RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13 > #006, 2021-02-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021



Տեղադրվել է` 2021-02-04 22:31:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1337, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍԵՄ, ԻՄԱՆԱՔՙ ԼՐԱԳՐՈՂԸ ՄԱՐԴ Է

ՆԱԻՐ ՅԱՆ

Ես չեմ կարողանում զանգել Մարիին: Մարին ինձ նման լրագրող է: Մոտ քսան տարի ճանաչում ենք իրար: Ասուլիսներից առաջ հաճախ ենք միմյանց պատմել, նաՙ իր Վահանից, եսՙ իմ Սոնայից: Երազանքներ ու նպատակներ ենք հյուսել, որ մեր զավակները լավ սովորեն, մասնագիտություն ընտրեն, ճիշտ արժեհամակարգով դաստիարակվեն, բուհ ընդունվեն... Մեր հյուսած երազանքներից թեւեր ենք առել, ոգեւորվել, մտքում շնորհակալ եղել Բարձրյալին:

Եկել էր Վահանի բանակ գնալու ժամանակը: Ես հույս եմ տվել, ո՛չ, վստահեցրել եմ Ալիսային, որ Արցախի Ջաբրայիլում իմ ազգականները, մտերիմներիս որդիները ծառայել են, ապահով, խաղաղ ու գոհ տուն վերադարձել:

Վահանն Մարիի մինուճարն է: Մարին Վահանի ձայնը վերջին անգամ հոկտեմբերին է լսել: Դե հիմա ասեքՙ ես ինչպե՞ս զանգեմ Մարիին ու ի՞նչ հարցնեմ, ի՞նչ խոսեմ այն մոր հետ, որն իր որդու ձայնը վերջին անգամ հոկտեմբերին է լսել:

Օրերս տեղեկացա, որ Մարին արդեն աշխատանքի է գնում: Նա աշխատում է նույն խմբագրությունում, որտեղ առավոտից երեկո լուրեր են ստանում ու հաղորդում, ռեպորտաժներ են պատրաստում կռված ու հրաշքով ողջ մնացած, զոհված, անհետ կորած, վիրավոր, հաշմանդամ զինծառայողների մասին, իսկ Վահանը նրանցից մեկը չէ, Վահանը ոչ մի խմբում չկա: Նրա անունն առհասարակ ոչ մի տեղ չկա:

Մարին ամիսներ շարունակ լսել է Փաշինյանի ինքնապաշտպանական «լայվ»-երը, իմքայլականների ոչ ադեկվատ ելույթներն ու իրենց առաջնորդին աստվածացնող մեկնաբանությունները: Նա պիտի շարունակի ապրել ու աշխատել իր հայրենիքում, որի պաշտպանության համար ինքը մեծ հպարտությամբ իր Վահանին ճանապարհեց բանակ, Վահանը մեծ հպարտությամբ բանակ գնացՙ իր մորը պարուրելով հույսերով, ապագայի մասին լուսավոր երազանքներով ու հավատով:

Մարիի նման քանի՜ մայր կա այս երկրում, բայց բոլորը լրագրող չեն, լուրն առաջին ձեռքից չեն ստանում: Մարին այդ մայրերի համար էլ է ռեպորտաժներ պատրաստում, լուրեր ստանում ու հաղորդում: Չասեքՙ կյանքը շարունակվում է, չասեքՙ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, դրա համար էլ Մարին վերադարձել է աշխատանքի: Կյանքը շարունակվում է նրանց համար, ովքեր պատերազմից առաջն ու հետոն չեն էլ տարբերակում, ում ընկալմամբ պատերազմը եղել է մյուսների, բայց ոչ իրենց համար:

Լրագրողները պատերազմի շրջանում ու հիմա էլ թիրախավորված են: Լրագրողները ոչ մի անգամ այսչափ ահռելի «աչքի փուշ» չեն եղել, որքան լրագրող-վարչապետի իշխանության ժամանակ: Լրագրող-վարչապետի հերթական քմահաճույքի հերթական դրսեւորման վկան եղանքՙ լրագրողները պետք է նշեն իրենց հաղորդած լուրի աղբյուրը: Նախագիծը քննարկվեց խորհրդարանում: Նախկինում խորհրդարանում երբեւէ այսքան շատ լրագրող-պատգամավորներ չենք ունեցել, բայց նրանք չընդդիմացան լրագրողների գործունությունը սահմանափակող, լրագրողների նկատմամբ «պատժամիջոցներ» կիրառող օրինագծին: Եվ ուրեմն կպատժվի այն լրագրողը, որը հստակ հղումով չի նշի հաղորդած լուրի աղբյուրը: Եվ այս օրինագիծը մտնում է Ազգային Ժողով մի իշխանության օրոք, որի մանիպուլյացիաների, կեղծ օրակարգերի ու տեղեկատվության, խոսքից հետ կանգնելու, խաբելու ու մանեւրելու բազմաթիվ դրսեւորումների վկան ենք ամեն օր:

Դիրքերից ուղիղ տեսակապով ուղերձ հղող զինվորականը ցույց է տալիս, թե հայ զինվորն այսօր ինչ անմարդկային պայմաններում է ծառայություն իրականացնում, կտորե վրանի տակ ձյուն-ձմռանն ինչպես է բզկտված հայրնեիքի այս մի ծվենը պաշտպանում: Մեր տեսածից դեռ ուշքի չեկածՙ լուր է տարածվում, թե ռազմական ոստիկանությունը բերման է ենթարկել զինվորականին, ստիպել, որ տեսանյութը համացանցից հանի: Ու օրվա իշխանությունները օրենքի ուժով այսուհետեւ փորձելու են լռեցնել լրագրողներին: Դիցուքՙ այդ զինվորականի ընկերները գաղտնիությունը պահպանելու պայմանով լրագրողին պատմում են, թե ինչ հաշվեհարդար են տեսել իրենց ընկերոջ հետ: Լրագրողն էլ, պայմանին հավատարիմ, ահազանգում է, որ ճշմարտությունը բարձրաձայնած զինվորականի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել, ու նման տեղեկություն հաղորդելու պատճառով ինքն է պատժվում:

Լրագրողին լռեցնելը նշանակում է լռեցնել ժողովրդին, լռեցնել արդարության, ողջախոհության ձայնն ու պահանջը, որովհետեւ լրագրողը լուրը, տեղեկությունն իր հոր տանից չի բերում. լուրը սկզբնաղբյուր ունիՙ անունով, թե անանուն, մեկ է, ունի: Անկրակ ծուխ չի լինում:

Իհարկե, սադրանքի, հրահրման չափաբաժին էլ կա այսօրվա լրահոսում, բայց արդյո՞ք մեր պայմաններում հնարավոր է դրանից խուսափել: Սադրանքն ու հրահրումները վերին օղակներից են հորդում. լրագրողական սադրանքներն էլ համարեք այս օրերին լրագրողական հանրույթի ինքնապաշտպանական բնազդի դրսեւորում: Երբ ժողովուրդը համառորեն չի արթնանում թմբիրից, երբ ազգի ինքնապաշտպանական, գոյապայքարի բնազդները բթանում են, լրագրողներին այլ բան չի մնում անելու, քան չդոզավորված լուր հաղորդելը, քան օրը հազար անգամ իմքայլական մսուր-մանկապարտեզի սաների ծանծաղամտությունները հանրայնացնելը, երկիրը լիարժեք կործանման տանող լրագրող-վարչապետի բարբաջանքներն ի ցույց դնելը, սահմանից դժնդակ լուրեր հաղորդելը: Լրագրողը մարդ է, ՀՀ քաղաքացի, ունի ընտանիք, ապագայի հեռանկարներ, երազանքներ, լրագրողն էլ է հայրենիք, հարազատ կորցրել պատերազմում, սեւ սրտով նա ամեն օր զրուցում է հայրենիք, հարազատ կորցրած ընտանիքների հետ, նրանց ցավն իր մեջ ամփոփում, ապրումակցում, որդեկորույս մոր հետ լաց լինում, արցունքները սրբում ու իր տեսածը, զգացածը հաղորդում հանրությանը: Հետո գնում-լսում է կառավարության անճարակ անդամներին, անհաղորդ հայացքներով պատգամավորներին, փորձում ադեկվատությունը չկորցրած մի գործչից հուսադրող խոսք լսել, հավատալ, որ ամեն ինչ դեռ կորած չէ ու փորձում է այդ հավատով ներշնչել նաեւ հանրությանը: Ի՞նչ է, կարծում եքՙ լրագրողի սիրտը փառավորվո՞ւմ է վատ լուրերից, կարծում եքՙ լրագրողը չի՞ ուզում, որ սահմանից, Արցախից, կառավարությունից, խորհրդարանից, քաղաքապետարանից, ՊՆ-ից բարի լուրեր հաղորդել: Եթե բարի լուր չկա, եթե ամենուր կեղտ է, մուր, ցեխ, ստորություն, ապաշնորհություն, անպատժելիություն, անպատասխանատվություն, որտեղի՞ց, ինչպե՞ս բարի լուր հաղորդի:

Լրագրողն առավոտից երեկո այդ կեղտի, մրի, ցեխի, ստորության, ապաշնորհության մեջ է: Այդ բացասական էներգիայով նա արթնանում է, ապրում, երեխա դաստիարակում, կենցաղային դժվարություններ հաղթահարում, հետն էլ ամեն վատ լուրն իր միջով անց կացնում, իր միսն ու արյունը դարձնում ու հաղորդում հանրությանը: Կեղտից ու մրից շոկոլա՞դ եք ուզում ստանալ: Չի՛ ստացվի:

Լրագրողի այսօրինակ կյանքով է ապրում նաեւ Մարին: Նա էլ է տեսում, թե ինչպես է երկրի թիվ մեկ դեմքն Ալիեւի ու Պուտինի առաջ ծովաձիուկի կեցվածք ընդունում, այն դեպքում, երբ իր մինուճար Վահանը հայտնի չէ, թե ինչո՞ւ չկա, թե հանուն ինչի՞ կա:

Նա էլ է ամեն օր Պաշտպանության նախարարության կայքը բաց անում ու զոհված զինվորների նոր հրապարակված ցուցակը տեսնում: Պատկերացնո՞ւմ եք այդ պահին Մարիի ապրումները. ինչպե՞ս են նրա աչքերն անցնում զոհվածների անվանացանկի վրայով: Պատկերացնո՞ւմ եք նրա զգացածը, երբ Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ամեն օր մարմինների որոնման արդյունքներն է հրապարակում, երբ ադրբեջանցիները հայ ռազմագերիների նոր տեսանյութեր են տեղադրում համացանցում:

Վահանը Մարիի սրտում է, մտքում, գրկումՙ ողջ, լուսաժպիտ, կյանքով ու երազանքներով լի: Վահանի ողջ լինելը Մարիից ոչ ոք չի խլի: Թող լրագրող-վարչապետն ինչքան ուզում է Շուշիից ջնջի հայկականությունը, ինչքան ուզում է վերարտադրվելու ճիգեր գործադրի, ինչքան ուզում է իր անմեղսունակ կադրերի տեղերը փոխելովՙ արժեզրկի պետական ինստիտուտները, ինչքան ուզում է ձերբազատվի անհետ կորածների ու ռազմագերիների խնդիրներից: Մարիի ու Մարիների համար Արցախը կա, Հայաստանը կա, որովհետեւ Վահանն ու Վահանները հաղթած երկրում են ծնվել, դարձել 18 տարեկան, զորակոչվել հաղթած երկրի բանակ ու կռվել հաղթանակն ամրագրելու համար: Նրանք միշտ բարձր են մնալու լրագրող-վարչապետի գլխում ծնվող նոր դավերից, անգամ եթե այդ դավերից մեկն էլ լրագրողներին ու Վահանի լրագրող մորը լռեցնելու համար է: Ոչ մի կեղտոտ ձեռք չի հասնի Վահանին, ոչ մի կեղտոտ գլխում որոճացող նոր միտք չի ոչնչացնի այն սպասումն ու հավատը, որ Մարին թաքուն ծրարել է իր սրտումՙ ինչ էլ լինի, Վահանը ո՛ղջ է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #4, 05-02-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ