիրված թանգարանի ծննդյան օրվան:

Հայտնի թանգարանի ֆոնդը համալրող անձանց թվում էր Սանկտ Պետերբուրգի բարերար Հրաչյա Պողոսյանը: Մեր հայրենակիցն այդ օրը հանդիսավոր պայմաններում թանգարանի տնօրեն Ռուսլան Նեխային հանձնեց Խորհրդային Միության նավատորմի ծովակալ, Խորհրդային Միության հերոս, Հայրենական Մեծ պատերազմի տարիներին պաշարված Լենինգրադի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած հայորդուՙ Հովհաննես Իսակովի եւ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովի բրոնզե կիսանդրիները:

Ռուսլան Նեխայը երախտիքի ջերմ խոսքեր ասաց Հրաչյա Պողոսյանի հասցեին.

- Այսօր չեմ կարող իմ հիացմունքը չարտահայտել Հրաչյա Միսակովիչին: Մեր համագործակցության տարիների ընթացքում նա շատ բան է արել թանգարանի համար: Առանց Հրաչյա Պողոսյանի մշտական ուշադրության եւ գործուն աջակցության մեր առօրյան շատ տխուր կլիներ:

- Այսօր ես հատկապես ուրախ եմ, որ թանգարանի ծննդյան օրը ես կարող եմ նվիրել Խորհրդային Միության հերոսների կիսանդրիները, որոնք հատուկ ներդրում ունեցան Լենինգրադի եւ ամբողջ երկրի ազատագրման գործում: Համոզված եմ, որ նրանք արժանի տեղ կգրավեն «Կյանքի ճանապարհ» թանգարանում եւ մարդկանց կպատմեն մեր մեծ հրամանատարների սխրանքի մասին- ասաց բարեգործական հիմնադրամի ղեկավար Հրաչյա Պողոսյանը:

Ի դեպ, անցյալ տարվա մայիսի 8-ին, Մեծ Հայրենականում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի 75-ամյակի նախօրյակին, Հրաչյա Պողոսյան բարեգործական հիմնադրամի հովանավորության արդյունքումՙ Հովհաննես Իսակովի մեկ այլ կիսանդրի էլ իր մշտական տեղը գտավ Կենտրոնական ռազմածովային թանգարանում:

Ընդհանուր առմամբ, Հրաչյա Պողոսյանի եւ նրա բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծվել եւ վերականգնվել են ավելի քան 200 հոգեւոր, մշակութային եւ պատմական նշանակություն ունեցող հուշարձաններ, իրականացվել եւ կյանքի են կոչվել Հայրենական մեծ պատերազմի հերոսներին եւ իրադարձություններին նվիրված 120-ից ավելի հուշարձաններ եւ նախագծեր, իսկ մի մասն էլ իրականացման փուլում են: Նրա մտահղացմամբ ու աջակցությամբ հրապարակվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, նկարահանվել են մի շարք մեծարժեք եւ ուսուցողական վավերագրական ֆիլմեր:

Ճանաչված բարերարի եւ իր բարեգործական հիմնադրամի կողմից կյանքի կոչված գործերը վերաբերում են մեր կյանքի բոլոր ոլորտներին եւ իրականացվում են Ամենայն Ռուսիո Եկեղեցու պատրիարք Կիրիլի եւ Հայ Առաքելական եկեղեցու հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությամբ: Նրա գործունեությունը բարձր գնահատականների է արժանացել իշխանության բարձր օղակներում ինչպես Ռուսաստանում եւ Հայաստանում, այնպես էլ տարբեր երկրներում, որտեղ իրականացվել են նրա նախաձեռնությունները: Նա ստացել է կառավարական, գերատեսչական եւ հասարակական պարգեւներ, ստացել է Հայ եկեղեցու բարձրագույն պարգեւը, ինչպես նաեւ պարգեւատրվել է Ռուս Ուղղափառ եկեղեցու շքանշաններով: Կարեւորագույններից ենՙ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով շնորհված պետական պարգեւըՙ «Բարեգործության համար» շքանշանը, Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանը, «Մովսես Խորենացի» մեդալըՙ հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, «Ուղղափառ եւ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու շքանշանը», «Պատվո III աստիճանի», «Սբ. Արքայազն Ալեքսանդր Նեւսկու անվան II աստիճանի» շքանշանը, «Ռուսաստանի զարգացման գործում ունեցած վաստակի եւ անձնական մեծ ներդրման համար», ՌԴ Արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանը, «Մարշալ Բաղրամյան», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Հավատքի եւ հայրենիքի համար» I աստիճանի մեդալները եւ այլն:

Արժե նաեւ հիշեցնել, որ անցյալ տարի ՌԴ ՊՆ հրետանային, ինժեներական եւ կապի զորքերի թանգարանում ամփոփված «Տարվա տղամարդ 2020» մրցույթի արդյունքներովՙ «Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը» անվանակարգում հաղթողի դափնին նվաճել է մեր հայրենակիցը:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 13 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան, Ֆրանսիա, Իսրայել: Աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով եւ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել իր անունը կրող հիմնադրամի գումարներով:

Ընդհանրապես, Հրաչյային ճանաչողները նրան բնութագրում են որպես հայրենասեր, մարդասեր ու արժանապատիվ հայորդու: Նա ներդրում է կատարել Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոսարանի շենքի վերանորոգման աշխատանքներում, կորոնավիրուսի համավարակի բռնկման հենց սկզբնական շրջանում Պողոսյանը շտապել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքից հայրենակիցներին ուղարկել իր աջակցությունըՙ թոքերի արհեստական օդափոխության սարք, որը տրամադրվել է Նորք-Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցին, իսկ Արցախյան վերջին պատերազմի օրերին քաջ գիտակցելով, որ առավել քան երբեւէ մեզ անհրաժեշտ է համազգային համախմբվածությունՙ իր անշահախնդիր օգնությունն է ցուցաբերել Հայրենիքին:

Ես համոզված եմ, որ Հրաչյա Պողոսյանին այս նույն ձեւով ընդունում են նաեւ Հայաստանում եւ գնահատանքի համանման խոսքեր հնչել եւ դեռ էլի կհնչեն իր հայրենանվեր գործերին ծանոթ բազմահազար հայրենակիցների շուրթերից:

Նորանոր հաջողություններ, գեղեցիկ մտահղացումների իրականացում եւ ձեռքբերումներ ենք ցանկանում մեր հայրենակցին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ