RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1352, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱԳԱՂԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Պանդխտությունը հայ ժողովրդի ճակատագրի ծալքերից ամենաընդգծվածն է, պատերազմի ծալքի պես: Դրա հիմնական պատճառները հանդիսացել են պատերազմներն ու դրանց հաջորդող սոցիալական խնդիրները, միով բանիվ` հացի խնդիրը:

Պանդխտությունն այնքան խորը արմատներ է ձգել հայերիս կենցաղում, որ նույնիսկ լուրջ արձագանքներ ունի արվեստի գրեթե բոլոր ճյուղերում, իսկ ավելի շատ` բանահյուսական ստեղծագործություններում ու երգերում:

Այսօր` վերջին ամոթալի, դավաճանական պարտությունից հետո, Հայաստանում կրկին արթնացել են արտագաղթելու տրամադրությունները, ավելին` այդ տրամադրություններն արդեն նյութականացվում են` իրար հերթ չտալով ինքնաթիռի տոմսեր գնող քաղաքացիների տեսքով: Ինձ ավելի շատ անհնագստացնում են նրանք, ովքեր գնում են ընտանիքի անդամների հետ. նրանք, ամենայն հավանականությամբ, այլեւս Հայաստան չեն գալու: Ինչո՞ւ:

Ըստ ՄԱԿ-ի` 2007-2017թթ. քարտուղար Պան Կի Մունի`

«Միգրացիան մարդու արժանապատվության, անվտանգության եւ ավելի լավ ապագայի ձգտման արտահայտությունն է: Այն սոցիալական կազմվածքի մի մասն է, որպես մարդկային ընտանիք` մեր բուն էության մասը»:

Այսինքն` ելնելով սրանից, պետք է նկատի ունենալ, որ արտագաղթողները Հայաստանում վտանգված են տեսնում իրենց արժանապատվությունը, անվտանգությունն ու ապագան:

Այս համատեքստում խիստ ուշագրավ է նաեւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի` 2016 թվականին երիտասարդների շրջանում իրականացրած հարցման տվյալները, համաձայն որոնց` այլ երկիր տեղափոխվելու մտադրության հիմնական պատճառներից առաջին չորսը հետեւյալն են.

ա. Կյանքի որակը բարձրացնելու ցանկությունը` հարցվածների 35.6%:

բ. Աշխատանքի անցնելու ավելի լավ հնարավորությունը` հարցվածաների 30.8%:

գ. Ավելի լավ կրթություն ստանալու ցանկությունը` հարցվածների 12.6%:

դ. Սեփական բիզնեսը սկսելու ավելի լայն հնարավորությունը` հարցվածների 4.2%:

Այսօրվա Հայաստանում առկա այս չորս կետերը ես հինգը կդարձնեի, հինգերորդը` հուսահատությունը, որն իր գագաթնակետին հասավ Արցախի մեծ մասի կորստից ու Հայաստանի անիմանալի, մշուշոտ ու վտանգ աղաղակող ապագայի տեսլականից հետո:

Իհարկե, հայրենասիրությունն իր գործն անում է, բայց 90-ականներից հետո տարածված հայտնի մի խոսք կա. «Ամեն մարդ իրեն հարմար բաժակաճառից է հուզվում»:

Քիչ չեն մարդիկ, որոնք սպասում են առաջին հնարավորությանը` Հայաստանը լքելու, արտերկիր տեղափոխվելու եւ, ինչպես իրենք են պնդում, «հանգիստ ապրելու»: Հայաստանից, իհարկե, միշտ արտագաղթել են, նման տրամադրությունները միշտ աշխույժ են եղել, բայց այսօրվանը ոչ թե արտագաղթ է, այլ փախուստ` գլուխն ազատելու չտեսնված մի մարաթոն, որի վերջնամասում մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու:

1992 թվականի սկզբին Հայաստանի մշտական բնակչությունը կազմում էր 3 միլիոն 633.3 հազար մարդ: Իսկ մեր օրերում (2020 թվականի սկզբի տվյալներ) Հայաստանի մշտական բնակչությունը կազմում է 2 միլիոն 959.2 հազար մարդ:

Վերջին պատերազմի ժամամանակ, մեկուկես ամսում, վերջնական չճշտված տեղեկություններով, կրել ենք շուրջ հինգ հազար երիտասարդ կյանքերի զոհ, որոնք այդպես էլ չհասցրեցին սերունդ տալ: Բազամաթիվ երիտասարդներ, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, զրկվել են ժառանգատվությունից, մյուսները` կռնատ եւ առանց ոտքի` ուղղակի չեն ամուսնանալու` չհաղթահարելով հասարակության կողմից նրանց ուղղված «ինվալիդ տղու» հայացքները:

Սրան գումարած` սկսվել եւ սկսվում է արտագաղթի ահասարսուռ մի ալիք: Վերջին տարիներին` աստիճանաբար, նվազում է նաեւ ծնելիությունը, որը տարիներ անց մեզ կանգնեցնելու է գոյության լրջագույն խնդրի առաջ:

Այս հարցը մասնակիորեն լուծվում էր Քարվաճառի եւ Քաշաթաղի շրջաններում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք, ստանալով պետական ու անհատական աջակցություն, ունենում էր 7-10 երեխա: Ցավոք, հիմա այդ ընտանիքներին աջակցող չկա, Քաշաթաղ չկա, Քարվաճառ չկա. ծնելիություն էլ չկա: Իսկ ընդհանուր առմամբ` Հայաստանում զույգերն ունենում են հիմնականը` 1-3 երեխա` ամուսնանալով բավականին ուշ, շատ ավելի ուշ, քան խորհրդային տարիներին, կամ 90-ականներին, կամ 2000-ականների սկզբին: Այդ տենդենցը շարունակաբար սաստկանում է` միշտ ի վնաս մեզ:

Հիմա Հայաստանը կանգնած է վերջնական կործանման եզրին, մեկնարկը տրված է: Այս տեմպերով եւս մեկ-երկու տասնամյակ, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանը կգրավի առանց մեկ փաշփուշտ իսկ կրակելու: Այսինքն` Ադրբեջանը կուղղի այն սխալը, որը կատարեց 80-ականներին:

Այդ մասին հետաքրքրական պատմություն կա` կապված Ադրբեջանի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովի եւ Թուրքիայի այդ ժամանակվա նախագահ Թուրգութ Օզալի հետ:

Այսպես` Ղարաբաղյան շարժման արշալույսին Բաղիրովը մեկնում է Թուրքիաՙ օգնություն խնդրելու: Ըստ ժամանակակիցներիՙ Օզալը հետաքրքրվում է Ղարաբաղյան իրավիճակով: Երբ Բաղիրովը ներկայացնում է հայերի ինքնորոշման մասին որոշումը, Օզալը պատասխանում է. «Թո՛ղ անկախանա»:

Այդ պատասխանն ապշահար է անում Բաղիրովին, նա լավ էր գիտակցում, որ հաջորդ քայլը Հայաստանին վերամիավորվելու որոշումն է լինելու:

Օզալը բացատրում է. «Թո՛ղ դուրս գա, թո՛ղ միավորվի: Եթե Նախիջեւանն էլ ուզեին, պետք է տայիք... Բայց հազարավոր ադրբեջանցիներ կմնային Հայաստանում, Ղարաբաղում եւ մի քանի տասնամյակ անց ժողովրդագրական պատկերի փոփոխությամբ, խաղաղ կերպով կնվաճեիք ե՛ւ Ղարաբաղը, ե՛ւ Հայաստանի հողերը»:

Իհարկե, ոչ մի պաշտոնական փաստաթղթում արձանագրված չէ այս զրույցը, բայց ասում են` իրականություն է: Ինչեւէ, խնդիրը ոչ այնքան այս զրույցի իրական լինել-չլինելն է, որքան` գաղափարը:

Իրականում ստեղծվում է մի իրավիճակ, որը նախագծվում էր ոչ միայն Օզալի, այլեւ թուրք-ադրբեջանական տանդեմի հայրերից շատերի կողմից: Հայաստանը դատարկվում է, դատարկվում է արագորեն, եւ ոչ հեռու ապագայում մենք ապրելու ենք ծնելիության է՛լ ավելի անտանելի նվազաբերություն, արտագաղթի է՛լ ավելի մեծ թվեր եւՙ հուսահատություն, աղքատություն, ճգնաժամ... առանց հայերի Հայաստան:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ